USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Պասերով, ցավդ տանեմ, պասերով»

«Պասերով, ցավդ տանեմ, պասերով»
04.12.2018 | 01:27

Տոմսերը սպառված են, հանդիսատեսն անգամ թատրոնի միջանցքի աստիճաններին է նստել ու շունչը պահած սպասում է՝ երբ է բացվելու վարագույրը, որ հերթական անգամ ծափ տա «պորտը տեղը դնողների», «ասֆալտին փռողների», «պատերին ծեփողների» մասին պատմող ներկայացմանը: Սա ոչ թե ֆարս է որևէ նորահայտ ռեժիսորի բեմադրմամբ, այլ քարոզարշավի արդեն սովորական դարձած բնութագիր: Որքան մերկացնող ու նախկիններին բացահայտող տեքստեր են հնչում, հանդիսատեսն այնքան ուժգին է ծափահարում: Տպավորություն է, թե մարդիկ ամբողջ կյանքում հենց դրա մասին էլ երազել են: Նախընտրական խոստումները երկրորդական են, որովհետև ընտրող-հանդիստատեսն այս պահին ոչ թե հնգապատիկ ավելի աշխատավարձի մասին է ցանկանում լսել, այլ նախկինների անօրինությունների: Ինչքան էլ հանրապետականներն այս պահին փորձեն հակադարձել «Իմ քայլը» դաշինքի անդամներին, նրանց վրիպումներն ու սայթաքումներն ի ցույց դնեն, որոնք իրոք առկա են, և դա անվիճելի է, այնուամենայնիվ, հակառակ ճամբարից գերհզոր հակադարձում է հնչելու, ու ժողովուրդը կրկին ասելու է՝ Փաշինյանը բոլորին իրենց տեղը ցույց տվեց: Թեև ՀՀԿ-ականների կարկառուն ու գաղափարական դեմքերն են փորձում հակադրվել վարչապետի պաշտոնակատարին՝ ի դեմս Աշոտյանի, Շարմազանովի, Շահնազարյանի, բայց Փաշինյանն ամեն անգամ այնպիսի մի բան է ասում, որ հակահանրապետական մի նոր ալիք է բարձրանում: Տպավորություն է, թե քաղաքական դաշտի երկրորդ, երրորդ էշելոններն առհասարակ խաղի մեջ չեն: ՀՀԿ-ից պայքարում են մի քանի հոգի միայն, իսկ «Իմ քայլը» դաշինքից Փաշինյանն է միայն, որ իր վրա է վերցրել հնարավորինս մեծ թվով ձայն հավաքելու պատասխանատու գործը: Լավ է, թե վատ, պարզ կլինի ընտրություններից հետո, երբ մարդիկ բացառապես Նիկոլ Փաշինյանից կպահանջեն իրենց բոլոր հարցերի լուծումները: Ոչ թե սոցապ նախարարին կամ կոնկրետ գործատուին կպարտադրեն աշխատավարձ ու կենսաթոշակ բարձրացնել, այլ հենց Փաշինյանին, որ ամբողջ բեռն ու պատասխանատվությունն ինքնակամ իր վրա է վերցրել: Վերջինս գուցե հենց այդ ժամանակ առերեսվի այն փաստին, որ միայն բարձր տոնայնությամբ ու ճռճռան հռետորաբանությամբ տնտեսություն չես պահի, աշխատավարձ չես բարձրացնի։
Իսկ վարագույրից այն կողմ՝ կուլիսներում, քաոս է. բոլորը գիտեն ներկայացման անունը, բայց մոռացել են տեքստը: Իմպրովիզով են խաղում. «դու ասա, ես մոգոնեմ սկզբունքով»: «Իմ քայլի» լիդերն իր սրբագույն պարտականությունն է համարում հիշատակել մերժված ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն քննադատում է իշխանություններին` ընդդիմադիրի թասակը գլխին: Դե արի ու մի հիշիր Կարգին Հայկոյի` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կերտած կերպարներից մեկի խոսքը. «Պասերով, ցավդ տանեմ, պասերով»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao