USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Պատուհանից անդին

Պատուհանից անդին
30.11.2018 | 00:12

Քարոզարաշավն անչափ անկեղծ ստացվեց ի սկզբանե։ Հենց առաջին օրը իշխող ուժը բացեց իր խաղաքարտերը։ Հենց առաջին օրը հասկացվեց` անկախ նրանից, ՀՀԿ-ն կմտնի պառլամենտ, թե ոչ (կարծում ենք՝ հաստատապես կմտնի), ամենագրագետ, ինստիտուցիոնալ, թիրախային ու կրեատիվ քարոզարշավը վարում է հենց ՀՀԿ-ն։


ՈՒ այդ առումով «արքան»՝ իշխող ուժը, շատ «մերկ» է։ Մերկ՝ ոչ միայն բարեփոխումների լրջագույն ծրագրով, գաղափարական հենքով իր քարոզարշավը վարելու անկարողությամբ, այլև «Օվերտոնի պատուհանից» ցուցադրած իր «շարմաղ» մարմնի դեգեներատությամբ։
Կիսելով կիսելու ենք փորձագետների այն մասի կարծիքը, որ «կիլոներով ասկոլկա» ունեցող իր մարմինը Սասուն Միքայելյանը «Օվերտոնի պատուհանից» ցուցադրեց ոչ երբեք պատահաբար։ Ոչ երբեք՝ «միամիտ», չնայած ավանդույթն արձանագրում է՝ «տան խոսքը էրեխուց կիմանան», ու նա ասաց՝ հեղափոխությունն ամեն ինչ է, Արցախն ու մնացած ամեն բան՝ ոչինչ։


Գիտեինք, սակայն ստացանք նաև մեր իմացածի հաստատումն ընթացող մեծ, շա՜տ մեծ խաղի մասին։
ՈՒ թե փոխլրացնենք Դավիթ Շահնազարյանի անչափ համարձակ միտքը, որ հեղափոխությունը հենց Արցախի խնդրի «լուծման» պրոեկտն էր, ապա կարող ենք անգամ շատ հեռուն գնալ՝ տեղաբաշխելով Ղարաբաղյան խնդրի առաջին՝ ազատագրական փուլը, որպես Սովետի քանդման բանալի, այս փուլը դիտարկելով «անլվա Ռուսիայից» պոկվելու հերթական, գուցե և՝ վերջնական հանգրվան, «Ռոսիան» թուլացնելու «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի փոքրիկ կամ մեծ կոմպոնենտ՝ տարածաշրջանը վերաֆորմատավորելու, դասավորությունը փոխելու, ի լրումին հասցնելու համար։ Ինչը դեռևս ակնհայտորեն չի երևում, քանզի որոշակի առումով սա երկար խաղ կլինի, այնուհանդերձ, «մանուկը բարբառեց»՝ Սասունի ենթագիտակցությունից, իսկ Փաշինյան Նիկոլը «բոլ-բոլ» հնարավորություն ունեցավ այդ մտքի հետ դուրս նետվելու «Օվերտոնի պատուհանից», որպես կեսար, որը տիրապետում է ժողովրդի ենթագիտակցության վրա նվագելու ոչ միայն փոքրիկ, այլև աժդահա քայլերին։


ա) Նիկոլ Փաշինյանը «Օվերտոնի պատուհանից»... Ձգենք պաուզան հիշեցնելու, որ «Օվերտոնի պատուհանը» հզոր քաղտեխնոլոգիական բանալի է, որով հանրության համար ամենաահավոր, ամենաանընդունելի միտքը նետվում է նույն հանրությանը՝ «որոճալու», դրան ընտելանալու համար, հետո ասենք՝ ժխտվում է այն, ապա ավելի մեծ չափաքանակով կրկին նետվում, կրկին մերժվում, մինչև հանրային գիտակցությունն ամբողջովին ընտելանում է այդ մտքի ներկայությանն ու «հավերժ» գոյությանը։
Եվ ուրեմն՝ կեսարյան մաներայով Նիկոլն «Օվերտոնի պատուհանից» բռնկում ապրեց՝ «պառկացնեմ ասֆալտին, քաշ-քաշ անեմ սաղիդ ձեր սենյակներից... մորթեմ, ուտեմ»-ներով նա «սանձահարեց» Արցախին վերաբերող միտքը, որպես «հուժկու հայրենասեր»։ Իսկ այդ «պահին» միտքը իր սև գործն արդեն արել էր։
բ) Նիկոլը իր միակ ազատամարտիկ Սասունի միջոցով մեսիջ հղեց միջազգային կենտրոններին, իրական խաղացող, հայաստանյան հեղափոխության իրական մոդերատորներին, որ ինքը «հավատարիմ» է կատարված «հեղափոխության» արժեքներին, և այն, ինչի համար արվել է «հեղափոխությունը», «ուժի մեջ է»։
գ) Այդպիսով Նիկոլը թույլտվություն, ինդուլգենցիա հայցեց այդ նույն կենտրոններից՝ շարունակել իր վարչապետությունը, իրականում՝ չխանգարել իրեն ընտրությունների ընթացքն իր համար լավագույն ելքով ավարտելու ծրագիրը, որովհետև «տառապանքը փորձ ուներ». երևանյան վերջին քայլարշավը նրան ցուցանել էր, որ իրեն թուլացնելը մեկ վայրկյանի գործ է, և այդ ընթացքով ինքն ու Չալոն միայնակ կմնան միջազգային հանրության, նաև՝ հայ հանրության առաջ։
դ) Օվերտոնյան խաղի մեջ խցկված՝ «ցավին անհաղորդ, դավին անտեղյակ» Սասուն Միքայելյանի «պարտիային» Փաշինյանը մասնակից դարձրեց նաև, որքան էլ ցավալի է, կասեցված ԱԺ-ի նախագահ, հեքիաթների սիրահար՝ «Կախարդական տնակի» ընթերցասեր Արա Բաբլոյանին և ԼՂ նախագահ Բակո Սահակյանին, որոնք ելան ու ասին՝ մոռացեք ընտրությունների ժամանակ Արցախի մասին, մի տվեք անունը նրա։
Ասել է՝ գիտակցված, թե ոչ, «ճնշված», թե ազատ, նրանք հայտնվեցին ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին, Նիկոլի «Օվերտոնի պատուհանի» մոտ՝ այն բաց պահելու, երկիրն ու Արցախը ամբողջական «սկվազնյակի» ենթարկելու համար։
Եվ սա որքան ցավալի, նույնքան անխուսափելի է։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao