Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մրցակցություն է, թե ով ում ավելի սաստիկ և սարսափելի վիրավորանք կհասցնի»

«Մրցակցություն է, թե ով ում ավելի սաստիկ և սարսափելի վիրավորանք կհասցնի»
18.12.2018 | 01:14

Հետընտրական խմորումների թեմայով զրուցում ենք քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Համբարյան, ընտրություններից հետո ընդդիմության առաջին հորիզոնականը զբաղեցնելու պայքար է ընթանում: Ըստ Ձեզ՝ ո՞ր ուժն է իրական ընդդիմություն:
-Ես իրական ընդդիմություն այս պահին չեմ տեսնում: Ինչու՞, քանի որ Հայաստանում հետհեղափոխական էյֆորիան դեռ բավական բարձր մակարդակի վրա է, իսկ այն քաղաքական ուժը, որը կփորձի բացահայտ ու խիստ քննադատության ենթարկել «Իմ քայլը» դաշինքին, նույն րոպեին հասարակության մի ստվար զանգվածի կողմից անարգանքի սյանը կգամվի: Ընտրապայքարի ժամանակ քաղաքական միակ ընդդիմադիր ուժը, որը բացահայտ առճակատման էր գնում գործող իշխանության հետ, ՀՀԿ-ն էր, որովհետև նա կորցնելու բան չուներ: Քաղաքագիտական առումով փոքր-ինչ դժվար է մեկնաբանել ընտրությունների ընթացքը և ընտրություններից հետո ձևավորված քաղաքական վիճակը, քանի որ հետհեղափոխական էյֆորիան, կրկնում եմ, դեռևս բարձր մակարդակի վրա է:
-Փաստորեն, միաբևեռ խորհրդարա՞ն կունենանք:
-Ընդդիմություն այս պահին չկա: Ընտրությունները նոր են ավարտվել, և Ազգային ժողովում չենք տեսել որևէ քաղաքական ուժի գործունեությունը: Որպես այդպիսին՝ ընդդիմություն տեսա՞ք քարոզարշավի ժամանակ: Ես չտեսա: Այսինքն, տեսա այն քաղաքական ուժերի կողմից, որոնք հաստատ չէին անցնելու Ազգային ժողով: Ի սկզբանե ասում էի, որ խորհրդարան երեք ուժ կանցնի՝ «Իմ քայլը», ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: Այս երեք քաղաքական ուժերից երկուսը պետք է լինեն ընդդիմություն: Այժմ պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը՝ հասկանալու համար, թե որ ուժն է իրական ընդդիմություն լինելու: Ինչ վերաբերում է միաբևեռ խորհրդարանին, ապա ասեմ, որ թե՛ անձամբ Նիկոլ Փաշինյանին, թե՛ «Իմ քայլին» օդուջրի պես անհրաժեշտ է բավական ակտիվ և գրագետ ընդդիմություն ունենալ, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ իշխող քաղաքական ուժը չունի հզոր ընդդիմություն, որն ուշի ուշով հետևելու է կառավարիչների բոլոր քայլերին և գործունեությանը, այդ իշխանությունը դատապարտված է ձախողման: Կառավարությունն արագ կլճանա, կկատարի բազմաթիվ սխալներ՝ մտածելով, որ ինքն արդարության գագաթնակետն է: Ինչ ցանկանա կանի, հետևանքը քաղաքական նոր ճգնաժամը, իրավիճակի կտրուկ սրումն ու սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը կլինի: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի համար պետք է ոչ թե ցանկալի, այլ պարտադիր լինի կազմակերպված և հզոր ընդդիմություն ունենալը:
-Այս օրերին ականատեսն ենք լինում ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի «մենամարտին». եղած ու չեղած գաղտնի համագործակցությունների մեջ են միմյանց մեղադրում:
-Ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլ նաև անընդունելի այն բառապաշարը և առճակատման ոճը, որն ընտրվել է այս երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, և այդ ամենը մեզ մատուցվում է թե՛ ԶԼՄ-ներով, թե՛ համացանցում: Որպես ՀՀ քաղաքացի՝ ոչ թե խնդրում եմ, այլ պահանջում երկու քաղաքական ուժերից` վերջ տալ այս ամենին ու բոլոր հարցերը քաղաքակիրթ ձևով քննարկել Ազգային ժողովում: Խորհրդարանում հարթակ, ամբիոն ունեցող ուժեր են, հետևաբար թող բարի լինեն հրապարակավ ներկայացնելու իրենց հարցերն ու խնդիրները, հասարակությունն էլ համապատասխան գնահատական տա այդ ամենին: Այժմ այս երկու ուժերի միջև գրեթե նույն բանն է կրկնվում, ինչը կար «Իմ քայլի» և ՀՀԿ-ի միջև քարոզարշավի ժամանակ:
-Մեկը մյուսին սևացնելու խնդի՞ր ունեն:
-Ոչ թե սևացնելու, այլ մրցակցության խնդիր կա, թե ով ում ավելի սաստիկ և ավելի սարսափելի վիրավորանք կհասցնի:
-Բայց քարոզարշավի ժամանակ արդեն նկատելի էր, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միմյանց նկատմամբ հակակրանք ունեն:
-Նախ` քարոզարշավը բացարձակապես հետաքրքիր չէր, ես բոլորովին այլ քարոզարշավ էի ակնկալում՝ հենված գաղափարական և ծրագրային պայքար վրա: Սակայն տեսանք այն, ինչ մշտապես տեսել ենք` պայքար կոնկրետ անձանց միջև: Ինչ վերաբերում է հարցին, թե նկատելի էր ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի կոնֆլիկտը, ապա քարոզարշավի նախավերջին օրը Հ1-ի կազմակերպած բանավեճի ժամանակ բացահայտ երևաց երկու ուժերի միջև առկա անտագոնիզմը: Գագիկ Ծառուկյանի՝ «Ես քու կլասիկ ցավդ տանեմ» արտահայտության հետևում շատ ավելի խոր խնդիրներ էին թաքնված, քան թվում է: Ծառուկյանը հենց այդ ժամանակ էլ Էդմոն Մարուքյանի առաջ դրեց վերջինիս հովանավորների հարցը, և հիմա էլ տեսնում ենք, թե ինչպես է զարգանում այդ թեման: Ես նաև չեմ կարծում, թե Ծառուկյանն ու Մարուքյանը ներքին որևէ խոսակցություն ունեցած լինեն: Եթե նման զրույց եղած լիներ, իրավիճակն այս աստիճանի չէր սրվի: Բայց հուսով եմ, որ մոտակա օրերին՝ մինչև 7-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկը, երկու ուժերի միջև առկա բոլոր հարցերը կհարթվեն, քանի որ այս ամենը պատվաբեր չէ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի համար:
-Ի վերջո, ո՞վ է ավելի «կլասիկ»:
-Ցավով պետք է նշեմ՝ Հայաստանում դասական քաղաքական ուժեր չեն մնացել, չի ավարտվել կուսակցաշինությունը, կիսատ-պռատ ձևավորված բազմակուսակցական համակարգով անցանք խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը ֆալշստարտ էր: Ժամանակին դասական էի համարում ՀՅԴ-ին (բնավ չերկրպագելով քաղաքական այդ ուժին), որովհետև այն իրոք ուներ գաղափարախոսություն և ծրագիր: Բայց իր սխալ քաղաքականության, ՀՀԿ-ին սերտաճելու պատճառով դաշնակցությունը կորցրեց «կլասիկ» լինելու խարիզման: Հայաստանի քաղաքական ուժերը դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, մինչև այնպիսի կուսակցություններ դառնան, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ի հանրապետական ու դեմոկրատական, Մեծ Բրիտանիայի լեբորիստական կամ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ