Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

«Առաջիկա տարիներին չինական գրականությունը հայ ընթերցողին կներկայացնենք բնագրային թարգմանությամբ»

«Առաջիկա տարիներին չինական գրականությունը հայ ընթերցողին կներկայացնենք բնագրային թարգմանությամբ»
14.12.2018 | 02:10

Բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի տնօրեն ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ հանդիպեցինք գրքի երևանյան փառատոնի ժամանակ: Հրատարակչության անունը անծանոթ թվաց, գրքերը՝ ինքնատիպ: Արցախցի հրատարակիչը «Իրատեսին» պատմեց չինացի գործընկերների հետ համագործակցության, «Ոգի-Նաիրի» կենտրոնի գրական-մշակութային գործունեության, թարգմանական գրականության նորությունների ու հեռանկարների մասին:

-Ինչպե՞ս է կատարվում ընտրությունն այն գրքերի, որ ներկայացնում եք ընթերցողի դատին:
-Մեծ մասամբ հրատարակում ենք թարգմանական, հիմնականում՝ չինական գրականություն՝ գեղարվեստական, նաև մշակութաբանական, գրականագիտական և փիլիսոփայական ուղղվածությամբ: Նրանք առաջարկում են գրքերի ցանկը, մենք ընտրությունը կատարում ենք այդ ցանկից: Հաճախ ենք անդրադառնում ռուսական գեղարվեստական գրականությանը՝ հրատարակելով և՛ դասականներին, և՛ ժամանակակիցներին:
-Թարգմանության խնդիրն ինչպե՞ս է լուծվում:
-Ստեփանակերտում մեզ հետ ակտիվորեն համագործակցում են Քրիստինե Քոչարյանը, Լիլիթ Ղազարյանը, Գայանե Բախտամյանը, Սիլվարդ Ստեփանյանը: Երևանյան մեր գործընկերներն են բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը, նրա դուստրը` Աստղիկ Աթաբեկյանը, որը մեր ոչ գեղարվեստական գրականության (մշակութաբանություն, գրականագիտություն, փիլիսոփայություն) թարգմանությունների պատասխանատուն է:
-Չինական գրականությունն ունի՞ պահանջարկ:
-Չինական գրականության նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, որովհետև այն շատ քիչ է ներկայացված: Իհարկե, խորհրդային տարիներին որոշակի աշխատանք տարվել է, թարգմանություններ կատարվել են: Ես ճշտեցի ազգային գրադարանից. խորհրդային շրջանում մոտավորապես 20 անուն գիրք է հրատարակվել: Թարգմանություններն արվել են ռուսերենից: Մեր պարագայում միջնորդավորված լեզուն հիմնականում անգլերենն է, բայց արդեն որոշակի քայլեր են կատարվել, նախնական պայմանավորվածություններ կան, և առաջիկա տարիներին կունենանք թարգմանիչներ, որոնք չինական գրականությունը հայ ընթերցողին կներկայացնեն բնագրից:
-Չին հրատարակիչների հետ ունեցած կապերի շնորհիվ հնարավոր չէ՞ մեր հեղինակներին ներկայացնել չինացի ընթերցողին:
-Թարգմանական գրականության ասպարեզում իմ գլխավոր մտահոգությունն է հասնել նրան, որ չինական կողմը հետաքրքրություն դրսևորի հայ գրականության հանդեպ: Որոշակի քայլեր արվում են, բայց սա մի քիչ այլ խոսակցության նյութ է, այլ խնդիր, որովհետև, երբ նրանք իրենց գրականությունն առաջարկում են մեզ, ապահովում են որոշակի օժանդակություն: ՈՒրեմն, եթե հայ գրականություն ենք առաջարկում, ու նրանք պատրաստակամություն են հայտնում հրատարակելու, բնականաբար, օժանդակություն պետք է լինի հայկական կողմից:
-Ի՞նչ կասեք չինական գրականության մասին:
-Չինաստանը եղել է քաղաքակրթության օրրաններից մեկը և այսօր էլ շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել իր բազմաթիվ յուրահատկություններով, որոնք դրսևորվում են այդ երկրի մշակույթում, լեզվի, գրականության, տնտեսության, պետական կառավարման և այլ ոլորտներում: Հազարամյակներով ձևավորված յուրահատուկ գրականություն ունեն: Տեսնել է պետք, թե նրանք միջնադարում և ավելի վաղ շրջանում գրված ինչ տեսական աշխատություններ ունեն գրականության, պոետական տեսությունների, ոճերի, անգամ հանգավորումների մասին: Սա խոսում է գրականության հանդեպ նրանց ակնածալի վերաբերմունքի մասին, ինչը պահպանվել է մինչ օրս:
-Որտեղի՞ց կարելի է ձեռք բերել ձեր հրատարակած գրականությունը: Գրախանութներում վաճառվու՞մ է:
-Այո, վաճառվում է Ստեփանակերտի, Երևանի գրախանութներում, սակայն մեր գլխավոր նպատակը գիրքն ընթերցողին հասցնելն է: Գրականության տարածման համար միայն վաճառքի վրա հույս դնել չենք կարող, բոլորս էլ գիտենք, որ գնողունակության մակարդակը շատ ցածր է, ուստի գրքերն ավելի լայն շրջանակների հասցնելու համար անվճար տարածում ենք. նվիրաբերում ենք գրադարաններին, ուսումնական հաստատություններին, գրական շրջանակներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեր հրատարակած գրականությամբ:
-Վերջին շրջանում լույս տեսած գրքերից ո՞րը կառանձնացնեք, և ի՞նչ գրքեր են առաջիկայում լույս ընծայվելու:
-Կառանձնացնեի չինական ֆոլկլորին նվիրված հինգհատորյա մատենաշարը, որը նվիրված է նրանց ազգային ծեսերին, փառատոներին, խոհանոցին, ոչ նյութական արժեքներին, յուրահատկութուններին: Վերջին գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Չինաստանի յուրահատկությունները. համաշխարհային ժառանգություն»: Օրեր առաջ լույս տեսավ «Չինական մտքի և մշակույթի հիմնական հասկացությունները» գրքի 5-րդ հատորը, շուտով պատրաստ կլինի նաև 6-րդ հատորը: Ընթերցողն այս բազմահատոր աշխատությունից կքաղի մեծ ու հետաքրքիր տեղեկություն, որովհետև նրանց յուրահատուկ դատողությունները արվեստի, գրականության, քաղաքականության, պետական կառավարման մասին այսօր էլ արդիական են և օգտակար փորձի կիրառման առումով: Կառանձնացնեի նաև Ջիդի Մաջիայի «Հրեղեն խոսքեր» ժողովածուն։ Ջիդի Մաջիան ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, բայց ստեղծագործում է չինարեն և հանրահայտ պոետ է: Նախատեսում ենք հրատարակել չինական պոեզիայի երկհատոր անթոլոգիա: Ներկայացվելու են չինացի դասական ու ժամանակակից պոետները: Մոտ օրերս լույս կտեսնի չինական պատմվածքի անթոլոգիան անցած դարի 80-ականներից այս կողմ: Թարգմանիչը Խորեն Գասպարյանն է, որն ապրում և ստեղծագործում է Վանաձորում: Ներսես Աթաբեկյանի թարգմանությամբ հրատարակվելու է 20-րդ դարի ռուսական արձակի անթոլոգիան: Լավ կազմած, մեծ ընդգրկումով գիրք է:
-Անդրադառնու՞մ եք Արցախի ժամանակակից հեղինակներին:
-Մեր ուղղվածությունը հիմնականում թարգմանական գրականությունն է, բայց եթե տեսնում ենք հետաքրքիր հեղինակի, շահագրգռված ենք, որ հենց մենք հրատարակենք նրա ստեղծագործությունները: Ամենաթարմ օրինակը. մեկ ամիս առաջ ընթերցողի դատին ենք հանձնել արցախցի ամենահետաքրքիր արձակագիրներից մեկի՝ Մարտիրոս Ոբնի վիպակը:
-Գրքի երևանյան փառատոնին սա ձեր առաջի՞ն մասնակցությունն էր, ի՞նչ տպավորություններ ունեք:
-Առաջին անգամ ենք մասնակցում փառատոնին, հուսանք, որ կլինեն երրորդ, չորրորդ փառատոներ` շատ ավելի բազմահրատարակչական ընդգրկումով, շատ ավելի բազմամարդ: Կարծում եմ` ժամանակն է, որ մենք ունենանք ոչ միայն երևանյան, այլև գրքի միջազգային տոնավաճ-ցուցահանդես:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan