Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի խնդիրը` մանրադրամ չդառնալ քաղաքական խաղերում

Հայաստանի խնդիրը` մանրադրամ չդառնալ քաղաքական խաղերում
14.12.2018 | 13:38

Դեկտեմբերի 10-ից ընտրությունների արդյունքներից առավել` լրատվամիջոցների քննարկման թեման է դարձել` ե՞րբ պիտի Պուտինը շնորհավորի Փաշինյանին կամ ինչու՞ չի շնորհավորում: Մի կողմից` շնորհավորական (աղետների ու կորուստների դեպքում` ցավակցական) ուղերձները միջպետական հարաբերությունների մաս են, որ գրվում ու հղվում են գրեթե ավտոմատ, մյուս կողմից` նույն այդ ուղերձները միջպետական հարաբերությունների արտացոլումն են` միայն դիվանագետներին հասու նրբություններով: Հայաստանում իշխանափոխությանը Կրեմլը միայն առաջին հայացքից չեզոք վերաբերվեց` ՀԱՊԿ-ում զարգացումները հաստատում են, որ եվրասիական մենթալիտետը և ժողովրդավարությունը միմյանց խորթ հասկացություններ են: Եվրասիական տարածքի գործնականում ցմահ նախագահները նախ 2015-ին չէին ընկալում` ինչու՞ Հայաստանը փոխեց կառավարման մոդելը և ու՞մ հետ պիտի հիմա հարցերը կարգավորեն: Նրանց բացատրեցին, որ Սերժ Սարգսյանի` կապ չունի նախագահ է, թե վարչապետ: Բայց 2018-ը նրանց փաստի առաջ կանգնեցրեց, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ ու նրան փոխարինեց հեղափոխությամբ, հիմա նաև արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանություն ստացած Նիկոլ Փաշինյանը: Պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցները այդքան հաճախակի էին հարցազրույցներ վերցնում Ռոբերտ Քոչարյանից ու նրան փորձում էին դարձնել ընդդիմության առանցք Հայաստանում: Նույնքան պատահական չէ, որ երկար ժամանակ ռուսական ԶԼՄ-ները հայտարարում էին, որ ընտրություններում հայտնի չէ` ո՞վ իշխանության կգա Հայաստանում, թեպետ նման հարց փաստացի չկար: Երրորդ ու եվրասիական տարածքի համար ամենավտանգավոր գործոնը` պարբերաբար իրենց երկրներում հնչող կոչերն էին ցույցերի ժամանակ (հատկապես Ռուսաստանում)` «Մենք էլ ենք ուզում Հայաստանի նման՚: Եվրասիական տրածքի հակահայկական ներգործությունը կանխելու համար` Նիկոլ Փաշինյանը ապրիլ-մայիսին օրը մեկ հայտարարում էր, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր չի փոխելու ու հավատարիմ է մնալու իր պարտավորություններին: ԵԱՏՄ-ում այդ հայտարարություններն ընդունվում էին մեծ վերապահությամբ` կապրենք` կտեսնենք, Արևմուտքում հիասթափության ու իրավիճակի անփոփոխության տեսակետ էին ձևավորում (պատահական չէ, որ հեղափոխությունից հետո բնավ չարագացավ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը, որ բնական պիտի լիներ` իբրև արձագանք Հայաստանում ժողովրդավարության վերահաստատմանը): Ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը չստացավ եվրասիական տարածքի վստահությունը և կորցրեց Արևմուտքի վստահությունը: Այնուամենայնիվ` դիվանագիտական ընթացակարգերը պահպանելով` արդեն դեկտեմբերի 10-11-ին Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի հաղթանակը շնորհավորեցին ԵՄ-ն ու Պետդեպարտամենտը, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, հարևաններից առաջինը Վրաստանն էր, հետո` Իրանը, իսկ եվրասիական տարածքն առայսօր լռում է` Մոսկվայի գլխավորությամբ: Եվ այս հարցը դառնում է լրատվամիջոցների գլխավոր նյութ, մինչդեռ ամեն ինչ պարզ է ու պետք չէ հերթական անգամ վկայել, որ Հայաստանը ինքնիշխան պետություն չէ ու ակնկալում է իր ինքնիշխանության հերթական ճանաչումը ստանալ եվրասիական տարածքից: Չկա նման խնդիր: Ու` չպիտի լինի, որ տարատեսակ կոլերովները չմեկնաբանեն, թե Նիկոլ Փաշինյանին շնորհավորելը Պուտինի մակարդակը չէ: Առավելևս անհեթեթ էր` ինչու՞ Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային` արժանանանալու նրա կծուլեզու պատասխանել է. «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ դու ինձ սիրու՞մ ես»: Մանավանդ որ նա արդեն հայտարարել էր. «Դեկտեմբերի 9-ին մեր բարեկամ պետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որին հետևել են ռուս դիտորդները: Դիտորդների գնահատականներով, ընտրություններն անցել են օրենսդրությանը համապատասխան, առանց խախտումների, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ԿԸՀ-ն կհրապարակի քվեարկության պաշտոնական արդյունքները: Մենք տրամադրված ենք Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ կառուցողական երկխոսության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակում»: Ու դա չոր, պաշտոնական գնահատական է` դուք ընտրել եք, մենք ընդունել ենք:


Հայաստանում նաև անընդհատ հիշում ու հիշեցնում են, որ նախկինում Պուտինն առաջինն էր շնորհավորում Սերժ Սարգսյանին, երբ ԿԸՀ-ն չէր հրապարակել վերջնական արդյունքները: Այո, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանության պատասխանատուն ու շահառուն էր, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն ինչ անորոշ ու անհայտ է: Առավելևս այն Փաշինյանի, որ դեկտեմբերի 6-ին չի ընդունում Նազարբաև-Լուկաշենկո պակտը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ, իսկ դեկտեմբերի 7-ին նորից կալանավորվում է Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ Մոսկվան նրան բացահայտ հովանավորում է: Ու այդ հովանավորության արտահայտությունն է, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ապրելով Մոսկվայում, այդպես էլ անհասանելի է մնում Հայաստանում ծավալվող հետաքննության համար: Նույնը` Յուրի Խաչատուրովը: Սրանք փաստեր են, որ պիտի համադրվեն ու եզրակացություններ արվեն` նախքան համազգային սուգ հայտարարելը, որ Պուտինը Փաշինյանին չի շնորհավորել, Կիկոսի մահը բեմադրել պետք չէ: Շատ լավ է, որ չի շնորհավորել, ուրեմն Հայաստանը գնում է իր շահերի պաշտպանության ու ինքնիշխանության վերականգնման ճանապարհով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես համադրեք նաև այլ փաստեր` երեկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընդունել է Ստանիսլավ Զասին: Նրան Բելառուսն առաջադրում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու: Նազարբաևը կրկնել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշել են աջակցել Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Թեպետ այդ տեղեկությունը հերքել էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը, այլև` ՌԴ նախագահի մամլո քարտուարը: Փաստացի` Բելառուս+Ղազախստան զույգը գործում է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ: Թեպետ չի բացառվում, որ Կրեմլը լուռ համաձայնություն է տվել այդ քայլերին: «Դուք արդեն սկսել եք հանդիպել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղզստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել, – ասել է Նազարբաևը Զասին ու հավելել,- դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների եւ խորհրդակցությունների: Մենք աջակցելու ենք ձեզ»:


Այսինքն` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խաղում Լուկաշենկոն ստացել է ոչ միայն Ղազախստանի, այլև Ղրղզստանի աջակցությունը և եթե Զասի հաջորդ հասցեն լինի Դուշանբե, նշանակում է` նաև Տաջիկստանի: Հայաստան նա հազիվ թե գա, իսկ Մոսկվայի հետ հարցերը կփորձի լուծել Լուկաշենկոն անձամբ Պուտինի հետ: Եվ եթե հաշվի առնենք օրերս ինչ շողոքորթող ասուլիս տվեց Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցներին, Պուտինի հետ մեծ օրակարգ ունի` սկսած գազի գնից, ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնելու է գործոն ռուս-բելառուսական հարաբերություններում: Ի վերջո` ինչի՞ են ձգտում Լուկաշենկոն եւ Նազարբաևը: Օգտվելով Ռուսաստանի թուլանալուց` փորձում են եվրասիական տարածքում առաջին ջութակը վերցնել՝ Կրեմլին պարտադրելու քաղաքական ու տնտեսական իրենց շահավետ որոշումները, որ հակասում են Ռուսաստանի շահերին: Սա մեծ խաղ է, որտեղ ՀԱՊԿ-ը մանրադրամ է: Եվ Հայաստանի խնդիրն է նույնպես մանրադրամ չդառնալ օտար խաղերում, որտեղ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ, սեղանի շուրջ բոլորը ժպտում են բոլորին, իսկ սեղանի տակից աքացիներ են տալիս: Ու չի բացառվում, որ ընդհանուր շահերի հայտարար գտնելով` միավորվեն ընդդեմ եվրասիական տարածքի միակ պետության դեմ, որտեղ գործում է խորհրդարանական կառավարման մոդել, իշխանափոխություն է լինում ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Սա բացահայտ նոնսենս է ցմահ նախագահների կոհորտայում ու վտանգ իրենց իշխանության համար, որքան էլ բարձր վարկանիշ ունենան, կա կենսամակարդակ ու նորմալ ապրելու ցանկություն, որին երկար չի դիմայակում ոչ մի բռնապետություն:

Դիտվել է՝ 3020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ