Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

10-ը մասնատում են, մեկը` միավորում

10-ը մասնատում են, մեկը` միավորում
30.11.2018 | 00:19

ԱԺ արտահերթ ընտրությունների նոյեմբերի 26-ին սկսված ընտրարշավի առաջին շաբաթվա սկանդալը հավակնում էր լինել ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանի դեմարշը Եռաբլուրին, բայց ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը նրանից խլեց առաջնության դափնին` «Բոլորիդ կպառկցնենք ասֆալտին» խոստումնալից հայտարարությամբ:


Տարօրինակ քարոզարշավ է սկսվել` ոչ մի օրինաչափություն չի հաստատվում, չի գործում որևէ կանոն: Թերևս ընտրողներն ու ընտրվողները հոգնել են պերմանենտ ընտրություններից` 2017-2018-ին Հայաստանում չորրորդ ընտրություններն են` երկուսը Երևանի ավագանու (իսկ Երևանը քաղաքական կյանքի կենտրոնն է ու քաղաքական տրենդները տիրաժավորողը), երկուսը` խորհրդարանական: 2015-ի սահմանադրական փոփոխություններն ու նախագահականից խորհրդարանական մոդելի անցումը հիմնավորող ՀՀԿ-ականները գլխավոր փաստարկ էին բերում, որ նախագահական ընտրությունները բևեռացնում են հասարակությանը. հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ, իսկ խորհրդարանական կառավարման պարագայում պարտվողներ չեն լինում, և հասարակության բոլոր խավերը ներկայացվում են ԱԺ-ում: Իրականում նրանք փորձում էին չեզոքացնել նախագահական ընտրություններին հաջորդող հետընտրական զարգացումների վտանգը: Եթե իմանային ՀՀԿ-ականները` ինչ արագ է վերադառնալու բումերանգը և ինչպես են ներքաշելու երկիրը պերմանենտ ընտրությունների փուլ` իրենց համար վտանգավոր հետևանքներով, կառավարման մոդել չէին փոխի: Սա` համենայն դեպս հիշեցում ընտրարշավում ողջ կազմով սևի մեջ տեղավորված ՀՀԿ-ին, որ այսօր բոլորեքյան մեղադրում է` առանց իր սխալները ընդունելու ու եզրակացություններ անելու: ՀՀԿ-ն ընտրել է նվազագույն ծախսերի մարտավարությունը` պատվիրելով սև-սպիտակ պաստառներ ու հրաժարվելով ընտրողների հետ տետատետից` հեռակա քարոզարշավ լրատվամիջոցներով:

Նախընտրական կյանքը հետաքրքիր դարձնելու համար ՀՀԿ-ն ագրեսիվ խայթոցներ է փոխանակում ՔՊ-ի հետ` փորձելով ստեղծել տպավորություն, որ ընտրություններում կարևորը երկու ուժեր են` նախկին ու ապագա իշխանությունները, այլ ուժեր հաշվից դուրս են: ՔՊ-ՀՀԿ շրջանակում կատարվում է նաև յուրօրինակ «գունափոխանակություն». ՀՀԿ-ն փորձում է ապացուցել, որ իրականում սևը ՔՊ-ն է, սպիտակն` ինքը: ՀՀԿ-ի, որ չի հրաժարվում երկրորդը լինելու պատրանքից ու շարունակում է իր հավակնությունը հիմնավորել փորձը փոխանցելու անհրաժեշտությամբ: Սա, իրոք, կարևորագույն փաստարկ է, բայց անմիջապես կասկածի տակ է հայտնվում, երբ տրվում է առաջին իսկ հարցը` ո՞ր փորձը: Կամ` ինչի՞ փորձը: Չափազանց մեծ է վտանգը, որ տասնամյակներով կուտակված կառավարման դրական փորձն էլ ջարդուփշուր է լինելու հենց ՀՀԿ-ի մեղքով` ագրեսիվ ու անմտածված ելույթների պատճառով: Իսկ յուրայիններին «հանգուցյալների» լուսանկարների մեջ տեղավորելու գյուտը ուղղակի սպանիչ է:


Անսպասելի է թերևս, որ մի քանի օր առաջ Էդմոն Մարուքյանը տրտնջում էր` փող չկա, բայց դատելով ԼՀԿ-ի մեծադիր պաստառներով ողողված մայրաքաղաքից ու մարզային ճանապարհներից` ԼՀԿ-ն ամենահարուստ կուսակցությունն է ու ամենամեծ կապիտալն է դրել` քվեի որոնումներում: Նրանք նույնպես նետվում են երկրորդ ուժը լինելու մարտերի մեջ. «Երկրորդը լինելը դա ոչ թե մենք որոշել ենք, այլ դա ակնհայտ է, որովհետև նոր Հայաստանում քաղաքական ուժերն էլ պետք է լինեն նորը, և նրանք, ովքեր կարողացել են այս ընթացքում ապացուցել, որ քաղաքացիներին ականջալուր են և հասանելի»` կարծում է Մանե Թանդիլյանը` համոզված, որ իրենք կարծրատիպ են կոտրել: Գուցե: Բայց ո՞ր կարծրատիպը: Փաստացի` ոչ մի: Որևէ նոր տեսակետ, որ հնարավոր լիներ համարել «կարծրատիպ կոտրել», ԼՀԿ-ն չունի ու չի ներկայացնում. ինչ ունեն, ուներ «Ելքը»` բացառյալ եվրաինտեգրումը: ԼՀԿ-ն ոչ թե կարծրատիպ է կոտրում, այլ ավելի հարմար է տեղավորվում կարծրատիպերի մեջ, որ Հայաստանը եղել է, կա ու լինելու է եվրասիական տարածք: Մնացածը հեքիաթ է, որ շատերն են պատմում: Բայց կա նաև անեկդոտ` ԼՀԿ-ն հարմար տեղավորվում է նաև «Լույս» դաշինքի դիրքում ու երդվյալ լռում, երբ նախկինում արված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով փորձում են խաբել ընտրողին:

Խոսքը մամուլում շրջանառվող հոկտեմբերի 9-29-ին 1200 քաղաքացու հարցման մասին է, որի արդյունքները հրապարակողները չեն նշում, որ հարցումն արվել է, երբ «Մենք» դաշինքը (Հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 10-ին) և մյուս նոր ուժերը չկային ու ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացրել: Տվյալները ընտրարշավի օրերին հրապարակելը և չհիշատակելը այդ փաստը հակաքարոզչություն է ոմանց դեմ և օժանդակություն մյուսներին:
Առավել տարօրինակ է, որ ՔՊ-ն էլ գնում է իր ստեղծած հեքիաթը զգետնելու ճանապարհով: Աշխարհի բոլոր քաղտեխնոլոգներն ու փորձագետները աչքները փակ կհաստատեն, որ հեղափոխություն արած քաղաքական ուժը ընտրություններում դատապարտված է հաղթելու: Այլ կերպ չի լինում: Դա կոչվում է հեղափոխության կուլմինացիա: Տրամաբանական ավարտ, երբ կուսակցությունը իրավականորեն ստանձնում է օրենսդիր ու գործադիր իշխանությունը: Ի սկզբանե ՔՊ-ն հայտարարում էր, որ մեծամասնություն է լինելու, և որևէ քաղաքական ուժ չէր վիճարկում ու չի վիճարկում ՔՊ-ի հաղթանակը: Ավելին` Աժ արտահերթ ընտրությունները որակվում են ոչ մրցակցային, երբ կա բացահայտ ու բացարձակ ֆավորիտ, ու պայքարը պտտվում է սահմանադրորեն որոշված 30 տոկոսի շուրջբոլորը` իշխանության հարցը լուծված է, որոշվում է ընդդիմության ճակատագիրը: Այս իդեալական պայմաններում ՔՊ-ի ընտրարշավն ամենասկանդալայինն է: Մերժելով «Նիկոլ` վարչապետ» կարգախոսը, ՔՊ-ն վերադարձել է «Մերժիր Սերժին» կարգախոսին, որ նույնքան անիմաստ է, որքան «Նիկոլ` վարչապետն» էր: Նիկոլ Փաշինյանը վերապրում է ընդդիմադիր օրերը, մի քիչ էլ հավելում վարչապետության սկզբի օրերը ու հասարակությանը հրամցնում հիբրիդ, որ կապ չունի իշխանության առաջին դեմքի կերպարի ու վարքագծի հետ: Նա շարունակում է շանթ ու որոտ արձակել, ինքն իր հայտարարությունները հերքել ու սպառնալիքներ տեղալ: Ինչու՞: Մի կողմից հայտարարում է. «Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում արմատախիլ ենք անելու ծայրահեղ աղքատությունը, նվազեցնելու ենք գործազրկությունը», մյուս կողմից` «Որտե՞ղ կա դեռ հանրապետական գյուղապետ, որի մտքով անցնում է իր գյուղացիներին ընտրության կամ այլ առիթով վախեցնել, ուրեմն, էդ գյուղապետեր, իմացեք՝ անձամբ ես գալու եմ ձեր հետևից ու վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից։ Էս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնել, տո, այո՛, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկցնենք էդ ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից»: ՈՒ սպառնում է, սպառնում, սպառնում մինչև վերջ. «Մեկը չփորձի թպրտալ, չփորձի մի հանցավոր տարր՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորին, պատերով։ Վախեցնել քաղաքացուն... գլուխներդ պատին եք տվել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես, ձեր անուն-ազգանուններն ասեք, դուք ծակերից պետք է դուրս չգաք, դուք էս երկրի փողոցներով չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում է, և դուք հայտնվելու եք բանտերում բոլորդ՝ գողեր, թալանչիներ, ստահակներ»։ Ի՞նչ է սա` անձի երկատման բարդու՞յթ: Դա լուրջ հիվանդություն է, որ բուժել է պետք (թեպետ` տետատետ հոգեբաններն ասում են` ոչ էլ բուժվում է): Չի կարող պետության առաջին դեմքը իրեն որևէ պարագայում նման հայտարարություններ ու բառապաշար թույլ տալ: Նույնիսկ քվեի համար: Սա քաղաքականության անկում է շրիշակի մակարդակից ներքև: Պատահական չէ, որ նույնն են անում մյուս ՔՊ-ականները: Կրթության ու գիտության նախարար Արա Հարությունյանը, օրինակ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փակումը Հ1-ի եթերով հիմնավորում է. «Ձեր սիրուհիների համար աշխատատեղ եք ստեղծել, մենք էլ փակում ենք»: Ոչ ոք, նույնիսկ բանավեճի մասնակից Էդուարդ Շարմազանովը չի հարցնում` ու՞մ սիրուհին էր հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Սա քաղաքական բանավեճ չէ, ընդամենը տեղական մասշտաբի խայտառակություն է, որ երևակում է ՔՊ-ի… անպատրաստությունը իր քայլերի հիմնավորմանը: Իսկ ընդհանրապես թե ՔՊ-ի, թե Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը մեկն է` նրանք գնում են մարզեր ու չեն հանդիպում հեղափոխական խանդավառ ժողովրդի: Փոխարենը` լավագույն դեպքում հանդիպում են մարդկանց, որ հարցեր են տալիս, որոնց պատասխանները չունեն, որովհետև չեն կատարել իրենց լիաբուռ նետված խոստումները (որ ընդհանրապես որևէ մեկը չէր կարող կատարել` պետությունը ունի իր կանոնները ու կամայական որոշումներից քարուքանդ է լինում), վատագույն դեպքում… մարդիկ չեն գալիս հանդիպման: Փոխարենը պարբերաբար փակվում են Հայաստանի ճանապարհները` Նիկոլին կարելի էր, Հայաստանի հպարտ քաղաքացուն չի՞ կարելի: ՈՒ հեղափոխության մունետիկ Նիկոլ Փաշինյանին մնում է զինանոցից հանել հին զենքերը և ում պատահի «պառկցնել մայթերին»` կարևոր չէ ինչի համար: Կարևորը գործընթացն է (ծայրահեղ դեպքում` գրավ կտան, կազատվեն):


Տարօրինակ քարոզարշավի բեռը ուսել են և «Սասնա ծռերը»: Համառորեն ուզում են հայտնվել ԱԺ-ում, որ իրենց կարծիքով 1-2 տարվա կյանք է ունենալու, ու գնում են …Հայաստան ստեղծելու: Ասում են` «խոնարհ ծառա ենք ու հնազանդվելու ենք ժողովրդի կարծիքին», ու իրենց տեսակետներից բացի մնացած ամեն ինչ համարում են լուսանցքային, և դա անվանում են …ժողովրդավարություն: Լուրջ դեմք են ընդունում ու հայտարարում են. «Կբերեմ, Աժ ամբիոնի մոտ կկանգնեցնեմ ու կասեմ՝ դե մի հատ ասա՝ դու ի՞նձ ես վախացնում, թե՞ «Սասնա ծռերին»։ Կլացացնեմ։ Էդ խոստում եմ տալիս ձեզ։ Թող բանակը իր թիկունքին կանգնի, բայց ես իրեն կլացացնեմ, քանի որ ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու, վախեցնելու հայ ժողովրդին»: Հետն էլ վախեցնում են. «Մենք գտնվում ենք մահանալու ընթացքի մեջ»:
Բոլորը բոլորին լացացնում են, վախեցնում են ու սպառնում են: ՈՒ ի՞նչ: Իսկ հետևանքը լինելու է.


1. Կային գնահատականներ, որ Աժ արտահերթ ընտրություններում կուսակցությունների ծրագրերը 0-1 տոկոսի նշանակություն ունեն: Քարոզարշավի առաջին շաբաթը կանխատեսումն արդարացրեց` չկա ծրագրերի մրցակցություն, կան սկանդալներ: Սև PR-ի դրոշի տակ են մտել ասելիք չունեցողները:
2. Ընտրություններին մասնակցում են 11 քաղաքական ուժեր: Առաջին հայացքից դա նպաստում է տեսակետների բազմազանությանը, իրականում փոշիացնելու է ձայները` 11-ից 7-ը ռեալ շանսեր չունեն 5 տոկոսը հաղթահարելու ու 0-2 տոկոս ձայներ են տանելու մյուս ուժերից:
3. Ստացվում է ոչ թե սև-սպիտակ, այլ գորշ ու դժգույն պատկեր, որի հետևանքը լինելու է հետհեղափոխական Հայաստանում առաջին համապետական ընտրություններին մասնակցության ցածր տոկոսը: Ընտրողը չի գնալու ընտրատեղամաս, երբ Նիկոլ Փաշինյանը սպառնում է ում պատահի «բոմժ դարձնել», իսկ մյուսները ժամանակ չունեն ինքնարտահայտվելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. «Մենք» դաշինքի 1-ին համար Արամ Սարգսյանը Ծաղկահովիտում ասաց. «Պատերազմում են ոչ թե բանակները, այլ պետությունները: Հզոր պետությունը հաղթում է, թույլ պետությունը` պարտվում: Մենք պիտի հզոր պետություն դառնանք: Իսկ հզոր պետություն դառնալու համար պիտի ճիշտ ընտրություն կատարենք, պիտի իշխանությունը ձևավորվի ժողովրդի կամքով ու ժողովրդավարական ընտրություններով: Հետևաբար թիվ 1 խնդիրը արդար ընտրություններ անցկացնելն է: Երկրորդ խնդիրը` պիտի բոլորս համախմբվենք ու ՄԵՆՔ դառնանք: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ 1-2 օրում մենք կարողացանք ՄԵՆՔ դառնալ: Համոզված եմ, որ էլի կարող ենք` հանուն պետության, հանուն մեր երեխաների ու մեր ապագայի»: Մենք դառնալու մասին խոսում է միայն «Մենքը», երբ բոլորը բաժան-բաժան են անում երկիրը` իրենց մասնաբաժնի համար: Ընտրեք ինքներդ` ի՞նչ եք ուզում` հատվածական ու ագրեսիվ խորհրդարա՞ն, որ ամեն օրինագծի ժամանակ սկսելու է սև-սպիտակի պատերազմ, թե՞ ԱԺ, որ աշխատում է ուժեղ պետություն ունենալու նպատակով:

Դիտվել է՝ 2012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ