Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ տեղ է գրավում գեղարվեստական ստեղծագործությունը արվեստի վիրտուալ սանդղակում՝ կարող է որոշել ով ասես և ոնց ասես

Ինչ տեղ է գրավում գեղարվեստական ստեղծագործությունը արվեստի վիրտուալ սանդղակում՝ կարող է որոշել ով ասես և ոնց ասես
18.12.2018 | 02:05

Քննադատական վերաբերմունքը կինոյի բնագավառում ստեղծված աշխատանքների նկատմամբ ձևավորվել է 1907 թվականին՝ գրեթե կինոյի ստեղծման հետ միաժամանակ։ Հենց այդ ժամանակ էր, որ «Variety» («Վարիետե») ամերիկյան շաբաթաթերթն իր էջերին քննադատական հոդված հրապարակեց Ֆրանսիայում թողարկված «Emouvant voyage de посе» («Տպավորիչ մեղրամիս») ֆիլմի մասին։ Հետագայում «վերաբերմունքը» փոխակերպվեց առանձին ժանրի և մեծ պահանջարկ ստացավ։ Եվ դա տրամաբանական էր, քանի որ ֆիլմարտադրությունը թափ էր հավաքում, իսկ հանդիսատեսն ուզում էր նախապես իմանալ, թե ինչպիսի և ինչ որակի ֆիլմ է իրեն սպասում։ Շուտով կինոքննադատական հոդվածները հայտնի թերթերից և ամսագրերից տեղափոխվեցին մասնագիտական պարբերականներ։ Հետո կինոքննադատության սրընթաց գործընթացը շարունակեցին ռադիոն և հեռուստատեսությունը, իսկ ավելի ուշ՝ համացանցի ստեղծումով, դրանք տեղ գտան հազարավոր կայքերում և բլոգներում։ Կինոքննադատությունը՝ որպես ժանր, բաժանվեց երկու մասի, և մասնագիտական գեղագիտական քննադատության կողքին հայտնվեց սիրողականը, որն ավելի դյուրին էր լայն հասարակայնության ընկալման համար։ Այ հենց այդ ժամանակ էլ կինոքննադատությունը դարձավ «սուբյեկտիվ»։


Միանգամից ուզում եմ պարզաբանել. սույն հոդվածը չի վերաբերում ռեֆերատների կամ ուսանողների բանավոր քննությունների ժամանակ տեսական գիտելիքների ստուգմանը։ Դժվար թե այն ուղեցույց լինի նաև կինոքննադատների համար, չնայած առաջին հայացքից նրանք փաստորեն նույն խնդրին են ծառայում։ Խնդիրը մոտիկից ուսումնասիրելիս հանգում ես այն համոզման, որ աշխատանքների գնահատումը մեզանում կատարվում է ավելի շատ սուբյեկտիվ, քան մշակված չափորոշիչների համապատասխան։ Փորձեցինք հասկանալ` կա՞ն արդյոք ընդհանրապես գեղարվեստական ստեղծագործությունների գնահատման օբյեկտիվ չափորոշիչներ և, ոչ մի տեղ չգտնելով դրանք, հասկացանք, որ՝ չկան։ Կան չափորոշիչներ, որոնք հնարավորություն են տալիս որոշելու գինու, հացի, ցանկացած ապրանքի որակը և տեսակը, բայց գեղարվեստական ստեղծագործության գնահատման բնագավառում դրանք իսպառ բացակայում են։ Գուցե դա կապված է որորտի առանձնահատկությունների հետ, և հենց «օբյեկտիվ» գնահատականի բացակայությունն է «օբյեկտիվ»։ Գեղարվեստական ստեղծագործությունը արվեստ է, թե ոչ և ինչ տեղ է գրավում արվեստի վիրտուալ սանդղակում՝ այսօր կարող է որոշել ով ասես և ոնց ասես։ Դրա օրինակները արդեն իսկ կան։ Ասենք, «ԽՌվՏտՏՌրՍ» կամ «IMDb» կայքերում դուք կարող եք առանց խղճի որևէ խայթ զգալու 10-բալային սկզբունքով գնահատել ցանկացած կինոստեղծագործություն կամ կինոգործչի։ Մի նրբություն էլ կա. հազարավոր կինոդիտողների` այս կամ այն ֆիլմին կամ կինոգործչին տված սուբյեկտիվ «բալ»-գնահատականները գումարվելով, կարծես ստեղծում են քիչ թե շատ օբեյկտիվ գնահատական։ Այս պարագայում անգամ դարձյալ բաց է մնում նույն չարաբաստիկ հարցը՝ «ինչ սկզբունքով, ի՞նչ չափորոշիչներով»։ Փաստենք նաև, որ գեղարվեստական ստեղծագործության ընկալումը տեղի է ունենում սուբյեկտիվ գնահատման եղանակով, և ճիշտ չի լինի այն անտեսելը։ Աշխարհընկալման հիմնական ձևերից մեկը համեմատությունն է, ինչն արվեստի գործերի գնահատման պարագայում չափազանց վտանգավոր է, եթե չասենք` անթույլատրելի։ ՈՒնենալով սեփական կարծիք և գնահատական (ասենք, 10- բալանոց հաշվարկի եղանակով) որևէ ֆիլմի, հեռուստահաղորդման կամ արվեստի այլ գործի վերաբերյալ՝ փորձեք դիմել մի քանի անկախ մասնագետ-կինոգետների կամ կինոքննադատների՝ խնդրելով գնահատել այն: Համոզված եմ` կստանաք տարբեր, չհամընկնող, երբեմն իրարամերժ արդյունքներ: Տարբերակները ակնհայտ են. կա՛մ խճճվում ես գնահատականների մեջ կամ, ունենալով սեփական կարծիք, հիասթափվում նրանցից, ում համակարծիք չես։ Այո, եթե գնահատողը անկախ է և զերծ մոդայիկ, ժամանակակից, ժամանակավոր և երբեմն շինծու ուղղությունները գովաբանելու ցանկությունից, նրա կարծիքը տարբերվում է մնացածներից։ Որպես կանոն, մեր գնահատականներն արդյունքն են մեր անձնական փորձի, ճաշակի, գիտելիքների պաշարի, ազգային առանձնահատկությունների և հակվածության։


Փաստենք նաև, որ «համեմատությունը» միանշանակորեն կիջեցնի որակի և ճաշակի նշաձողը և, ի վերջո, կհանգեցնի իրոք տաղանդավոր ու ինքնատիպ ստեղծագործությունների վերացմանը։ Չեմ կարծում, որ համեմատության սկզբունքը գնահատականներում կիրառելով, մենք այսօր կունենայինք Փարաջանով, Փելեշյան, Վահունի, Մալյան և էլի շատ ուրիշների։ Փակուղի՞։ Մի կողմից գեղարվեստական ստեղծագործությունը կարդալիս կամ դիտելիս մենք որոշակի կարծիք, գնահատական ենք ձևավորում, մյուս կողմից, որքան դիտորդ, ընթերցող, գնահատող, այնքան կարծիք, գնահատական։ Եվ հիմա ոչ վիրտուալ հարց. իսկ հնարավո՞ր է ընդհանրապես նախանշել, որոշել այդպիսի չափորոշիչներ։ Ինչպես պիտի մենք՝ հանրությունը, կինոգետները և, ասենք, կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամները գնահատենք մեր հայրենիքում ֆիլմարտադրող 31 ստուդիաների կամ արտասահմանյան կինոարտադրանքը: Համաձայնեք` պարապ հարց չէ: Հարցն ավելի արդիական է դառնում, երբ սկսում է առնչվել ֆիլմարտադրող ստուդիաների նախագծերի պետական ֆինանսավորմանը: Պարզից էլ պարզ է՝ կինոն աոանց փողի չի նկարահանվում: Բայց ի՞նչ սկզբունքով պիտի կատարվի այդ ֆինանսավորումը: Մրցութային՝ կպատասխանեք դուք, և ես կհամաձայնեմ: Իսկ ի՞նչ չափորոշիչներով:


Օրինակ, ՀՀ մշակույթի նախարարության վերջերս ընդունած «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կանոնակարգն» առաջարկում է՝ հանձնաժողովի անդամներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել հայտերը և գնահատման թերթիկներում 10-բալանոց համակարգով գնահատել ֆիլմերի նախագծերը: Ի՞նչ չափորոշիչներով՝ հարցնում եմ ես և կետ 19-ում գտնում պատասխանը:

Մրցույթում ֆիլմի նախագծերը գնահատվում են հետևյալ չափանիշներով`
1) ֆիլմի գեղարվեստական տեսլականը,
2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը,
3) նախագծի իրականացվելիության ներուժը,
4) նախագծի տնտեսական հիմնավորումը,
5) ֆիլմի՝ հասույթ ապահովելու հեռանկարը:
Ի՞նչ չափորոշիչներով` հարցնում եմ ես, և ինձ պատասխանում է նույն 19-րդ կետը: Այսինքն ինչպես. ամեն մի բնորոշումը՝ 2 բա՞լ, թե՞ առաջինը՝ 3, երկրորդը՝ 4, իսկ մնացածը՝ մեկական: Եթե արդյունքում ստացվի, ասենք, 7 կամ 9 բալ, արդյո՞ք հանձնաժողովը կկարողանա իմ՝ «Ինչո՞ւ 7» հարցին պատասխանել։ Կամ, եթե ապագա ֆիլմի հեղինակը փայլուն տեսլական է ցուցադրել և միջազգային ճանաչման հնարավորությունն ակնհայտ է հանձնաժողովի անդամին, ապա այդ ֆիլմը զիջելու է նրան, որի տնտեսական հիմնավորումը և հասույթ ապահովելու հեռանկարն ակնհա՞յտ է: Կարծես թե մի քիչ շիլաշփոթի է նմանվում այս չափորոշիչների կիրառումը, և ես կանխատեսում եմ, որ իմ «վիրտուալ»՝ «Իսկ ինչո՞ւ 7» հարցին կստանամ նույն տիպի «վիրտուալ» պատասխան. «Բա որքա՞ն էիք ուզում»:
Գուցե անհանգստությունս փարատվեր, եթե կանոնակարգին չհաջորդեր մշակույթի նախարարության մեկ այլ հաստատված հրահանգ, որը կոչվում է «Ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողովի կազմ»:

Կփարատվեր, եթե հանձնաժողովի կազմում լինեին Հենրիկ Մալյանը, Աղասի Այվազյանը, Լևոն Աթոյանցը, Դմիտրի կամ Էդմոնդ Քեոսայանը: Լուռ ու մունջ գլուխս կխոնարհեի ու կլսեի նրանց դատավճիռը, ասենք` 2 բալ: Երևի հարց էլ չտայի՝ «Իսկ ինչու՞ 2»: Բայց ... Լավ, անձամբ ոչինչ չունենալով ստեղծված հանձնաժողովի անդամներից որևէ մեկի դեմ (առավել ևս, որ ոչ մեկին, բացի Անետա Երզնկյանից, չեմ ճանաչում) ուզում եմ ներկայացնել ամբողջ կազմը: Դատեք ինքներդ.

1 Նազենի Ղարիբյան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
2 Նաիրա Վարդանյան ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ
3 Անետա Երզնկյան կինոգետ (համաձայնությամբ)
4 Արմինե Անդա պրոդյուսեր (համաձայնությամբ)
5 Խանե Պողոսյան կինոռեժիսոր (համաձայնությամբ)
6 Սեդա Գրիգորյան կինոռեժիսոր (համաձայնությամբ)
7 Վիկտորյա Ալեքսանյան պրոդյուսեր (համաձայնությամբ)
Հավելեմ, որ ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է մասնակցելուց:

Կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ ռեժիսորական կուրսի ղեկավար
Նիկոլայ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ