«Մինչև տարին փակելը շատ կուզենայինք երկու բեմադրություն ներկայացնել»

«Մինչև տարին փակելը շատ կուզենայինք երկու բեմադրություն ներկայացնել»
14.12.2018 | 02:11

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 12-ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ նա զբաղեցնում էր նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, սակայն թատրոնի ստեղծագործական խմբի դժգոհությունների ու պահանջի արդյունքում նոյեմբերի 28-ին հրաժարական տվեց, իսկ թափուր մնացած պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին` էլ ավելի բորբոքելով կրքերը: Չալդրանյանի հրաժարականի համար կար նաև մեկ այլ դրդապատճառ. պարզվել էր, «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի համաձայն` նույն մարդը չի կարող լինել և՛ տնօրեն, և՛ գեղարվեստական ղեկավար: ՈՒստի և Չալդրանյանը հստակեցրել էր, որ հրաժարվել է պաշտոնից ոչ թե դերասանների պահանջով, այլ օրենքի ուժով:


Դերասանները վճռական էին տրամադրված: Համատեղ աշխատանքն անհնար էր: Դեկտեմբերի 1-ից հայտարարեցին անժամկետ նախազգուշական գործադուլ: Թատերական ոլորտի ներկայացուցիչները մտահոգ էին. Սոսի թատրոնը քանդվում էր: Սուրեն Շահվերդյանը կարճ ժամանակ անց հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր, որ չի հանդուրժի թատրոնի քայքայումը, տեսնում է, որ իր ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, թեև ձեռքն էր մեկնել՝ համոզված լինելով, որ կարող է օգնել և օգտակար լինել, բայց ստացվել է հակառակը: «Այժմ որոշում եմ կայացրել հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Ինչպես որ խոստացել էի, ես մնում եմ ձեր բարեկամը, գրկում եմ ձեզ մեկ առ մեկ ու հաջողություն մաղթում ձեր գործում»,- ընդգծել էր ռեժիսորը:


Հաջողությունը կարծես չուշացավ: Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վիգեն Չալդրանյանի հրաժարականի մասին ինֆորմացիան իմանալուց անմիջապես հետո գործադուլը դադարեցրել են: Մշակույթի նախարարությունը կնշանակի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ որոշակի ժամանակ անց կկայանա տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Հետաքրքրվեցի, թե ովքեր են տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հավանական թեկնածուները: Դերասանն ասաց, որ դեռ պարզ չէ: Իսկ գեղարվեստական ղեկավարին նշանակելու է տնօրենը: Անդրադառնալով հարցին` թե ե՞րբ թատերասերները կվայելեն Համազգային թատրոնի ներկայացումները, ասաց, որ ներկայացումների մասին կարող են խոսել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո, գոնե մինչև տարին փակելը շատ կուզենայինք երկու բեմադրություն ներկայացնել: Թատրոնում տիրող տրամադրությունները դերասանը բնորոշեց ուրախ ու ստեղծագործական, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնեց Վիգեն Չալդրանյանին ինչպես համատեղ աշխատանքի համար, այնպես էլ այս քայլի համար, որովհետև վստահ է, որ նրա այս քայլն ի նպաստ թատրոնի էր: Նկատեցի, որ առաջին քայլն արել է Սուրեն Շահվերդյանը` հրաժարվելով իր պաշտոնից: Արման Նավասարդյանը նկատեց, որ բողոքի այս շարժումը սկսվել էր մինչ Սուրեն Շահվերդյանի պաշտոնավարումը սկսելը: «Մեր խնդիրը Սուրեն Շահվերդյանի հետ չէր, վերջին հաշվով»,- ընդգծեց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ թատրոնի «44 աստիճանի վրա» ներկայացումից

Դիտվել է՝ 1719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao