Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

Ասե՞լ, թե՞ չի ասել Զոհրաբ Մնացականյանը, որ Հայոց ցեղասպանությունը «տհաճ դեպք է»

Ասե՞լ,  թե՞ չի ասել Զոհրաբ Մնացականյանը, որ Հայոց ցեղասպանությունը «տհաճ դեպք է»
18.12.2018 | 01:26

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները հետևում մնացին։ Ոմանք գոհ են, ոմանք, ինչպես միշտ, պատրաստ են «ժողովրդավարական և թափանցիկ» ճանաչելու դրանք. խոսքը ԱՊՀ երկրների դիտորդների կողմից մեր ընտրություններին տրված գնահատականի մասին է։ Մի խոսքով, ամեն մեկն իր կարծիքն ունի։ Իսկ հեղափոխականները տոնում են հաղթանակը, չնայած ի՞նչ կա տոնելու, եթե ընտրողների կեսից ավելին «բանի տեղ չի դրել» և՛ հեղափոխականներին, և՛ նրանց ընդդիմադիրներին։ Մենք պարզել ենք, որ երկրում մի մեծ կուսակցություն կա, կոչվում է` «Բոլորին դեմ»։ Այդ տեսակետի հետևորդներն առանց թաքցնելու այդ մասին հայտնում էին համարյա բոլոր սոցցանցերում։ Այնպես որ, պետք է մտածել ու վերլուծել, և դա վերաբերում է ոչ միայն պարտված կուսակցություններին ու դաշինքներին, այլև հաղթողներին։ Ընտրողների 51-52 %-ը ոչ մեկին չի հավատում։ Ոչ հներին, ոչ նորերին։ Փաստերը վկայում են, որ հանրությունը պառակտված է, և դա ամենասարսափելի պառակտումն է։ Այդ 51-52 % համաքաղաքացիները կհավատա՞ն, որ այն մարդը, որին իրենք չեն հավատում, բախտի բերմամբ պետք է դառնա գերագույն գլխավոր հրամանատար։
Չեմ անդրադառնա Փաշինյանի բոլոր հայտարարություններին։ Բայց հասկանալի չէ, թե ընտրություններից տառացիորեն երկու-երեք օր անց ինչպե՞ս կարելի է հայտարարել, ըստ էության, թե ես ձեզ երկնային մանանա չեմ խոստացել, այժմ դուք եք ամեն ինչի պատասխանատուն։ Ավելի լավ է խոսենք նրա արտաքին քաղաքականության մի քանի դրույթների մասին։


Մամուլի կոնֆերանսում արտասահմանցի լրագրողների առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում է և մտադիր չէ ՆԱՏՕ մտնելու։ «Մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ առնչվում են խաղաղարար առաքելություններին, այդ թվում` Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք կշարունակենք այդ համագործակցությունը։ Բայց մենք չենք ձգտում մտնել ՆԱՏՕ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք»,- ասաց նա։ Եվ մեր ԶԼՄ-ները հիմնավորված կերպով գնահատեցին, որ Փաշինյանը նշում է, որ Հայաստանը, գործընկերային հարաբերություններ պահպանելով ՀԱՊԿ-ի ու ԵՄ-ի հետ, այնուամենայնիվ, չի գտնվելու որևէ կենտրոնի ազդեցության տակ։ Փաստորեն, Փաշինյանը նույնպես վարելու է, այսպես կոչված, արտաքին կոմպլեմենտար քաղաքականություն` ամրապնդելով կապերը գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, այդ թվում ՀԱՊԿ-ի ու ԵԱՀԿ-ի գծով, բայց պահպանելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի անդամ երկրների հետ հարաբերությունների բարձր մակարդակը։ Եվ դա այն դեպքում, որ այսօր միայն քաղաքականապես կարճատեսները չեն նկատում, որ ԱՄՆ-ի «պատժամիջոցային» քաղաքականության պատճառով կոմպլեմենտարիզմի ժամանակը վստահորեն մոտենում է ավարտին։ Շատ շուտով անհնար կլինի խուսանավել։ Ենթադրենք կհաջողվի մեր հայկական կոմպլեմենտարիզմի ավարտը հետաձգել, առավելագույնը դա կլինի 1-2 տարով։ Իսկ հետո՞։ ԱՄՆ-ի ու Եվրասիայի տերությունների հակասություններն օրեցօր աճում են։ Հայաստանն էլ ամերիկյան աշխարհամասում չի գտնվում, չնայած որոշ հայ քաղաքացիներ արդեն ձեռք են բերել գվատեմալական կամ հոնդուրասական անձնագրեր։
Լավ, կոմպլեմենտարիզմ են ուզում, չնայած հիշում եմ, որ Փաշինյանը դեռևս ընտրությունից առաջ ինչ-որ մեկին վախեցնում էր և հիշատակեց նախկին նախագահին, թե` չսխալվեք, ես այնքան անվճռական չեմ, ինչքան Սերժ Սարգսյանը։ Այնուամենայնիվ, այն փաստն ընդունելը, որ Հայաստանի ԱԳՆ-ի առաջ խնդիր է դրված աշխարհին տեղեկացնելու, որ մեր երկիրը «և՛ ձերն է, և՛ մերն է, և՛ նույնիսկ երրորդինն է», արդեն նշանակում է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում Փաշինյանը պատճենում է Սերժ Սարգսյանին։ Եվ, նախորդի նման, դեկտեմբերի 10-ին նույն արտասահմանյան ԶԼՄ-ներին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղղակի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների։ «Հուսով եմ, որ Թուրքիան նույնպիսի դիրքորոշում կհայտնի»,- նշեց նա։ Ընդ որում, անընդունելի նախապայմանների թվում Փաշինյանը նշեց Արցախի հարցը. «Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի, երրորդ երկրի հետ։ Նկատի ունեմ Ադրբեջանը»։ Ճիշտ այդպիսի մտքերով էր «տառապում» Սերժ Սարգսյանը 2008-10 թթ., «տառապեց» մինչև հայ-թուրքական արձանագրությունները, որոնցից ինքն էլ հրաժարվեց 2018-ի մարտի 1-ին։ ՈՒրեմն ինչի՞ մասին էր մտածում Փաշինյանը, երբ հանկարծակի հրապարակայնորեն «սիրեց» Թուրքիան և հանդես եկավ «առանց նախապայմանների» առաջարկով։ Ի՞նչ է, նա խորհրդարանի պատգամավոր չէ՞ր եղել 2012-17 թթ., տեղյակ չէ՞, թե ինչու Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չընդունեցին 2009 թ. Ցյուրիխյան արձանագրությունները։


Չեմ հասկանում, թե 2018-ի դեկտեմբերին վարչապետի պաշտոնակատարն ինչու է այդքան հանդուրժողականություն ու կոմպլեմենտարություն ցուցադրում Անկարայի և, պետք չէ թաքցնել, ԱՄՆ-ի հանդեպ, որովհետև հենց ԱՄՆ-ն է եղել Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության», իսկ դրանից առաջ` տխրահռչակ «հայ-թուրքական հանձնաժողովի» նախաձեռնողը։ Փաշինյան, գնացեք նախնական կալանքի խցում նստած Ռոբերտ Քոչարյանի մոտ, եթե չեք ուզում շփվել Սերժ Սարգսյանի և հանրապետականների հետ։ Նախկին նախագահ Քոչարյանը շատ բան գիտի այն տարիների և գործերի մասին։ Ժողովուրդն ասում է` փորձը փորձանք չէ։ Բայց Ձեր փորձը չի հաշվվում։ Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է. «Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու համար Հայաստանը պետք է ազատի ադրբեջանական բռնագրավված հողերը»։ Նշվում է նաև, որ Անկարան, որպես նախապայման, Հայաստանից պահաջում է հրաժարվել 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հավակնությունից։
Դրանք գրեթե այն նույն նախապայմաններն են, որոնց պատճառով թուրքերը 2010-ին կասեցրին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում և սկսեցին բացեիբաց ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն դիմակայում էին թուրքական ճնշմանը։ Թարգմանում եմ Անկարայի խոսքը, որ բոլորը հասկանան մինչև վերջ և մեկընդմիշտ. 1) հայեր, այդ դուք եք կոտորել թուրքերին, ոչ թե թուրքերը ձեզ, կորչեն Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջները, 2) Փաշինյան, շուտ հանձնիր Արցախը։ Թուրքերի համար ցանկալի է` առանց հայերի։ Այ այդ ժամանակ Թուրքիան կգովի Ձեզ, Փաշինյան։ Թուրքերը պատասխանեցին Հայաստանում ընտրության հաղթողի հանդուրժողականությանն ու կոմպլեմենտարիզմին։ Միջազգային առաջին հնչուն ապտակը մեր երկրին հասցված է։ Վերջում ուզում եմ հարցնել Հայաստանի բոլոր քաղաքացիներին. ի՞նչ ենք անելու մեր իշխանության հնացող արտքաղաքական կոմպլեմենտարիզմը։


Դեկտեմբերի 13-14-ին Հայաստանի հազարավոր քաղաքացիներ սոցցանցերում քննարկում էին գործնականում մի բան` արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ասածը և Արցախի զինուժում սկսված զանգվածային «զտումները»։ Առանց բացատրությունների էլ պարզ է, որ Արցախի պաշտպանության բանակի սպաներին գործից ազատելը յուրաքանչյուր հայի խոր տագնապն է հարուցում։ Ընդունված է շտապ եզրակացություններ չանել, բայց Արցախի բանակից հնարավոր պատերազմական թատերաբեմի տեղական պայմանների նրբություններին ծանոթ փորձառու սպաներին ազատելը շատ է նման Կարմիր բանակի սպայակազմի այն «զտմանը», որ Հայրենական մեծ պատերազմից 2-3 տարի առաջ ձեռնարկեց Ստալինը, հետո ճամբարներից հետ էր բերում ժուկովներին, ռոկոսովսկիներին և մյուսներին, որ նրանք փրկեն իրավիճակը։ Այնուամենայնիվ, սպասենք Արցախի բանակի ազատված սպաների մեկնաբանություններին։ Համոզված եմ, որ նրանք չեն լռի։ Եվ կանխատեսում եմ, որ կմերկացնեն դավաճաններին, որտեղ էլ նրանք լինեն` Ստեփանակերտում, թե Երևանում։ Խոսքը միայն ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանի պաշտոնաթողության մասին չէ, դիտարկվում է նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և ազգային անվտանգության հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանի պաշտոնաթողության հարցը։ Հիշեցնեմ, որ այս գեներալներն իր տեղը դրեցին Նիկոլ Փաշինյանի չափն անցած կամակատարին, որը հանդգնել էր իրենց հեղափոխությունն ավելի մեծ արժեք համարել, քան Արցախի 1991-94 թթ. Արցախի ազատագրման հայրենական պատերազմում հաղթանակը։


Շատ ավելի վատ է նախարար Մնացականյանի հետ կապված վիճակը: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը մեջբերում է վերջինիս խոսքը 1915-23 թ. Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության առնչությամբ. «Երկու երկրների միջև նախկինում տհաճ դեպքեր են եղել, սակայն մենք առանց նախապայմանների պատրաստ ենք բանակցելու։ Եթե անգամ դժվար է թվում, այնուամենայնիվ, երկու երկրների միջև պետք է նոր ուղի գծել»։ Մնացականյան, դուք, իհարկե, Ձեր տեսակետը չեք հայտնել, այլ ողջ ԱԳՆ-ի, նշանակում է` ողջ կառավարության։ Հայաստանի քաղաքացիները բացատրություններ, հերքումներ են ակնկալում, որովհետև չեն ուզում հավատալ, որ իրեն հայ անվանող մարդը հիշողության կորուստ ունի կամ թրքասեր է։ Հայաստանի քաղաքացիները կուզեին իմանալ, թե այդ խոսքը տարածելիս ստե՞լ են թուրքերն ու ադրբեջանցիները, թե՞ Դուք իսկապես աշխարհի ամենաառաջին ցեղասպանությունն անվանել եք «տհաճ դեպք»։ Հայերի պատմական հայրենիքում հենց այնպես կոտորել են 1,5 մլն մարդու, և դա ընդամենը «տհաճ դե՞պք» է, թե՞ հանցագործություն մարդկայնության դեմ։


Եթե հաստատվի, որ Մնացականյանն իսկապես այդպես է ասել, այն էլ` թուրք լրագրողների առաջ, այդպիսի նախարարին պետք է ոչ միայն պաշտոնազրկել, այլև քրեական խիստ պատասխանատվության ենթարկել դավաճանության համար, ինչպես նաև նրանց, ովքեր նրան հրամայել են այդ ձևով «նվաճել» Թուրքիայի և թուրքերի սերը։ Համոզված եմ, որ այդ հարցը շատ ավելի կարևոր է, քան այն, թե իրենց ինչպես կպահեն ընտրություններում հաղթողները միջազգային քաղաքականության օրակարգի այլ հարցերում։ Հայրենասեր հայերն ամբողջ աշխարհում պետք է համախմբվեն Երևանում թրքասիրության դեմ պայքարում։ Համոզված եմ, որ Զոհրաբ Մնացականյանի հայտարարության կապակցությամբ Հայաստանի քաղաքացիների շրջանում ծագած խմորումների մասին արդեն գիտեն այն բոլոր երկրներում, որտեղ կան հայ համայնքներ։ Առայժմ մենք` Հայաստանի քաղաքացիներս, այնուամենայնիվ, սպասում ենք նախարարի բացատրություններին և հերքումներին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan