USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Վրաստանը նախագահ չունի` հայտարարում են ընդդիմադիրները

Վրաստանը նախագահ չունի` հայտարարում են ընդդիմադիրները
03.12.2018 | 10:15

Թբիլիսիում հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել` «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման կոչով` բողոքելու նախագահական ընտրությունների արդյունքներից: Երկրորդ փուլի տվյալներով` Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 59,52%, Գրիգոլ Վաշաձեն` 40,48%: Նա չի ճանաչում ընտրությունների արդյունքները` հայտարարելով` «Վրաստանը նախագահ չունի» և պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բազմամարդ հանրահավաք է եղել Ռուսթավելիի պողոտայում` խորհրդարանի դիմաց: Ընդդիմության ղեկավարները ասում են, որ չեն ճանաչում ընտրության արդյունքները, հայտարարում են խախտումների ու կեղծարարության, ընտրողներին կաշառելու մասին: Նրանք առաջարկում են աշխատանքային խումբ ստեղծել, որ կզբաղվի խախտումների բացահայտմամբ և ընդդիմության ներկայացուցիչների հետ կփորձի ելք գտնել քաղաքական ճգնաժամից: Դիմելով հավաքվածներին` Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ միավորված ընդդիմությունը դատական հայց է նախապատրաստում` պահանջելով ընտրությունների արդյունքները անվավեր հայտարարել: Ընդդիմությունը իշխանությանը իր պահանջները կատարելու ժամկետ է տվել մինչև դեկտեմբերի 16-ը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչ է անում և նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Բողոքողները տագնապում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է Ռուսաստանի հետ մերձեցման գնալ ու Վրաստանի համար կարևոր հարցերում զիջումներ անել Մոսկվային, այդ թվում` Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում:


Նախագահական այս ընտրությունները վերջին համաժողովրդական ընտրություններն էին` նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո նախագահի պաշտոնը դառնում է հիմնականում արարողակարգային: Երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունը 56,23% էր` ըստ ԿԸՀ-ի, այդ ցուցանիշը չի ներառում արտասահմանում քվեարկածներին: ԿԸՀ մամլո ծառայությունը հաղորդել է, որ 261 բողոք է ստացել դիտորդական կազմակերպություններից: Ընտրությունների օրը անկախ դիտորդները, ներառյալ Transparency International – Georgia-ն, հայտարարել են քվեարկության գաղտնիության խախտման փաստերի մասին, ընտրողների հնարավոր կաշառքի ու կեղծիքների: Առաջին փուլը անսպասելի մրցակցային էր` թեպետ փորձագետները կանխատեսում էին Զուրաբիշվիլիի հաղթանակը, նա կարողացավ Վաշաձեից առաջ անցնել ընդամենը 0,9%-ով: Երկուսն էլ չհավաքեցին հաղթանակի համար անհրաժեշտ 50%-ը: Որոշ վերլուծաբաններ այդ արդյունքը անվանեցին ապտակ իշխող կուսակցությանը, որ վստահ հաղթանակներ էր տանում 2012-ին իշխանափոխությունից հետո:
BBC


Հ.Գ. Մինչ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորանքներ է ստանում ու պատրաստվում պաշտոնակալությանը, Միխայիլ Սահակաշվիլին վճռել է վերադառնալ երկիր, իսկ դրա համար նրան նոր հեղափոխություն է պետք` իշխանափոխություն ավարտով: Բողոքողները տագնապում են ոչ միայն Զուրաբիշվիլիի հնարավոր ռուսամետ քաղաքականության հեռանկարից, այլև դժգոհ են «Վրացական երազանքի» կառավարումից ու իրենց կենսամակարդակից: Դժվար թե Սահակաշվիլին կարողանա հեռակա իշխանափոխություն իրականացնել, բայց զգալիորեն կթուլացնի իշխող կուսակցությանը` առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, դա ավելի կարևոր արդյունք է` վերջնական վերադարձի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao