Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԱՄՆ-ը «նոր Հայաստանն» ուղղորդում է դեպի վրաց-թուրքական վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանն» ուղղորդում է դեպի վրաց-թուրքական վեկտոր
14.12.2018 | 01:27

2019 թ. հունվարի 1-ից Վրաստանն արգելելու է ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-հաճարի ալյուրի ներմուծում-արտահանումը։ Որոշումը կտարածվի վրացական տարածքով նման բեռնափոխադրումներ կատարող բոլոր երկրների վրա։ Հայաստանը պետք է Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետի այլընտրանք փնտրի, և այդպիսին կարող է դառնալ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստուղին։ Թվում է, թե խնդիրը հեշտ լուծվողներից է, սակայն, «նոր Հայաստանում» ծավալվող իրադարձությունների լույսի ներքո, երկրի հաղորդակցական անվտանգության համար լրացուցիչ սպառնալիքներ են ծագում։


Նոյեմբերի 20-ից հայկական ԶԼՄ-ներն սկսեցին հաղորդագրություններ տարածել «դադարեցվում է Կովկաս-Փոթի-Կովկաս գծով լաստանավի կանոնավոր երթևեկությունը», «ՀԿԵՈՒ-ն վերացրել է Կովկաս-Փոթի լաստանավի երթևեկությունը» և այլ վերնագրերով։ Հոդվածների առիթը եղել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևի նամակը (5.11.2018)` ուղղված Հայաստանի բեռնառաքներին, բեռնաստացներին, առաքիչներին։ Նամակում ասվում էր. «ՀԿԵՈՒ-ն տեղեկացնում է, որ 2018-ի դեկտեմբերի 1-ից ժամանակավորապես դադարեցվում է Կովկաս-Փոթի-Կովկաս երթուղով լաստանավային կանոնավոր երթևեկությունը... 2019-ին ՀԿԵՈՒ-ն կշարունակի աշխատել այդ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև բեռների խոշոր խմբաքանակի դեպքում ՀԿԵՈՒ-ն պատրաստ է աջակցելու միանվագ ուղերթերի կազմակերպմանն ըստ Ձեր պատվերի։ Կանոնավոր լաստանավային երթևեկության վերականգնման մասին կհաղորդվի լրացուցիչ կերպով»։ Զարմանալի է, որ այդ թեմայով հաղորդագրություն պատրաստելիս մեր ԶԼՄ-ները հանկարծ համերաշխորեն «կուրացան» և չնկատեցին, որ նամակում ասվում էր, առաջին, ձեռք առնված միջոցների ժամանակավոր բնույթի, երկրորդ, ոչ թե հաղորդակցության լրիվ դադարեցման, այլ միայն կանոնավոր ուղերթերի դադարեցման մասին։ Եվ երրորդ, բեռների խոշոր խմբաքանակի (30 վագոն) դեպքում աջակցելու ՀԿԵՈՒ-ի պատրաստակամության մասին։


Մամուլում այդ լուրն ուղեկցվում էր տարբեր մեկնաբանություններով, որոնց իմաստը հանգում էր նրան, որ «Ռուսաստանի շնորհիվ» (ՀԿԵՈՒ ՓԲԸ-ն ՌԵՈՒ ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է) Հայաստանը հացահատիկային բեռներ չի կարող ստանալ նաև ծովով (բացի ցամաքային ճանապարհի վրա վրացական կողմի դրած արգելքից)։ Նոյեմբերի 21-ին հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին ՀԿԵՈՒ-ի մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանի պարզաբանումը, որ Կովկաս-Փոթի ուղերթն իրականացնող լաստանավի սեփականատերն այն վաճառել է, և առայժմ հայտնի չէ` նոր սեփականատերը կցանկանա՞ աշխատել այդ երթուղում։ Տեղական որոշ ԶԼՄ-ների եզրակացությունն այն է, որ ՀԿԵՈՒ ընկերությունը «վրեժ է լուծում Հայաստանի նոր իշխանությունից», մասնավորապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից նոյեմբերի 20-ի հայտարարության համար (մամուլի կոնֆերանսում Փաշինյանը հայտարարեց, որ ՀԿԵՈՒ-ի գործունեության մեջ շատ բան կա, որը պետք է պարզեն քննչական մարմինները)։ Նշենք, որ ՀԿԵՈՒ-ի հետագա պարզաբանումները, թե ընկերության աշխատանքում սկզբունքային ոչ մի բան չի փոխվել, առաջարկի դեպքում երթուղով բեռնափոխադրումները կիրականանան, որ Կովկաս (ՌԴ) և Փոթի (Վրաստան) նավահանգիստների միջև հաղորդակցությունն ապահովում են առանձին իրավաբանական անձինք, որոնց սեփականատերերը ոչ ռուսական երկաթուղին է, ոչ էլ Հայաստանում նրա դուստր ընկերությունը, ոչ մի արդյունք չտվեցին։ Հայաստանի նոր իշխանության «վրեժը», ըստ նույն ԶԼՄ-ների, արտահայտվեց նոյեմբերի 21-ին, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշեց ՀԿԵՈՒ-ին տուգանել 60 հազար դոլարով։


Մինչ հայկական ԶԼՄ-ները ՀԿԵՈՒ-ն (ես պնդում եմ, որ` Ռուսաստանը) պատկերում էին ամենաանդուր տեսքով, Բաքվում նշում էին Թուրքիայի «բարիդրացիական վերաբերմունքը» Հայաստանի հանդեպ։ Այսպես, նոյեմբերի 19-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական հանդեսներին, հաղորդեցին, թե իբր Անկարան հայկական 400 մեծաբեռ ավտոմեքենայի թույլատրել է ամեն տարի բեռներ տեղափոխել Տրապիզոն նավահանգստից, ինչպես հայտարարել է թուրքական «Հայերի անհիմն հավակնությունների դեմ կազմակերպության» ղեկավար Գյոքսել Գյուլբեյը։ Ըստ նրա` այդ թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։ Իբր նախկինում հայ վարորդներն օգտվում էին վրացական Փոթի նավահանգստից, բայց «թուրքական Տրապիզոնից օգտվելը նրանց թույլ կտա ամեն մեծաբեռ մեքենայի հաշվով տնտեսել 600 դոլար»։ Նա նաև հիշեցրեց, որ 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո վրաց-թուրքական սահմանը հատող մեծ մեքենաների համար սահմանված էր որոշակի քանակ։ Բայց վերջին շրջանում, ծախսերի տարբերության պատճառով, հայ վարորդները գերադասում են գնալ Տրապիզոն, քան Փոթի։ Եվ հետո պարզաբանեց, որ, «ըստ թուրքական օրենքների, հայաստանցի վարորդները չեն կարող Թուրքիա մտնել որպես զբոսաշրջիկ. դրա համար նրանք պետք է աշխատանքի թույլտվություն ունենան»։ Դարձյալ ըստ նրա, հայկական կողմը երկար ժամանակ փորձում էր լուծել այդ հարցը, և որպես միջնորդ հանդես էր գալիս ուկրաինական կողմը, իսկ հիմա հայ վարորդներին աշխատանքային թույլատրագիր է տալիս Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը։


Ո՞վ է այդ Գյոքսել Գյուլբեյը։ Թուրք նացիստ։ Ի դեպ, նա պարբերաբար բարձրաձայնում է, թե Արցախն օթևան է տվել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին, և իբր Արցախի տարածքում «ահաբեկիչներ են պատրաստվում»։ Նրա հետ հարցազրույցներ են տպագրում թուրքական հայտնի հանդեսներ, օրինակ` «Միլիեթ» թերթը։ Մի խոսքով, նա Թուրքիայի և նրա արտասահմանյան տերերի մտադրությունների «մունետիկն» է, որին օգտագործում են անհրաժեշտության դեպքում։ Գյուլբեյի «սենսացիոն մերկացումներին» հաջորդեց Բաքվի անհապաղ արձագանքը։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հանդես եկավ հերքմամբ, ասելով, որ հայ բեռնափոխադրողներին թուրքական իշխանությունները ոչ մի թույլտվություն չեն տվել։ Իր հերթին Տրապիզոնի նավահանգստի պետ Մուզաֆեր Էրմիշը նշեց, որ նմանատիպ հաղորդումներն իր մեջ ափսոսանք ենք առաջացնում, քանի որ «նավահանգստի ղեկավարությունը հետևողականորեն հավատարիմ է Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությանը»։ Այսինքն` նախ «Թուրքին տվեք Արցախը»... Ահա թե ինչն է մտքիս գալիս։ 2012-ի հուլիսի սկզբին թուրքական «Gunebakis» թերթը տպագրել էր Տրապիզոնի նավահանգստի պետ Էրմիշի հայտարարությունը, որում նա հավաստիացնում էր, որ թուրքական կառավարության համաձայնության դեպքում նավահանգիստը պատրաստ է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ բեռնափոխադրումների իրականացմանը, ինչը շահավետ կլինի երկու կողմին։ «Հայաստանն այժմ վրացական Փոթի նավահանգստով 7,5 մլրդ դոլարի ներմուծում և արտահանում է իրականացնում։ Դեպի Փոթի երկաթգիծ կա, բայց մեծ ընդհատումներով է գործում։ Երևանից Տրապիզոն կարելի է հասնել օրվա ցանկացած ժամին։ Մեր նավահանգիստը պատրաստ է այդ ծավալի բեռնափոխադրումների իրականացմանը»,- ասում էր Էրմիշը, հավելելով, որ տվյալ պահին նավահանգիստը գործում է իր հզորության 25 %-ի չափով։ Հարց է ծագում. այդ ինչու՞ մենք` հայերս, պետք է նպաստենք Տրապիզոնի ու Թուրքիայի բարգավաճմանը։ Ի՞նչ է, նրանք մեր «նոր եղբայրնե՞րն» են լինելու։ «Նոր Հայաստանին» «նոր եղբայրնե՞ր» են խորհուրդ տվել։ Հետաքրքիր չէ, թե ովքեր են խորհրդատուները, հետաքրքիր է, թե իշխանությունը երբ կխոստովանի, որ ծառայում է ինչ-որ մեկին, միայն ոչ հայ ժողովրդին։


Բայց տարօրինակ է, որ նման հայտարարություններ են հնչել նաև հայկական կողմից։ Օրինակ, Հայաստանի միջազգային փոխադրումների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը մի անգամ գանգատվեց, թե Թուրքիան որևէ քայլ չի ձեռնարկում հայ վարորդներին մինչև Տրապիզոն բեռափոխադրման թույլտվություն տալու համար, մինչդեռ «մենք (նկատի ուներ իր ղեկավարած ասոցիացիան) ամեն կերպ աշխատում ենք լուծել այդ հարցը»։ Այդ առթիվ նա հիշեցրեց, որ 2011 թ. 200 հայկական մեծաբեռ մեքենաներից միայն երկուսի համար է հաջողվել թույլտվություն ձեռք բերել, այն էլ` մեծ դժվարութամբ։ Իսկ «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման աջակցություն» ծրագրի (որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջոցով) տնօրեն Արթուր Ղազարյանը նշում էր, որ Հայաստանի բոլոր փոխադրողները շահագրգռված են տրապիզոնյան ուղղությամբ, որովհետև այն շահավետ է։ Ըստ նրա, Տրապիզոնի նավահանգիստը վրացական Փոթիի իրական այլընտրանք է։ Հետո հնչեցվել էր տեքստ, որը նույնությամբ վերարտադրում էր Գյոքսել Գյուլբեյի վերը մեջբերված հայտարարությունները «թուրքական օրենսդրության», «թույլտվությունները ձևակերպելիս ուկրաինական կողմի օգնության», «հայ փոխադրողների համար տրանսպորտային ծախսերը 600 դոլարով կրճատելու հնարավորության» մասին և այլն։ Եթե 2012 թ. նավահանգստի պետ Էրմիշն շտապեց հերքել սեփական խոսքերը և բացատրել, որ «Հայաստանի բոլոր դիմումներին մենք մի պատասխան ունենք. քանի դեռ չեն ազատագրվել Ադրբեջանի բռնագրավված տարածքները, ոչ մի համագործակցության մասին խոսք լինել չի կարող», ապա 2018 թ. Գյուլբեյը միայն խոստովանեց, որ չկա որևէ ապացույց, որ Հայաստանի մեծաբեռ ավտոմեքենաներն օգտագործում են Տրապիզոնը։ Ընդ որում, վկայակոչեց «տեղի բնակիչներից» ստացված տեղեկությունները։ Կարծում ենք, որ հաշվի առնելով հայտարարությունների նմանությունը, երկու դեպքում էլ լուրեր տարածողը կարող էր լինել նույն կենտրոնը։


«Տրապիզոնյան թեմայով» բոլոր արտահայտություններում նկատվում է ևս մեկ համընկնում։ Այսպես, առաջին «տեղեկատվական նետումները» 2012-ին երևան եկան այն բանից հետո, երբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը թուրքական «Today’s Zaman» թերթի հետ հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց։ Մասնավորապես, նա ասաց, որ այսուհետև էլ ԱՄՆ-ը կխթանի հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները։ «Եթե երկաթգիծը նորից բացվի (նկատի ունի Կարս-Գյումրի-երկաթուղին), հսկայական առաջընթաց կլինի առևտրի և զբոսաշրջության բնագավառում»,- ասել է Հեֆեռնը, հավելելով, որ երկաթուղին կարող է բացվել առանց Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի ապաշրջափակման։ Մեր օրերում «Անկարայի բարության» մասին հայտարարությունը երևաց ամերիկացի ռուսատյաց և իրանատյաց, ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի` Հարավային Կովկաս այցից հետո։ Հիշեցնենք, որ Երևանում գտնվելու ժամանակ նրա առաջին խորհուրդներից մեկն այն էր, որ «Հայաստանը լիովին օգտագործի իր ազգային ինքնիշխանությունը (ըստ Բոլթոնի` չկաշկանդվի պատմական կաղապարներով, ըստ իս` «սիրահարվեք Թուրքիային, հայեր») և արտաքին (ռուսական կամ իրանական) ազդեցությունից անկախ լինելը»։ Հատկանշական է, որ նոյեմբերի կեսերին հրապարակվեց ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական «Stratfor» գործակալության կանխատեսումը 2019-ի վերաբերյալ, ըստ որի, ԱՄՆ-ը հույս ունի օգտագործելու ՌԴ-ի ղեկավարության և Հայաստանի նոր իշխանության միջև լարվածությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու առնչությամբ, որպեսզի սեպ խրի Հայաստանի և Ռուսաստանի միջև։


Այնուամենայնիվ, եթե Վրաստանն արգելի տրանսպորտով ցորենի ներկրումը, ապա Հայաստանն ստիպված կլինի օգտվելու այլընտրանքային «Վերին Լարս» անցակետից, որն օբյեկտիվորեն գլուխ չի հանում բեռնահոսքից, հատկապես ձմռանը։ Եվ այլընտրանք պետք է դառնա ոչ թե «թուրքական ափը», Կովկաս-Փոթի-Կովկաս լաստուղին։ Հարց է ծագում. ինչու՞ է «տեղեկատվական հարձակում» կազմակերպվել ՀԿԵՈՒ-ի վրա։ Վարկածները շատ չեն, և բոլորը, այսպես, թե այնպես, հանգեցնում են «նոր Հայաստանի» իշխանության վրա ամերիկացի խորհրդատուների թաքնված ազդեցության մտքին։ Բոլթոնը Երևան էր եկել նաև նրա համար, որ տեղում նախապես ստուգեր հակառուսական տրամադրությունների աճի, Հայաստան եկող տրանսպորտային հոսքերը ռուսական և իրանական ուղղություններից խստորեն դեպի վրաց-թուրքական երթուղիներ վերուղղելու հնարավորության հարցը։ Վերին Լարսը գտնվում է իր հնարավորությունների սահմանին և մշտապես դժվարության է հանդիպում արտաքին աշխարհի հետ այսրկովկասյան հանրապետությունների կապն ապահովելու գործում։ Հայ-իրանական սահմանի հատվածը նույնպես Երևանի համար կարող է «կյանքի ճանապարհ» չդառնալ ԱՄՆ-ի պատժամիջոցների և մեր իշխանության վախկոտության պատճառով, որն արդեն «մտածում է» հայ-իրանական սահմանը փակելու մասին, չնայած ես 1994-95-ից բազմիցս պնդել եմ, որ Հայաստանի և Արցախի համար միակ հուսալի այլընտրանքը Իրանն է և նրա տարածքի հնարավորությունները։ Ամերիկացիներն ուզում են Հայաստանի «հեղափոխական իշխանությունը» վերակողմնորոշել դեպի վրաց-թուրքական ուղղություն` օգտագործելով ցանկացած պատեհ առիթ։ Օրինակ, Փաշինյանի կառավարության հարձակումները ՀԿԵՈՒ-ի վրա, որպեսզի վրաց-թուրքական ուղղությունը զրկվի վերջին լուրջ մրցակցից` Կովկաս-Փոթի լաստուղուց։ Խորհրդարանական ընտրության ֆոնին երկրի քաղաքական դաշտում ի հայտ եկան ռեակցիոն բնույթի նոր ուժեր, որոնք ուզում են իշխանության մաս կազմել։ Ռուսաստանի նկատմամբ անթաքույց ատելություն ունեցող և Հայաստանին «ապառուսականացնելու» անհրաժեշտություն քարոզող հենց այդ ուժերը խոսեցին Թբիլիսիի հետ Երևանի ամենասերտ հարաբերությունների անհրաժեշտության մասին, ընդհուպ երկու հարևան հանրապետությունների միջև «սահմանների ջնջումը»։ Կարճ ասած, ինչ-որ մեկն ուզում է սկսել Հայաստանի ամբողջությամբ ու մաս-մաս վաճառքը։ Եվ հիշեցնեմ. ԱՄՆ-ի վաղեմի ծրագիրն այն է, որ մեր տարածաշրջանը դառնա Թուրքիայի կցորդը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ