Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չես հանձնում, չես հանձնում, հանձնիր ամառանոցը, ինչի մասին խոսում էիր, հանձնիր երկրորդ ամառանոցը, որի վրա աչք ես դրել»

«Չես հանձնում, չես հանձնում, հանձնիր ամառանոցը, ինչի մասին խոսում էիր, հանձնիր երկրորդ ամառանոցը, որի վրա աչք ես դրել»
18.12.2018 | 01:22

Արտաքին հարթակում Հայաստանն իսկական քաոսի մեջ է հայտնվել, իսկ այդ քաոսը շատ յուրօրինակ ձևով ստեղծել է Բելառուսի նախագահը։ Նրա տարեվերջյան ասուլիսը կարծես նվիրված էր Հայաստանին, թե ինչպես են ՀԱՊԿ-ում երկրներն իրար հետ շփվում ու ինչեր են դրա արդյունքում բացահայտվում։ Բայց այս ամենից տուժում է արցախյան հակամարտությունը, քանի որ դրսում փորձում են իրենց հաշվարկները կառուցել այս կոնֆլիկտի լուծման սեփական տարբերակների վրա։ Հակամարտության և ներհայաստանյան խնդիրների շուրջ զրուցում ենք ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ։

-Լավրովը գնում է Ադրբեջան, Լուկաշենկոն բաց տեքստով խոսում է ղարաբաղյան հակամարտության և դրան առնչվող հարցերի մասին, Ալիևը հայտարարում է, թե եկող տարին նոր ազդակ կհաղորդի հակամարտությանը, իսկ մեզանում դեռ բանակցային դադարը շարունակվում է։ Ի՞նչ է կատարվում հակամարտության շուրջ։
-Հենց այս ամենից վախենալով` Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնեց ու գնաց։ Հիշենք Հայաստան-սփյուռք համաժողովում Էդվարդ Նալբանդյանի 2017-ի սեպտեմբերի 19-ի հայտարարությունը, երբ խոսեց երեք շրջան հանձնելու մասին։ Ալիևն ասաց. «Ոչ, հայերն ուղղակի խուսափում են հիմնական հարցից, մենք պայմանավորվել ենք հինգ շրջան հանձնելու շուրջ»։ 2017-ից սկսվեց Սարգսյանի ճամպրուկներ հավաքելու գործընթացը։ Հիմա, եթե Ալիևը համարձակ հայտարարություն է անում, թե եկող տարին նոր ազդակ է հաղորդելու բանակցություններին, կարելի է ենթադրել, որ այստեղ հաստատ ինչ-որ բան այն չէ։ Այսինքն, սեպտեմբերի 19-ի հայտարարությունն ուժի մեջ է, ոչ մեկը Նալբանդյանին չէր ստիպել 3 շրջանների հանձման մասին խոսել, հետևաբար ուժի մեջ են Մադրիդյան սկզբունքները։ Իսկ ավելի կործանարար բան, քան այդ սկզբունքներն են Արցախի համար, չի կարող լինել։ Դրա համար այսպես հեշտ իշխանափոխություն եղավ, ամեն ինչ կոտրվեց այս նոր վարչապետի գլխին։ Վերջինս էլ ասում է, թե այդ հարցում իրավասու է միայն Արցախի ժողովուրդը։
-Այսինքն, խնդրից խուսափելու ձև՞ է դա։
-ՈՒղիղ։ Սերժ Սարգսյանը տասը տարի շարունակ այս խնդրով չի զբաղվել։ Ամեն ինչ ինքնահոսի է մատնվել, իսկ վերջն էլ սա պետք է լիներ։ Ինչ վերաբերում է Ադրբեջան Լավրովի այցին, դրան պետք է բնական նայել։ Ռուսաստանը սուվերեն երկիր է և ցանկացած նախագահի հետ էլ կհանդիպի, կզրուցի, կխոսի ու ծանրութեթև կանի։ Այստեղ խնդիրն այն է, թե ինչպես են դեպքերը զարգանում մեր մայր հայրենիքում։
-Իսկ ինչպե՞ս են զարգանում։
-Լուկաշենկոյի հայտարարություններն ընդամենը Բելառուսի նախագահի հայտարարություններ են։ Դրա համար պետք չէ ողջ համացանցը ողողել, թե Լուկաշենկոն ներողություն խնդրեց վարչապետ Փաշինյանից։ Այս կարգի բաները, այս ներողությունները տեղ են հասնում, ու նա էլ, տեսնում ենք` ինչ ձևով է արտահայտվում։ Այս ամենին զուգահեռ կա նաև հայաստանյան ներքին իրավիճակ. այս օրերին Գագիկ Ծառուկյանի վրա ուղիղ հարձակումներ են լինում։ Չեմ կարծում, որ դա Էդմոն Մարուքյանն է կատարում, նրա թիկունքին մարդ կա կանգնած։ Գագիկ Ծառուկյանը պետք է կողմնորոշվի։ Այս զարգացումները լավ բանի չեն հանգեցնի, արդեն դրա նախադրյալները կան։
-Ի՞նչի մասին է խոսքը, ի՞նչ հնարավոր իրավիճակի մասին եք ակնարկում։
-Էդմոն Մարուքյանի վերջին հայտարարությունների մասին է խոսքը։ Երբ արդեն խոսում են, թե ԱԺ-ում նա միակ գործարարն է։ Էլ չեն ասում, որ այդ ԱԺ-ն այսօր լցված է պատահական մարդկանցով։ Եթե այդ պատահական մարդկանց դեմքով խոսում են Գագիկ Ծառուկյանի մասին, այս խմորը շատ ջուր կքաշի։ Դեռ նոր է գործընթացը սկսվում, թե ինչ կլինի 2-3 ամիս հետո, միայն Աստծուն է հայտնի։
-Գուցե այս ձևով նոր, կատաղի ընդդիմությու՞ն են փորձում աճեցնել, չէ՞ որ խորհրդարանը մնացել է առանց ընդդիմության։
-Էդմոն Մարուքյանն այն մարդը չէ, որը կդառնա ընդդիմություն։ Նրանք ինչ կասեն, այն էլ կանի։ Նա Փաշինյանի հետ դարձավ պատգամավոր, մեկը կլինի՝ իշխանություն, մյուսը՝ ընդդիմություն։ Նրանց բարի երթ բռնապետական Հայաստանում։
-Բռնապետակա՞ն։
-Միակուսակցական երկրում, որտեղ խորհրդարանում 70 տոկոսն իշխանություն է, բռնապետություն չէ, ի՞նչ է։ ՈՒրիշ անուն ունի՞ այդ իրողությունը։ Իրենք կձևեն, իրենք էլ կկարեն իրենց կոստյումը։
-Այս իրավիճակում, երբ, ինչպես նշեցիք, պատահական մարդիկ են խորհրդարանում, ընդդիմությունն ընդդիմություն չէ, իշխանությունը բռնապետություն է հաստատել, ի՞նչ է լինելու մեր գլխավոր խնդրի՝ արցախյան հակամարտության հետ, երբ արտաքին մարտահրավերներն էլ չոքել են մեր դռանը։ Ինչպե՞ս ենք այս ամենի տակից դուրս գալու։
-Չեմ պատկերացնում, թե այս խելքով ու այս իրավիճակով ինչպես ենք այդ ամեն ինչի տակից դուրս գալու։ 10 տարի շարունակ այս հարցը հասարակության աչքից քողարկվել է, այսօր տեսնում ենք դրա ծիլերը։ Այսինքն, տեսանք սեպտեմբերի 19-ի հայտարարությամբ։ Ոչ մի լավ բան սպասել պետք չէ։
-Բելառուսի նախագահը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը չի համաձայնել հանձնելու 5 շրջանները։ Սա՞ էր պատճառը, որ նա իշխանության չմնաց։
-Այո, հենց այդ պատճառով։ Հետո էլ այդ իրավիճակում ի՞նչ պիտի ասեր, բոլորի ներկայությամբ հայտարարեր, թե հա, հանձնու՞մ եմ։ Եթե Սերժ Սարգսյանը տեսներ հնարավորություն, որ կարող է այդ տարածքները պահել, էլի էր իր իշխանությունը ձգելու։ Նրան այդ աթոռից հեռացնել չէր լինի։
-Իսկ այս իշխանությունը մանևրելու հնարավորություն ունի՞՝ պահելով իր իշխանությունը։ Այլապես տարածքների հանձնումը ոչ մի իշխանության չի ներվի։
-Բացառված է։
-Ինչու՞:
-Այս իշխանությունը շատ վատ սկսեց, մատ թափ տալով, չի խոսում տնտեսական զարգացման հեռանկարներից, ծրագրերից, ինչպես պետք է դուրս գալ այս փոսից։ Բոլոր հավաստիացումները, կոռուպցիայի դեմ պայքարը գրվել են սառույցին։
-Իսկ եղած բացահայտումնե՞րը, վերջինը նախկին բնապահպանության նախարարի խոշոր կաշառքի դեպքն էր։
-Այդ 14 մլն դոլարն ընդամենը այն գործարքն էր, որի մասին Սիլվա Համբարձումյանը դեռ երեք տարի առաջ էր հայտարարել։ Ռոբերտ Քոչարյանի գործը շուտով կջարդվի, կփշրվի, ու նա ազատ կարձակվի։ Տակը ի՞նչ է մնում, բնապահպանության նախկին փախած նախարա՞ր։ Եվ կամ մի Մայրապետյան, որին իմ կարծիքով, պատանդի կարգավիճակով են պահում, որպեսզի ցուցմունք վերցնեն Ռոբերտ Քոչարյանի վրա։ Եթե Քոչարյանի գործն իրավականորեն ուժեղ լիներ, հիմնավորված, Մայրապետյանին բաց կթողնեին։ Եթե նրան դեռ պահում են կալանքի տակ, նշանակում է այդ գործը շատ թույլ է կառուցված։ Մեր իշխանության այսօրվա ղեկավարն էլ, քանի որ տարիներ շարունակ գլխավոր խմբագիր է աշխատել, 7-8 հոգու է կառավարել, ինչ գալիս զեկուցում են, անմիջապես բարձրաձայնում է։ Որոշ ժամանակ հետո ֆիասկո է ապրելու։ Սուտլիկ Որսկանի պատմությունն է՝ ոչ փորերը բան հասկացավ, ոչ էլ տեսանք, թե ինչ է։ Եվ այսպես էլ առաջ ենք գնում ու որտեղ կանգնենք, այդ նավակից պիտի իջնենք։
-Նախընտրական քարոզարշավի ժամանակ սկանդալային բան հնչեց, թե սա իշխանություն է Արցախի փոխարեն։ Համամի՞տ եք։
-Վերևում նշված իմ մտքերը հենց դրան էին միտված։ Մեկը տասը տարի քեֆ արեց ու վերջում փախավ, մյուսն էլ ասաց, թե սա հեղափոխություն է, բազմեց գահին, հիմա էլ էդ գահի կռիվն է անում, չորս կողմը ոչինչ չի տեսնում, միայն իր աթոռից ոչինչ չխոսեն։ Ճիշտ և ճիշտ նախորդի օրն է ընկել։
-Փաշինյանը հայտարարում է, որ եթե ժողովուրդն իրեն դեմ լինի, ինքը կհեռանա։ Հիմա ինքը ժողովրդի իշխանությունն է «պահում»։
-Ո՞ր ժողովրդի։ 43-ի քանի՞ տոկոսի։ Իսկ ո՞ր բռնապետը չի խոսում ժողովրդի անունից ու իշխանության չի եկել ժողովրդի անունից։ Հետո ինչո՞վ է չափում ժողովրդի քանակը. մետրո՞վ, կիլոգրամո՞վ, թե՞ գլխաքանակով։ էդ ժողովուրդը քանի՞ հոգի են, տա՞սը, քսա՞ն, թե՞ երեսուն հազար։ Անընդհատ կրկնում է, թե ժողովրդի իշխանությունը ոչ մեկին չեմ հանձնում։ Չես հանձնում, չես հանձնում, հանձնիր ամառանոցը, ինչի մասին խոսում էիր, հանձնիր երկրորդ ամառանոցը, որի վրա աչք ես դրել։ Հանձնիր, հետո ժողովրդի անունից խոսիր։ Շատ հեշտ է ժողովրդի անունից խոսելը։ Իսկ ո՞վ է ասել, որ 800 հազար, իսկ իմ տվյալներով 1,2 մլն ընչազուրկները, որ քեզ ձայն են տվել, գումարած Մուկուչյանը (չգիտեմ էլ էդ Մուկուչյանի գործոնը որտեղ սկսվեց, որտեղ ավարտվեց, ու էն Մուկուչյանին, որին տարիներ շարունակ քննադատել են), քեզ ասել են` այդ ամառանոցը պահիր, այդ կադրերին նշանակիր ու խոստումներն էլ անկատար թող։
-Պետությունը չի կարող անընդհատ հեղափոխական վիճակներով առաջ շարժվել, տեսարաններ ու ոչինչ, ի՞նչ պիտի անի այս իշխանությունը, որ հաջողի։
-Շատ եմ այս մասին ասել իշխանություններին, հերիք է։ Իր կադրերով շատ հեռու չի գնա։
-Հիմնականը կադրային խնդի՞րն է։
-Երեք հիմնական խնդիր կա, որից նա գլուխ չի հանում՝ կադրային քաղաքականություն, Արցախի հարց և մեր ողջ արտաքին քաղաքականությունը, որը պարապ-սարապների դաշտում է եղել, հիմա էլ չեմ տեսնում այն արտաքին գործերի նախարարին, որ այդ ամենից գլուխ կհանի։
-Էլ ի՞նչ մնաց, եթե այդ երեքից չի հասկանում, նշանակում է իր տեղում չէ։
-Փաստն այն է, որ այդ հարցերից գլուխ չեն հանում։
-Առաջիկայում կառավարություն է ձևավորվելու, հույս կա՞, որ չի առաջնորդվի կրկին երիտասարդ ու անփորձ կադրերով։
-Ստիպված է լինելու փորձով ու գիտելիքներով կադրեր բերելու, ուրիշ ճար չունի։


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ