Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք

Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք
14.12.2018 | 00:04

«Զինչ են հաւատք եթէ ոչ յուսացելոց իրաց հաստատութիւն և յանդիմանութիւն որոց ոչն երևին»:


Հավատը հուսացված բաների հաստատումն է և չերևացող բաների ապացույցը: Այսպես է սահմանում հավատը Պողոս առաքյալը: Բոլոր մարդիկ էլ ունեն հավատ, որովհետև բոլորն էլ հույս են տածում և հույսը դնում են նաև չերևացող բաների վրա, այդ տեսանկյունից անհավատ մարդիկ պարզապես չկան: ՈՒրեմն ինչու ենք ընդհանրապես ասում «անհավատ մարդ»: Խնդիրը իրականում ոչ թե ինքնին հավատին, այլ հավատի առարկային է վերաբերում: Մարդիկ հավատում են տարբեր բաների. իրենց ուժերին, կարողություններին, հաջողությանը, անգամ տարբեր աստվածների։ Այս վերջին պարագայի մասին Պողոս առաքյալն ասում է. «Թեպետև այսպես կոչված աստվածներ կան թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա. արդարև կան բազում աստվածներ և բազում տերեր» (Ա Կորնթ. 8; 5)՝ դրանով ոչ թե հաստատելով և խրախուսելով բազմաստվածության երևույթը, այլ պարզապես շեշտելով այդ «աստվածների»՝ մարդկային հավատի առարկա լինելու փաստը: Իսկ իր խոսքի շարունակության մեջ նա ուղղակի հռչակում է միակ Ճշմարիտ Աստծո հավատը՝ ցանկանալով պարզ դարձնել այն գաղափարը, որ եթե «աստվածները» մարդկային սնահավատության և երևակայության արգասիք են, ապա Ճշմարիտ Աստված եղել է, կա ու կլինի, եթե անգամ ոչ մի մարդ նրան չհավատա. «Բայց մեզ համար միայն մե՛կ Աստված կա՝ Հայրը, որ ստեղծել է ամեն բան, և մենք ապրում ենք նրանով. և՝ միայն մե՛կ Տեր՝ Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, և մենք ապրում ենք նրանով» (Ա Կորնթ. 8; 6) հաստատելով ոչ թե զուտ Ճշմարիտ Աստծո գոյության գաղափարը, այլ այդ Աստծո ամենազորությունը՝ որպես կյանքի ակունք և պահապան: Հետևաբար, հավատալ Աստծուն, չի նշանակում հավատալ Նրա գոյությանը, այլ՝ Նրա ամենազորությանը:


Աստվածճանաչողությունը և աստվածգիտությունը սկսվում են հավատքով, զարգանում և իրենց կատարմանն են հասնում հավատքով: «Ես եկա, Տե՛ր, մոտեցա, Աստվա՛ծ, վերադարձա, Հա՛յր: Ընդունիր ինձ և պահիր աչքիդ լույսի պես. արդեն քոնն եմ ես»: Այսպես ցնծագին բացականչում է նորածիլ հավատով տոգորված այն մարդու հոգին, ով անձնապես ճաշակել ու համոզվել է, որ քաղցր է Տերը: Նա չի տեսնում որևէ խոչընդոտ իր և Աստծո միջև, քանզի իր հոգին մաքուր է ու հարդարված՝ պատրաստ Աստծո տաճար լինելու: Նրա հոգին լի է ջերմեռանդ հավատքով, որը, սակայն, որքան էլ ջերմեռանդ, կատարյալ չէ, քանզի դեռևս չի զտվել ընդմեջ տառապանքի, կորուստների, վշտերի, վախերի ու տարակույսների, և չի թրծվել փորձությունների հնոցում, որից հետո այն կամ կատարյալ կդառնա, կամ... կմահանա: Այո, քանզի հավատը ինքը կենդանի է ու կենսատու, միայն երբ գործում է՝ բարձրացնում է մարդուն առ Աստված: Տերը միշտ առավել հոգատար է նորադարձների հանդեպ նրանց վերելքի սկզբում, որպեսզի նրանք առավել հաստատվեն իրենց ընթացքի մեջ և չընկրկեն: Իսկ նորադարձներին ամեն բան պատկերանում է կատարյալ ու հեշտ ձեռքբերվող: Բայց վերընթացի ճանապարհին փորձությունները, թեև հաղթահարելի, այնուամենայնիվ անխուսափելի են, անկումներն ու վերելքները հերթափոխում են միմյանց, բայց և կորուստները փոխարինվում են ձեռքբերումներով: Հավատացյալը աստիճանաբար է նշմարում պայքարի ասպարեզը, իր զենքերը և թշնամուն, նա սկսում է գիտակցել հաղթանակի անհրաժեշտությունը, քանզի այն արդեն իր գերագույն նպատակն է: Հաղթանակ, որը իր փրկության գրավականն է:


Շատ վտանգավոր է ճշմարիտ հավատին թեթևամտորեն վերաբերվելը, քանզի. «Մեր Աստվածը ոչնչացնող կրակ է» (Եբր. 12; 29): Այո՛, Աստված իր սիրով արարում է բարին, իր ողորմությամբ պահպանում, իսկ արդարությամբ վրեժխնդիր է լինում նրանից, ով մերժում է իր սերը և ողորմությունը:
Ճանապարհի ամեն մի հանգրվանում ճշմարիտ հավատացյալը փորձում է զգալ իր հավատի աճը. ինչի հասավ, ինչ չնկատեց, արդյոք ընկալեց բարի՞ն կամ մերժեց չա՞րը: Իրականում այդ ինքնաքննությունը շատ կարևոր է հավատից չշեղվելու համար: Երբ անհավատ մարդը կտրում է իր հույսը ամեն ինչից ու բոլորից, հավատացյալ մարդու համար միշտ կա Մեկը, որի վրա նա կարող է հույս դնել:
Իսկ ի՞նչն է այնուամենայնիվ անփոփոխ մնում հավատքի ճանապարհի սկզբում, ընթացքում և վերջում. հավատացյալ հոգու ցնծագին զմայլանքը Ամենակալ Աստծո մեծավայելուչ փառքի հանդեպ, երբ հոգին վերօրհնելով բացականչում է. «Տե՜ր, ո՜վ մեր Տեր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում» (Սաղմ. 8;1,10):


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ