Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)
07.12.2018 | 02:13

(Նախորդ մասը)

Խցերի պատուհաններն ի վեր, ինչպես նաև բոլոր ուղղություններով որոտացին հրացաններ, ատրճանակներ:
Մեզ թվաց, թե կոտորում են բոլոր բանտարկյալներին: Դիակներ էին դուրս տանում, տեղավորում բեռնատարների վրա, որոնք հեռանում էին մեծ աղմուկով: Գալիս էին նոր բեռնատարներ: Լսվում էին միջազգային քայլերգի վերջին բառերը. «Դա կլինի մեր վերջին և վճռական պայքարը», հետո՝ «Մեր հայրենիքը», շաղախված օգնության կանչերի հետ:
Մեկը վազեց հիվանդանոցի ուղղությամբ: Բանտարկյա՞լ էր, փախուստ փորձո՞ղ, թե՞ զինվոր, որ չուզեց կրակել հարազատների վրա: Կրակեցին հետևից: Ընկավ: Երկու հոգի մոտեցան, վերցրին, տարան: Կրկին մեքենաների ժխոր, կրկին «օգնությու՜ն»: Եվ այդ սահմռկեցուցիչ օգնության կանչը չէր կարող փակված մնալ բանտի պարիսպների ներսում, այն տարածվում էր շրջակայքով, հասնում, ցնցում Երևանի բլուրները, արձագանքը տարածվում-հասնում էր ամեն տան, դիպչում բոլոր սրտերին: «Օգնությու՜ն, սպանում են անմեղներիս, օգնությու՜ն»…
Մեր «քրեականն» իջել էր իր անկողնից, մեջքով հենվել դռանը և ինքն իրեն կորցրած՝ բղավում էր.
-Չեմ թողնի ձեզնից որևէ մեկին տանեն, չեմ թողնի, չե՛մ թողնի:


Սաթոն, որ մինչ այդ սառնասիրտ էր, մինչև իսկ քնած էր ձևանում, հանկարծ ցատկեց տեղից, բռնելով «քրեականի» ուսերից՝ ցնցեց նրան և ասաց.
-Գնա՛ տեղդ, մենք քո օգնության կարիքը չունենք: Սպանում են մեր եղբայրներին, թո՛ղ սպանեն նաև մեզ, մեր արյունը նրանցինից կարմիր չէ: Թող գան տանեն, թող սպանեն:
«Քրեականը» տեղի չտվեց, դեմքը դռան կողմը ամբողջ հասակով պառկեց հատակին՝ ասելով.
-Դիակիս վրայով թող անցնեն ձեզ տանելու համար, չեմ թողնի:
Այս անգամ Սաթոն ինքը գնաց դռան մոտ, կարծես պատրաստ, որ առաջին հարվածն իր գլխին իջնի:
Զարմանալի կերպով զուսպ մնացին մյուս կանայք: Ոչ մի իրարանցում, ոչ մի օգնության կանչ: Կամ քաջություն էր դա, կամ սարսափից քարացում:
Մեզ մոտեցող չեղավ: Լռեց հրաձգությունը, լռեցին օգնության կանչերը, լռեց փողոցից հեռացած բեռնատարների աղմուկը: Տիրեց արտասովոր մի լռություն, ասես օդն էլ չէր շարժվում: Ձյան սառած փաթիլներն անշարժացել էին օդում:
Ինձ թվում էր, թե այդպիսի լռություն պիտի տիրած լիներ Ավ. Ահարոնյանի նկարագրած մեծ կոտորածից հետո, երբ միակ ողջ մնացած կույր աշուղը գերեզմանոցում մի շիրմաքարի վրա նստած հյուսել էր իր ողբը. «Այսքա՜ն արյուն, այսքա՜ն արցունք, թե ձեզ ներեն մեր որդիք, թո՛ղ ողջ աշխարհ հային կարդա նախատինք»:

Եկավ առավոտը: Անցան ժամեր: Դուռը փակ մնաց մեզ վրա: Ոչ մի անցուդարձ բակերում, քարացած աշխարհ: Վերջապես դուռը բացվեց ու ներս մտավ բանտապետը՝ հետը բերելով մի տրցակ փայտ վառարանի համար:
Երիտասարդ, գեղեցկադեմ բանտապետի դեմքն այլակերպված էր, աչքերն արնակալած էին, դեմքի մկանները՝ ձգված, գույնը՝ դեղնականաչ, ուսերը՝ կքած, քայլերը՝ երեր: Նման դեմք երբևէ չէի տեսել: Ոճրագործի՞ դեմք էր դա, թե՞ խղճից տառապողի, չգիտեմ:
-Անհանգիստ էիք, երևի,-ասաց,-ներեցեք, դուռը կողպեցի ձեր իսկ ապահովության համար:
Մեր կողմից՝ ոչ մի խոսք:
-Բան չկա,-շարունակեց,- մի քանի անհնազանդների կարգի հրավիրելու համար… Շատ աղմուկ հանուն ոչնչի… Շուտով ձեզ ուտելիք կտրվի:
Այդ խոսքերը հնչում էին լռության մեջ:
Գնաց, դուռը բաց թողնելով: Իսկապես, քիչ անց մեզ բաժանվեց սև ալյուրախյուսի տաք ապուր:
Որոշ ժամանակ անց զբոսանքի համար բակ հանեցին մի խումբ բանտարկյալների, որոնց առաջնորդեցին դեպի հիվանդանոցի շենք: Այդ խմբում էին վարչապետ Համո Օհանջանյանը, արդարադատության նախարար Ա. Չիլինգարյանը (Ռուբեն Դարբինյան, ներկայումս գտնվում է Բոստոնում), բժիշկ Հովսեփ Տեր-Դավթյանը, Խորհրդարանի անդամ Գևորգ Վարշամյանը, Վարոս Բաբայանը և մի քանի ուրիշներ: Երևի նրանց դուրս էին բերել, որպեսզի պատուհաններից տեսնեին, որ ողջ են:


Մեր ուրախությունն անսահման էր նրանց ողջ տեսնելով:
Մեր պատուհանի մոտ կային երկու դիակներ: Հ. Օհանջանյանը մոտեցավ, բարձրացրեց նրանցից մեկին ու նայեց մեր պատուհանների կողմը: Մենք շարժումներով հասկացրինք, թե մեզ բան չի պատահել:
Միմյանց հետ չէին խոսում, գունատ էին, և սակայն նրանց կեցվածքում հպարտ, անընկճելի ինչ-որ բան կար: Ինձ թվաց, թե նրանք մարմնեղեն մարդիկ չէին, ոգիներ էին, որ կային, որ միշտ պիտի լինեին Հայաստանում, որքան լիներ Հայաստանը:
Խելառ մի զգացում պայթեցնելու չափ ուռցրեց կուրծքս: Հպարտ էի, որ նրանց ժամանակակիցն էի, որ ճանաչում էի շատերին, որ նրանց հետ շնչել էի նույն օդը, որ այժմ բանտարկված էի նրանց հետ: Մեծանում էի, մեծանում նրանց շնորհիվ, որ այսուհետև ուր էլ լինեմ այս աշխարհում՝ գետնի վրա, թե գետնի տակ մեռած, մի ինչ-որ բան էի հայրենիքիս համար, հայ ժողովրդի մի մասնիկը, մի հյուլե, որ երջանկություն ունեցավ ապրելու նրանց ջանքերով ձեռք բերված Ազատ Հայաստանում:


Զբոսանքը վերջացավ: Երբ ներս մտանք, «քրեականը» չկար, անշուշտ գնացել էր գրասենյակ: Վերադարձավ: Հուզված էր, լաց էր եղել: Ի՞նչ «ապուր» էր եփում այդ կինը գրասենյակում, չէինք հասկանում: Նրա ներկայությունն ավելի քան անտանելի էր դառնում:
Ժամեր անցան: Նախորդ օրվա պես բանտում ներս ու դուրս անելն անպակաս էր: Գրասենյակից սնդուկներ, թղթերի կապոցներ էին հանում ու կառքերով փոխադրում:
Տեսանք ինչ-որ մարդկանց, բանտարկյալներ էին, թե դրսից եկած մարդիկ՝ չհասկացանք: Կարծես արհեստավորներ էին, ինչ-որ աշխատանք կատարելու համար ունեին կացիններ, բահ, բրիչ և գնում էին բանտի փուռ-խոհանոցի ուղղությամբ:
Մթնեց, դրսում բան չէր երևում:


Քիչ հետո բանտապետը մտավ հիվանդանոցի շենք, բացեց մեր դուռը, բայց ներս չմտավ: Խոսք չասաց, կարծես ստուգեց՝ բոլորս տեղու՞մ էինք և դուռը կողպելով՝ գնաց: «Ձեր ապահովության համար», հիշեցի բանտապետի բառերը: ՈՒրեմն, այս գիշեր էլ էին սարսափելի բաներ տեղի ունենալու, և ՛՛բարեսիրտ՛՛ բանտապետն ուզում էր «ապահովել» բանտարկված հայուհիներիս կյանքը:
Ճշմարտություն է, որ բանտապետը ոչ մի անարգական խոսք չասաց մեր հասցեին, ոչ մի խիստ վերաբերմունք չունեցավ մեր հանդեպ:
Անցած գիշերվա սարսափից հոգնաբեկ՝ քաշվեցինք մեր անկյունները: Անհնար էր քնել, սպասում էինք ահավոր մի բանի:
Ինչ-որ տեղ գետինն էին փորում՝ թրա՛խք, թրա՛խք… Կարծես սրտիս էին իջնում հարվածները, կարծես սիրտս էին փորում:
Քնած էի, թե անգիտակից վիճակում՝ չգիտեմ, բայց մեկ էլ զգաստացա, նստեցի տեղումս և արթնացրի կողքիս պառկած Մանյային.
-Լսի՛ր, ինչ-որ բան է կատարվում:
Խոր ինչ-որ տեղից լսվում էին հատուկտոր խոսքեր՝ ռուսերեն, հայերեն, հետո ճիչեր, հետո հառաչանքներ… Օգնությու՜ն…
Բակում հրաձգություն չեղավ: Սարսափելի մի բան էր կատարվում ինչ-որ փակ տեղում, տեսողությունից, լսողությունից հեռու: Հետո իմացանք, որ կացնահար, խեղդամահ էին անում անձնազոհ հայրենասերներին…


Կրկին լռություն: Ընդարմացած վիճակ: Չես զգում, չես մտածում: Պետք է զգայացունց մի բան կատարվի, որ քեզ դուրս բերի այդ վիճակից:
-Կանա՛նց ազատեք, կանա՛նց ազատեք…
Զգաստ եմ: Ի՞նչ է կատարվում: Թու՞րքն է մտել Երևան, որ հայ տղամարդը՝ թեկուզ բոլշևիկ, թեկուզ բանտապետ, մտածում է հայ կնոջ կյանքի ու պատվի մասին:
Այո՛, բանտում ինչ-որ արտառոց բան էր կատարվում: Խցերի դռները բացվե՞լ են, թե՞ տապալվել՝ չգիտեմ: Բակում խռնվել են բանտարկյալները: Բաց է մեր դուռը:
Բացողը կարող էր լինել բանտապետը, քանի որ ինքն էր փակել, իր մոտ էր բանալին: Մեր սենյակում կանգնած են չորս զինված երիտասարդներ, մեկը՝ Ներսիսյան ճեմարանից ինձ ծանոթ Վարդան Ղարագյոզյանը, դասընկերուհուս՝ Աստղիկի եղբայրը:
-Վարդան, թուրքե՞րը… Կոտորա՞ծ…
-Ի՞նչ թուրք, քույրիկ: Մերոնք են գալիս Քանաքեռից, Էջմիածնից… Բոլշևիկները փախչում են: Եկանք, որ… Բայց մերոնք ուշանում են: Բոլշևիկները կռվում են, զորք են բերում բանտի վրա, պիտի կոտորեն բոլորիդ: Քանի ուշ չէ՝ փախեք, ազատվեք:
Եվ իրենք՝ երիտասարդները, հրացանները թողնելով մեզ մոտ, դուրս եկան:
Առաջին այդ իրարանցման պահին մերոնցից շատերը դուրս թռան: Ներսում մնացել էինք Սաթոն, Մանյան ու ես: Ինչ-որ տեղից գնդացիրը կրակ էր տեղում բանտի բակ: Ինչ-որ մարդիկ մտան մեր սենյակ, որոնցից մեկը հայտնի խմբապետ Շերամն էր:
-Այստեղ հրացաններ կան, հրացաններ…
Շերամը և նրա երեք ընկերները վերցրին հրացանները և դուրս թռնելով գրավեցին դարբասի դուռը, որ դրսից չկարողանան ներս մտնել: Կարելի է ասել, որ այդ հրացանների և դրանք գործածողների շնորհիվ էր, որ բոլշևիկները չկարողացան գնդացիր մտցնել բակ ու կոտորել բակում խռնված բանտարկյալներին: Նրանք բակը կրակի տակ էին առել բանտի կողքի որբանոցի տանիքից:


Շատերը պատսպարվել էին խցերում: Գրասենյակի աստիճանների վրա հայտնված մի խմբի մեջ էին Համո Օհանջանյանը և կառավարության այլ անդամներ: Գնդացրի կրակը հասավ նրանց: Հրմշտոցով ներս մտան: Վիրավորված մի գյուղացի երիտասարդ ընկավ աստիճանների վրա: Վերցրին, բերեցին մեր սենյակ, պառկեցրին հատակին: Վիրավորված էր թևից, արյունը հոսում էր հատակին:
-Մեռնում եմ, օգնեցեք,-ձայն էր տալիս վիրավորը:
Մեր սենյակը լցված էր տղամարդկանցով: Հիշում եմ Հայր Աբրահամին, բժիշկ Արշակ Ղազարյանին: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում օգնություն խնդրող վիրավորին: Սաթոն մոտեցավ նրան:
-Պետք է կապել վերքը, արնաքամ է լինում,-ասաց նա իր սովորական հանդարտ ձայնով:
Եվ ծնկի գալով վիրավորի կողքին՝ փորձեց պատռել արյունից թրջված հագուստի թևքը, որ տեղի չէր տալիս: Սաթոն ատամներով, մատներով փորձում էր պատռել թևքը և բացել վիրավոր տեղը:
-Վիրակա՛պ… վիրակա՛պ…
Մանյան ու ես պատռեցինք Մանյայի վերմակի երեսը, նեղ շերտերի բաժանեցինք; Տղամարդկանցից ոչ ոք մեզ չէր օգնում, նույնիսկ՝ բժիշկը:
Վերջապես Սաթոն հաջողեց պատռել հագուստի կռնակը, բացել վերքը ու կապել մեր պատրաստած շորի կտորներով: Բարձրացրինք վիրավորին, դրեցինք անհետացած ՛՛քրեականի՛՛ անկողնուն:
-Լսե՜ք, լսե՜ք,- ուռա՜ էին բղավում:
Ո՞վ էր հաղթողը: Զուռնա էին նվագում: «Մեր հայրենիք» էին երգում: Եկա՛ն, եկա՛ն:
Բակ ներխուժեցին կանայք, տղամարդիկ, պատանիներ, երեխաներ, ազգային տարազներով սասունցիներ: Գրկում, համբուրում էին միմյանց ու բանտարկյալներին: ՈՒսերի վրա բարձրացրին Հայր Աբրահամին, Համո Օհանջանյանին ու նրանց ընկերներին:
Մի պահ կորցրի կամքիս ուժը և ձայն տվեցի ազատարարներին.
-Եղբո՛րս էլ ազատեք, եղբո՛րս էլ ազատեք…

Երբ հասանք Խորհրդարանի շենք, նրա վրա արդեն ծածանվում էր եռագույն դրոշը:
Փետրվարի 18-ն էր:
Փողոցներում կային դիակներ, կար արյուն: ՈՒ հեռվում օտար սահմանների վրա հայության թշնամին դարան մտած սպասում էր բռնության՝ հանձին բոլշևիկների:
Դժբախտաբար, ազատությունը՝ մի պահ միայն, արբեցում: Պայքարը պիտի շարունակվեր: Շարունակվում է դեռ:
ՈՒ պայքարի անմահ սպարապետն է դրոշն ազգային:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ