Առանց անուններ տալու՝ հակասահմանադրական հաթաթաներով

Առանց անուններ տալու՝ հակասահմանադրական հաթաթաներով
30.11.2018 | 00:21

Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, օրերս տարբեր ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում խիստ քննադատության արժանացավ։

Միքայելյանի հայտարարությանն անդրադարձավ նաև Արցախի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում. երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն։ Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ, ավելի ճիշտ, համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը։
Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»։
Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանն էլ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է, որ Սասուն Միքայելյանը, իր պատկերացմամբ, կարևոր «պատմական» հայտարարություն է արել, «արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին, ասել է թե՝ հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել»:


Ղարամյանը դիմել է իր բոլոր մարտական և զինակից ընկերներին՝ «Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին» կոչով:
Ֆեյսբուքի մեկ այլ օգտատեր՝ Մհեր Մկրտչյանը, իր էջում գրել է. «Սասուն Միքայելյանն ասում է, որ այս հաղթանակը, որը կրեց ժողովուրդը, ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը։ Փաստորեն, ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը: Փաստորեն, այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը: Դե, բարի երթ ձեր քարոզարշավին»։
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, մասնավորապես ասել է. «Արցախյան պատերազմը մեր ժողովրդի ամենամեծ հաղթանակներից մեկն է։ Այդ հաղթանակը թերագնահատել և համեմատել որևէ այլ խնդրի հետ՝ ճիշտ չէ։ Ամեն հաղթանակ իր տեղն ունի, այս հաղթանակի համար հազարավոր հայորդիներ, մեր ազգի սերուցքը, լավագույն տղերքն են արյուն թափել։ Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա հայոց պետականությունը պարզապես կկործանվեր։ Սա ոչ թե սովորական հաղթանակ էր, այլ դրանով հայ ժողովրդի ճակատագիրն էր որոշվում, սա պարզապես պատերազմ չէր, այն մարտահրավեր էր հայոց պետականությանը։ Սա եղել է նոր Ցեղասպանության իրականացման փորձ, որը լիակատար ձախողվեց»։


ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ակո) նկատել է, որ «տրամաբանությունից դուրս է» Սասուն Միքայելյանի այդ արտահայտությունը, «քանի որ չէր լինի հեղափոխությունը, եթե չլիներ արցախյան շարժումը». «Երբ երիտասարդ էի, մտածում էի՝ հայրս ինչու՞ է գնացել պատերազմ 1941-45 թվականներին։ Երբ հասունացա և թացը չորից սկսեցի տարբերել, հասկացա, որ դա մեր պատմությունն է. մինչև դա չլիներ, սա չէր լինի։ Չկռվեինք 1941-ին, հնարավոր է՝ հիմա մենք չունենայինք ազգային ազատագրական շարժում: Հետո եղավ հեղափոխություն, եղավ իշխանափոխություն, որը ողջունելի է, սակայն ռեժիմի փոփոխությունը դեռ չի նշանակում հեղափոխություն, հեղափոխության ժամանակ խորքային բաներ են փոխվում»:


Ավելի վաղ Սասուն Միքայելյանը Թալինում, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց ես չեմ վարանի ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք (ինչ էլ ճիշտ բառ է օգտագործել՝ «կրեցիք», որը գործածում են պարտության դեպքում, և ոչ թե՝ «տարաք», որն օգտագործվում է հաղթանակի պարագայում-Ա. Հ.) դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, այն հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, սակայն նախկին իշխանությունները թույլ չտվեցին։ Մեր ժողովուրդը չհասկացավ մեր հաղթանակի գինը, մեր ժողովուրդը չպատկերացրեց՝ մարդիկ ինչի համար գլուխները դրեցին զոհասեղանին»։
Անձամբ ես համոզված եմ, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակը կամ հաղթանակի հետևանքը հայ ժողովուրդը մեր հանրապետությունում դեռ առանձնապես չի կրել, նոր է կրելու: Այո, Արցախյան ազատամարտի հաղթանակի (և ինչո՞ւ միայն Արցախյան ազատամարտի հաղթանակի, նաև՝ Հայաստանի անկախության հռչակման) ակնկալվող արդյունքը մեր ժողովուրդը չտեսավ, «երազի երկիր» Հայաստանը դեռ երազի երկիր է մնում, սակայն չի կարելի ասել, թե հայ ժողովուրդն Արցախյան ազատամարտում իր հաղթանակի արդյունքը չի տեսել, բա Արցախի անկախությունը, նրա բնակչության անվտանգության ապահովումը, բա ազատագրված տարածքներն ի՞նչ են: Հետևաբար, ոչ մի պարագայում, ում կողմից էլ լինի, չի կարելի արժեզրկել, նսեմացնել կամ, թեկուզ, մեկ այլ բանի համեմատ ստորադասել Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակը։


Սասուն Միքայելյանը սխալվում է նաև, թե մեր ժողովուրդը չի հասկացել իր քաջորդիների հաղթանակի գինը, չի պատկերացնում՝ մարդիկ ինչի համար գլուխները դրեցին զոհասեղանին։ Եվ վատ չէր լինի, եթե մտորեր գոնե մեկ հարցի շուրջ՝ իսկ ու՞ր են այն արդյունքները, որոնք տեսնելու համար բազմահազար մարդիկ ոտքի ելան և Նիկոլ Փաշինյանին աջակցեցին «թավշյա հեղափոխությունն» իրականացնելու գործում:
Եթե ինձ հասած բանավոր տեղեկությունները ճիշտ են, Սասուն Միքայելյանը, խիստ քննադատության արժանանալուց հետո, հետագայում փորձել է ուղղել իր ասածը, սակայն ասվածն արդեն ասված է՝ հեղափոխության հաղթանակն «ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», և որքան էլ նա փորձի ծամածռել, ուղղել իր խոսքը՝ ասելով, թե նկատի ուներ, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, և ոչ թե հակառակը, միևնույն է, չի ստացվի։ Բայց լավ է, որ գոնե փոշմանել է իր ասածից, գուցե և զղջացել է։


Այս լավատեսությամբ ու քրիստոնեական ներողամտությամբ փակելով Միքայելյանի հայտարարության հետ կապված թեման, չենք կարող անտեսել այդ առնչությամբ Նիկոլ Փաշինյանի ասածները։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հրապարակայնորեն նշելով հանդերձ, որ Սասուն Միքայելյանն ինքն էլ զգացել է, որ «մի փոքր ոչ էնքան ճշգրիտ ձևակերպում է արել, ոչ էնքան հաջող» (բա որ այդպես է, ինչու՞ այդ պահին Սասուն Միքայելյանի կողքին կանգնած Նիկոլ Փաշինյանն ինքն այդ պահին չուղղեց ընկերոջ «մի փոքր ոչ էնքան ճշգրիտ», «ոչ էնքան հաջող» ձևակերպումը), ասաց, որ չի հասկանում «ոմանց ոգևորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ»՝ ակնհայտորեն տեղին, արդարացի քննադատությունը շփոթելով կամ միտումնավոր խառնելով ոգևորության հետ։


Սակայն, արդեն ոչ թե նախորդի պես տարօրինակ, այլ անհեթեթ էին դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ասածները։ Հիշելով մեկ-երկու խորհրդակցություն, երբ ինքը հստակ հայտարարել է՝ ոմանց այլևս թույլ չի տալու (իսկ նախկինում թու՞յլ էր տալիս), որ «զինվորի սապոգների, հագուստների, ուտելիքի վրա ապօրինի փողեր աշխատեն և այդ ապօրինի փողերով իրենց անձնական հարստությունը և բարեկեցությունը դասավորեն», նա բանակի գույքի թալանի թեման փորձեց արհեստականորեն բերել-կապել Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ հրապարակված քննադատությունների ու քննադատողների հետ՝ բացարձակապես անտեսելով, որ հիշյալ հայտարարության համար Սասուն Միքայելյանին քննադատել են նաև ԶՈՒ գույքի թալանի հետ որևէ կապ չունեցող և, ընդհանրապես, նույնիսկ զինվորական չհանդիսացող անձինք։
Այնուհետև, ինչպես հաճախ բնորոշ է իրեն, Փաշինյանն առանց անուններ նշելու սկսեց հոխորտալ ու սպառնալ և հենց ինքը, ավաղ, շա՜տ ոգևորվեց ու չհասկացավ կամ գոնե չզգաց, որ իր սպառնալիքներում անցնում է թույլատրելիի սահմանը, որ ինքը փոքրիկ ֆյուրերիկ չէ, ոչ էլ Բերիա, որ Հայաստանում 37 թվականը չէ, և որ ինքն իրեն երկրի ղեկավարի կամ առաջին դեմքի նման չի պահում։ Այլապես ի՞նչ է նշանակում Փաշինյանի հերթական հոխորտանքը. «Իսկ ոմանց էլ ասում եմ՝ հլը ձեր աշխատանքի հետագա հարցն եմ ես լուծելու»։ Ի՞նչ է, արդեն պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումնե՞ր են սկսված: Ի՞նչ գործ ունի վարչապետի պաշտոնակատարը մարդկանց աշխատանքից ազատել-չազատելու հարցի հետ: Եթե վատ են աշխատում, խախտել են աշխատանքային պայմանագրի, աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթները, ինչ-ինչ չարաշահումներ թույլ տվել, պետական ամեն մի հաստատության ղեկավար պարտավոր է նման դեպքերում իր ենթակա աշխատողին ազատել աշխատանքից, այլապես նույնիսկ վարչապետի պաշտոնակատարը կամ վարչապետը որևէ իրավունք չունի պետական այս կամ այն հաստատության աշխատողին հակասահմանադրական եղանակով աշխատանքից ազատելու կամ նույնիսկ տվյալ հաստատության ղեկավարից, սպառնալիքով կամ առանց սպառնալիքի, պահանջելու, որ նրան ազատի աշխատանքից։


Ի վերջո, եթե վարչապետի պաշտոնակատարը խոսում է բանակի գույքի թալանի մասին, պարտավոր է հնչեցնել թալանողների անունները, այլապես նրա ասածներն ընկալվում են նախընտրական շրջանում հաղթաթղթեր ձեռք բերելու էժանագին հնարք։ Այսպես՝ առանց անուններ տալու, հակասահմանադրական հաթաթաներով ու՞ր ենք հասնելու: Թալանողները, անշուշտ, պետք է խստորեն պատժվեն, բայց մի անհամեստ հարց. վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հայտնվելուց հետո անցել է կես տարի, մինչև հիմա այդ թալանողներից դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ո՞վ է դատապարտվել:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao