Ջեյմի Դեվիս
 

«ՊԵԿ-ը փորձում է բացահայտել ստվերային եկամուտները և տեղափոխել դրանք հարկման դաշտ»

«ՊԵԿ-ը փորձում է բացահայտել ստվերային եկամուտները և տեղափոխել դրանք հարկման դաշտ»
07.12.2018 | 01:54

ՈՒղիղ 45 րոպե ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ այս շաբաթ լրագրողներին ներկայացրեց հարկային օրենսգրքի նոր նախագիծը մանրամասնորեն, նոր միայն անցավ հարց ու պատասխանին։ Սա երևի թե պատահական չէր, քանի որ հարկային նոր օրենսգիրքը տնտեսության աշխուժացման շարժիչ ուժերից մեկն է, և շատ կարևոր է, որ այն շահագրգռի ոչ միայն արտերկրյա, այլև տեղի ներդրողներին։ Եվ բնական է, որ այս փաստաթղթի շուրջ կրքերը շիկացան։ Ի՞նչ վերափոխումների այն կենթարկվի և ինչպե՞ս կընդունվի օրենսդրի կողմից, պարզ կլինի արդեն նորընտիր Ազգային ժողովի քննարկումներից հետո։ Իսկ մինչ այդ Արման Պողոսյանի հետ զրուցեցինք մի քանի հարցերի շուրջ։

-Եկեք ոչ մասնագիտական լեզվով խոսենք, որպեսզի ընթերցողների լայն շրջանակի համար հասկանալի լինի՝ նոր օրենսգիրքը թեթևացնելու՞ է մարդկանց հարկային բեռը։
-Նայած որ ուղղությամբ. եկամտահարկի մասով նախատեսվում է հարկային բեռի նվազեցում։ Իջեցվում է նաև շահութահարկի դրույքաչափը, գործող 20 %-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 10 %։ Ի դեպ, շահութահարկի դրույքաչափի այս նվազեցումը վերաբերում է բոլոր ոլորտներին։ Սրան զուգահեռ նախատեսվում է ակցիզային հարկի բարձրացում գարեջրի, ծխախոտի, բարձր շաքարայնություն պարունակող ըմպելիքների համար։ Նախատեսվում է բարձրացնել նաև բնապահպանական հարկը 5 տարուց ավելի տարիք և հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաների համար։
-Ըստ Ձեզ` օրինագծի ո՞ր կետն է, որ կարող է խնդրահարույց լինել և առաջացնել ժողովրդի դժգոհությունը։
-Չեմ կարծում, որ այս նախագիծը առանձնապես խնդրահարույց կողմեր ունի։ Բնականաբար եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցումը, որպես բարելավվող նորմեր խրախուսվում են, սակայն միևնույն ժամանակ ենթադրվում է հարկային եկամուտների կորուստ։ Եկամտահարկի դրույքաչափի նվազեցման արդյունքում այն կկազմի 27,5 մլրդ դրամ, շահութահարկի դեպքում` 11 մլրդ դրամ։ Հիմա այդ կորուստները պետք է ինչ-որ ձևով փոխհատուցվեն, ինչի համար կիրառվում են տարբեր գործիքներ։ Դրանցից մեկն այն է, որ պետությունը կարող է վարկային միջոցներով փակել այդ կորուստները, բայց մենք ճիշտ չենք համարում վերցնել նոր վարկեր։ Կորուստները փակելու երկրորդ տարբերակը այլ հարկերի դրույքաչափերի բարձրացումն է։ Դրա համար նախատեսվում է ակցիզային հարկը, պետական տուրքի դրույքաչափերը, վերը նշված բնապահպանական հարկերը, գույքահարկը բարձրացնել։
-Փաստորեն նշված հարկերը բարձրացվում են եկամտային կորուստները փակելու համար, արդյո՞ք հնարավոր չէր այդ կորուստները ծածկել ստվերից ներգրավվող գումարներով։
-Մեկը մյուսին չի խանգարում, ավելին, իրար լրացնում են։ ՊԵԿ-ը իր հսկողական գործառույթների շրջանակում փորձում է բացահայտել ստվերային եկամուտները և տեղափոխել դրանք հարկման դաշտ։ Սակայն հույս դնել միայն ստվերային եկամուտները հարկման դաշտ բերելու վրա, ճիշտ չէ, քանի որ հնարավոր է, որ դա այդ ինտենսիվությամբ չստացվի։ Եթե ստացվի, շատ լավ՝ կունենանք լրացուցիչ եկամուտներ, հետևաբար լրացուցիչ ծախսեր կկատարենք։ Բոլոր դեպքերում, մենք պետք է մեր հարկաբյուջետային կայունությունը ռիսկի տակ չդնենք և հստակ նշենք լրացուցիչ եկամուտների ուղղվածությունը, որոնք կարող են ծածկել ռիսկերը։
-Ասացիք, որ «Հարկային նոր օրենսգրքի» հիմքում դրված է պոտենցիալ ներդրողների ներգրավելու, ներդրումային բարենպաստ դաշտ ստեղծելու քաղաքականությունը։ Կա՞ հաշվարկ, թե որքան ներդրում կամ քանի ներդրող այս օրինագծի ընդունումից հետո կգա Հայաստան։
-Ներդրողների հետ քննարկել ենք այս օրինագիծը, և նրանց այն դուր է եկել, հատկապես եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցումը։ Բնականաբար, դժգոհելու պատճառ չունեն՝ սա մեկ։ Երկրորդ՝ չեմ կարող ասել, թե որքան կավելանան ներդրումները կամ քանի ներդրող կգա Հայաստան, քանի որ ներդրումների վրա ազդում են 20-ից ավելի գործոններ, և սա դրանցից միայն մեկն է։
-Լավ, այդ դեպքում որքա՞ն ներդրում է եղել այս տարվա մայիսից մինչ այժմ։
-Այս պահին չեմ կարող թիվը մտաբերել, սակայն վերջին շրջանում ակտիվություն է նկատվում։ Այսինքն, բարելավվում է տնտեսական ակտիվությունը, և ավելանում են կապիտալի կուտակման ցուցանիշները։
-Պարոն Պողոսյան, Ձեր ասուլիսում ասացիք, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը 205 հազար դրամ է։ Դուք այդքան միջին աշխատավարձ տեսե՞լ եք Հայաստանում։ Այսօր փաստացի միջին աշխատավարձը 90 հազար դրամ է, իսկ 100-150 հազար դրամ ստացողին 90 հազար դրամ ստացողը «նախանձում է»։
-Հարգելիս, ես հիմնվում եմ ազգային վիճակագրական ծառայության տվյալների վրա։
-Այո, բայց առաջին դեպքը չէ, որ ԱՎԾ-ի տվյալները որևէ կապ չեն ունենում իրականության հետ, արդեն 10 տարուց ավելի է, ինչ պետական այդ կառույցը «նկարչությամբ» է զբաղված բոլոր ոլորտներում։ Այս ծառայության հաշվարկները միշտ էլ կասկածի տակ են դրել բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները և քաղաքական գործիչները։
-Մեր երկրում վիճակագրության վարման համար գործում է պատասխանատու մարմին, և այդ ծառայության տվյալների համաձայն, 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին աշխատավարձը կազմել է 205 հազար դրամ։
-Ձեր նախարարությունում քանի՞ մարդ է ստանում Ձեր ասած 205 հազար դրամ աշխատավարձը։
-Չեմ կարող այդ թիվը ասել, քանի որ չեմ տիրապետում դրան։ Սակայն կարող եմ ասել, որ մեր նախարարությունում կան տասնյակ մարդիկ, որ ստանում են 400 հազար դրամից ավելի աշխատավարձ։
-Այո, բայց նույն նախարարությունում ոչ թե տասնյակ, այլ մի քանի տասնյակից ավելի մարդիկ ստանում են 90 հազար դրամ աշխատավարձ։ Թե՞ կասեք այդպիսի բան չկա։
-Իհարկե կա, սակայն չեմ հասկանում, թե ինչն եք վիճարկում։
-ՈՒզում եմ հասկանալ` միջին աշխատավարձի մասով ԱՎԾ-ի «նկարչության» արդյունքում հետագայում խնդիրներ չե՞ն առաջանա։ Ի վերջո, ժողովուրդը ստանում է այնքան, ինչքան ստանում է։
-Հարգելիս, ազգային վիճակագրական ծառայության տվյալներից բացի, մենք ևս մեր վերլուծություններում արդեն օգտագործում ենք 610 հազար աշխատողների հաշվարկով, հարկ վճարողների կողմից լրացված հարկային հաշվարկներում ներկայացված թվերը, որոնք տրամադրվում են ՊԵԿ-ին։
-Լավ, վերադառնանք մեր զրույցի թեմային։ Ասացիք, որ հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ դիտարկվել է շքեղության հարկով հարկել թանկարժեք մեքենաները, սակայն չեք գնացել այդ քայլին։ Մյուս կողմից նախատեսված է բարձրացնել 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների բնապահպանական վճարի չափը։ Ինչու՞ է որոշվել թանկարժեք մեքենաների վրա չկիրառել շքեղության հարկ։
-Նպատակահարմար չգտանք, քանի որ այդ մեքենաների թվաքանակը շատ չէ, և դրանից ակնկալվող եկամուտները մեծ չեն լինի։ Բայց և պետք է նկատել, որ բարձրացվում է ոչ միայն 5 տարուց բարձր տարիք ունեցող, այլև հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաների բնապահպանական հարկի չափը։ Եվ ես չեմ կարծում, որ մեր միջին կամ դրանից մի փոքր ցածր սոցիալական խավը վարում է 300 ձիաուժից բարձր հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենա։
-5 տարուց բարձր ավտոմեքենաների բնապահպանական հարկի բարձրացումից հետո որքա՞ն եկամուտ եք ակնկալում ունենալ։
-Մոտ 200-250 մլն դրամ։
-Իսկ հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաների՞ց։
-Դա չենք գնահատել։
-Պարոն Պողոսյան, ի դեպ, ուրախ եմ, որ վերջապես նախատեսվում է խաղային բիզնեսը հարկել շահութահարկով։ Հաշվարկվա՞ծ է, թե որքան եկամուտ կհավաքագրվի խաղային բիզնեսը այդ հարկով հարկելու դեպքում։
-Այս պահին դեռևս ոչ, քանի որ մոդելը վերջնականացված չէ։ Խաղային ոլորտում կան մի քանի՝ տոտալիզատորների, շահումով խաղերի, շահումով ինտերնետային խաղերի, վիճակախաղերի ուղղություններ։ Պետք է հասկանալ, թե դրանցից որոնք են տեղափոխվելու շահութահարկի դաշտ։ Պետք է հասկանալ նաև, թե այդ ոլորտում ձևավորված հարկման բազան իրականում ինչքան է։ Պաշտոնական տվյալների մեջ կարող են լինել կրկնահաշվարկներ՝ դրամական հոսքերի կրկնություններ։ Այն, որ այս ոլորտում կա եկամուտների ներգրավման մեծ ներուժ, ակնհայտ է, և մեր նպատակն է այդ միջոցները բերել պետբյուջե։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan