Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նախապատրաստում թռիչքից առաջ, կամ գրական խուլիգանությունը որպես նորի հաստատման անհրաժեշտ միջոց

Նախապատրաստում թռիչքից առաջ, կամ գրական խուլիգանությունը որպես նորի հաստատման անհրաժեշտ միջոց
07.12.2018 | 02:17

Հեղինակն առաջին իսկ էջից անսպասելի, եթե ոչ արտառոց ընդունելություն է պատրաստել մեզ` ընթերցողներիս համար: Ընդունելություն, որը կարելի է որակել որպես գրական մանր խուլիգանություն. հրամցնում է մեզ մի տեքստ` առ ի ընթերցանություն և միաժամանակ ազդարարում «Գրականությունից հրաժարվելու մանիֆեստը», ըստ որում` -0: Թվաբանորեն ասել է, թե չկա կամ թե «գրության զերո մակարդակ» է, ինչպես կբնորոշեին ստրուկտուրալիստները:


«Հրաժարվելու» իմաստն առավելագույնս կճշտվի գրքի ընթերցանության ընթացքում, բայց այստեղ էլ մեզ դարձյալ մի անակնկալ է սպասում. «Այս տեքստը գրված է այն մարդկանց համար, որոնք ծանոթ են Ֆերնանդո Պեսոայի և Կոնստանտինոս Կավաֆիսի պոեզիային, կարդացել են Լադիսլավ Կլիմայի վեպերից գոնե մեկը, անգիր գիտեն Բրոթիգանից մեկ տող, իսկ երազում տեսնում են Սելինի բազմակետերը»:
Ահա այսպես` կտրուկ և անսպասելի: Ասես մի գաղտնաբառ, առանց որի չենք կարող օգտվել համակարգչից:
Ստացվում է, որ ընթերցողների ջախջախիչ մեծամասնության առջև փակ են գրքի «դռները», քանի որ «այս բանաձևին պետք է խստորեն հետևի տեքստի ընթերցողը»:
Ես` կարգապահ ու պարտաճանաչ ընթերցողս, ներկայացված պահանջների ընդամենը քառասուն տոկոսն եմ բավարարում: Առաջին երկու հեղինակների գործերին քիչ թե շատ ծանոթ եմ, հաջորդ երկուսն ինձ, մեղա՜, կատարելապես անծանոթ են, իսկ երազներումս ընդհանրապես կետադրություն չեմ տեսնում: Բայց քանի որ առջևս համակարգիչ չէ, ես էլ մանավանդ ցանցահեն չեմ, որ «գաղտնաբառը» կոտրեմ, որոշում եմ գիրքը կարդալ վերջից, հետնամուտքից և մի նոր անակնկալի եմ հանդիպում. Երվանդ Վարդանյանի վերջաբանը` «Մեծ աչքի համաստեղությունը» վերնագրով, հասուն մտքով շարադրված քննադատական մի տեքստ, ինքնատիպ և դիպուկ մի վերլուծություն, որպիսին հաճախ չենք ընթերցում մեր մամուլում:


Վերջից սկսված փոքրածավալ գիրքն ակամայից ընթերցվում է խառնիխուռն, և կարծում ենք դա չի խանգարում գրքի ամբողջական ընկալմանը, քանի որ սա որոշակի ֆաբուլայով կառուցված մի երկ չէ, այլ իրարից կատարելապես անջատ, ներքին հստակ կապ չունեցող դատումներ գրականության, գրողի, նրա անելիքի, գրելու-չգրելու անհրաժեշտության մասին: Ասես բնազդային մղումով, ինչպես և գիտակցված, հայտնվել է մի կետում, որտեղից հետդարձ չկա, սակայն առաջ գնալու համար պետք է դժվարին և չափազանց պատասխանատու ընտրություն կատարի:


«Այն, ինչ գրում եմ ոչ պոեզիա է, ոչ արձակ»,- հայտարարում է հեղինակը: Թերևս աֆորիզմներ, սրամիտ, դիպուկ խտացումներ («Հեռատեսը չունի ներկա // Կարճատեսը` ապագա» կամ «Երեկվա օրով ապրող մարդը Վաղվա օրվա մարդասպանն է») կամ տողեր, որ կզարդարեին ուզածդ հեղինակի քերթվածը («երբ ես չեմ քնում, սպանում եմ այն երազը, որն ինձ համար այսօր նախատեսված էր»), կամ ընդհանրապես հետաքրքիր դատողություններ գրականության մասին։
Մի խոսքով, ամբողջ գրքում տիրում է ժանրային անորոշություն, որի պատճառը, կարծում ենք, ոչ թե անգիտությունն է, այլ, ընդհակառակը, անունների, ստեղծագործությունների և ընդհանրապես ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ առավել քան առատ և տիրական ներկայությունը գրքի գրեթե յուրաքանչյուր էջին:


Այնպիսի տպավորություն է, որ գրական անսասանելի և անվերջանալի կուռքերի մի բազմություն ներխուժել է երիտասարդ գրողի նոր-նոր ձևավորվող ստեղծագործական տարածք և շարժվելու հնարավորություն չի տալիս նրան: Լինել-չլինելու խնդիր է դրված: Նրանց «վտարել» չի կարող, անսահման մեծ է պատկառանքն այդ հեղինակությունների հանդեպ, դա կլինի գրեթե ինքնասպանություն: Բացի այդ, նա դեռ չի ճշտել իր «տարածքի» սահմանները, դեռ հաստատուն չի կանգնել այնտեղ: ՈՒրեմն, վտանգ կա, որ կոչնչանա նրանց զանգվածեղ ներկայությամբ, լավագույն դեպքում կդժգունի` դառնալով նրանց հերթական էպիգոնը: Սակայն մեծ է նրա ցանկությունը հաստատվելու այդ տարածքում: Դա գրամոլի քմահաճույք չէ, դա նոր ձևավորվող տաղանդի պահանջն է, որ ծնվում է ներսից: Բայց ինչ պիտի անի, որ համակեցության բանաձև գտնի այդ անունների (ասել է, թե իրենից առաջ ստեղծված գրականության) և սեփականի միջև, որն արդեն ասպարեզ է հանում:
Ֆրանսիացի դրամատուրգ և արձակագիր Ժան Ժիրոդուն հետաքրքիր դիտարկում ունի` գրված նման մի կացության առիթով. «Ես հյուրասիրում էի ինձ ոչ թե գրքերով, այլ հենց նույն Ռասինի, նույն Լակլոյի, Լաֆոնտենի, Ռոնսարի ընկերակցությամբ: Նրանց իսկապես տիրական ներկայությունը որոշ ժամանակ դառնում էր իմ բացակայությունը»:


Արամ Ավետիսի պարագայում որքանո՞վ որոշակի կլինի այդ «որոշ ժամանակի» բացակայությունը: Դյուրին չէ ասելը: Թեկուզ այն պատճառով, որ նա իսկապես, ամբողջապես «բացակա» չէ: Մատուցելով մեզ աշխարհահռչակ անունների մի ցուցակ, այս կամ այն կերպ իր վերաբերմունքը (հիմնականում հիացական) արտահայտելով, ինչ-ինչ բաներ ուսանելով, նա արդեն «ներկայության» որոշակի ապացույցներ է մատուցում: Նշենք, որ «ներկայության» ապացույց է նաև, որ նա այդ հեղինակությունների կույր տիրաժավորողը չի դառնում, նա պարզապես սեփականի տանջալից որոնումների մեջ է, ասես երկաթի մի կտոր է, որ ինքնակա՛մ հայտնվել է մագնիսական հզոր դաշտում և անկարող է պոկվել: Բայց ուզու՞մ է արդյոք պոկվել:
Ամեն մի նոր երևույթ արվեստում, եթե տաղանդի դրոշմ ունի, ակամայից բախվում է իրենից առաջ ստեղծված, հաստատված ու սրբագործված արժեքներին: Այդ բախումը կարող է ծայրահեղ դրսևորումներ ունենալ, հասցնել արվեստի օրինազանցության, գրական-մշակութային խուլիգանության, որն օրենսդրական հոդվածի տակ չի ընկնում, բայց ցնցում է հասարակությունը, «արժանանում» նույնիսկ հայհոյանքների: Ավելին… Վիկտոր Հյուգոյի «Էռնանի»-ի առաջնախաղը 1830 թ. փետրվարի 25-ին «Կոմեդի ֆրանսեզ»-ի բեմում վերածվեց զանգվածային ծեծկռտուքի` կլասիցիստների և ռոմանտիկների միջև: Իր ժամանակի համար մշակութային խուլիգանություն էր 1863 թ. «Մերժվածների սալոն»-ում ներկայացված Կլոդ Մոնեի «Նախաճաշ խոտի վրա» հսկայական կտավը, որի վրա պատկերված էր մորեմերկ մի կին` ոտքից գլուխ հագնված երկու տղամարդկանց ընկերակցությամբ: Գրական խուլիգանության դրսևորում կարող ենք համարել նաև Վ. Մայակովսկու հայտարարությունը, թե Պուշկինին պետք է դուրս շպրտել «արդիականության նավից»: Ռուսական պոեզիայի հանճարը դրանից բնավ չտուժեց, իսկ մյուս` «խուլիգան» հանճարի հայտարարությունը ազդարարեց նորի ծնունդը: Եվ այսպես շարունակ 20-րդ դարի ամբողջ ընթացքում` մինչև այսօր, հիմնավորված, սուտ և անգամ սրբապիղծ խուլիգանությունների ու սադրանքների անվերջանալի տողանցում ենք տեսնում։ Առիթից օգտվելով նշենք, որ գրական խուլիգանությունների փայլուն նմուշներ մատուցեցին Արտեմ Հարությունյանը, Դավիթ Հովհաննեսը և Վիոլետ Գրիգորյանը:


Գրական խուլիգանությունների ենք հանդիպում նաև Արամ Ավետիսի գրքում: Նախ, փաստորեն արգելում է կարդալ իր գիրքը, հետո, մի պահ, 641 թ. Ալեքսանդրիայի գրադարանը հրդեհող խալիֆ Օմարի «փառքն» է նրան գայթակղում (անխափան միջոց հզոր մագնիսի ձգողականությունից ազատվելու և «սեփական» կյանքով ապրելու): Խալիֆը պատճառ ուներ այդպես վարվելու, քանի որ գրադարանում եղած ձեռագրերը, նրա կարծիքով, ոչինչ չէին ավելացնում Ղուրանին (հավանաբար տեղին է հիշել, թե ինչպես անկախությունից անմիջապես հետո, երբ ի լրումն մեր բարեխնամ կառավարության չափից ավելի ջե՜րմ վերաբերմունքին, սիբիրյան ցուրտն էր մոլեգնում երկրով մեկ, մեր ճանաչված գրողներից մեկը (հատկապես ընդգծում ենք այս հանգամանքը), ջեռուցումից իսպառ զրկված Հայաստանի ազատ քաղաքացիներին, հանրապետական էկրանից խորհուրդ էր տալիս բնակարանները տաքացնել Մարքսի և Էնգելսի հատորներով: Որքան գիտեմ, նա այդ հեղինակներից մեկ տող անգամ չէր կարդացել)։ Մինչդեռ սեփականն ստեղծելու դաժան պարտադրանքի տակ հայտնված երիտասարդ գրողը խոստովանում է, որ «Գրադարանը դրախտ չէ, այլ հակառակը` դժոխք»: Դժոխք, որի փնտրտուքը հանգեցնում է սպիտակ պատին. փակ է ամեն ինչ, ճանապարհ չկա, գուցե նաև ոչ էլ վերադարձ։ Մեռյալ կետ: Մինչդեռ նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է մի չեզոք տարածք, մի no man’s land, որտեղ կարողանա կայք հաստատել: ՈՒստի կարծում է, որ Ազգային գրադարանի հրդեհումն այդ տարածքի ստեղծումը կդառնա. «Եվ դա միակ ելքը կլինի… Գրականությունը կվերանա` վերադառնալով իր նախնական վիճակին…»:


(Ստիպված ենք հոդվածի գրության ընթացքում ինքներս մեզ ճշտել: Ասացինք, որ Արամ Ավետիսի «Կույր կետադրությունը» «որոշակի ֆաբուլայով կառուցված մի երկ չէ»: Բայց կա՛ այդ ֆաբուլան, կարմիր մի թել, որ ձգվում է սկզբից մինչև վերջ: Եվ կա հիմնական գործող անձ, միակ պերսոնաժը, որի գաղտնածածուկ մտորումներին ենք ծանոթանում, նրա տվայտանքներին հաղորդակից դառնում, գուցե և հուզվում, կարեկցում, եթե տարրական պատկերացում ունենք` չասվածն ասելու դժվարությունների և պատասխանատվության մասին։
Սխալվեցինք նաև` գրելով, թե «ամբողջ գրքում տիրում է ժանրային անորոշություն»: Բնավ ո՛չ: Սա ոչ այլ ինչ է, քան խոստովանական արձակ, մեկ անձի արկածալի մենախոսություն, եթե կուզեք` մոնոդրամ, որից հմուտ բեմադրիչը, մտածելու ունակ դերասանի հետ, կկարողանար ինքնատիպ ներկայացում պատրաստել: Բայց ուտոպիական երազանքներին չտրվենք և նաիրյան հանդիսատեսների` հայկական հեռուստատեսության անվրեպ և հետևողական աշխատանքով դոնդողացված ուղեղները խնայենք անկարելի ջանքեր թափելուց):
Հավանական հրձիգը, սակայն, տեղնուտեղն ընդունում է, որ «Կրականությունը» (ի՛ր բառախաղն է) իսպառ չի վերացնի «Գրականությունը», զի կծնվի մի նոր Հոմեր և հիմք կդնի նոր գրադարանների:


Արամ Ավետիսի դրամայի պատճառն այն է, որ ճաշակ ունի, ըստ արժանվույն գնահատել գիտի, հիանալ գիտի իրենից առաջ ստեղծված արժեքներով: Սովորել գիտի նրանցից: Եվ տարտամորեն զգում է, որ ինքը կարող է հերթական օղակը դառնալ այդ շղթայի, ոսկի՛ շղթայի, ուրեմն պիտի ձգտի ազնիվ մետաղին համարժեք լինել, քանզի կոչված է այդպիսին լինելու: Բայց դյուրին չէ ջանքը: ՈՒստի տենդագինորեն փնտրում է «այն ճամփան, որ ինձ համար ամենևին պարզ չէ և չի էլ լինի»: Եվ դեպի անհայտը տանող չտրորված արահետով նա ուզում է քայլել պաշտելի և շարունակ ծանրացող բեռը (գրադարա՛նը) շալակած: Նման կացության մեջ հայտնված երիտասարդ գրողին Պարույր Սևակն առաջարկում էր.
Եթե ուզում ես հորդ հասկանալ
ՈՒ լինել նրա հարազատ որդին`
Մոռացի՛ր ընդմիշտ,
Թե կա քերթություն,
Թե կա դպրություն,
Գրականություն:

Մոռանալ, այո՛, բայց շարունակելու պարտադրանքը կա, որից հրաժարվել չի կարող և չի էլ ուզում: «Մոռանալն» այս դեպքում ժխտումի և հատկապես ուրացումի հոմանիշը չէ, մանավանդ, որ նա չի ցանկանում անջատվել (և չի էլ կարող) «ոսկի շղթայից», այլ պարզապես հարուստ ուղեբեռը «մտքում պահած», եթե ոչ հոգում, սկսում է ԻՐ ուղին:
«Ժամանակը չի շարունակվում, ժամանակն սկսվում է»,- գրում էր Պոլ Էլյուարը` Պիկասոյի առիթով, որն ստեղծեց իր ժամանակը համաշխարհային արվեստում: Արամ Ավետիսն էլ, անշուշտ, գիտակցում է ի՛ր ժամանակն «սկսելու» անհրաժեշտությունը: Գիրքն ամբողջ դրա վկայությունն է: Բայց ինչպե՞ս սկսել: «Քայլում ես մի ճանապարհով, որն ասես հորինում ես հենց այդ պահին, մի ճանապարհ, որը տեսանելի է դառնում այն ժամանակ, երբ համարձակվում ես քայլել նրանով: …Եվ շավիղը ծնվում է ոտքերի տակ» (Դենի դը Ռուժմոն, «Սիրո առասպելները», թարգմ. Ալ. Թոփչյանի, Երևան, 2011 թ., Երևան):
Նրա առաջին քայլն այդ շավղում արդեն տեսանք հենց առաջին իսկ էջից: Այդ քայլն ազդարարվեց որպես հրաժարումի մանիֆեստ: Զրոյացում: Սկիզբ ոչնչից: Հաջորդ քայլը կուրությունն է: Եվ այստեղ մեզ մատուցում է մի հրաշալի օքսյումորոն. «Տեսունակ կուրություն»: Եվ, հերթական անգամ ցուցաբերելով իր մշակութային էրուդիցիան, որպես ապացույց հիշում է սկանդինավյան Օդին գլխավոր աստծուն, «որն իր մի աչքը զոհել է, որպեսզի իմաստության աղբյուրից խմի»:


Արամ Ավետիսը բարբարոսական այդ միջոցին չի դիմում: Նա պարզապես իր հայացքը շրջում է դեպի ներս, այսինքն, ապավինում իր ներքնատեսությանը: Այսօր, երբ «գրականության մեջ կարծես ամեն ինչ ասված է…, ինձ մնում է միայն խոսել այն մասին, ինչի մասին նախորդները չկարողացան խոսել»:
Ասես ձեռնոց նետի իր պաշտելի հանճարներին: Այն ի՞նչն էր, որ նրանք` իրենց ամենազորությամբ հանդերձ, «չկարողացան խոսել»: Ընդամենը մեկ բան. այն, ինչ պիտի տեսնի այս գրքի հեղինակ, միաժամանակ «քնարական հերոսը», իր «կույր» տեսողությամբ, ներքնատեսությա՛մբ:
Գրքի ավարտական էջերից մեկին, ասես որպես առաջին արդյունք այս ինքնակամ «կուրացման», հայտարարում է. «Ես նայում եմ աշխարհին իմ աշխարհի միջով»: Արդե՛ն:
Ինչպիսի՞ն կլինի նրա «աշխարհի միջով» տեսածը, նրա հաջորդ գիրքը: Գրական ո՞ր սեռին պիտի պատկանի, ինչպիսի՞ն է լինելու հերոսը… Գուշակություններով չզբաղվենք:
«Je veux Սtre Chateaubriand ou rien». «Ուզում եմ դառնալ Շատոբրիան կամ ոչինչ»: Այս հանդուգն հայտարարությունն անողը գերազանցեց Շատոբրիանին և դարձավ Վիկտոր Հյուգո: Մեր հեղինակն էլ լի է պատվախնդրությամբ: Նա պատրաստվում է բարձր թռիչքի: Հուսանք, որ այդպես կլինի:


Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 7350

Մեկնաբանություններ