USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Կրթական ծրագրերի հիմքում ցուցադրված կամ ֆոնդերում պահվող նմուշներն են»

«Կրթական ծրագրերի հիմքում ցուցադրված կամ ֆոնդերում պահվող նմուշներն են»
04.12.2018 | 02:22

Թանգարանի առաքելությունն է հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել մշակութային արժեքները: Ինչպես նշում է Եղիշե Չարենցի անվան արվեստի ու գրականության թանգարանի (ԳԱԹ) հասարակայնության հետ կապերի պատասխանատու, կրթական ծրագրերի համակարգող ԱՐՈՒՍՅԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, թանգարանի ավանդական գործունեությանը զուգահեռ վերջին տարիներին մեծապես կարևորվում է նաև թանգարանի ինտերակտիվությունը. այցելուն գալիս է թանգարան և՛ կրթվելու, և՛ մշակութային արժեքների հետ հաղորդակցվելու, և ՛ լավ ժամանցի:

-Ե՞րբ է ընթացք տրվել կրթական ծրագրերին, ի՞նչ բնույթ ու ձևաչափ ունեն դրանք և ու՞մ են ուղղված:
-2013-ի վերջին, երբ թանգարանը վերանորոգումից հետո նորից բացեց իր դռներն ու ներկայացավ նոր, առավել գրավիչ ցուցադրությամբ, թանգարանի ողջ անձնակազմը` տնօրեն Կարո Վարդանյանի ղեկավարությամբ, ձեռնամուխ եղավ տարբեր ծրագրերի և միջոցառումների միջոցով թանգարանն առավել հետաքրքիր դարձնելու լայն հասարակության համար: Առաջնային թիրախային խումբ դարձան դպրոցահասակ երեխաները ¥և ոչ միայն¤, որոնց համար մշակվեցին և իրականացվեցին ինտերակտիվ կրթական ծրագրեր: Այսօր արդեն ուրախությամբ կարող եմ փաստել, որ թանգարանում իրականացվում են մեկ տասնյակից ավելի կրթական ծրագրեր, և այցելուների գերակշիռ մասը գալիս է թանգարան՝ մասնակցելու հենց այդ ծրագրերին: Կրթական ծրագրերի միջոցով էլ ավելի է շեշտվում թանգարանի՝ որպես ոչ ֆորմալ կրթական տարածքի դերակատարությունը: Ներառելով ինտերակտիվ, խաղային, ժամանցային տարրեր՝ այդ ծրագրերը թանգարանը դարձնում են առավել հետաքրքիր և հնարավորություն են տալիս պարբերական այցելությունների: Ճանաչողական էքսկուրսիայի դեպքում սովորաբար մեկանգամյա է այցելությունը: Քանի որ կրթական ծրագրերի մեթոդները, թեմաները տարբեր են, միևնույն այցելուին հնարավորություն ենք ունենում պարբերաբար թանգարան բերելու՝ ամեն անգամ նոր նյութ, նոր ծրագիր առաջարկելով:
-Կրթական ծրագրերի մասնակցությունը ենթադրում է նաև շրջայց թանգարանու՞մ, ծանոթություն ցուցանմուշների՞ն:
-Մեր կրթական ծրագրերը թե՛ բովանդակությամբ, թե իրականացման մեթոդներով շատ տարբեր են. օրինակ՝ «Բացահայտում» ծրագրի շրջանակում երեխաները ծանոթանում են թանգարանի բոլոր ցուցասրահներին, դառնալով «իսկական հետախույզներ»՝ փորձում են գտնել տարբեր ցուցանմուշներ, դրանց մասին ինքնուրույն տեղեկություն հավաքել: ՈՒնենք նաև թեմատիկ կրթական ծրագրեր. մի դեպքում երեխաները սովորում են ստվերների թատրոնի ներկայացումներ բեմադրել, մյուս դեպքում ծանոթանում են մուլտֆիլմերի ստեղծման ընթացքին, հեքիաթների հերոսների կերպարներով տիկնիկներ են պատրաստում, մեկ այլ ծրագրի շրջանակում գորգի զարդանախշերն են ուսումնասիրում և այլն:
-Ինչպե՞ս եք կապ ստեղծում դպրոցների հետ:
-Սկզբնական շրջանում ավելի շատ համագործակցում էինք մասնավոր դպրոցների հետ, հետո արդեն «ձնագնդի էֆեկտով» մեծացավ մեր լսարանը: Մեր գովազդը լավ աշխատանքն է. երբ խումբը ոգևորված ու տպավորված հեռանում է թանգարանից, հավատացեք, դրան անիջապես հաջորդում են նույն դպրոցի այլ դասարանների այցերը: Նշեմ նաև, որ արդեն մի քանի տարի է թանգարանում անցկացնում ենք ամառային դպրոց, այս տարի նաև աշնանային դպրոցի հաջող փորձ ունեցանք (օգտագործում ենք դպրոցական արձակուրդի ժամանակահատվածը): Հետաքրքրությունը մեծ է, մեր փոքրիկ այցելուներն անհամբեր սպասում են նորանոր ծրագրերի, և ինչպես իրենք են հաճախ խոստովանում, չեն զգում, թե ժամանակն ինչպես է անցնում թանգարանում: Կարծում եմ՝ դեռ ձմեռային դպրոց էլ կունենանք:
-Մարզային դպրոցները նու՞յնպես մասնակցում են ծրագրերին:
-Իհարկե, հատկապես վերջին տարիներին մարզային դպրոցներից նույնպես մեծ թվով խմբեր մեր կրթական ծրագրերի ակտիվ մասնակիցներն են դարձել։ Թերևս մարզերում բնակվող երեխաների այցելությունները էլ ավելի հաճախակի դարձնելու հիմնական խոչընդոտը փոխադրամիջոցի խնդիրն է։-Նշեցիք, որ ծրագրերը միայն երեխաների համար չեն:
-Ծրագրերը հիմնականում ուղղված են տարբեր տարիքների դպրոցական երեխաներին, սակայն ունենք նաև կրթական ծրագրեր երիտասարդների ու տարեցների համար: «Հողի ուժը» արտթերապևտիկ ծրագիրը նախատեսված է 60 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող անձանց համար: «Կարաոկե թանգարանում» ծրագրին հիմնականում մասնակցում են երտասարդները, որոնք կարող են և՛ թանգարանին ծանոթանալ, և՛ հաճելի ժամանակ անցկացնել՝ երգելով Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի և այլ անվանի կոմպոզիտորների երգերը: Այս տարվա մայիսից թանգարանում գործում է նաև «Կինոգետի ակումբը», որը հնարավորություն է ընձեռում ինտելեկտուալ-ժամանցային խաղի միջոցով ճանաչելու հայկական ֆիլմերը: Առհասարակ, մեր բոլոր կրթական ծրագրերի հիմքում ցուցադրված կամ ֆոնդերում պահվող նմուշներն են, ունենք հնարավորություն ավելի լայն շրջանակով հանդես գալու, որովհետև ԳԱԹ-ը ներառում է հայ գրականությանը, թատրոնին, կինոյին ու երաժշտությանն առնչվող ցուցանմուշներ, առանձին ցուցասրահով ներկայացված է նաև աշխարհահռչակ նկարիչ, կոլեկցիոներ Մարկոս Գրիգորյանի հավաքածուն:
-Կրթական ծրագրերը ենթադրում են նաև դաստիարակչակա՞ն տարրեր. կան չգրված ցուցումներ, որոնց պետք է հետևել՝ թանգարանում չաղմկել, ցուցանմուշներին ձեռք չտալ և այլն:
-Ընդհանրապես, անընդհատ հնչող արգելքներն ու չիկարելիները կաշկանդում են երեխային, նրան ինչ-որ բան արգելելով մենք չենք դաստիարակում, երեխան պետք է իմանա՝ ինչու այս մի բանը կարող է անել, մյուսը՝ ոչ: Ցանկացած կրթական ծրագրից առաջ, մինչ ցուցասրահ մտնելը, բուն խաղային պրոցեսն սկսելը նախնական զրույց ենք անցկացնում խմբի հետ, փորձում ենք միասին պարզել և հասկանալ՝ ի՞նչ կարելի է անել թանգարանում, ու ի՞նչ չի կարելի և ինչու:
-Որքանո՞վ են մրցունակ նշված կրթական ծրագրերը միջազգային հարթակում:
-Վերջին տարիներին ոչ միայն գրականության և արվեստի թանգարանում, այլև մեր մյուս թանգարաններում ևս բազմաթիվ կրթական ծրագրեր են իրականացվում, որոնք մրցունակ են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Թանգարանների միջազգային խորհրդի՝ կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեն ամեն տարի «Լավագույն թանգարանային փորձ կրթական ծրագրերի ոլորտում» անվանակարգով մրցույթ է հայտարարում: Արդեն մի քանի տարի է հայաստանյան թանգարանները հաջող մասնակցություն են ունենում՝ ընդգրկվելով լավագույն հնգյակում կամ տասնյակում. Գրականության և արվեստի թանգարանի «Ազգային նվագարանների աշխարհում» կրթական ծրագիրը 2016-ին ընդգրկվեց լավագույն տասնյակում՝ իր արժանի տեղը գրավելով աշխարհի խոշորագույն թանգարանների ծրագրերի կողքին: Իսկ 2017-ին Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, թանգարանային կրթության կենտրոնի և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնըլի» (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) կազմակերպած թանգարանային ծրագրերի մրցույթում «Կարաոկե թանգարանում» ծրագիրն արժանացավ հատուկ մրցանակի «Լավագույն ժամանց» անվանակարգում:
-ԳԱԹ-ում ացկացվում են նաև համերգայի՞ն ծրագրեր:
-Կրթական ծրագրերից զատ թանգարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ժամանակավոր ցուցադրություններ: Մեր ցուցադրության տարածքն այնքան էլ մեծ չէ, փոխարենը ունենք գերհարուստ ֆոնդեր (մեկուկես միլիոնից ավելի թանգարանային նյութ) և բացը լրացնում ենք ժամանակավոր ցուցադրությունների միջոցով, որոնք կազմակերպվում են ոչ միայն մեր թանգարանում, այլև թանգարանային տարածքից դուրս: Մասնավորապես 2018 թ. հետաքրքիր համագործակցություն ունեցանք «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի հետ՝ իրականացնելով «Երևան հյուրանոցի բնակիչները» նախագիծը, որի շրջանակում հյուրանոցի տարածքում կազմակերպեցինք Վիլյամ Սարոյանին, Շառլ Ազնավուրին, Վահրամ Փափազյանին նվիրված, նաև այլ ցուցադրութուններ: Ժամանակավոր ցուցադրություններ ենք ունեցել նաև «Մոսկվայի տանը», Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում և այլն: Մեր ֆոնդային նյութերի հիման վրա պարբերաբար ցուցադրություններ են կազմակերպվում այլ թանգարաններում ևս: Այսինքն, փորձում ենք դուրս գալ թանգարանի տարածքից ու հետաքրքիր համագործակցությամբ հանդես գալ: Մեր գողտրիկ դահլիճում անցկացնում ենք բազմաթիվ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, ամենատարբեր ժանրերի համերգային ծրագրեր՝ դասական, ազգագրական, բլյուզ, ջազ: Հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև մանկական միջոցառումներին: Մեր նպատակն է թանգարանը հետաքրքիր դարձնել տարբեր տարիքների ու տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար:

Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao