Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մարգվելաշվիլի․ Քաղաքական կյանքը Վրաստանում հասել է ծայրահեղ բևեռացման

Մարգվելաշվիլի․ Քաղաքական կյանքը Վրաստանում հասել է ծայրահեղ բևեռացման
14.12.2018 | 12:18

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին լիազորությունների ավարտից 2 օր առաջ, Թբիլիսիում Կովկասյան միջազգային համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է իր պաշտոնավարման 5 տարիները: Նա քննադատել է ստեղծված իրավիճակը` պնդելով, որ պետական ինստիտուտները «Վրացական երազանք»-ի իշխանության տարիներին դեգրադացվել են, քաղաքական դաշտը հասել է ծայրահեղ բևեռացման: Հենց այդ բևեռացումն էր պատճառը, որ ինքը որոշեց երկրորդ անգամ չառաջադրվել:


«Այդ երկբևեռ իրավիճակում աշխատելու ցանկություն ես չունեի: Ես շատ լավ հասկանում էի, թե ինչ է պետք անել և ասել քարոզարշավին մասնակցելու դեպքում: Ես պետք է փորձեի միավորել ընդդիմությանը և հաղթանակի դեպքում նախագահական ինստիտուտը օգտագործեի որպես ապագա փոփոխությունների յուրատեսակ պլատֆորմ: Դա, սակայն, քիչ հավանական էր, քանի որ այսօրվա պայմաններում նման երրորդ ուժի գոյությունը Վրաստանում անհնարին է: Մի կողմից «Վրացական երազանք»-ն է, որ իր ձեռքում է կենտրոնացրել ողջ վարչական ռեսուրսը, մյուս բևեռում էլ՝ Ազգային միացյալ շարժումը կուսակցական իր ռեսուրսով: Նման պայմաններում ցանկացած երրորդ ուժ, որ կհայտնվի քաղաքական դաշտում, ինքնաբերաբար վերածվելու է հիմնական երկու խաղացողների թիրախի», - ասել է Մարգվելաշվիլին: Նրա խոսքով՝ քաղաքական իրադրության հստակեցմանը չի նպաստում, որ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին խուսափում է ֆորմալ պետական պաշտոններ զբաղեցնելուց` պահպանելով ստվերային դերակատարությունը: «Երբ Գիորգի Կվիրիկաշվիլին հեռացավ վարչապետի պաշտոնից, ես կողմ էի, որ կառավարությունը ղեկավարի Բիձինա Իվանիշվիլին: Դա որոշակի հստակություն կմտցներ թե մեր քաղաքացիների և թե օտարերկրյա գործընկերների շրջանում»,- ասել է նախագահը:


Վրաստանի չորրորդ նախագահի խոսքով՝ «Վրացական երազանք»-ին մոտ կանգնած գործիչները իրեն կասկածում էին Միխեիլ Սահակաշվիլիի հետ ստվերային գործարքների գնալու և հեղաշրջում նախապատրաստելու մեջ: «Ես չհարեցի քաղաքական ուժերից և ոչ մեկին և իրոք անաչառ նախագահ դարձա», - պնդում էր Մարգվելաշվիլին:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ