Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

«Հուշարձանի տեղն ու դերը տարածաշրջանում հասկանալու համար տարիների աշխատանք է պետք»

«Հուշարձանի տեղն ու դերը տարածաշրջանում  հասկանալու համար տարիների աշխատանք է պետք»
18.12.2018 | 02:01

Կապանի տարածաշրջանի Շահումյան գյուղի հանքավայրի տարածքում հնագետները 2009-ին բազմաշերտ բնակատեղի և ընդարձակ դամբարանադաշտ են հայտնաբերվել: Պեղումներն այստեղ առաջին անգամ իրականացվել են 2012-ին, վերսկսվել՝ 2018-ին:
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Շահումյանի պեղումների արշավախմբի ղեկավար ԱՐՏԱԿ ԳՆՈՒՆԻՆ «Իրատեսին» պատմում է Շահումյանի դամբարանադաշտում իրականացրած հնագիտական հետազոտությունների մասին: Նրա խոսքով՝ հուշարձանախումբն ավելի մեծ է, քան պատկերացնում էին 2012-ին. հայտնաբերվել են շինությունների հետքեր, դամբարաններ, որոնք իրենց կառուցվածքով տարբերվում են նախկինում հայտնաբերված դամբարաններից, հետևաբար, միգուցե, պատկանում են այլ ժամանակաշրջանի:

ԵՐԿԱԹԵԴԱՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՀԻՊՈԹԵՏԻԿ Է, ԲԱՅՑ ՇԱՏ ՀՆԱՐԱՎՈՐ


Շահումյանի դամբարանադաշտը հայտնաբերվել է պատահականորեն, և այստեղ մեծ է դերը պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Սյունիքի և Վայոց ձորի մարզի բաժնի պետ Վիգեն Ծատրյանի, որը կարողացավ արձանագրել հուշարձանը և բանակցեց սեփականատիրոջ հետ պեղումներ իրականացնելու համար: 2012-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հանձնարարությամբ առաջին անգամ այստեղ հետազոտություններ կատարեցին Տիգրան Ալեքսանյանը և Դիանա Միրիջանյանը: Նրանց ջանքերով տարածքում պեղվեց մի քանի դամբարան: Մինչ այդ տարածքը զննել էր երջանակահիշատակ հնագետ Ֆիրդուս Մուրադյանը:


2012-ին Շահումյանի հանքավայրի այն ժամանակվա սեփականատիրոջ ու հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ հնագիտական արշավախմբի ղեկավարումը վստահվեց ինձ: Պեղվեց բավականաչափ մեծ տարածք տարբեր տեղամասերում, և պարզ դարձավ, որ մենք գործ ունենք բազմաբնույթ հուշարձանի հետ, որի արժևորումը դեռ ապագայում է լինելու: Այսօր մենք կարող ենք մի քանի բան հստակ ասել: Առաջինը, որ այստեղ եղել է միջնադարյան բնակավայր, հայտնաբերվել են բնակելի շինությունների, տնտեսական համալիրների, օջախների, աղբահորերի հետքեր, խեղեցենի մնացորդներ: Երկրորդ՝ այստեղ, ամենայն հավանականությամբ (չենք կարող պնդել), եղել է նաև երկաթեդարյան բնակատեղի: Ինչու՞ չենք կարող պնդել, որովհետև թեպետ այստեղ գտել ենք երկաթի լայն տարածման դարաշրջանին ՝ ՔԱ 8-6-րդ դարերին բնորոշ նյութ, սակայն այդ ժամանակաշրջանի ճարտարապետության հետքեր չենք հայտնաբերել: Այսպիսով՝ բնակավայրի մասին խոսելը հիպոթետիկ է, բայց շատ հնարավոր: Երրորդ՝ հայտնաբերվել են մի քանի հիմնահողային դամբարաններ, ցավոք, լրիվ ավերված, հիմնականում՝ հատվածական նյութով, բայց կարող ենք արձանագրել ժամանակաշրջանը՝ դարձյալ ՔԱ 8-6-րդ դարեր:
Առավել հետաքրքրություն էին ներկայացնում հուշարձանախմբի չորրորդ և հինգերորդ տեղամասերը, որտեղ պեղվեցին մեծ թվով դամբարաններ: Վստահաբար կարող ենք ասել, որ դրանք մի մեծ դամբարանադաշտի հատվածներ են, ընդ որում, դամբարանադաշտի որոշակի հատվածը ցանկապատված էր: Այս տարածքում կային նաև հարթակներ, որտեղ կատարվել են որոշակի ծիսական արարողություններ: Չորրորդ և հինգերորոդ տեղամասերն աչքի էին ընկնում նաև դամբարաններում մետաղական իրերի մեծ քանակությամբ, ինչը պատահական չէ. այս հուշարձանը գտնվում է պղնձի հանքի վրա: Գտնվեցին զրահի կոճակներ, բրոնզե գոտիներ, մի քանի տասնյակ ապարանջաններ, խեցեղենի բազմաթիվ նմուշներ: Հատկանշական էր հինգերորդ տեղամասի երրորդ դամբարանը, որի վրա կառուցված էր կլոր հատակագծով զոհասեղան: Հենց այստեղ էին հայտնաբերվել հարյուրավոր մետաղյա իրերը:

ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՅՈՎ ՉԵՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ


Ցավոք շուրջ վեց տարի մենք հնարավորություն չունեցանք այստեղ աշխատելու: Հետազոտումը վերսկսեցինք 2018-ին՝ Վիգեն Ծատրյանի և տարածքի նոր սեփականատիրոջ նախաձեռնությամբ: Դամբարանները, որոնք ժամանակին մենք նշել էինք որպես պեղման ենթակա, թալանված էին ամենաանխիղճ ձևով, ավելին, այդ ամենը դարձել էր հանրային քննարկումների առարկա, հնանյութը՝ հայտնվել սև շուկայում: Հարուցվել էր քրեական գործ: Գուցե դա նույնպես դրդեց սեփականատիրոջը՝ մտահոգվելու հուշարձանի ուսումնասիրմամբ, քանի որ օրենքի համաձայն սեփականատերն էլ է կրում հուշարձանի պահպանության պատասխանատվությունը:


Ինչևիցե, այս տարվա սեպտեմբերին հնագիտության ինստիտուտի արշավախումբն իմ ղեկավարությամբ մեկնեց Կապան: Արշավախմբի կազմում էին իմ տեղակալը՝ հնագետ Լևոն Մկրտչյանը, ճարտարապետ Անժելա Դավթյանը, մարդաբան Հասմիկ Սիմոնյանը: Մեր նպատակն էր առաջինը՝ վերահետազոտել թալանված դամբարանները (միգուցե ինչ-որ բան մնացած լիներ) և, որ ավելի կարևոր է, ուսումնասիրել ողջ տեղամասը (մոտավորապես 600 քմ ) և հնարավորության դեպքում բացահայտել անխաթար թաղումներ: Բարեբախտաբար թալանչիները հնագիտական մեթոդոլոգիայով չեն առաջնորդվում: Երեք դամբարանները պեղվեցին մինչև հատակը, գտնվեցին և՛ մարդաբանական նյութ, և՛ առանձին հնագիտական նմուշներ, անգամ խեցեղենի առանձին բեկորներ՝ չտեղաշարժված դիրքում: Համար մեկ դամբարանի ամենաուշագրավ բացահայտումներից էր հատակին դրված քարը, ամենայն հավանականությամբ քարի վրա դրված է եղել ննջեցյալի գլուխը, և այդ քարի վրա սև ներկով պատկերված էր կեռախաչ: Սակայն մենք չսահմանափակվեցինք այս երեք դամբարանի հետազոտությամբ, փորվեց պեղահրապարակ՝ մոտ 600 քմ տարածքով: Հայտնաբերվեց ևս յոթ դամբարան, որոնք անխաթար էին: Դամբարանային նյութը բնորոշ է ՔԱ 8-6-րդ դարերին: Այստեղ նույնպես հայտնաբերվել է մեծ թվով մետաղական նյութ, հետաքրքիր խեցեղեն, որն իր զուգահեռներն ունի Արցախի և Սյունիքի բազմաթիվ հուշարձաններում:
Հետաքրքիր էր հատկապես չորրորդ դամբարանը, որը մենք պայմանականորեն անվանեցինք «ռազմիկի դամբարան»: Այստեղ, ի տարբերություն մյուս դամբարանների, ծածկասալերը պահպանված էին: Ծածկասալն ինքը օգտագործվել էր որպես ինչ-որ արարողությունների հարթակ: Հայտնաբերվեցին խեցեղենի բեկորներ, քարե գործիքներ (ինչը բացառիկ է այս դամբարանի համար), բրոնզից մի իր, որոշակիորեն չեմ կարող ասել, թե ինչ է. կամ պատյանի բեկոր է, կամ ճարմանդ: Ծածկասալերը հեռացնելուց հետո պարզվեց, որ այստեղ ամփոփված է մեկ ննջեցյալի աճյուն, որի ձեռքում դաշույն էր: Դրա համար էլ պայմանականորեն կոչեցինք ռազմիկի դամբարան:


Իրականում մենք տեսնում ենք, որ ՔԱ 8-7-րդ դարերում Հարավային Սյունիքում, Արաքսի հովտում ձևավորվել է մի միկրոկուլտուրա, որտեղ նկատելի է և ուրարտական, և իրանական ազդեցությունը. դրանք և Կապանի նյութերն են, և Կերենի ու Շիկահողի դամբանադաշտերը: Մի ահռելի շերտվածք է, որ առայսօր ուսումնասիրված չէ տակավին:

ՀՆԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԵՆ


Գտնված հնագիտական նյութը երկար ճանապարհ է անցնում՝ թե ֆիզիկապես, թե իմաստավորման առումով: Նյութը պետք է անպայման վերականգնվի (ինչով հենց հիմա զբաղված է ԵՊՀ հնագիտության ինստիտուտի հնագիտության լաբարատորիայի աշխատակից Տատյանա Վարդանեսովան ), այնուհետև գրչանկարվի, լուսանկարվի, նկարագրվի և ըստ այդ նկարագրության՝ հանձնվի թանգարան: 2012-ին Շահումյանի հնավայրում գտնված նյութերը հանձնել եմ Կապանի երկրագիտական թանգարան: Կարծում եմ, որ տվյալ տարածաշրջանում գտնված նյութերը պետք է հանգրվանեն հենց այդ տարածաշրջանում: Հասմիկ Սիմոնյանը կվերլուծի մարդաբանական նյութը: Ինչպես 2012-ին, այս տարի դարձյալ մենք գենետիկ նյութ ենք տրամադրելու հետազոտման համար: Աշխատանքային պայմանավորվածություն ունենք նաև հնեաբուսաբան Ռոման Հովսեփյանի հետ: 2012-ին ԴՆԹ հետազոտման համար վերցված գենետիկ նյութը հետազոտվել էր Կոպենհագենում, կենսաբանական հեղինակավոր «Sell» ամսագրում լույս տեսավ հոդված Եվրասիայում հնագույն ժանտախտի մասին: Պետք է այստեղ արժևորել իմ ավագ գործընկեր Լևոն Եպիսկոպոսյանի աշխատանքը:


ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Ծատրյանին՝ հրաշալի թիմ հավաքելու համար, տարածքի սեփականատիրոջը, որ համաձայնեց ֆինանսավորելու մեր պեղումները, աերոլուսանկարիչ Հենրիկ Դանիելյանին, արշավախմբում ներգրավված բանվորներին և ողջ արշավախմբին: Մեծ ցանկություն ունեմ, որ աշխատանքները լինեն շարունակական, ոչ թե դիպվածային: Հուշարձանի տեղն ու դերը տարածաշրջանում հասկանալու համար պետք է տարիների աշխատանք: Դիպվածային ուսումնասիրություններով ամպագոռգոռ հայտարարություններ չի կարելի անել, սակայն նյութը հուշում է, որ այստեղ հետազոտությունների խնդիր կա, որն արժանի է լուծման:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan