Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

Մի ազդեք մեր նյարդային համակարգի վրա

Մի ազդեք մեր նյարդային համակարգի վրա
07.12.2018 | 02:00

Տասնյակ տարիներ թե՛ Ազգային ժողովում, թե՛ այլ հարթակներում, բարձրաձայնվել է քաղաքական դաշտը մաքուր պահելու խնդիրը: Այդ մաքրության թիվ մեկ պայմանը, թերևս, լեզուն է. քաղաքական գործիչը պետք է կարողանա տիրապետել իր լեզվին ու չխախտել էթիկայի սահմանները: Ցավոք, մինչ օրս մեր քաղաքական դաշտը չի կարողացել լուծել այդ խնդիրն ու որդեգրել, այսպես ասած, մաքուր քաղաքականություն: Ժամանակին այդ մաքրության ջատագովներից է եղել, համենայն դեպս այդպես է ներկայացել, Նիկոլ Փաշինյանը, որն անվերջ դասեր էր տալիս նախկին իշխանության որոշ անդամների, ընդ որում, իրավացիորեն:


Այսօր մասն ենք կազմում քաղաքական մի շրջափուլի, որտեղ քաղաքական դաստիարակության կարիք ունի ինքը՝ Փաշինյանը: Հետաքրքիր է` նրա խորհրդականներից կամ մտերիմներից որևէ մեկը երբևէ պահանջ-ցանկություն չի՞ ունեցել հիշեցնելու, որ նա այլևս ընդդիմադիր չէ, վարչապետ է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: Կարծում եմ՝ տեղին կլիներ, եթե հիշեցնեին նաև, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն գրական արևելահայերենն է, իսկ նախընտրական քարոզարշավը՝ պաշտոնական գործընթաց, այսինքն՝ քարոզարշավը պետք է լսարանին մատուցվի լեզվի մասին օրենքի պահանջներին համահունչ: Բայց արի ու տես, նախաճաշից մինչև հետընթրիքյան թեյախմություն օրենքի մասին բղավող, այո, բղավող Նիկոլ Փաշինյանը խախտում է լեզվի մասին օրենքը: Ներեցեք, խախտելը մեղմ է ասված՝ ոտնահարում է օրենքը, ավելին, ոտքերը սրբում է վրան: Ասենք, մեր ո՞ր լուրջ քաղաքական գործիչն է պաշտոնական ելույթի ժամանակ գործածել «քացու տակ քցել», «բոմժ», «սամասուդ», «արա», «կոզր» ու նմանատիպ բառեր: Թվում է՝ սա ոչ թե վարչապետի, այլ գռեհկաբանական բառարանի հեղինակի գործածած բառապաշար է: Կամ մեր ո՞ր քաղաքական գործիչն է բազմոցին կիսապառկած ուղիղ եթեր մտել ու փողոցային լեքսիկոնով խոսել՝ ի տես համայն հայության: Լավ, դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն նայու՞մ է, մեկ ժամ հետո ինքն իրեն դու՞ր է գալիս, չի՞ ամաչում, որ բերանը ծռելով է խոսում Հայաստանի հպարտ քաղաքացիների հետ, սպիտակ, ճերմակ ու թավշյա քաղաքացիների հետ: Ներեցեք, բայց դա վարչապետի և, ընդհանրապես, քաղաքական գործչի պահվածք չէ: Չի՛ կարելի։ Անընդունելի է: Նույնիսկ մեր երկրորդ և երրորդ նախագահները, որոնք երբեք չեն փայլել իրենց մաքուր հայերենով, նման պահվածք թույլ չեն տվել իրենց։


Դուք խոսում եք ՀՀ ղեկավարի ամբիոնից, պարո՛ն Փաշինյան, իսկ դա 2008-ի ընդդիմախոսի ամբիոն չէ։ Մի ազդեք մեր նյարդային համակարգի վրա` կասեր Օստապ Բենդերը, լքեք ընդդիմադիրի ամբիոնն ու զբաղվեք, վերջապես, այն գործով, ինչի համար հրապարակը Ձեզ վարչապետ է կարգել։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan