Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ընտրությունները ապառնի ժամանակով

Ընտրությունները ապառնի ժամանակով
01.12.2018 | 09:57

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է զարմացնել ու հիացնել: Նա հակասական է` ինչպես միշտ: Օրինակ` Աբովյանում անդրադարձել է հայրենադարձության խնդրին ու ասել, որ Հայաստանի միջին խավը 27 տարի բնակարան չի գնել, ինքը բնակարանաշինության ծրագիր է անում: Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում նման քայլեր պետք է արվեն: Հայաստան եկող աբովյանցիների բնակարանային հարցերը լուծվում են, բայց մարդիկ բարձրացնում են նաև երեխաների դպրոցի հարցը: «Ինձ ասում են, լավ, պարոն Ծառուկյան ջան, գալիս ենք, բնակարանի հարցը կարգավորել ենք, բա իմ երեխեն 5-6-րդ դասարան ա, կրթությունը հիմա ռուսական ա, որ գամ ո՞նց եմ անելու: Ասեցի՝ ճիշտ ես ասում: Ուրեմն դրա համար ես իմ աբովյանցիներին խոսք եմ տալիս, որ այդ թաղամասում նաև ռուսական դպրոց եմ կառուցելու, որ մեր հայրենակիցները գան, բնակարանը կա, դպրոցն էլ»,- ասել է նա: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը ճիշտ է, որ խնդիրները պետք է կարգավորել, հետո մտածել ներգաղթի մասին: Բայց եթե նրան հանդիպեին Իսպանիայից Հայաստան վերադառնալ ցանկացողները, կբացեր իսպանակա՞ն դպրոց: Կամ Իտալիայից վերադարձողների համար իտալակա՞ն դպրոց է պետք: Ու՞ր մնաց հայերենը: Վերջապես` վերադարձողները ինտեգրվելու՞ են իրենց հայրենիքին, թե՞ մնալու են ռուսահայ, իսպանահայ, իտալահայ… Մտածու՞մ է Գագիկ Ծառուկյանը այդ մասին:


Իսկ Եղեգնաձորում նա նորից խոստացել է երիտասարդ ընտանիքների համար բնակարաններ կառուցել. «Ես ասել եմ՝ Աբովյանում կառուցում եմ: Դա ես ոչ թե լավություն եմ անում, նվեր եմ տալիս, այլ ուղղակի դա քայլ է, ուշադրություն է սովորական ժողովրդի համար: Իրեն նվեր չենք տալիս, այլ ինքն իր աշխատանքով, վաստակած գումարով կարողանում է վաստակի և տան տեր դառնա: Լավությունը նա է լինում, որ մենք ժամկետը ոչ թե ասում են՝ մի տարով փակի կամ անմիջապես, այլ ասում ենք՝ 8 տարում աշխատի, փակի: Ձեր քաղաքապետը դիմեց՝ պարոն Ծառուկյան, հնարավո՞ր է մեր եղեգնաձորցիներին էլ կազմակերպենք, ես խոսք եմ տվել, ինձ սիրում հարգում են: Ես ասացի՝ օրինակ կծառայենք, եթե ձեր քաղաքապետը հողը տրամադրի, ուրեմն գարունը նույնպես մեր երիտասարդների համար, ձեր համար, ներգաղթի համար կկառուցենք, դա առաջին քայլը կլինի»:
Իհարկե` հրաշալի նախաձեռնություն է, բայց այս օրերին հնչում է որպես ապառնի ընտրակաշառք: Մտածու՞մ է Գագիկ Ծառուկյանը այդ մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես` Գագիկ Ծառուկյանը ընտրարշավում շատ հարմար է դիրքավորվել` ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կարգախոսով: Նա փառաբանոմ է Նիկոլ Փաշինյանին ու արգելում կուսակիցներին որևէ ուժի վատաբանել` սպառնալով կուսակցությունից հեռացնել, նաև խոստանում է «Կենտրոնով» մերկացնել նրանց, ով իրեն կքննադատի: «Մերկերի» շքահանդես չի լինի` իվերջո, Գագիկ Ծառուկյանին ընտրելու են ոչ թե իր քաղաքական հայացքների համար, այլ` բարեգործության` անցյալ, ներկա ու ապագա: Ու դա արդեն ճակատագիր է:

Դիտվել է՝ 3096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ