Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կատաղած շների պակասը

Կատաղած շների պակասը
04.12.2018 | 02:24

Տասնհինգ տուր պահանջվեց Ֆրանսիայի առաջնությունում, որ գտնվի վերջապես մի թիմ, որն ունակ լինի միավոր կորզելու «Պարի Սեն Ժերմենից»: Այդ թիմը եղավ մայրաքաղաքցիներին հյուրընկալած ու խաղը խաղաղ հանգրվան բերած «Բորդոն»՝ 2:2: Նույնպիսի հաշիվ է գրանցվել նաև պրեմիեր լիգայի «Սաուտհեմպտոն»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում, որից հետ մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն փայլատակել է օրիգինալ համեմատությամբ, որն էլ ծառայել է այս հանգստյան օրերի հանդիպումները ներկայացնող տեսության վերնագիր:

ԱՆԳԼԻԱ
«Մանչեստր Սիթին» գրեթե անցնցում, առանց ավելորդ լարվածության անցավ «Բոռնմուտի» հետ տնային մրցակցությունը՝ մրցակցի նկատմամբ առավելությունը հաստատելով գնդակների 3:1 հարաբերակցությամբ: Նշենք, որ հյուրերը պատվով անցան հանդիպման առաջին հատվածը, սակայն երկրորդում զգացվեցին թե հոգնությունը, թե խաղամակարդակի անհամեմատ ցածր կարգը, ինչն արտահայտվեց նաև լրացուցիչ երկու գոլ բաց թողնելով:
Ինչ հեշտությամբ որ երեք միավորի տեր դարձան Խոսեպ Գվարդիոլայի սաները, նույնքան դժվարությամբ նույնը սեփական հարկի տակ արեցին լիվերպուլցիները; Հարկավ մարդկայնորեն ցավալի է «Էվերտոնի» համար, որը գոլ բաց թողեց խաղավարտն ազդարարող մրցավարի սուլոցից անմիջապես առաջ, սակայն սա պրեմիեր լիգան է, ու նման բաները, կարելի է ասել, սովորականների շարքից են; Այնպես որ, առաջին տեղի համար «Մանչեստր Սիթի»-«Լիվերպուլ» հեռակա դիմակայությունը շարունակվում է: «Քաղաքաբնակները» 38 միավորով առաջին հորիզոնականում են, նրանցից երկու միավոր պակաս ունեն լիվերպուլցիները:
Ենթադրելի էր, որ նախորդ տուրի անհաջողությունից հետո «Չելսին» «Ֆուլհեմի» հետ մրցակցությունում կփորձի վերադարձնել կորցրածը: Սարիի սաները արեցին դա բավական հեշտությամբ ու կարող էին վերադառնալ երրորդ հորիզոնական, եթե «Արսենալի» հետ արտագնա մրցակցությունում «Տոտենհեմը» մատնվեր անհաջողության կամ հարաբերական անհաջողության:
Միանգամից նշենք, որ այս մրցակցության առաջին խաղակեսը նշանավորվեց երկու տասնմեկմետրանոցով: Երկուսում էլ կողմերը եղան անվրեպ, սակայն հավելենք, որ մինչ տասնմեկմետրանոցը հյուրերը մի անգամ էլ խաղային դրությունից էին գոլ հեղինակել: Ինչևէ: 2:1-ը բավական լավ հաշիվ էր եթե ոչ երեք, գոնե մեկ միավորի ակնկալիք ունենալու համար, սակայն հանդերձարանում իր խաղացողներին թե ի՞նչ էր ասել Էմերին, մոտավորապես կարելի է գուշակել: Տանտերերը երեք անգամ գրավեցին հակառակորդի դարպասն ու նրան դուրս մղեցին առաջին եռյակից՝ այնտեղ տեղ բացելով վերը հիշատակված «Չելսիի» համար՝ 30 միավորով հընթացս իրենք էլ հարմարավետորեն տեղավորվելով չորրորդ հորիզոնականում, որը, ճիշտ է, «Տոտենհեմի» ունեցածից ոչ ավելի է, ոչ պակաս, սակայն չմոռանանք լրացուցիչ գործակիցների գործոնը:
«Սաուտհեմպտոնի» հետ խաղում «Մանչեստր Յունայթեդը» մեկ միավորից ավելի չկարողացավ վաստակել (2:2), ինչը, բնականաբար, մրցաշարային աղյուսակում չբարելավեց թիմի դիրքերը՝ միայն ու միայն խորացնելով երկրպագուի դժգոհությունը: Ժոզե Մոուրինիոն կարծում է, որ այս ամենի պատճառը թիմում… կատաղած շների պակասն է. «Հուսով եմ, որ մարդիկ ինձ կհասկանան, սակայն կատաղած շները, որոնք, կանոնավորապես կրծելով, կպոկեին մեզ համար գնդակը, դեռևս քչություն են անում»:


ԻՍՊԱՆԻԱ
«Ալավես»-«Սևիլիա» մրցակցությունը կողմերից և ոչ մեկին առավելություն չբերեց՝ 1:1, ինչը նշանակեց, որ «Վիլիառեալին» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթած «Բարսելոնը» մեկ տուր ընդմիջումից հետո կրկին վերադառնում է հարազատ առաջին հորիզոնական: Կատալոնցիները 14 տուրից հետո ունեն 28 միավոր, նրանցից մեկ միավորով հետ է անդալուզական «Սևիլիան»:
«Ալավես»-«Սևիլիա» հանդիպման հանգույն «Ժիրոնայի» հետ արտագնա հանդիպումը նունպես ոչ-ոքի ու նույնպես 1:1 հաշվով է ավարտել «Աթլետիկոն», որը նույնպես հանդիպման պարտվող կողմն է եղել: Մադրիդցիներն ունեն 25 միավոր ու տեղ են գտել երրորդ հորիզոնականում: Չորրորդն «Աթլետիկոյից» մեկ միավոր պակաս ունեցող «Ալավեսն» է:
Վասի ինքնագոլն ու Լուկասի գոլը Մադրիդի «Ռեալին» օգնեցին տնային խաղում հաղթանակի հասնելու «Վալենսիայի» նկատմամբ ու տեղափոխվելու հինգերորդ հորիզոնական: Հասկանալի է, որ այս հորիզոնականը «սերուցքայինների» գագաթնակետը չէ, բայց դե իրենք են ստեղծել իրենց համար այս «երազելի» պայմանները:


ԳԵՐՄԱՆԻԱ
Դորտմունդի «Բորուսիան»-«Ֆրայբուրգի» հետ մրցակցությունում հավատարիմ մնաց վերջին երեք հանդիպումները հաղթանակով ավարտելու մարտավարությանը՝ (2:0) ու 33 միավորով շարունակում է բունդեսլիգայի առաջին հորիզոնականում մնալ գնդակների պարզապես գերազանց 37:13 հարաբերակցությամբ:
Շատ առանցքային մրցակցություն ունեցավ «Լայպցիգը» Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Պարտվելը կնշանակեր արդեն լրջորեն առաջ թողնել մրցակցին, հաղթելը՝ կնշանակեր ինտրիգը պահպանել: Երկրի փոխչեմպիոնն արեց երկրորդը ու 25 միավորով, ինչն ընդամենը մեկ նիշով է պակաս մյոնխենգլադբախցիների ունեցածից, տեղափոխվեց երրորդ հորիզոնական:
«Վերդեր»-«Բավարիա» դիմակայությունն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1:2 հաշվով, ու, ճակատագրի կամոք թե հեգնանքով, մյունխենցիներն էլ «սերուցքայինների» օրինակով հանգրվանել են հինգերորդ հորիզոնականում: Ի միջի այլոց, հավասարապես նրանց առնչությամբ էլ կարող ենք ասել նույնը, ինչ ասել ենք «արքայականի» համար.իրենք են ստեղծել իրենց համար այս «երազելի» պայմանները:
Հաղթանակի դեպքում «Այնտրախտը» ընդհուպ երկրորդ հորիզոնականում հայտնվելու հավակնություններ կարող էր ունենալ, սակայն արդյունքը եղավ բացասական ելքով: Հյուր ժամանած «Վոլֆսբուրգը» հաղթեց 2:1 հաշվով՝ «Այնտրախտին» բաժին հանելով մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում առանց ավելորդ զիջումների է վերաբերվում մրցակիցներին «Յուվենտուսն» ու դա անկախ նրանից՝ իր հարկի տակ է հանդիպումը, թե մրցակցի: Այդ դառը ճակատագիրը մնացածների հետ կիսեց և «Ֆիորենտինան», այն էլ 0:3 խոշոր հաշվով: Ռոնալդուն իր բաժին գոլը խփել է տասնմեկմետրանոցից:
Սակայն սկուդետեի հերթական տուրի թիվ մեկ մրցակցությունը, հարկավ, «Ռոմա»-«Ինտեր» դիմակայությունն էր, որտեղ գրանցվել է 2:2 հաշիվ, ինչը, բնականաբար, կողմերից ոչ մեկին չի բերել առավելություն, սակայն առանձնապես էլ չի տխրեցրել, քանզի միավորի լուրջ կորուստ չի եղել: Միավորներով՝ 29, «Ինտերը» հավասարվել է «Նապոլիին» ու դեռ նրան էլ մի հորիզոնականով հետ մղել, սակայն չմոռանանք, որ նեապոլցիներն ակտիվում խաղ ունեն: Այն կայացել է երեկ ուշ երեկոյան, իսկ մրցակիցն էր «Ատալանտան»:

ՖՐԱՆՍԻԱ
«Մոնակո»-«Մոնպելիե» մրցակցությունում առավել ուժ կողմն էր եղել մեր հայրենակցի մարզած թիմը՝1:2: Այս հաղթանակը հյուրերին հնարավորություն է տվել 29 միավորով տեղ զբաղեցնելու դիվիզիոնի երկրորդ հորիզոնականում, ինչն ինքնին պատվաբեր է:
28 միավորով երրորդ տեղում է «Լիոնը», որն արտագնայում սկզբունքային մրցավեճ է ունեցել այս մրցաշրջանում փայլուն մեկնարկած ու միայն վերջին չորս հանդիպումը սկզբունքորեն ձախողած «Լիլի» հետ՝ 2:2: Ընդ որում, հյուրերը խաղը տանուլ տալիս են եղել 0:2 հաշվով: «Լիլը» մեկ միավոր պակաս ունի:
Ինչ վերաբերում է ֆրանսիական ֆուտբոլի վերջին տարիների անփոփոխ առաջատարին, ապա երկրի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենն» իջել էր հարավ ու հանդիպում էր «Բորդոյի» հետ, որն իր հերթին գլխավորում է դիվիզիոնի երկրորդ տասնյակը: Ի պատիվ տանտերերի, նրանք չեն ընկրկել հյուրերի առաջ ու նրանց խփած երկու գոլին պատասխանել են նույնքանով՝ «Պարի Սեն Ժերմենին» ստիպելով այս մրցաշրջանում ունենալ միավորների առաջին կորուստը: Նշենք, որ ՊՍԺ-ի ակտիվում է 43 միավոր, ինչն ուղիղ 14-ով ավելի է «Մոնպելիեի» ունեցածից, իսկ գնդակների 48:9 ֆանտաստիկ հարաբերության մասին ավելի լավ է չխոսենք, քանզի այդ թվերն ինքնին խոսուն են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ