Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայաստանում ԱՄՆ քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը

Հայաստանում ԱՄՆ քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը
05.12.2018 | 14:30

Հայաստանում ԱՄՆ քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, ում նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու:


«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարևանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին»` հայտարարել է Թրեյսին:
ԱՄՆ դեսպաններին առաջադրվում է նախագահը, հաստատում Սենատը: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Եղել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպան, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով: Սենատում ավանդույթի համաձայն Թրեյսիին աջակցում էին ընտանիքի անդամները. մայրը՝ Քերոլ Սյու Թրեյսին և քույրը՝ Նիդա Ջեբսքին: Իր ելույթում դիվանագետն ընդգծեց, որ շատերի նման ոգևորված էր Հայաստանի թավշե հեղափոխությամբ, ավելացնելով, որ Հայաստանին առջևում դեռ մեծ աշխատանք է սպասում՝ անցած վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար: «Իսկ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ազատության ձգտմանը»:


Սենատոր Էդ Մարքին հետաքրքրվեց, թե հաշվի առնելով թավշե հեղափոխության արդյունքները` Պետքարտուղարությունը նախատեսու՞մ է ավելացնել Հայաստանին տրվող օգնության չափը. «Ամերիկայում հայերը հավանաբար ամենից հաջողակ էթնիկ խումբն են, և մեզ անհրաժեշտ է օգնել հայերին նույնչափ հաջողակ լինել սեփական երկրում և վայելել Աստծո կողմից տրված իրենց տաղանդները նաև սեփական երկրում»: Լին Թրեյսիի խոսքով, ԱՄՆ-ը կենտրոնացնելու է ջանքերը երեք ուղղություններով, որոնք օգնում են պահպանել ժողովրդավար հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռություն ու հաշվետվությունը. «Կոռուպցիայի դեմ պայքար, որը նոր կառավարությունը նույնպես առաջնահերթություն է որակել, և մենք փորձում ենք աջակցել նրանց այս ուղղությամբ: Քաղաքացիական հասարակության ամրապնդում. այդ ձևավորված հասարակությունը կարևոր դեր խաղաց անցած իրադարձություններում: Եվ՝ անկախ լրատվամիջոցների աջակցություն»:


Սենատոր Բոբ Մենենդեզը լսումների ընթացքում բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, մի հարց, որն ըստ սենատորի պետք է պատմական լուծում ստանա: Լին Թրեյսին նշեց. «1915ի սարսափելի իրադարձությունները 20-րդ դարի վատագույն դաժանություններից մեկն էին, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ և կես միլիոն հայ արտաքսվել, սպանվել կամ մահվան էր ուղարկվել: Ինչպես այս տարի Հայերի հիշատակի օրն ընդգծել էր նախագահ Թրամփը, նման դաժանությունները չպետք է կրկնվեն»:
Դեսպանի թեկնածուն նշեց, որ հաստատման դեպքում խոստանում է իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ «ճանաչելու և հարգելու կորուստները և տառապանքները» և մասնակցելու է զոհերի հիշատակի միջոցառումներին: Սենատոր Մենենդեզի կարծիքով Վաշինգտոնի մոտեցումը պետք է փոխվի. «Մենք ունենք պատմական իրականություն. մեկ և կես միլիոն մարդ սպանվել է, դա ցեղասպանություն է: Եվ ահա մենք ուղարկում ենք դեսպանին այդ երկիր, նա այցելում է Հայ ժողովրդի հոլոքոստի հուշարձանը, բայց նա չի կարող այն ցեղասպանություն անվանել: Բավականին զավեշտալի է: Եթե մենք ի վիճակի չենք ճանաչել անցյալը, մենք չենք կարող ազատվել դրանից: Մեզ անհրաժեշտ է փոխել այս իրավիճակը: Կարծես թե՝ մենք չենք կարող այդ բառը մեր շրթունքներով արտասանենք. Հայոց ցեղասպանություն: Ահա թե ինչ է տեղի ունեցել»:


Սենատորներն իրենց վերջնական կարծիքը կարտահայտեն քվեարկությամբ ավելի ուշ, երբ գրավոր պատասխան ստանան նաև իրենց կողմից թեկնածուներին ուղղված գրավոր հարցերին:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ