Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թատրոնը մի ցավոտ կողմ էլ ունի. ոչ մի բեմադրիչ այստեղ երկար չի մնում»

«Թատրոնը մի ցավոտ կողմ էլ ունի. ոչ մի բեմադրիչ այստեղ երկար չի մնում»
11.12.2018 | 02:01

«Իրատեսի» հյուրը Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է: Զրուցել ենք թատրոնի վարչական ու ստեղծագործական խնդիրների, ակնկալվող փոփոխությունների, հանդիսատես-թատրոն կապը ամրացնելու անհրաժեշտության մասին:

-Ի՞նչ կասեք հանդիսատես-թատրոն կապի մասին: Գորիսում կա՞ հետաքրքրություն թատերական արվեստի նկատմամբ:
-Կան հիշատակումներ այն մասին, որ Գորիսը և հարակից շրջանները ապրել են մշակութային աշխույժ կյանքով, ինչում իր ուրույն տեղն ու նշանակությունն է ունեցել թատերական գործունեությունը: Ստեղծվել են ինքնագործ խմբեր, այնուհետև՝ ժողովրդական թատրոն, պետական թատրոն, որը ակտիվ գործունեություն է ծավալել տարբեր ժամանակահատվածներում: Գորիսում թատերական արվեստը մեծ պահանջարկ ուներ: Անկախությունից հետո, բնականաբար, սկսվեցին դժվարությունները: Նվիրյալների շնորհիվ ստեղծագործական աշխատանքները չէին դադարում, սակայն հանդիսատեսի շարքերը սկսեցին նոսրանալ: Չենք կարող ասել, որ այսօր մեր հանդիսատեսը ակտիվ է, թեև խաղացանկը պարբերաբար թարմացվում է, ունենում ենք նոր ու հաջողված ներկայացումներ, վերականգնվում են հին, լավ բեմադրությունները:
Մեկ տարուց ավելի է, ինչ ստանձնել եմ տնօրենի պարտականությունները, այդ ընթացքում Թատերական միության հետ կազմակերպվել են «Թատերական Սյունիք» փառատոնը, «Արտավազդ» մրցանակաբաշխության փակման արարողությունը, որի շրջանակում երկրորդ փուլ անցած առաջատար թատրոնները եղան մեզ մոտ: Մշակույթի նախարարության կազմակերպած տարաբնույթ միջոցառումների շրջանակում հյուրընկալեցինք թատերական խմբեր նաև արտերկրից:
-Ասում են՝ Գորիսի հանդիսատեսը ամենախստապահանջն է: Հանդիսատեսին հետ բերելու ճանապարհը թարմացված խաղացա՞նկն է, հաջողված ներկայացումնե՞րը:
-Ինչպես նշեցի, գորիսցները հնարավորություն ունեցան դիտելու առաջատար թատրոնների ներկայացումները, բայց նույնիսկ այդ ժամանակ դահլիճը դժվարությամբ էր լցվում: Սա նշանակում է, որ, խաղացանկը թարմացնելուց բացի, զուգահեռ պետք է մտածել միջոցառումների անցկացման, նորամուծությունների մասին: Հանդիսատեսը պետք է ոչ միայն լավ ներկայացում դիտի, այլև հնարավորություն ունենա իր օրը հետաքրքիր անցկացնելու թատրոնում: Իբրև օրինակ՝ թատրոնի ճեմասրահը, որն այս տարի է վերանորոգվել, ուզում ենք դարձնել ժամանցային վայր:
-Թատրոնն այս տարի՞ է վերանորոգվել:
-Այո, փորձում ենք աստիճանաբար լուծում տալ տարիներով կուտակված խնդիրներին: Կառավարության հատկացրած գումարներով այս տարի հասցրինք բեմը նորոգել, համալրել լուսաձայնային տեխնիկայով, վերանորոգել ճեմասրահը, սանհանգույցը: Թատրոնի համեստ հնարավորություններով դահլիճն ենք կարգի բերել, մաքրել ու կահավորել, նորացրել ենք հատակը, նստարանները, դռները, վարագույրները և այլն: Այսինքն՝ փորձել ենք շատ թե քիչ հարմարավետություն ապահովել հանդիսատեսի համար: Սակայն շարունակ նոր խնդիրներ են ծագում, և որպեսզի նորմալ ընթացք ապահովենք, ժամանակ է պետք, միջոցներ, մի քիչ էլ նյարդեր:
-Որքան գիտեմ՝ թատրոնի դերասաններն անմիջական մասնակցություն են ունեցել վերանորոգման աշխատանքներին:
-Այո, և՛ ստեղծագործական, և՛ սպասարկող անձնակազմը օգնում էր, ինչով կարող էր, գիտակցումով, որ թատրոնն իրենց տունն է: Հավելեմ, որ թատրոնի վերանորոգման համար որոշակի աջակցություն են տրամադրել նաև Գորիսի համայնքապետարանը, «Գամմա» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը, Հայկ Աբրահամյանը, Նաիրի Պողոսյանը: ՈՒրախալի է, որ Գորիսում թատրոնի առկայությունն ու գործունեությունը կարևորող մարդիկ կան, հույս ունեմ, որ սրտացավ մարդկանց թիվը կավելանա:
-Բավարար չափով ներկայացվում-գովազդվու՞մ է թատրոնի աշխատանքը: Չմոռանանք՝ որքան էլ ներկայացումը լավը լինի, հանդիսատեսին գրավելու համար գովազդն առաջնային է:
-Առաջնային է բովանդակությունը՝ նյութը: Իհարկե, գովազդը կարևոր հանգամանք է (այդ ուղղությամբ մտածում ենք), բայց միջոցներ, գործիքներ են պետք: Գորիսը հեռուստատեսություն, ռադիոալիք չունի, պետք է դիմենք մայրաքաղաքի կամ մարզային հեռուստատեսությանը, ինչն էլ գումարների հետ է կապված: Տոմս վաճառելը մեզ մոտ բարդ խնդիր է: Շատ դեպքերում փոխանցումներ են լինում հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից, և հանդիսատեսի ներկայությունն ապահովում ենք անվճար տոմսեր բաժանելով: Դա ասես ավանդույթ է դարձել, ոչ ոք ցանկություն չունի տոմս գնելու: Թեև վերջին շրջանում որոշակի աշխուժություն, դրական տեղաշարժ նկատվում է:
-Թատրոններին տրվող պետական սուբսիդիան նվազեցվել է: Ի՞նչ խնդիրներ է լուծում պետական աջակցությունը, և ինչի՞ է հանգեցրել նվազեցումը:
-Պետությունը տալիս է սուբսիդիա կոնկրետ աշխատավարձի և կոմունալ ծախսերի որոշակի չափով: Տարին սկսեցինք կրճատված սուբսիդիայով, չնայած Գորիսի թատրոնի հնարավորություններն առանց այն էլ անբավարար են: Անհրաժեշտ հաստիքներ ապահովելու և աշխատակիցներին դուրս չթողնելու համար ստիպված եղանք որոշ հաստիքներ կես դրույք դարձնելու: Փոխարենը բարձրացվել են չափորոշիչները՝ թատրոնի պարտավորությունների մասով: Ինչևիցե, ունենք այն, ինչ ունենք: Կարծում եմ՝ մարզային թատրոնների նկատմամբ մոտեցումները կփոխվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանային, տեղային առանձնահատկություններն ու խնդիրները:
-Տեղի գործարարները շահագրգիռ չե՞ն Գորիսում լավ թատրոն ունենալու հարցում: Մեկենասներ չունի՞ թատրոնը:
-Գորիսը փոքր քաղաք է, գործարարները շատ չեն, մեկենասության սովորույթ կամ ավանդույթ չկա այստեղ: Հիմնադրամ ստեղծելով՝ փորձելու ենք հոգաբարձուների խորհուրդ ձևավորել: Կարծում եմ՝ կգտնվեն մարդիկ, ովքեր նախանձախնդիր կլինեն Գորիսի թատրոնի զարգացման հարցում: Ասեմ, որ աշխատողների սոցիալական խնդիրներն էլ քիչ չեն:
-Դերասանական կազմը փո՞քր է, որքան գիտեմ՝ 13-ն են:
-Այո, դերասանների փոքր կազմ ունենք, որոնց մի մասը քաղաքում չի բնակվում: Մասշտաբային և շատ կերպարներով գործեր ընտրելիս, երբ դերասանի փոխարինման անհրաժեշտություն է լինում, դժվարությունների առաջ ենք կանգնում: Դրա համար էլ փորձում ենք քիչ դերակատարներով գործեր ընտրել և բեմադրել: Նաև մոնոներակայացումների վրա ենք աշխատում:
Թատրոնը մի ցավոտ կողմ էլ ունի. ոչ մի բեմադրիչ այստեղ երկար չի մնում: Գրեթե միշտ հրավիրում ենք: Հիմա երիտասարդ նոր ռեժիսոր ունենք՝ Ասյա Սիրեկանյանը, որն ընտանիքով տեղափոխվել է Գորիս, պիտի ամեն կերպ օգնենք, սատարենք, որ կայանա և ստեղծագործական ուղին կապի մեր թատրոնի հետ:
-Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, որի տնօրենն եք եղել, երիտասարդ կադրեր ապահովու՞մ է Գորիսի թատրոնին:
-Ոչ միայն Գորիսի, նաև Կապանի, Շուշիի, Ստեփանակերտի թատրոնների ստեղծագործական խմբերում մեծ մասամբ նրանք են: Սերնդափոխության հարցը, կարելի է ասել, լուծված է: Սոս Սարգսյանի նվերն էր կարծես. Վարպետի շնորհիվ ստեղծվեց մասնաճյուղը: Հիմա այդ երիտասարդների համար միջավայր է պետք, այդ ուղղությամբ ենք աշխատում:
-Հյուրախաղեր ունենու՞մ եք:
-Ոչ հաճախ, բայց պարբերաբար լինում ենք Սյունիքի տարբեր համայնքներում, Արցախում, Վայոց ձորում, Լոռիում, որտեղ մեզ սիրով սպասում են:
-Ձեր ղեկավարության շրջանում ի՞նչ ներկայացումներ է բեմադրել թատրոնը:
-«Կառլսոնը, որ ապրում է տանիքում» մանկական ներկայացումը, «Անտառային հրաշք» հեքիաթը, «Կավարդակ» շոու ներկայացումը (իրավիճակային կոմեդիա)՝ ֆրանսիական գործի մոտիվներով, «Խոշոր շահում» կատակերգությունը, որին հանդիսատեսը բավական լավ է արձագանքում, «Տերն ու ծառան», «Գիքորը 21-րդ դարում» բեմադրությունները, որոնք վերականգնել ու թարմացրել ենք: Նոյեմբերին կայացավ Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի և «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» մոնոներկայացման (ըստ՝ Դարիո Ֆոյի և Ֆրանկո Պարենթի) առաջնախաղը, որով նաև Երևանում մեկնարկեց «Արմմոնո Plus» թատերական փառատոնը:
-Դպրոցներում մեկնարկել է աբոնեմենտային համակարգը, որի շրջանակում աշակերտներն անվճար այցելելու են իրենց ընտրած թանգարան և համերգասրահ: Հավանաբար ծրագրում ներառվելու են նաև թատրոնները: Ի՞նչ կասեք երկար տարիներ մոռացության մատնված այս համակարգի վերականգնման մասին:
-Շատ լավ պրակտիկա է, եթե կիրառվի, մենք տարածաշրջանում կսպասարկենք դպրոցական տարիքի հանդիսատեսին: Պետությունը կսուբսիդավորի, և, անկախ տոմսի արժեքից, աբոնեմենտային համակարգը թատրոնին հավելյալ գումար կբերի: Կան թատրոններ, որ հնարավորություն ունեն բարձր գնով տոմս վաճառելու, ցածր գնով աբոնեմենտը մի քիչ խնդիրներ կառաջացնի: Մեզ մոտ հակառակն է, որովհետև մենք և՛ հանդիատեսի կարիք ունենք, որ ուղղորդենք դեպի թատրոն, և՛, այսպես ասած, հավելյալ եկամուտը մեզ չէր խանգարի:
- Գորիսի թատրոնում ի՞նչ արժե տոմսը:
-Լավագույն դեպքում՝ 1000 դրամ, եթե առաջնախաղ է: Հիմնականում 500 դրամից ավելի տոմս չենք կարողանում իրացնել:
-Ի՞նչ հստակ ծրագրեր, քայլեր են նախատեսվում առաջիկայում՝ թատրոնը կենդանացնելու, աշխուժացնելու համար:
-Արդեն նշեցի, որ ճեմասրահն ուզում ենք դարձնել ավելի ֆունկցիոնալ, ստեղծել մշակութային ակտիվ միջավայր, այնպես, որ թատրոնում շաբաթվա հինգը օրը տարաբնույթ միջոցառումներ լինեն՝ կինոցուցադրություններ (արդեն իսկ ունենում ենք), ցուցահանդեսներ, գրական երեկոներ և այլն: Մտադիր ենք զբոսաշրջիկների համար հայկական կոլորիտն ու ավանդույթները ներկայացնող բեմադրություններ պատրաստել, թատերական մանկապատանեկան խմբեր ձևավորել: Նպատակ ունենք «Թատերական Սյունիք» փառատոնը ամենամյա դարձնել, մտածում ենք կինոփառատոնի մասին, որը կմեկնարկի գարնան սկզբին: Վստահ եմ, որ այս կերպ թատրոնը կսկսի շնչել, և կավելանա հանդիսատեսի հաճախելիությունը:

Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ