USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ամերիկան հրաժեշտ է տալիս Ջորջ Բուշ ավագին

Ամերիկան հրաժեշտ է տալիս Ջորջ Բուշ ավագին
04.12.2018 | 17:29

Ջորջ Բուշ ավագին կհուղարկավորեն Տեխասում, դեկտեմբերի 6-ին: Մինչ այդ նախկին նախագահին հրաժեշտ կտան Վաշինգտոնում, դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում հայտարարված է ազգային սուգի օր: Երկուշաբթի օրվանից Ջորջ Բուշ ավագին բոլոր ցանկացողները կարող են հրաժեշտ տալ Վաշինգտոնում Կապիտոլիումի բլրի վրա: Նրա մարմինը արդեն նախագահական ինքնաթիռով տեղափոխել են Տեխասից: Նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 2-ին վերադարձավ Արգենտինայից, որտեղ մասնակցում էր G-20 սամիթին` չմասնակցելով ամփոփիչ մամլո ասուլիսին` ի հարգանս Բուշ ավագի հիշատակի: Դեկտեմբերի 5-ին Վաշինգտոնի կաֆեդրալ տաճարում, որի կառուցումն ավարտվել է Բուշ ավագի նախագահության օրոք, կսկսվի հրաժեշտի արարողությունը, որից հետո նրա մարմինը կտեղափոխվի Սուրբ Մարտինի եկեղեցի Հյուստոնում, որտեղ ապրում էր ու վախճանվել է նախկին նախագահը: Դեկտեմբերի 6-ին նրան կհուղարկավորեն Տեխասի համալսարանի Քոլեջ-ստեյշն քաղաքի A&M գերեզմանատանը` կնոջ Բարբարայի, որ վախճանվեց 2018-ի ապրիլին, և դստեր` Ռոբինի, որ 1953-ին մահացել է լեյկիմիայից, կողքին: Տեխասի համալսարանի տարածքում է Ջորջ Բուշի անվան նախագահական գրադարանը:
Ջորջ Բուշ ավագը վախճանվել է դեկտեմբերի 30-ին: New York Times-ը գրում է, որ վերջին օրերին 94-ամյա Բուշն իրեն վատ էր զգում, դադարել էր սնվել ու հիմնականում քնում էր: Մահվան պահին նրա կողքին են եղել հարազատներն ու նախկին պետքարտուղար, վաղեմի ընկեր Ջեյմս Բեքերը:
- Ի՞նչ կլինի մեզ հետ,- հարցրել է Բուշը:
- Մենք կհայտնվենք դրախտում, - պատասխանել է Բեյքերը:
- Այնտեղ էլ ուզում եմ լինել, - արձագանքել է Բուշը:
Ուրբաթ երեկոյան նրան զանգահարել է որդին. «Պապա, ես սիրում եմ քեզ ու քեզ կհանդիպեմ այն կողմում»` ասել է Բուշ կրտսերը: Հայրը պատասխանել է. « Ես սիրում եմ քեզ»: Ջեյմս Բեյքերը հաստատում է, որ դա նրա վերջին բառերն էին: Մահից առաջ Բուշի բոլոր զավակները զանգահարել ու հրաժեշտ են տվել հորը: Նրա վերջին օրերը խաղաղ ու բարի էին` հավաստում է Բեյքերը:


Ջորգ Բուշ ավագը նախագահել է միայն 4 տարի, բայց հասցրել է քաղաքական կարևոր ժառանգություն թողնել ու պատմության մեջ է մտել իբրև նախագահ, ում պաշտոնավարման ժամանակը համընկավ մարդկության շրջադարձային պահերին, ներառյալ ԽՍՀՄ-ի փլուզումն ու սառը պատերազմի ավարտը: Բուշերի ընտանիքը ցավակցագրեր է ստանում ամբողջ աշխարհից: «Ինձ բախտ է վիճակվել մի քանի անգամ հանդիպել քո հայրիկին: Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում` ինչպես նա կազմակերպեց մեր հանդիպումը Քենեբանկպորտի իր սքանչելի առանձնատանը: Ջորջ Բուշ ավագի լուսավոր հիշատակը ընդմիշտ կմնա իմ ու իմ հայրենակիցների սրտում»` Ջորջ Բուշ կրտսերին է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նա ազնիվ, բարեսիրտ ու արժանավորագույն մարդ էր, որ հավատում էր ԱՄՆ-ին, մեր Սահմանադրությանը, մեր կառույցներին, մեր ընդհանուր ապագային: Նա հավատում էր, որ պետք է պաշտպանի ու ուժեղացնի մեր երկիրը և հաղթանակների, և պարտությունների մեջ: Նրա հետ բարեկամությունը իմ կյանքի մեծագույն նվերներից մեկն է»` ասել է Բիլ Քլինթոնը, որ հաղթեց Բուշ ավագին 1992-ի նախագահական ընտրություններում: «Ջորջ Հերբերտ Ուոլկեր Բուշի մահով Ամերիկան կորցրեց հայրենասերի ու համեստ ծառայի: Մեր հոգին հիմա լի է ծանրությամբ, բայց մեր սրտերը լցված են երախտագիտությամբ: Եվ նույնիսկ ոչ այն 4 տարիների համար, որ նա ապրեց իբրև ԱՄՆ-ի 41-րդ նախագահ, այլ 70 տարիների համար, որ նվիրեց երկրին ծառայելուն, երկրին, որ սիրում էր, փառաբանված օդաչուից, որ քիչ էր մնում երկրորդ աշխարհամարտում զոհվել, մինչև մեր զինված ուժերի գլխավոր հրամանատար, ՄԱԿ-ի դեսպան ու ԿՀՎ-ի տնօրեն, ԱՄՆ դեսպան Չինաստանում ու ԱՄՆ փոխնախագահ»` ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
BBC


Հ.Գ. Գուցե իսկապես Ջորջ Բուշ ավագը հայտնվի դրախտում` չէ՞ որ նրա վերջին խոսքերը եղել են սիրո մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao