Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Անկախ ընտրության արդյունքներից՝ կուսակցական գործունեությունը շարունակելու ենք նաև դեկտեմբերից հետո»

«Անկախ ընտրության արդյունքներից՝  կուսակցական գործունեությունը շարունակելու ենք նաև դեկտեմբերից հետո»
30.11.2018 | 00:06

Բոլորովին վերջերս հիմնադրված «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ԱԱԿ), որը խորհրդարանում հայտնվելու հայտ է ներկայացրել, քարոզչական նյութերով (պաստառներ, գովազդեր, բուկլետներ և այլն), աչքի չի ընկնում: Կուսակցության անդամները հիմնականում երիտասարդներն են, որոնք հանգանակությամբ կարողացել են հավաքագրել ընտրագրավի համար անհրաժեշտ գումարն ու մասնակցել ընտրություններին, իսկ քարոզչանյութերի համար, պարզվում է, նորաստեղծ ուժը գումար հայթայթել չի կարողացել: «Իրատեսի» հետ զրույցում կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ անկեղծացավ՝ կուսակցությունը ստեղծել են ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով. «Չնայած ներկա վիճակն արտառոց է, ստանդարտ ընտրությունների փուլ չէ, և կարճ ժամանակահատված է տրված թե՛ քարոզարշավի, թե մյուս գործընթացների համար, ու 12 օրը չի բավարարի ամեն մի գյուղ ու քաղաք այցելելու համար, բայց եթե ընդհանրապես հույս չունենայինք, չէինք մասնակցի ընտրություններին։ Կուսակցություն չէինք հիմնադրի, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության, քանի որ չէինք վստահում նախկին ընտրական համակարգին ու նախկին ոչ լեգիտիմ իշխանությանը։ Բայց այժմ ընտրական համակարգի նկատմամբ ունենք վստահություն և, անկախ ընտրությունների արդյունքներից, կուսակցական գործունեությունը շարունակելու ենք նաև դեկտեմբերից հետո։ Քաղաքական դաշտում նախկինում մասնակցություն ունեցել ենք քաղաքացիական ձևաչափով՝ անարդարության դեմ պայքարի մասնակից կամ նախաձեռնող լինելով: Այսինքն՝ քաղաքացիական պայքարի ձև ենք ունեցել, ինչն էլ վերածել ենք կուսակցության»:


Անդրադառնալով նոր իշխանությունների ժամանակ նույնպես չբարեփոխված Ընտրական օրենսգրքին՝ մեր զրուցակիցն ասաց, որ վարկանիշային համակարգը չի նպաստում քաղաքական համակարգի ձևավորմանը, այն խրախուսում է անձակենտրոն ու հեղինակության վրա հիմնված ոչ քաղաքական հարաբերությունների հաստատումը, ինչին պետք է վերջ դնել:


Հայկ Գրիգորյանն իրենց կուսակցության գլխավոր հաղթաթուղը դաշտում նոր խաղացող լինելն է համարում. «Ավելի լավ է հանրության համար անհայտ ուժ լինել, քան բացասական իմաստով ու ընկալումներով հայտնի։ Նախկին իշխանությունների հետ կոալիցիա չենք կազմել, չենք թալանել երկիրը և չենք կեղծել ընտրությունները։ Իսկ ծրագրերին ծանոթանալուց հետո մարդիկ նաև մեզ կճանաչեն, ժամանակի խնդիր է: Կուսակցությունում բոլորս էլ նոր ու տարբերվող արժեհամակարգ ունեցող մարդիկ ենք: Հեղափոխության մասնակիցն ու դրա գաղափարախոսության կրողն ենք: Փորձելու ենք քաղաքական դաշտում նոր օրակարգ սահմանել, նոր մշակույթ բերել և, չգերագնահատելով անհատների դերը, կարևորություն տալ ծրագրերին, որոնց հիմքում դրել ենք ազգային շահերով առաջնորդվելու գաղափարախոսությունը»:


ԱԱԿ վարչության անդամը խոստանում է խորհրդարանում հայտնվելու դեպքում աշխատել հանրային կյանքը և տեղական ինքնակառավարումն ապաքաղաքականացնելու ուղղությամբ: Ծրագրային դրույթներից են, օրինակ, մարզային բաժանումը շրջանային բաժանումով փոխարինելը, հարկային և բանկային օրենսդրության բարեփոխումը, 40 մլն դրամը գերազանցող անշարժ և շարժական գույքի գույքահարկի եռապատկումը՝ սոցիալական ոլորտի ծրագրեր իրականացնելու համար ու գյուղատնտեսության զարգացման նպատակով 5%-ը չգերազանցող վարկավորման ծրագրի ներդրումը:


«Ազգային ժողովում կբարձրաձայնենք կուսակցությունների մասին օրենքի փոփոխության անհրաժեշտության մասին՝ քաղաքական գործունեությունն ազատելով կապիտալի ազդեցությունից։ Ընտրագրավը պետք է կա՛մ հանվի, կա՛մ նվազեցվի, օրինակ, ներկայիս 10 միլիոնի փոխարեն՝ մինչև 1-2 միլիոն դրամ։ Առաջնահերթ են նաև կրթական ոլորտի բարեփոխումները, բուհերն իրապես մրցակցային կառույցներ պետք է լինեն՝ գրավիչ դառնալով նաև արտասահմանցի ուսանողների համար։ 20 կետից բաղկացած կոնկրետ նախընտրական ծրագիր ենք ներկայացրել հանրությանը, որը մեր նախընտրական խոստումն է։ Կարևոր կետերից է նաև պատգամավորների անձեռնմխելիության վերացումն ու հետկանչի ինստիտուտի սահմանումը: Եթե վատ է աշխատում, մանդատը պետք է մեկ ուրիշին զիջի»։
Նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչը վստահ է՝ Ազգային ժողովում լինելու են քաղաքացու հենարանը ու թեև աջակցում են հեղափոխությանը, բայց չեն ջանալու ամեն ինչով դուր գալ կամ հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս զսպող ուժն են լինելու՝ հիշեցնելով, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ու մի շարք այլ խոստումներ այդպես էլ կյանքի չեն կոչվել:


Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունների մասին կուսակցության մամուլի քարտուղարի տեսակետն այսպիսին է. «ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի դեպքում Հայաստանի շահը դեռ միայն թղթի վրա է, քանի որ այդ կառույցներից տնտեսական ու ռազմական առումով շահ չենք տեսել: Եվ եթե Ռուսաստանի ու Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը լուծում չգտնի, Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից՝ զենք գնելով այլ երկրներից, օրինակ՝ Հնդկաստանից, Ռումինիայից և այլն: Մեկ այլ արդիական հարց է ռուսական գազի գինը, որը նույնպես անհրաժեշտ է քննարկել և՛ երկկողմանի ձևաչափով, և՛ ԵԱՏՄ-ի շրջանակում»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ