Amadinda
 

«Օրենքը խախտողները շուտով փաստաբանի կարիք են ունենալու

«Օրենքը խախտողները շուտով փաստաբանի կարիք են ունենալու
18.12.2018 | 01:45

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դեկտեմբերի 12-ին, օրվա երկրորդ կեսին վերջապես ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (նախագահող դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյան) ս. թ. դեկտեմբերի 7-ի որոշումը, որով մերժվել են պաշտպանների վերաքննիչ բողոքները, և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է ուժի մեջ:
Թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) ի՞նչ պատճառաբանություններով է մերժել պաշտպանների վերաքննիչ բողոքը, այդ պատճառաբանություններն անհեթե՞թ են, թե՞ ոչ, հիմնավորվա՞ծ են, թե՞ անհիմն, իրականության և ՀՀ օրենսդրության հետ ընդհանրապես աղերսվո՞ւմ են, եթե այո, ի՞նչ չափով կամ իրենց ո՞ր մասով՝ բոլորովին այլ խնդիր, այլ քննարկման ու հրապարակման նյութ է:
Տվյալ պարագայում հատկանշականն այն է, որ Վերաքննիչ դատարանը չտեսնելու է տվել, պարզապես անտեսել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած մի շարք փաստարկներ: Դատարանն իր ընդարձակ՝ 93-էջանոց որոշման մեջ այդ փաստարկներին ընդհանրապես չի անդրադարձել՝ դրանով իսկ վկայելով, որ քաղաքական պատվեր է կատարում: Ավելին՝ մատնել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ամիսներ առաջ սկսված քրեական հետապնդումը նույնպես ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական հիմք ունի: Եթե այս հանցավոր պրակտիկան մեր երկրում չկասեցվի և իր շարունակությունն ունենա, ապա առանձնապես չենք զարմանա, եթե մի օր վերականգնվեն ստալինյան տրոյկաները:
Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման վերաբերյալ է մեր հարցազրույցը հանրապետության երկրորդ նախագահի պաշտպաններից ՀՀ փաստաբանների պալատի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ:

-Պարոն Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ուժի մեջ թողնող ու պաշտպաններիդ վերաքննիչ բողոքները մերժող Վերաքննիչ դատարանի ծավալուն որոշման մեջ արդյոք անդրադարձ կա՞ ձեր ներկայացրած բոլոր փաստարկներին, և եթե ոչ, ապա դատարանը ո՞ր փաստարկներն է լռության մատնել՝ դրանք չտեսնելու տալով, ո՞ր փաստարկներին ընդհանրապես չի անդրադարձել, անտեսել է ու շրջանցել:
-Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել մեր մի քանի ամենակարևոր փաստարկներին: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես լռությամբ շրջանցել է մեր այն փաստարկը, որ հանրապետության նախագահի հրամանագիրը քննչական մարմնի, ինչպես նաև առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից ընդհանրապես չի կարող որակվել որպես Սահմանադրությանը հակասող, որովհետև Սահմանադրությանը ՀՀ նախագահի հրամանագրի համապատասխան լինել-չլինելը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը:
Այսօր մենք ունենք պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանք, որում կենտրոնական նշանակություն ունի այն դրվագը, որտեղ քննիչը, պատկերացնու՞մ եք՝ քննիչը, արտակարգ դրություն սահմանելու մասին հանրապետության նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը որակել է իբրև Սահմանադրությանը հակասող՝ չունենալով դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում: Այսպիսի մեղադրանքն ի սկզբանե ապօրինի է, ոչ միայն հիմնավորված չէ, այլև ի սկզբանե ապօրինի է, որովհետև այդպիսի որակումներ տալով քննիչն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից: Հետո այդպիսի ձևակերպումով միջնորդություն է ներկայացվել դատարան՝ պարոն Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, և առաջին ատյանի դատարանը նույնպես, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, գտել է, որ, այո, կա հիմնավոր կասկած, որ նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական:
Ավելին. դրանից հետո մենք այժմ ունենք նաև Վերաքննիչ դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որտեղ մեր այդ փաստարկին ընդհանրապես որևէ անդրադարձ չկա, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը մեր տվյալ փաստարկի վերաբերյալ որևէ հակափաստարկ չունենալով, նախընտրել է այդ փաստարկին ընդհանրապես չանդրադառնալ:
-Ո՞րն է ձեր հաջորդ փաստարկը, որի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը ոչինչ չի ասել:
-Մենք վիճարկում էինք նաև մեղադրանքի հիմքում դրված այն ձևակերպումը, որ պարոն Քոչարյանի գործողությունների արդյունքում փետրվարի 23-ից ընդհուպ մինչև մարտի 1-ը սահմանված է եղել փաստացի ռազմական դրություն: Բերել էինք հետևյալ փաստարկը, որ եթե ասում եք պարոն Քոչարյանը փաստացի ռազմական դրություն է սահմանած եղել (դա նշանակում է, որ դեյուրե ռազմական դրություն սահմանված չի եղել, բայց փաստացի եղել է ռազմական դրությանը բնորոշ վիճակ, այսինքն, ըստ էության, ռազմական դրությանը բնորոշ հատկանիշներն առկա են եղել, բայց այդպիսի իրավական փաստաթուղթ գոյություն չի ունեցել), հետևաբար դուք պետք է ցույց տաք, թե այդ ռազմական դրությանը բնորոշ ո՞ր երևույթները, հատկանիշներն են առկա եղել: Ընդ որում, փաստացի ռազմական դրությանը բնորոշ բոլոր երևույթները պետք է առկա լինեն, որպեսզի հնարավոր լինի ասել, որ, այո, փաստացի ռազմական դրություն է եղել: Սակայն, տվյալ պարագայում գոնե մեկ բաղադրիչ էլ գոյություն չունի, հետևաբար թե՛ Հայաստանում, թե՛, առավել ևս, Երևանում իրականում փաստացի ռազմական դրություն սահմանված չի եղել:
Մենք Վերաքննիչ դատարան էինք ներկայացրել «Ռազմական դրության իրավական վիճակի մասին» ՀՀ օրենքը, և ասել՝ խնդրեմ, սա է նշանակում ռազմական դրություն, ռազմական դրությունն իր մեջ ներառում է այս-այս-այս բաղադրիչները, այդ դեպքում ցույց տվեք այդ բաղադրիչներից գոնե մեկնումեկը, որն առկա է եղել, էլ չենք ասում, որ այդ բոլոր բաղադրիչները պետք է առկա եղած լինեն: Նույն դատարանին ասել էինք նաև, որ թեև փաստացի ռազմական դրությանը բնորոշ հատկանիշները, բաղադրիչները չեն եղել, ավելին՝ դրանցից նույնիսկ մեկը չի եղել, առաջին ատյանի դատարանը մեղադրանքի այս դրույթի վերաբերյալ իր որոշման մեջ գրել է, որ, այո, առկա է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը սահմանել է փաստացի ռազմական դրություն: Հետևաբար խնդիր էինք բարձրացրել, թե այդ պարագայում առաջին ատյանի դատարանն ինչպե՞ս է այդպիսի եզրահանգման եկել: Վերաքննիչ դատարանն այս փաստարկի դեմ ևս չունենալով որևէ հակափաստարկ, մեր վերաքննիչ բողոքը բավարարելու տվյալ հիմնավորմանը նույնպես որևէ կերպ չի անդրադարձել, շրջանցել է այն: Այսինքն՝ ջայլամի քաղաքականություն է՝ գլուխը մտցնել ավազի մեջ և չտեսնել պրոբլեմը, բայց դրանից պրոբլեմը չի վերանում, դրանից ջայլամն է դառնում ավելի խոցելի, հիմա չբացատրեմ ինչու…
-Արդեն իսկ տեղյակ եմ, որ Վերաքննիչ դատարանի կողմից ընդհանրապես անտեսված, որևէ հերքում կամ առարկություն չունեցող ձեր փաստարկները չեն սահմանափակվում սոսկ ձեր կողմից արդեն ներկայացվածներով, մյուսների վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:
-Մյուս փաստարկը, որը ներկայացրել էինք, նույնպես շատ կարևոր է. Վերաքննիչ դատարանը կալանավորման հետ կապված խնդիր քննարկելիս իրավասու չէ որոշելու՝ Վերաքննիչ դատարանում այդ խնդրի քննարկման պահին անձը ենթակա՞ է կալանավորման, թե՞ ոչ, այսինքն՝ այդ պահին, երբ գործը քննարկվում է Վերաքննիչ դատարանում, տվյալ անձի կալանավորման պայմաններն ու հիմքերն առկա՞ են, թե՞ ոչ:
Վերաքննիչ դատարանի խնդիրն է գնահատական տալ՝ այն ժամանակվա ելակետային տվյալների հիման վրա, երբ առաջին ատյանի դատարանը քննել է կալանավորման խնդիրը, այդ անձի կալանավորման պայմաններն ու հիմքերն առկա եղե՞լ են, թե՞ ոչ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը գնահատական է տալիս՝ այն ժամանակ առկա ելակետային տվյալների հիման վրա ճի՞շտ է արել առաջին ատյանի դատարանը, որ անձին կալանավորելու որոշում է կայացրել, թե՞ ոչ: Հենց այդ պատճառով առաջին ատյանի դատարանի կալանավորման որոշումները բողոքարկվում են շատ ավելի կարճ՝ 5-օրյա ժամկետում, քան մնացած բոլոր դատական ակտերը, և Վերաքննիչ դատարանն էլ 3 օրվա մեջ պետք է նշանակի բողոքը քննարկման: Ինչո՞ւ… Որպեսզի երբ Վերաքննիչ դատարանը գնահատական տա՝ առաջին ատյանի դատարանը ճի՞շտ է վարվել, թե՞ ոչ, այդ ընթացքում հանկարծ իրավիճակ փոխված չլինի, հակառակ դեպքում՝ Վերաքննիչ դատարանի որոշումն իր իմաստը կկորցնի: Հիմա, տվյալ պարագայում հայտնի դատական ակտերի պատճառով (պարոն Քոչարյանը մի անգամ Վերաքննիչ դատարանի կողմից ազատ արձակվեց, հետո դատարանի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ ներկայացվեցին, այնուհետև Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարեց գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր կազմով քննության) ստացվեց, որ պարոն Քոչարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումից մինչև Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը մոտ չորսուկես ամիս անցավ:
Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի հայտնի որոշումից մոտ չորսուկես ամիս հետո քննելով պարոն Քոչարյանին կալանավորելու, այսինքն՝ այն հարցը, թե առաջին ատյանի դատարանը հուլիսի 27-ին, այդ օրվա դրությամբ առկա տվյալների հիման վրա, ճի՞շտ է վարվել, որ կալանավորելու որոշում է կայացրել, թե ոչ, անտեսել է այն հանգամանքը, որ ավելի քան 4 ամիս հետո, նույնիսկ եթե համարում է, որ պարոն Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելը ճիշտ էր այն ժամանակ՝ հուլիսի 27-ին, դա դեռ չի նշանակում, որ պարոն Քոչարյանն այսօր պետք է վերցվի կալանքի, որովհետև կալանավորման հիմքերն ու պայմանները ժամանակի ընթացքում արագորեն փոխվում են: Օրինակ, վարույթն իրականացնող մարմինն ինչո՞ւ է անձի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումից 2 ամիս հետո, եթե համարում է, որ տվյալ անձը դեռ պետք է մնա կալանքի տակ, նորից կալանքի միջնորդությամբ դիմում դատարան: Այն պարզ պատճառով, որ կալանավորման համար անհրաժեշտ պայմաններն ու հիմքերը ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում են, եթե այն ժամանակ (2 ամիս առաջ) ինչ-որ մեկը, ասենք, կարող էր քննությանը խոչընդոտել, ապա 2 ամիս հետո խոչընդոտելու հնարավորությունը կամ հավանականությունը, իհարկե, կարող է բոլորովին ուրիշ լինել, նույնիսկ բացակայել:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նշածիս կապակցությամբ ունի բազմաթիվ վճիռներ, ըստ որոնց, քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնալով նվազում է, որովհետև վարույթն իրականացնող մարմինը ժամանակի ընթացքում շարունակաբար ապացույցներ է ձեռք բերում, և այն ապացույցները, որոնց ձեռքբերմանն անձը ժամանակին ազատության մեջ գտնվելով, կարող էր խոչընդոտել, հիմա արդեն ձեռք են բերված: Կամ՝ այն վկաները, որոնց վրա այդ անձը, ենթադրենք, կարող էր ազդեցություն գործել այն ժամանակ, հիմա արդեն բոլորը հարցաքննված են, իրենց ցուցմունքներն արդեն տվել-ավարտել են, նրանց նկատմամբ արդեն պաշտպանության միջոցներ են կիրառված և այլն:
Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի կալանավորման վերաբերյալ որոշումը քննարկվում է այդ որոշման կայացումից մոտ չորսուկես ամիս հետո, օրինակա՞ն է եղել այդ որոշումը, թե՞ օրինական չի եղել, հիմնավորվա՞ծ է եղել, թե՞ հիմնավորված չի եղել, իրավաբանական տեսանկյունից նշանակություն ունենալ չի կարող, իրավաբանական հետևանքներ առաջացնել չի կարող, որովհետև այդ հիմքերը, եթե այդպիսիք եղել են, արդեն պատմություն են, միայն պատմագրական տեսանկյունից կարող են նշանակություն ունենալ: Գործնականում դրանք նշանակություն չեն կարող ունենալ, որովհետև արդեն բոլորովին ուրիշ ելակետային տվյալներ գոյություն ունեն, ու հնարավոր է, որ, օրինակ, հուլիսի 27-ի որոշումից 2 ամիս հետո, եթե դատարանը քննարկեր նախաքննական մարմնի հնարավոր միջնորդությունը՝ ևս 2 ամսով կալանք կիրառելու վերաբերյալ, մերժեր միջնորդությունը՝ հիմնավորելով, որ քննությունն այնպես է ընթացել, որ կալանքի տակ պահելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը, եթե նույնիսկ ենթադրել է, որ հուլիսի 27-ին դատարանը ճիշտ էր վարվել, որ բավարարել էր պարոն Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, դրանից ոչ մի կերպ չի հետևում, որ դեկտեմբերի 7-ին պարոն Քոչարյանը պետք է վերցվեր կալանքի: Սա մենք բերել էինք որպես փաստարկ, սակայն Վերաքննիչ դատարանը, դարձյալ ջայլամի քաղաքականությամբ առաջնորդվելով, տպավորություն է ստեղծել, թե ինքը չի տեսնում այս փաստարկը, որ այն, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել: Չի բացատրել, թե ինչու այս փաստարկը չի ընդունվում, որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել այս հարցին: Եթե դատարանը չի տեսնում այս փաստարկը, դա դեռ չի նշանակում, որ այն չկա: Դա միայն մի բան է նշանակում. բացի նրանից, որ դատարանը խախտել է այն, ինչի մասին նշեցի, նաև մեկ այլ խախտում է թույլ տվել, որ մեր փաստարկին չի անդրադարձել, այսինքն՝ խնդիրը լուծելու փոխարեն, կրկնապատկել է այն:
Պատասխանատվություն լինելու է, ես հիմիկվանից ասում եմ, թող նկատի ունենան, հնարավոր չէ, որ այդ կարգի խախտումները մնան առանց իրավական գնահատականների և հետևանքի, դա հնարավոր չէ, դա, կարելի է ասել, բնության կանոնի չափ հստակ է, որ արևը պետք է ծագի արևելքից, և մայրամուտը պետք է լինի արևմուտքում: Այ հենց նույն աստիճանի հստակությամբ կարելի է կանխատեսել, որ սրա համար պատասխանատվություն լինելու է, թող մեկնումեկը չկասկածի, թող մեկնումեկը չառաջնորդվի պահի տակ իր սեփական վախերով, հարմարվելու, քծնելու ցանկություններով: ՈՒրիշ բան, եթե ես այդ որոշման մեջ տեսնեի, որ տվյալ դատավորի, որպես իրավաբանի, կարծիքն է, որ, այո, պարոն Քոչարյանի վերաբերյալ կա օրենքի հիման վրա վերլուծված կալանքի անհրաժեշտություն, այսինքն՝ ես հասկանայի, որ որոշման մեջ արտահայտվածը, իր, որպես իրավաբանի, կարծիքն է: Այդ դեպքում կստացվեր, որ ես, որպես իրավաբան, իմ կարծիքն ունեմ, ինքն էլ մի իրավաբան է, իր կարծիքն ունի: Եվ դա՝ տարբեր կարծիքների առկայությունը, նորմալ է, կարող է նույնիսկ ոչ թե երկու, այլ, ասենք, 10 կարծիք լինել: Սակայն, երբ տեսնում եմ, որ դատարանն ընկալել է մեր փաստարկը, ընդ որում, այն աստիճանի է այդ փաստարկը բերվել, որ դատավորն արդեն ասում է, այո, ես հասկացել եմ, մեր փոխարեն, արդեն ինքն է կրկնում այդ փաստարկը, ես չեմ կարող ենթադրել, որ ինքն այդ փաստարկն ուղղակի չի ընկալել: Երբ ինքն ընկալել է այդ փաստարկը, հետո չի կարողացել այդ փաստարկը հերքել, ու պարզապես այդ փաստարկին չի անդրադարձել, ես զգում եմ, որ այստեղ արդեն այն խնդիրը չէ, որ դատավորը, որպես իրավաբան, ինձ հետ համամիտ չի եղել, ունեցել է իր սեփական կարծիքը: Այստեղ խնդիրն արդեն այն է, որ իրավաբանությունը, օրենքը ծռել են ինչ-որ շահերի ծառայեցնելու համար: Դա չի հանդուրժվելու, նախապես եմ ասում, հիմիկվանից եմ ասում, զգուշացնում եմ, որպես փաստաբան եմ ասում: Ես կարողանում եմ, որպես փաստաբան, ինչ-որ չափով տեսնել՝ այս մարդկանցից որ մեկին է ապագայում փաստաբան պետք լինելու: Ասում եմ՝ զգուշացնում եմ բարի նպատակով, սա սպառնալիք չէ, բարի նպատակով, սիրով, իրենց շատ սիրելով զգուշացնում եմ, որ օրենքն այս կարգի խախտողները շուտով փաստաբանի կարիք են ունենալու, խնդրում եմ` բանը մի հասցրեք դրան:
-Կարելի՞ է հետևություն անել, որ ամեն կերպ խնդիր են ունեցել առաջին ատյանի դատարանի կայացրած կալանքի որոշումն ուժի մեջ թողնելու, և ամեն կերպ մերժելու ձեր՝ պաշտպաններիդ վերաքննիչ բողոքները:
-Ցավոք, շատ երկար տարիների ընթացքում ձևավորվել է մի չինովնիկական խավ (բոլորի մասին չեմ ասում, շատ վառ անհատականություններ էլ կան, և մենք նրանցով ուղղակի հպարտանում ենք), որի մաս կազմող դատավորներին պետք չէ հատուկ ասել՝ այդ կալանքի որոշումը կթողնես անփոփոխ և կաշխատես այնպես անել, որ այդ անձին կալանավորելու որոշումդ ընտրություններից անպայման առաջ կայացնես: Պետք չէ իրենց այդ բանն ասել, իրենք սովոր են իրենց տերերի հոնքի մի շարժումից հասկանալու նրանց ցանկությունները, կռահելու և իրականացնել: Դրա համար ես չեմ կարող ասել՝ ինքն ուղիղ այդպիսի ցուցո՞ւմ է ունեցել, թե ուղղակի փորձել է կռահել այն մարդկանց ցանկությունները, ում հետ ինքը չի ուզում հարաբերությունները փչացնել, և կռահելով նրանց ցանկությունները, փորձել է իրականացնել դրանք՝ օգտագործելով իր դիրքը:

Հարցազրույցը՝ Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Հ.Գ. -Պաշտպանների ներկայացրած, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումն ամեն կերպ ուժի մեջ թողնելու և պաշտպանների վերաքննիչ բողոքն անպայման մերժելու նպատակադրմամբ անտեսված փաստարկները չեն սահմանափակվում սոսկ վերը շարադրվածով: Այն, ինչ այստեղ սոսկ այս հարցազրույցի մեծ ու հոգնեցնող լինելու պատճառով չներկայացրինք, կներկայացնենք մեկ այլ հրապարակմամբ:

Դիտվել է՝ 1669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ