Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

Իսկական զինվորականի համար պատերազմական հաղթանակը միշտ ամենաթանկ արժեքն է

Իսկական զինվորականի համար պատերազմական հաղթանակը միշտ ամենաթանկ արժեքն է
11.12.2018 | 01:11

Այս հոդվածը «ընտրությանն ընդառաջ» չէ և «ընտրությունից հետո» չէ։ Այս հոդվածն ընդհանրապես ընտրության մասին չէ, այլ մի քանի խիստ բացասական «պտուղների» մասին է, որոնցով մեր ժողովրդին կերակրում են փողոցների և հրապարակների ապրիլյան հեղափոխականները։ Աշնան վերջին օրվան` նոյեմբերի 30-ին, մեր հասարակությունը մոտեցավ ծայրահեղ վտանգավոր վիճակում և կարգավիճակում։ Եվ բանն այն չէ, որ մեր իրավիճակի մասին գրել է, այսպես կոչված ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոն» (ԺՀՄԻԲ), որը հետևում է, թե մեզ մոտ ինչ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրության հետ կապված։ Այնուամենայնիվ սկզբում կվկայակոչեմ այդ ԺՀՄԻԲ-ի հայտարարությունը։ Հրապարակված փաստաթուղթը ԺՀՄԻԲ-ի դիտորդական երկարաժամկետ առաքելության դեռևս միջանկյալ հաշվետվությունն է։ Առայժմ «արևմուտքցի ընկերները» չեն տրտնջում. նրանց դուր է գալիս, թե ինչպես է ավերվում մեր երկիրը։ Ըստ հաշվետվության, անհանգստություն չկա թեկնածուների գրանցման առնչությամբ։ Նշվում է, որ պահպանվել է կին թեկնածուների 25 %-ի նորմը, կասկածներ չկան ԿԸՀ-ի և տարածքային ընտրահանձնաժողովների նկատմամբ վստահության վերաբերյալ։ Սակայն, ըստ հաշվետվության, տարբեր հանդիպումների ժամանակ անհանգստություն է հայտնվել ստորագրված ընտրացուցակների` ԿԸՀ-ի կողմից հրապարակման ժամանակ անձնական տվյալների գաղտնիության խախտման կապակցությամբ։ Դիտորդները նաև նկատել են, որ նախընտրական քարոզարշավն սկսվել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամկետ քարոզչությունը չի արգելվում։ Բայց դիտորդների հետ որոշ հանդիպումների ընթացքում անհանգստություն է հայտնվել վարչական ազդեցության կիրառման հնարավորության, կաշառման և ընտրողների վրա ճնշում գործադրելու կապակցությամբ հատկապես գյուղական համայնքներում։ Այդ հանդիպումների մասնակիցների մեծ մասն անհանգստացած է անհանդուրժողականության և սադրիչ հռետորաբանության կապակցությամբ, հատկապես սոցցանցում։


ԺՀՄԻԲ-ի առաքելությունը նաև ընդգծում է, որ պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորությունների կատարմանը զուգահեռ նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Հաշվետվության մեջ ընդգծվում է, որ որոշ քաղաքական ուժեր ԶԼՄ-ներում և դիտորդների հետ հանդիպումների ժամանակ ընդգծել են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 19-ի այցը Գեղարքունիքի մարզ վարչական ազդեցության չարաշահում է եղել։ Հաշվետվությունում նշվում է նաև, որ լրատվադաշտը բազմազան է, սակայն ԶԼՄ-ները, այդ թվում` հանրային հեռուստատեսությունը, ընկալվում են որպես քաղաքական ուժերի հավելուկ։ Փորձագետների կարծիքով, ԶԼՄ-ներից բացի, քաղաքական տեղեկատվության և բանավեճերի հարթակ են նաև սոցցանցերը, մասնավորապես Ֆեյսբուքը։ Իսկ հանրային հեռուստատեսությունը, որը ֆինանսավորվում է պետբյուջեից, ըստ հաշվետվության, ընկալվում է որպես իշխանամետ ԶԼՄ։


Ամեն ինչ մեղմ է, այնպես չէ՞։ Մինչդեռ հասարակությունը տառացիորեն պայթյունի եզրին է։ Այդ թվում այն պատճառով, որ «ապրիլի հաղթողները» խաղարկում են, այսպես կոչված, արցախյան թեման, ընդ որում` ծայրահեղ անշնորհք ձևով, անգամ վիրավորական։ Ինչ-որ մեկը կասի` ի՞նչ կա որ, ընտրությունից հետո կրքերը կհանդարտվեն։ ՈՒրիշները կավելացնեն. «Ընտրությունների ժամանակ բոլորն են օգտագործել Արցախը. ինչու՞ Նիկոլին չի կարելի», ինչը նույնպես կհամապատասխանի վերջին 27 տարվա մեր պատմությանը։ Չեմ վիճի ոչ մեկի հետ, թե արցախյան ազատամարտի մասնակից Սասուն Միքայելյանն ընդհանրապես իրավունք ունե՞ր նախընտրական քարոզչության ժամանակ «խաղարկելու» Արցախյան պատերազմի հիշատակումը։ Բայց համոզված եմ, որ հենց Միքայելյանը և մեր ազգային պարծանքի` Արցախյան պատերազմում հաղթանակի մյուս մասնակիցները իրավունք չունեին և չունեն այն համեմատելու որևէ հեղափոխության, առավել ևս կեղծ հեղափոխության հետ։ Այդ պատերազմում Սասուն Միքայելյանը հաստատ կորցրած կլինի որևէ մեկին, ասենք` զինակիցներին, ընկերներին, համադասարանցիներին, հարազատներին, հարևաններին։ Ինչու՞ նա հանկարծ որոշեց, որ Փաշինյանի զինակիցներին թույլատրված է ամեն ինչ։ Հազար անգամ ճիշտ է մեր փառապանծ մարտական (և ոչ կաբինետային) գեներալ Բալասանյանը` սթափվե՛ք։


Եկեք միասին խորամուխ լինելով ևս մեկ անգամ կարդանք, թե արցախցի զինվորականներն ինչ են պատասխանել Երևանի և Հայաստանի մի քանի մարզերի չափն անցած հեղափոխականներին։ Դա անհրաժեշտ է։ Եվ բանի տեղ մի դրեք Փաշինյանի այն արդարացուցիչ ճառերը, որոնցով նա փորձում էր հարթել այն խիստ բացասական նստվածքը, որ թողել էր Միքայելյանի խոսքը, ինչքան էլ վերջինս հիմա փորձում է ներկայացնել, թե «պատրաստ է մեռնելու Արցախի անունը շուրթերին»։ Սկզբում Արցախի ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը կոչ արեց ձերբազատվելու մի համազգային երևույթը մի ուրիշից վեր դասելու «սովորությունից», երբ խոսքն այն հազարավոր ընկած հերոսների մասին է, որոնց շնորհիվ Արցախյան պատերազմում ձեռք է բերվել հաղթանակը։ Բայց հետո Հասրաթյանը կայքից հանեց իր գրառումը։ Երևի ոչ առանց փաշինյանական վարչական ազդեցության. սկզբում նա կապվել է ԼՂՀ նախագահի հետ, նա էլ` Հասրաթյանի և այլն։ Իսկ ուրիշ ինչպե՞ս է դա լինում։ Բայց չէ՞ որ հետո գեներալ-լայտենանտ Բալասանյանը ելույթ ունեցավ։ Իսկ նրա բերանը չես կարող փակել։ Անհրաժեշտ եմ համարում, որ մեր հասարակությունն իմանա, թե ինչ է ասել Արցախի հերոս, գեներալ Բալասանյանը.
«Արցախի ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը, վերջապես, դրվեց 1988 թ., ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, և սփյուռքում ապրող մի ողջ ժողովրդի նվաճումն ու պարծանքն է։ Առավել զարմանալին ու զայրացուցիչն այն է, որ այս օրերին` Հայաստանի Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրության քարոզարշավի ժամանակ, դա չարաշահման առարկա է դառնում և նվաստացվում հանուն ինչ-որ կուսակցական շահերի։ Սասուն Միքայելյանին, որն անցել է Արցախյան պատերազմի բովով, սեփական մաշկի վրա զգացել այդ պատերազմի բոլոր զրկանքներն ու դաժանությունները, ուզում եմ հիշեցնել (համոզված եմ, որ «Սասուն» ջոկատի տղաներն էլ համամիտ չեն նրան), որ Հայաստանում իրականացած վերջին հեղափոխությունը չի կարող անհամեմատ մեծ հաղթանակ համարվել, քան Արցախի ազգային ազատագրական պայքարը կամ, առավել ևս, Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծումը։ Նման հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում այդ մարդկանց մասնակցությունը պետական շինարարության գործընթացին։ Ցավալի է, որ նման հայտարարություններն արվում են ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի ներկայությամբ։ ՈՒշքի՛ եկեք, տղանե՛ր»։
Հայաստանի հեղափոխականներին «հանգստացնող» խոսքով հանդես է եկել նաև Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Գարամյանը։


Պետք է սրիկա լինել այդ կշռադատված խոսքերում ինչ-որ անձնական վտանգ տեսնելու համար։ Հակառակը. մարտական գեներալը փորձում է օգնել բանակում չծառայած գերագույն հրամանատարին, որ նա ուղղի իր ենթակայի սխալը։ Իսկ ի՞նչ է գալիս ի պատասխան։ Դատարկախոսություն այն մասին, թե ում զավակներն են ծառայել-չծառայել կամ «ինչպես են ծառայել»։ Եթե դա ասեր բանակում ծառայածը, խնդիր չէր լինի։ Ես կավելացնեի` իսկ հայտնի՞ է Փաշինյանին, թե ինչպես և որտեղ է, իբր, ծառայել նրա կնքահոր զավակը` Դավիթ Տեր-Պետրոսյանը։ Հաստատ` ոչ առաջին, հակամարտ բանակների բաժանման գծում։
Ահա նաև 90-ականների մեր հաղթանակների գլխավոր հեղինակներից մեկի` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքը։ Մեր ազգի աչքերը բացելու ժամանակն է. «սասունմիքայելյաններ» եղել են, բայց մեր հաղթանակները կռել են այնպիսիք, ինչպիսին գեներալ Տեր-Գրիգորյանցն է։ Նա` Երևանում, իսկ Ստեփանակերտում` գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը` ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծողներից մեկը։ Փաշինյանականները հիշու՞մ են ողջ հայ ազգի համար գերկարևոր այդ պետական գործիչներին ու զորահրամանատարներին։ Համոզված եմ, որ ոչ։ Հիշեցնեմ. 1992-ի օգոստոսի 10-ին Հայաստանի նախագահի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը նշանակվում է Հայաստանի ԶՈՒ հրամանատար, հետագայում` գլխավոր շտաբի պետ և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1993-ին կատարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները։ 4 տարի Հայաստանում ծառայելուց հետո 1995-ին վերադարձել է Մոսկվա, որտեղ աշխատել է ՀԱՊԿ-ի շտաբում ի շահ հայկական ԶՈՒ-ի։
Այժմ բոլորին պարզ է, թե ում խոսքն եմ հիմա մեջբերում. «Խորհրդարանի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարում է, որ հեղափոխությունում հաղթանակն ավելի կարևոր է, քան հաղթանակը ղարաբաղյան ազատագրական պատերազմում։ Ինչպե՞ս թե ավելի կարևոր է։ Ինչպե՞ս կարելի է համեմատել։ Չէ՞ որ դրանք տարբեր բաներ են։ Հեղափոխությունը Հայաստանում է, իսկ ազատագրական պատերազմը Արցախի կյանքի, ազգի կյանքի հարցն է։ Եթե մենք չհաղթեինք, մեզ պարզապես կոչնչացնեին։ Հիշեք ագրեսորի պլանները. Զանգեզուրը, Հայաստանը կկորցնեինք։ Մենք պետք է պաշտպանվեինք, պետք է հաղթեինք։ Հեղափոխությունները գալիս ու գնում են, ղեկավարները գալիս ու գնում են, իսկ ղարաբաղյան պատերազմում հաղթանակի շնորհիվ ժողովուրդն ապրում է, մենք թույլ չտվեցինք, որ իրականանա ցեղասպանության հնարավորությունը։ Մի՞թե կարելի է համեմատել։ Դա ամբարտավան, սնապարծ, անպատեհ և սխալ հայտարարություն է։ Բացեիբաց ասում եմ. ինձ պաշտոնից չեն հանի, ես պատերազմի վետերան եմ և թոշակառու։ Հակառուսական կարգախոսնե՞ր եք ասում։ Ասում եք` փակել Գյումրու ռուսական ռազմաբազա՞ն, դուրս գալ ՀԱՊԿ-ի՞ց։ Ես ձեզ ասում եմ` «Սասնա ծռերը» հանցագործների հանցագործներ են, քառակուսի կամ խորանարդ աստիճանի։ Ի՞նչ դեր է կատարում Ժիրայր Սեֆիլյանը. ամերիկյա՞ն, թուրքակա՞ն։ Նա հայ ժողովրդի դավաճան է։ Ես նրան չեմ վիրավորում, բայց նա վիրավորում է ինձ և բոլոր հայերին։ Նրան պետք է դատել վիրավորելու համար։ Նա էլ կարող է ինձ դատել իմ ասածի համար։ Քանի որ մենք փոխադարձաբար վիրավորեցինք իրար, ես ներողություն եմ խնդրում նրանից ասածիս համար։ Բայց նա վիրավորել է հայ ազգին, նա քանդում է մեր կապերը Հարավային Կովկասում մեր միակ ռազմավարական դաշնակցի հետ։ Նա ժողովրդին լարում է Ռուսաստանի դեմ։ Բազան է ուզում վերացնել։ Դա հենց այն է, ինչ երազում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Որ այդ բազան չլինի։ Հարավային Կովկասում այսօր անվտանգություն են ապահովում այդ բազան, ՀՕՊ համակարգը, սահմանապահ զորքերը և Հայաստանի ԶՈՒ-ն։ «Սասնա ծռերը» Սիրիայում կռվող արմատական իսլամիստների նման են, Սեֆիլյանը նույնպիսի արմատական հայ է։ Ընդհանրապես ինչու՞ է նա եկել այստեղ։ Քանդելու՞։ Եթե եկել ես, օգնիր, որ աշխատատեղեր ստեղծվեն։ Օգնիր, որ երկիրը ոտքի կանգնի, որ գործարանները, ձեռնարկություններն աշխատեն, որ ամրապնդվի պետականությունը։ Իսկ դու եկել ես պետությունը քանդելու։ Իհարկե, նրա համար սա գովազդ է, որ մենք նրա մասին այսքան խոսում ենք։ Բայց նա իր գործողություններով վիրավորում է հայ ժողովրդին, որն առանց այդ էլ շատ է տառապել իր պատմության ընթացքում։ Իմ նախնիները Կարսից են, Էրզրումից, Տարոնից։ Ես գիտեմ` ինչ է ցեղասպանությունը։ Այն միայն 1915-ը չէ։ Շուշիում էլ են թուրքերը կոտորել հայերին, Բաքվում էլ... Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է հայկական պետականության դեմ ուղղված կարգախոսներ տարածել»։


Ես գեներալ Տեր-Գրիգորյանցի գնահատականները մեկնաբանելու նպատակ չունեմ։ Եվ ոչ միայն ես, այլև բոլորը։ Ինչպես նաև Սասուն Միքայելյանը, Ժիրայր Սեֆիլյանը, առավել ևս, չկռված ու բանակում չծառայած, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրանց նմաններին մեր ազգը միայն մի բան է թույլ տալիս` լռել։ Ահա մեր երկրի, հասարակության հիմնական սպառնալիքը` հերթական պառակտման վտանգը։ Եվ արդեն ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և Սփյուռքի։ Եվ այն ուժեղանալու է։ Ահա Երևանում փոխհրաձգություն և վիրավորներ են եղել։ Ահա ձեռնամարտի ոճով բախումներ, տվյալ դեպքում ամերիկամետ հաճկատարների և 11-րդ Կարմիր բանակի ու «Հայաստանի խորհրդայնացման օրվա» երկրպագուների միջև։ Եվ այդ ամենը տեղի է ունեցել ընդամենը նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում։ Իսկ այդ ամենը սադրել է Փաշինյանի զինակից, կիսագրագետ, թեկուզ և պատերազմի մասնակիցը իրենց (հաստատ` ոչ համազգային) հեղափոխությունն «անզգուշորեն» համեմատելով այն իրադարձությունների, փաստերի ու երևույթների հետ, որոնք իսկապես համազգային արժեքներ են։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan