Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մի գիշեր Աթաթուրքի սենյակում»

«Մի գիշեր Աթաթուրքի սենյակում»
14.12.2018 | 01:35

Ոչ հեղինակին գիտեմ, ոչ բեմադրիչին: Այնքանն եմ լսել, որ Քեմալ Աթաթուրքի բռնահանությունից հետո («Կամ թրքացեք, կամ հեռացեք») Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ապաստանած քեռայրս «Թալեաթի անկումը» ամենայն հավանականությամբ սիրողական ներկայացումում ստանձնում է Սողոմոն Թեհլերյանի դերը: Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբերգ փողոցում, երբ նա ձեռքը ճիվաղի ուսին է դնում, ու նա հետ շրջվելով, այլայլված հարցնում է՝ «Ի՞նչ եք կամենում, երիտասարդ», քեռայրս իր կողմից մի նախադասություն է ավելացնում։ «Մեկ ու կես միլիոն հայերի արյունն եմ ուզում»:


Արարատյան Հայաստան ներգաղթելուց հետո, ընտանեկան հավաքույթներին, քեռայրս այդ նախադասությունը հաճախ էր կրկնում, ու հայրս միշտ մատը շրթունքներին էր տանում. «Կամա՛ց, հոս պատերն ալ ականջ ունին»: Մենք երեխա էինք, տարակուսանքով էինք մեր շուրջը նայում՝ պատը ականջ կունենա՞: Պարզվեց` ունի. այդ մի նախադասության համար քեռայրիս Սիբիր աքսորեցին, բայց «արյուն» խորհրդաբառը, որն այս դեպքում հասարակ գոյական չէ, միլիոնավոր նահատակներ են, 850 ազգընտիր մտավորականներ, հայրենական ծով հարստություն, վերջապես՝ գերված բնօրրան, մնաց:
Ահա այս խորհրդաբառը նորովի ընկալելու, նորովի իմաստավորելու մղումն է մեր օրերի գրողին ու մտավորականին՝ Ֆելիքս Բախչինյանին, Մեծ աղետից ավելի քան հարյուր տարի անց հասցնում Դեյր էզ Զոր: Ճանապարհին նա մի գիշեր հանգրվանում է Հալեպի «Բարոն» հյուրանոցում, ճակատագրի հեգնա՜նք, այն նույն կեցասենյակում, որտեղ ինչ-որ ժամանակ հանգրվանել է Քեմալ Աթաթուրքը` Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը, առաջին նախագահը, վերջապես թուրք ժողովրդի «հայրը»։ ՈՒ ժամանակակից հայ մտավորականը, որը գրքում ներկայանում է տարօրինակ ծագումնաբանությամբ՝ որպես կարինցի պապից ու արցախցի տատից սերված սփյուռքահայ գրող, ամբողջ գիշեր չի քնում: Հասկանալի դրդապատճառներով: Այն բանից հետո, երբ Մուստաֆա Քեմալն ու ՈՒլյանով Լենինը բորենիների պես միացել, հոշոտել են Հայաստանը, շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Նորահայտ մի ճիվաղ՝ Ստալինը, «եղբայրական» Ադրբեջանին է նվիրել Նախիջևանն ու Արցախը, նմանակելով թուրք Թալեաթին, անճիտել է հայ մտավորականությանը: Մի չնչին տարբերությամբ. եթե Թալեաթն ուզում էր հայությանը Միջագետքի կիզիչ անապատներում ոչնչացնել, Ստալինը նույն նպատակի համար Սիբիրի սառցաստաններն էր նախատեսել:

Այնուամենայնիվ հայ ժողովուրդը ոչ մի ակնթարթ չի դադարեցրել պայքարը՝ զինված պայքարը («միայն զենքով կա հայոց փրկություն»): Անգամ Աթաթուրքի ակնածանքը հարուցած Անդրանիկին հաջորդել են հայ վրիժառուները, հայ վրիժառուներին՝ հայկական գաղտնի բանակների արդարամարտիկները, արդարամարտիկներին՝ մերօրյա երկրապահները, որոնք ազատագրել են Արցախն ու վերականգնել ազգային պետականությունը: («Արծիվ-մահապարտներ» գումարտակի ամենատարեց ազատամարտիկ Սպարտակ Մաթևոսյանն ինձ հավատացնում էր, որ Շուշիի հաղթանակի օրը Ստալինը շուռ է եկել դագաղում, ու երազում էր կռվել մինչև այն օրը, երբ Նախիջևանն էլ կազատագրվի, հրեշը մի անգամ էլ դագաղում շուռ կգա ու հետո վերջնականապես «գյոռբագյոռ» կլինի):


Թվում է, թե անցյալ դարավերջի մեր դարակազմիկ նվաճումներից հետո «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» խոհապատմական գրքի հեղինակը հաղթանակած պիտի նայի թուրք ժողովրդի «հորը», բայց այդպես չէ: Ցավոք՝ այդպես չէ: Բախչինյանն անողոք, այսինքն անաչառ է ոչ միայն ոսոխի, այլև իր ժողովրդի նկատմամբ: Նա հրապարակագրական անհանդուրժողականությամբ է դատափետում մեր՝ ազգային պետականություն կերտող երկրին անհարիր փտածությունը, դրամամոլությունը, այլ մոլությունների նորահայտ դրսևորումները և, իբրև այս ամենի կործանարար հետևանք, զանգվածային արտագաղթը: Այս հպանցիկ պահին հայ և թուրք զրուցակիցները կարծես համամիտ են: Հայ հանրությունը, դարեր ի վեր իր բոլոր ողբերգությունների համար թշնամուն մեղադրելով, իրեն ձերբազատել է ազգային պատասխանատվությունից, ինքնաքննադատաբար չի վերաբերվել իրեն, դիրքորոշումը չի ճշգրտել: Անընդմեջ նույն արդարացումը՝ «թո՛ւրքը, թո՛ւրքը, թո՛ւրքը»: Ընթերցողը համոզվում է, որ դա շատ լավ գիտեն, թուրքական հայատյացությունը խարանել են անգամ հայ ժողովրդի այլազգի բարեկամները, հեղինակի՝ մեջբերումներով վկայակոչած Նանսենը, Մանդելշտամը, Գորոդեցկին, մեր օրերում` Մեժելայտիսը, բայց երբևէ ինքներս մե՛զ գոնե հարցրե՞լ ենք, թե ինչպես է պատահել, որ նույն թուրքի լծի տակ հեծող բոլոր ժողովուրդները, բառացիորեն բոլորը՝ հույները, արաբները, ռումինները, ազատագրվել են Օսմանյան լծից, իսկ մեր նախնիները ոչ միայն չեն ազատագրվել, այլև կորցրել են Արևմտահայաստանն ու Կիլիկիան: Ի վերջո, Հայաստանի երրորդ՝ Արարատյան հանրապետությունը աշխարհի թերևս միակ միարյուն, միազգ երկիրն է, հիմա ու՞մ մեղադրենք այն աղաղակող արատների համար, որոնց դառնությամբ անդրադառնում է հեղինակը:
Ահա հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար էլ հենց Դեյր էզ Զոր է գնում: Միայն թե նա նախօրոք պիտի իմանա, որ Դեյր էզ Զորը գերեզմանոց չէ: Մենք մեր նահատակներին հարյուր տարի անց էլ հողին չենք հանձնում, որովհետև հավատում ենք՝ նրանք մեռելներից պիտի կենդանություն առնեն, իրենց ազատագրված բնօրրանները վերադառնան: Մենք էլ՝ նրանց հետ:


ԱՍԱԼԱ-ի «Վան» մարտախմբի փարիզյան դատավարության առաջին օրը հրամանատարը՝ 20-ը նոր լրացրած Գևորգ Գյուզելյանը, հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
-Սույն հայտարարությամբ ուզում եմ մի անգամ ևս լիովին ստանձնել 1981 թվականի սեպտեմբերի 24-ին թուրքական հյուպատոսարանը պատանդ վերցնելու պատասխանատվությունը և բացատրել պատճառները:
Մենք համաձայնեցինք կատարելու այդ գործողությունը, քանի որ համընկնում էր Հայկական հարցի լուծման մեր հայեցակարգին:
Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, որի զոհերն ենք նաև մենք, Թուրքիան մինչև հիմա չի ընդունել, ոճրագործությունը չի դատապարտվել:
Բայց Հայկական հարցը միայն ցեղասպանության ընդունումը չէ: Այն գլխավորապես տարածքային իրավունքների հարց է, այսինքն հայ ժողովրդի՝ թուրքերի կողմից բռնազավթված Հայաստանը վերադառնալու, ինչպես նաև ինքնորոշվելու, հայկական անկախ պետություն հիմնելու հարց:
Տարածքային իրավունքները մեր պատմական իրավունքներն են, թուրքերի բռնատիրած երկիրը հայ ժողովրդի բնօրրանն է, հայ ժողովուրդն այդ հողի վրա ապրել է երեք հազար տարի:


Մենք սպանելու չէինք եկել, մեր ոչ մի արածի համար չենք զղջում: Մենք դիմել ենք այդ քայլին, որովհետև արդարությունը վերադարձված չէ մեր ժողովրդին: Մենք՝ հայ մարտիկներս, երդվել ենք զինվորագրվել մեր ազգային դատին, արդարության վերականգնմանը և այժմ հավաստում ենք երդմանը հավատարիմ մնալու մեր ուխտը։
ՈՒխտ, որին արյան տարրաբանությամբ հավատարիմ ենք բոլորս։


Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ