USD484.87
EUR547.37
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված համերգ

Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված համերգ
06.12.2018 | 17:18

Համերգ՝ նվիրված Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, կկազմակերպվի «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Կանայք երաժշտության մեջ» միջազգային ասոցիացիայի անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգ: Համերգային երեկոյին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Միջոցառումը Նարինե Զարիֆյանի առաջին հեղինակային երեկոն չէ, քանի որ կոմպոզիտորն ունեցել է բազում հեղինակային համերգներ: Սակայն այն աննախադեպ է իր մասշտաբներով:

«Ես բազմաժանր կոմպոզիտոր եմ, գրում եմ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, էստրադային, ջազ և այլ ստեղծագործություններ: Բայց այս համերգին ներկայացվելու է իմ ստեղծագործական գործունեության միայն մեկ՝ սիմֆո-փոփ ուղղությունը: Այսինքն՝ հնչելու են ավելի հանրամատչելի գործեր, բայց հիմքում դասական, ակադեմիական երաժշտությունն է: Ընտրել եմ ստեղծագործություններ, որոնք սիրված են և արդեն կատարվել են: Կներկայացվեն նաև գործեր, որոնք հնչելու են առաջին անգամ»,-նշում է Նարինե Զարիֆյանը: Համերգային երեկոյին հանդես կգա նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Ելույթ կունենան Սոնա Շահգելդյանը (վոկալ), Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ), Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Գոհար Հակոբյանը (սոպրանո), Սիրանուշ Գասպարյանը (սոպրանո), Ռուբեն Հախվերդյանը (վոկալ), Հակոբ Խալաթյանը (քամանչա), Նունե Դանիելյանը (քանոն), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Կարեն Գևորգյանը (դհոլ), Կարմեն Թոսունյանը (ջութակ), Արամ Ասատրյանը (ջութակ), Արթուր Եղիազարյանը (սաքսոֆոն): Կոմպոզիտորը փաստում է՝ բացառիկ համերգ է լինելու, քանի որ շատ պրոֆեսիոնալ ուժեր են ներգրավված: «Շատ եմ գնահատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ աշխատանքը: Նրանց հետ համագործակցում ենք արդեն 20 տարի, շատ նախագծեր ենք միասին արել: Մաեստրո Թոփչյանը փայլուն դիրիժոր է, յուրահատուկ ձևով է մեկնաբանում իմ ստեղծագործությունները»,-նշում է Նարինե Զարիֆյանը: Նշենք, որ Նարինե Զարիֆյանն այն եզակի կոմպոզիտորներից է, ով հեղինակել է ստեղծագործություններ գրեթե բոլոր երաժշտական գործիքների համար: Կոմպոզիտորի երաժշտությունը պահանջված է և անընդհատ հնչում է տարբեր անհատ կատարողների ու կոլեկտիվների կատարմամբ: Այս առումով Զարիֆյանն իրեն երջանիկ է համարում, քանի որ իր ստեղծագործությունները մշտապես ներկայացվում են Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao