USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Քաղաքացիներին ոչ թե գաղափարական, այլ անձնական այլընտրանք է տրվում»

«Քաղաքացիներին ոչ թե գաղափարական, այլ անձնական այլընտրանք է տրվում»
04.12.2018 | 01:41

«Քո որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող թարմ ուժերից է, որը հաջողեցրել է տարվա այս եղանակի գլխավոր ցիտրուսային միրգը` մանդարինը քաղաքական հարթակ տեղափոխել ու մրգի միջոցով բացատրել կուսակցության հիմնական գաղափարախոսությունը՝ տարբեր մասերից կազմված, բայց հավասար չափերի կտորները բոլորի միջև հավասար բաժանելու: ՔՈ-ն պնդում է, թե ընտրություններից առաջ ստեղծված արհեստական ուժ չէ, գերնպատակը խորհրդարանում հայտնվելը չէ ու, անկախ ընտրության արդյունքներից, շարունակելու է իր գաղափարները առաջ մղել: Կուսակցության գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնական ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցել է ՔՈ-ի հիմնական ասելիքի ու անելիքի մասին:

-Այս ընտրություններից հետո հավանական մի քանի ելքեր կան,- ասում է նա։- Առաջինն այն է, որ եթե մենք լինենք Ազգային Ժողովում, ամենակարճ ժամկետներում քննարկումներ ենք սկսելու մեր իսկ հնչեցրած օրակարգերի, մասնավորապես՝ լեգիտիմ Սահմանադրություն ընդունելու շուրջ: Եթե մենք խորհրդարանում փոքր խմբակցություն լինենք, այդ պարագայում քաղաքական գործիքակազմի բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք նոր Սահմանադրություն ունենալու օրակարգն առաջ տանելու համար: ՈՒ երրորդ՝ եթե խորհրդարանում չհայտնվենք, ապա կօգտագործենք արտախորհրդարանական քաղաքականության գործիքակազմերն այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Իսկ եթե խորհրդարանից դուրս կամ խորհրդարանի ներսում չհաջողենք, հանդիպենք դիմադրության ու չկարողանանք լեգիտիմ Սահմանադրություն ունենալու մեր գաղափարն առաջ տանել, համապատասխան հետևություններով նոր գործողություններ կսկսենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանում խոչընդոտվում է ամբողջությամբ լեգիտիմ Սահմանադրություն հաստատելու գործընթացը:
-Սուղ միջոցներ, քարոզչության կարճ ժամանակահատված, նոր ձևավորված քաղաքական միավոր. բա՞րդ չէ ձեզ համար ձևավորվել ու միանգամից ընտրությունների մասնակցել:
-Նախընտրական գործընթացը բոլորի համար է բարդ՝ անկախ ռեսուրսներից: Այն ամենաէներգատար գործընթացներից մեկն է, որ կարող է լինել քաղաքական գործունեության ընթացքում, այս առումով, այո, մեզ համար ևս բարդ է: Մյուս կողմից, ճիշտ եք, մենք ֆինանսական սուղ միջոցներ ունենք, բայց մեզ հաջողվում է սահմանափակ ռեսուրներ ունենալով՝ քարոզչական գործիքների միջոցով ստեղծարար մոտեցումներ հանդես բերել ու որոշակի հնչեղության հանրային քննարկումներ ապահովել: Բոլոր նրանք, ովքեր գիտեն, որ մենք մանդարիններն օգտագործում ենք որպես քարոզչության նյութ, գիտեն նաև, որ մեզ համար արդարությունն ու բարիքի արդար բաշխումն անկյունաքարային սկզբունքներ են:
Արհեստական բարդությունը մեդիադաշտի հետ է կապված, երբ, օրինակ, բանավիճային ձևաչափի հաղորդումների ժամանակ քեզ հավասարի պես չեն նայում: Իհարկե, երբ դու նոր ես սկսում ինչ-որ բան, չես կարող հավասար լինել ավելի հին ու կայացած կուսակցությունների հետ, բայց ասել, թե դու նոր ես սկսել, հավասար չես ու իրավունք չունես ավանդական կուսակցությունների հետ բանավեճի մեջ մտնելու, անհավասար պայմաններ է ստեղծում ու խորացնում վաղուց ի վեր առկա անհավասարությունը:
-Ձեր նշած բանավեճերի ժամանակ տեսնում ենք նաև, թե ինչպես են նախկին ու ներկա իշխանությունները բանավիճում մի հարցի շուրջ, ինչի վերաբերյալ գրեթե նույն պատկերացումն ունեն:
-Եթե ասեմ, որ նրանք նույնն են, ազնիվ չի լինի, որովհետև ես տարբերություններ տեսնում եմ հների ու նորերի միջև: Եթե ասեմ, որ այդ տարբերությունը ռադիկալ է, աշխարհաքաղաքական կողմնորոշման լուրջ տարբերություն կա, դա էլ ազնիվ չի լինի: Երբ երկու մարդ աշխարհը տեսնում են նույն կերպ, բայց նրանց միջև շահերի բախում կա, ու երկուսից մեկը պետք է ապացուցի, որ ինքն ավելի լավն է, ապա ասում է՝ երկուսս էլ նույն բանն եք ուզում, բայց դա ես ավելի լավ կանեմ, որովհետև իմ անձն ավելի լավն է, ավելի փորձառու է, ավելի շատ կապեր ունեմ և այլն: Բանավեճը մոտավորապես այս որակի է: Այս ընտրությունների հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիներին ոչ թե գաղափարական, այլ անձնական այլընտրանք է տրվում: Հարցեր չեն բարձրացվում, քաղաքական միտք չի զարգանում:
-Ինչու՞ պետք է ընտրողն իր ձայնը հենց ձեզ տա:
-Աշխարհում որևէ կառավարություն բոլորինը չի լինում, ներկա կառավարությունը բոլորի երազանքների ներկայացուցիչը չէ: Հեղափոխությունից հետո ընդունված պրակտիկա է, երբ կառավարությունը լինում է բոլորինը, որովհետև սպասարկում է հեղափոխության օրակարգը, որը բոլորինն է, բայց հետո մարդիկ կամաց-կակաց սկսում են գաղափարախոսական բաժանման մեջ գտնվել, ինչպիսի բաժանման մեջ հիմա ես եմ: «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերների հետ տարբեր պատկերացումներ ունենք լավ լինելու ու պետությունը դեպի լավը տանելու հարցերի շուրջ, ինչի պատճառով հեղափոխության բովով անցած ու կառավարությունում աշխատող ոչ պակաս ազնիվ մարդիկ մի պահից սկսած որոշում են այլընտրանք փնտրել: Մարդիկ մեզ ասում են, որ մեզ են տալու վստահության իրենց քվեն, քանի որ, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի շտաբներում այժմ հավաքվում են այն նույն մարդիկ, որոնք ՀՀԿ-ի շտաբներում էին հավաքվում, նույն շենքերի տակ աղմկում էին, անհարգալից վերաբերմունք էին դրսևորում քաղաքացիների նկատմամբ: Այսինքն՝ մարդկանց այն շերտը, որը ձևավորված միջավայրից դժգոհելով, դուրս է եկել հեղափոխության, մեզ է ընտրելու: Մարդիկ կան, որ ասում են, թե իրենք ուզում էին հեղափոխության ուժի ընտրել, բայց տեսնում են, որ «Իմ քայլի» կազմակերպչական մասն այնքան էլ հեղափոխության արժեքների կրողը չէ: Բացի այդ՝ այս 6 ամսվա ընթացքում խոսքի ու գործի առումով որոշակի հստակություն է մտել մեր ու «Իմ քայլը» դաշինքի միջև, ու մարդիկ սկսել են կողմնորոշվել:
-Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:
-Գաղափար չունեմ, որովհետև սա աննախադեպ ընտրություն է: Այս տրամաբանությամբ ընտրություններ չեն եղել:
-Կառավարությունից Ձեր հեռանալու պատճառը միայն Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի տապալու՞մն էր, թե՞, այնուամենայնիվ, այլ խնդիրներ էլ կային:
-Չեն եղել կուտակված խնդիրներ, որի վերջին շտրիխը լիներ Ընտրական օրենսգրքի տապալումը: Շատ հանգիստ, ջերմ, աշխատանքային, էնտուզիազմով լի մթնոլորտ էր, ուղղակի ԸՕ բարեփոխումների փաթեթի տապալումից հետո շատ արագ, կտրուկ որոշում եմ կայացրել լքելու զբաղեցրած պաշտոնը: Հանգիստ քննարկել ենք իմ անմիջական ղեկավարի հետ ու միմյանց հաջողություն մաղթել հետագայում անցնելիք ճանապարհի ընթացքում: Լավ, ընկերական հարաբերություններ ենք պահպանել մինչ օրս: Քաղաքական մշակույթի փոփոխությունը նաև այն է, որ մարդիկ կարող են լինել ընկերներ, բայց դա գաղափարներին դավաճանելու պատճառ չդառնա:
-Կառավարության 6 ամսվա աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք՝ արդեն կողքից նայելով:
-Կառավարությունում մարդիկ հավաքված են այն տրամաբանությամբ, որ բոլորն ուզում են, որ լավ լինի, բայց լավի մասին պատկերացումներն ու դեպի լավը տանող ճանապարհները տարբեր են: Իսկ երբ ամեն մեկն իր պատկերացրած ճիշտ ճանապարհով է ուզում տանել կառավարումը, դա վերածվում է կարապի, խեցգետնի ու գայլաձկան մասին հայտնի առակին: Չի կարող լինել այնպես, երբ կառավարության մեջ ինչ-որ մի թև ասի, որ իրենց առաջնահերթություններից է փոքր բիզնեսին արտոնություններ տալը, մյուսը հայտարարի, որ փոքր ու մեծ բիզնեսը հավասար հարկելու սկզբունքին են կողմ: Միասնական մոտեցման անհրաժեշտություն կա, երբ քաղաքական ամբողջ թիմն ընդհանուր գաղափարախոսություն ունի, նույնն է պատկերացումը երկրի ապագայի մասին: Կոնկրետ այս կառավարությունում դա որոշակի խնդիր է, որովհետև տարբեր գաղափարախոսության տեր մարդիկ են հավաքված այնտեղ: Ես կարծում եմ, որ աշխատանքից իմ դուրս գալը լինելու էր նաև, եթե ԸՕ-ն չտապալվեր, որովհետև ինչ-որ մի պահի այդ գաղափարախոսական տարբերությունը կամ ինձ, կամ կառավարության մյուս անդամներին խանգարելու էր:
-Քաղաքական դաշտում ընդդիմադիրի թափուր տեղը զբաղեցնելու պայքար է սկսվել: Մասնակի՞ց եք դրան:
-Կառավարությունում ընդդիմություն աշխատելու պրակտիկան արատավոր է: Ընդդիմություն լինում են այն պարագայում, եթե կա գաղափարախոսական տարբերություն: Այժմ քաղաքական գործընթացի մասնակցող որոշ ուժեր իրենց տեսլականով որևէ տարբերություն չունեն գործող կառավարությունից, ու այդ պարագայում ինձ համար անհասկանալի է ընդդիմություն աշխատելու ցանկությունը:
Պետք է հստակեցնել իրավունքների ու պատասխանատվության շրջանակը: Հիմա ՀՀԿ-ն իրավունք ունի՞ ընտրությունների մասնակցելու, թե՞ ոչ: ՀՀԿ-ն ընտրություններ կեղծելու ճանապարհով հանրային իշխանությունը յուրացրած խմբավորու՞մ է, թե՞ ոչ: Եթե այդպիսի խմբավորում է, ապա նրա` ընտրություններին մասնակցելն արգելելու անմիջական պատասխանատվությունն անցումային կառավարությունը պետք է ստանձներ: Հիմա եթե ՀՀԿ-ն այդպիսին էր ու այժմ մասնակցում է ընտրություններին, ուրեմն անցումային կառավարությունն իր հանձնառությունը չի կատարել, եթե ՀՀԿ-ն բանդա չէ, ապա ինչու՞ են նրան մեղադրում բանդա լինելու մեջ: Շատ հարմար է թույլ տալ, որ բանդան մտնի քաղաքական գործընթացների մեջ, ու չեզոքացնել հնարավոր քննադատությունը վերջիններիս կողմից՝ պատճառաբանելով, թե դուք բանդա եք ու քննադատելու իրավունք չունեք: Սա արատավոր պրակտիկա է, որ նոր Հայաստանում քաղաքական գործընթացների բովանդակությունից է բխում: Տպավորություն է, որ հին համակարգի պայմաններում գործած կուսակցությունները հավաքվել են պարզելու՝ իրենցից ով է մեղավոր, որ այսպես եղավ: Ես ուզում եմ ասել, որ մենք մեղավորներին պարզելու այդ գործընթացին չենք մասնակցի, կստեղծենք անկախ դատական համակարգ, կանցկացնենք անցումային արդարադատություն, որ կպարզի, թե ով որտեղ է մեղավոր:
-Նոր ուժ, նոր ասելիք. ի՞նչ այլընտրանք եք առաջարկում:
-Հասարակության համար հիմա կարևոր է երկու բան` որտեղից են գալիս ուժերն ու ինչ ծրագրեր են առաջարկում: Հեղափոխությունները, առհասարակ, գծում են գծեր, ստեղծում կրիտիկական իրավիճակներ, որոնց ժամանակ տարբեր սուբյեկտներ պետք է կողմնորոշվեն, թե գծի որ կողմում են: Մենք ընտրել ենք գծի հեղափոխության կողմը, 2012-ից սկսած քաղաքացիական անհնազանդության բոլոր շարժումներում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն առանցքային դերակատարում են ունեցել՝ ապացուցելով հավատարմությունը մեր գաղափարներին, սոցիալական արդարության օրակարգերին և այլն:
Մենք վարելու ենք պահանջարկամետ տնտեսական քաղաքականություն, ստեղծելու ենք հնարավորություններ, որ մարդկանց ձեռքում ֆինանսական միջոցներ լինեն ու շրջանառվեն: Մենք չենք հավաքելու միջոցները բյուջեում ու այնտեղից նպաստներ բաժանենք: Շուկան զարգացնելու քաղաքականություն ենք վարելու՝ այն զերծ պահելով ձախողումներից: Մեր առաջնահերությունների մեջ են լինելու փոքրերն ու սկսնակները: Պետք է այնպես լինի, որ զարգացող բիզնեսն իր հետ վեր բարձրացնի մյուսներին, որոնք նրան զարգացման միջավայր են ապահովել:
-Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:
-Պատկերավոր ասած՝ պատերազմ ջունգլիներում: Ապաքաղաքական են դրանք. դու վատն ես, դու ավելի վատն ես, մոտավորապես այս որակի դիրսկուրս է: Առաջնայինի ու երկրորդականի տարբերակման խնդիր չի դրած: Կարելի է ինչ-որ պահից մոռացության տալ, օրինակ, տրակտորներ ձեռք բերելու համար լիզինգային ծրագրային տոկոսների բարձր կամ ցածր լինելու մասին դրույթը, բայց Սահմանադրության ու սահմանադրականության հարցն անկյունաքարային պետք է լինի:


Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao