Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գյումրու կոնսերվատորիան կանցկացնի «30 տարի անց…» խորագրով միջազգային փառատոնը

Գյումրու կոնսերվատորիան կանցկացնի «30 տարի անց…» խորագրով միջազգային փառատոնը
29.11.2018 | 15:30

Բնության կույր տարերքն ավերել էր Գյումրու մարմինը, բայց հոգին սպանել չէր կարող: Դանդաղ, բայց համառ տքնանքով իր կորացած մեջքն է շտկում ու ոտքի կանգնում արվեստների ու արհեստների երբեմնի ծաղկուն քաղաքը՝ հայոց մշակութային մայրաքաղաքը` Գյումրին: Արարման ոգին խոր անթեղված էր գյումրեցու սրտում և ընդամենը սպասում էր մի կայծի, որից դարձյալ պիտի բռնկեր ստեղծագործ կյանքի կրակը, դարձյալ պիտի հնչեր երաժշտության ձայնը, որ գալիս էր մեծ աշուղների փառավոր ժամանակներից: Եվ ճակատագիրը Գյումրի ուղարկեց իր առաքյալին՝ բարձր երաժշտության նվիրյալ, մաեստրո Լորիս Ճգնավորյանին: Մարդիկ հավատացին նրան, հավաքվեցին նրա շուրջը բազմապատկեցին երազանքի քաղաքի ճամփան բռնած բազում ուխտավորների շարքերը: Չէ՞ որ Գյումրին սպասում էր, Գյումրին հավատում էր… Եվ ահա…Այսօր Գյումրու կոնսերվատորիան հյուսիսային Հայաստանի երաժշտական կյանքի եզակի կենտրոն է՝ երաժշտական արվեստի իսկական դարբնոց: Հազվագյուտ կրթօջախների է հաջողվում կերտել իր քաղաքի նոր պատմությունը, ոչ միայն լինել իր ժամանակի ուղեկիցը, այլև ուղենիշը: Այդպիսի՛ն է մեր քաղաքի հպարտությունը, և այդ հպարտությունն անուն ունի՝ Գյումրու կոնսերվատորիա: 30 տարի անց… Գյումրու կոնսերվատորիան հզոր ծրագրով ներկայանում է հանրությանը: Ամբողջ աշխարհից հայտնի արվեստագետներ են գալու Գյումրի, իրենց արվեստով ոգեկոչելու հազարավոր անմեղ զոհերի հիշատակը: 30 տարի անց… Այս խորագիրն է կրում Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կազմակերպած միջազգային փառատոնը, որի շրջանակում կանցկացվի միջազգային գիտաժողով «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային տիրույթում» խորագրով: Գիտաժողովին ներկա կլինեն ճանաչված գիտնականներ և արվեստաբաններ: Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև համերգների շարք, վարպետության դասեր, կլոր սեղաններ: Կմասնակցեն հայտնի երաժիշտ մանկավարժներ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ, նշանավոր գրականագետներ, արվեստաբաններ: Համերգաշարի հանդիսավոր մեկնարկը կտրվի դեկտեմբերի 1-ի երեկոյան, որի ընթացքում ելույթ կունենան աշխարհահռչակ երաժիշտ- կատարողներ: Հանդիսավոր մեկնարկին գերթե ամեն երեկո իրար կհաջորդեն համերգները, որտեղ կհնչեն տարբեր երկրներից ժամանած երաժիշտների բարձրարվեստ կատարումները:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ