Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մնաց խմբայինի վերջին տուրը

Մնաց խմբայինի վերջին տուրը
30.11.2018 | 01:06

Այո, մնաց չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումների վերջին տուրն ու դրա հետ մնացին դրվելիք վերջին շտրիխները:

A ԽՈՒՄԲ
«Բրյուգեի» հետ Դորտմունդի «Բորուսիայի» խաղը սկզբունքորեն ոչնչով չէր սպառնում փլեյ-օֆում հանդես գալու նրա ծրագրերին, ուստի տնային խաղում մի առանձնապես փայլելու գերխնդիր էլ չկար: Արդյունքում՝ գոլազուրկ ոչ-ոքի:
Ինչ վերաբերում է «Աթլետիկո»-«Մոնակո» դիմակայությանը, այստեղ ամբիցիաների խնդիր իսկապես կար ու առաջին հերթին մոնեգասկների կողմից, ովքեր ինչպես որ չեն փայլում այս խաղարկությունում, այնպես էլ խամրած են ներքին առաջնությունում: Ինչևէ: Ոչ մի պայմանականություն չճանաչող Դիեգո Սիմեոնեի թիմը մրցակցին չթողեց էլ խռխռալուց առաջ թպրտալ, երկու գոլ խփեց ու արեց իր գործը՝ վաստակած միավորների թիվը հասցնելով 12-ի: Տասը միավոր ունեն դորտմունդցիները, հինգ միավոր ունի Եվրոպայի լիգայի խաղարկության ուղետոմսերի տեր դարձած «Բրյուգեն»:

B ԽՈՒՄԲ
«Բարսելոնի» երկու գոլին (Մեսի, Պիկե) «Էյնդհովենը» խաղավարտին պատասխանեց մեկով ու բնականաբար պարտություն կրեց, թեպետ խմբային առումով հոլանդացիներին հաղթանակն էլ ոչինչ չէր տալու, քանզի նրանք վաղուց ու ամուր «գրկել» են վերջին հորիզոնականը:
Այստեղ շատ ավելի առանցքայինը «Տոտենհեմ»-«Ինտեր» մրցակցությունն էր, որը խմբային երկրորդ ուղեգրի նվաճման գործում պիտի ունենար բացառիկ նշանակություն, քանզի անգլիացիները նախորդ խաղերի արդյունքով իրենց լավ էլ հիմնավոր էին անկյուն քշել: Ինչևէ, սխալը մասնակի ուղղված է, նվազագույն հաշվով հաղթանակից հետո օրվա մրցակցի հետ ունեցած միավորների թիվը հավասարեցված՝ յոթական, հիմա մնում է սպասել խմբային վերջին հանդիպման արդյունքին:
Ասենք, որ անհամեմատ ծանր է լոնդոնցիների վիճակը, որոնք մրցելու են կատալոնցիների հետ: Թե այդ խաղում ով որքանով կարող է դեր ունենալ բարսելոնցիների մոտիվացված չլինելը (նրանք ունեն 13 միավոր ու վաղուց են նվաճել փլեյ-օֆում հանդես գալու իրավունքը), չափազանց դժվար է ասել:

C ԽՈՒՄԲ
Քիչ է ասել, թե «Պարի Սեն Ժերմեն»-«Լիվերպուլ» դիմակայությունն առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում: Ընդ որում, այդ հետաքրքրությունը պայմանավորված չէր սոսկ նրանով, որ գրանդ ակումբներ էին իրար հետ բախվելու: Հետաքրքրության ահռելի չափաբաժին պայմանավորում էր և խմբայինում ստեղծված իրավիճակն ու դա առաջին հերթին այն թեթևամտության պատճառով, որ նախորդ տուրում լիվերպուլցիներն ունեցան «Ցրվենա զվեզդայի» հետ խաղում:
Ինչևէ: Ֆրանսիացիներից այս պարտությունն անգլիացիների համար եղավ երկրորդ անընդմեջը (1:2) ու հիմա, եթե Յուրգեն Կլոպի սաները ցանկանում են պայքարը շարունակել Չեմպիոնների լիգայում, ուրեմն պիտի միայն ու միայն հաղթանակ տոնեն «Նապոլիի» հետ ունենալիք առաջիկա մրցավեճում: Ինչ վերաբերում է «Ցրվենա զվեզդայի» հետ վերջիններիս մրցակցությանը, իտալացիների 3:1 հաշվով հաղթանակն օբյեկտիվորեն է արտացոլում օրվա մրցակիցների ուժերի հարաբերակցությունը:
«Նապոլին» ունի 9, «Պարի Սեն Ժերմենը»՝ 8 «Լիվերպուլը»՝ 6, ամեն ինչից հույսը կտրած «Ցրվենա զվեզդան»՝ մեկ միավոր:

D ԽՈՒՄԲ
«Պորտու»-«Շալկե» մրցակցությունը խմբում ավելի շատ «ո՞վ է առաջինը լինելու» հարցի պատասխանն էր տալու, քանզի հարցի հանգուցային մյուս կողմով թիմերը սկզբունքորեն լուծել էին իրենց խնդիրը, ինչի վերջնական հավաստումը եղավ «Լոկոմոտիվ»-«Գալաթասարայ» դիմակայության ելքը: Այսպես՝ «Պորտուն» առանց ավելորդ սեթևեթանքների դրեց ու մաշկեց գերմանացիներին, մոսկվացիները երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնեցին թուրքերին ու Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելու հույսեր ստացան:
«Պորտուն» ունի 13, «Շալկեն»՝ 8, «Գալաթասարայն» ու «Լոկոմոտիվը»՝ 5-ական միավոր: Ինչպես տեսնում ենք Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցության առումով անհայտներ չկան, ինչը չես կարող ասել կարգով մեկ աստիճանով ցածր մրցաշարի մասին:

E ԽՈՒՄԲ
ԱԵԿ-«Այաքս» դիմակայությունը տանտերերի համար ունեցավ նախկինների ելքը: Թիմը հերթական անգամ պարտվեց՝ 0:2, ու դրանով իր գործը համարեց ավարտված: Շտապենք ասել, որ այս հաղթանակը հոլանդացիների համար սկզբունքային նշանակության ինչ-որ հարց չլուծեց, քանզի նրանք իրենց լուծելիքը վաղօրոք են լուծել ու պատրաստվում են փլեյօֆյան հանդիպումներին Եվրոպայի լիգայում հանդես գալու հարցին: Ինչ վերաբերում է խմբային առաջատարի մրցելույթին, «Բավարիան» ցունամիի պես անցավ «Բենֆիկայի» վրայով՝ խփելով հինգ գոլ, բաց թողնելով մեկը: Նշենք, որ հեթ տրիկի հեղինակ է դարձել Արիեն Ռոբենը, նրան երկու գոլով աջակցել է Ռոբերտ Լևանդովսկին:
«Բավարիան» ունի 13, «Այաքսը»՝11, «Բենֆիկան»՝ 4 միավոր:

F ԽՈՒՄԲ
«Լիոն»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը և՛ գոլառատ ստացվեց, և՛ հետաքրքիր՝ 2:2: Շտապենք ասել, որ առանձնապես ջանալու խնդիր ունեին ֆրանսիացիները, քանզի, ի տարբերություն մրցակցի, նրանք փլեյ-օֆ դուրս գալու խնդիրը չեն լուծել ու թիկունքում զգում են «Շախտյորի» ծանր շունչը; Հանդիպումն այս Խոսեպ Գվարդիոլայի սաների կողմից յուրօրինակ մուկ ու կատու խաղալ էր հիշեցնում՝ խփում էր «Լիոնը», խփում էր «Մանչեստր Սիթին»՝ ասես հասկացնելով, որ մեջտեղը կատու չի կարելի ձևել այն դեպքում, երբ մանավանդ դիմացինդ առյուծ է:
Միանգամայն սպասված սուր մրցակցություն եղավ «Հոֆենհայմ»-«Շախտյոր» դիմակայությունում: Արդեն առաջին խաղակեսում կողմերը հեղինակել էին չորս գոլ, ընդ որում նախաձեռնողները եղել էին ուկրաինացիները: Երկրորդում վճռորոշ եղավ հավելյալ ժամանակում «Շախտյորի» խփած գոլը՝ 3:2: Այս խմբում միակ բանը, որ հաստատապես պարզ է, փլեյ-օֆ դուրս եկած լինելու «Մանչեստր Սիթիի» փաստն է: Այնպես որ սա եղածների միջից այն քիչ խմբերից մեկն է, որտեղ ինտրիգը մինչև վերջին պահը պահպանվում է:

G ԽՈՒՄԲ
Ներքին առաջնությունում անտանելիորեն վատ հանդես եկող Մադրիդի «Ռեալը» մեղքերի յուրօրինակ թողություն է հայցում սեփական երկրպագուից՝ Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալով: Իտալական «գայլերը» որքան էլ ջանացին, ստիպված էին գլխիկոր թողնել մարզադաշտը՝ 2:0, թեպետ այդ պարտությունը ոչնչով չսասանեց նրանց ունեցած երկրորդ հորիզոնականը:
Իր երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որից նրա հարկի տակ երեք միավոր կորզողը Պլզենի «Վիկտորիան» էր, և որը միավորներով հավասարվեց բանակայիններին:
«Արքայականն» ունի 12, «Ռոման»՝ 4, ԲԿՄԱ-ն ու «Վիկտորիան»՝ 4-ական միավոր:

H ԽՈՒՄԲ
Սեփական հարկի տակ նախորդ տուրում «Մանչեստր Յունայթեդից» միանգամայն անակնկալ կրած պարտությունից հետո «Յուվենտուսն» իրեն նոր ազատություններ թույլ չտվեց «Վալենսիայի» հետ խաղում՝ հյուր ժամանած իսպանացիներին հաղթելով նվազագույն առավելությամբ ու ունեցած միավորների թիվը հասցնելով 12-ի: Այս պարտությունը «Վալենսիային» դարձրեց Եվրոպայի լիգայի խաղարկության մասնակից: Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինիոյի սաներին, նրանք էլ են խաղը «Յանգ Բոյզից» շահել նվազագույն հաշվով ու ունեն 10 միավոր՝ Յուվենտուսի» պես արդեն իսկ ապահոված լինելով այս հեղինակավոր խաղարկության փլեյ-օֆում հանդես գալու իրավունքը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ