USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Որպես մարդասիրական ժեստ՝ Արցախը պատրաստակամ է օրենքի շրջանակներում դիտարկել ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը

Որպես մարդասիրական ժեստ՝ Արցախը պատրաստակամ է օրենքի շրջանակներում դիտարկել ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը
05.12.2018 | 14:14

Որպես մարդասիրական ժեստ` Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, որ Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ` ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանն՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող առաջարկներին` փոխանակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին Արցախում պատիժ կրող Ադրբեջանի քաղաքացիների հետ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ «Պատասախան՝ Առաջին հերթին, անհրաժեշտ է պարզաբանում մտցնել կողմերի մոտ գտնվող անձանց կարգավիճակի հարցում։ Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժն են կրում Ադրբեջանի 3 քաղաքացիներ, նրանցից երկուսը՝ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը՝ ծանր և առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ իրականացնելու համար, այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն։ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ոչ պատանդներ և ոչ էլ ռազմագերիներ։


Միևնույն ժամանակ, ըստ մեր տվյալների, Ադրբեջանում պահվում են 3 հայ պատանդներ, որ ադրբեջանական կողմից գերեվարվել են վերջին տարիներին։ Նրանք Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն գործել։ Ավելին, նրանցից երկուսն ունեն առողջական որոշակի խնդիրներ։ Բոլոր երեքն էլ պատանդներ են, և Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում է։


Ադրբեջանական կողմի շարժառիթներն ակնհայտ են. Բաքուն փորձում է հավասարության նշան դնել Արցախում դատարանի դատավճռով իրենց պատիժը կրող հանցագործների և Ադրբեջանում պահվող գերիների միջև, որպեսզի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ առաջարկը ներկայացվի որպես մարդասիրական քայլ։ Մինչդեռ, իրական մարդասիրական քայլ կլիներ հայ պատանդներին ազատ արձակելը, ինչը պահանջվում է, այդ թվում նաև, վերոնշյալ Կոնվենցիայով։ Բաքուն չի գնացել այդ քայլին, հետևաբար, այս հարցում չի կարող խոսել մարդասիրության մասին։


Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն վարել ու չեն վարում բանակացություններ՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ։ Ավելին, նրանց ազատ արձակելու կոչերն ակնհայտորեն խրախուսում են անպատժելիությունը և ամենաթողությունը, ինչպես դա եղել է մարդասպան Սաֆարովի պարագայում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է շահարկել մարդասիրական հարցերը՝ ի շահ սեփական քաղաքական նպատակների։ Որպես մարդասիրական ժեստ` Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ։ Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն՝ առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ, ի ցույց կդնեին մարդասիրական քայլեր իրականացնելու այդ երկրի պատրաստակամությունը, ինչպես նաև Բաքվից հնչող հայտարարությունների լրջությունը», - ասել է Արտակ Ներսիսյանը:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao