Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լուկաշենկոն քիչ էր, հիմա էլ` Լավրովը

Լուկաշենկոն քիչ էր, հիմա էլ` Լավրովը
18.12.2018 | 12:23

Ինչ շատախոս են դարձել ԵԱՏՄ տարածքի բարձր պաշտոնյաները` մեկի ասածները չես մարսում, մյուսն է սկսում: Հայաստանով դեռ պտտվում է Բելառուսի նախագահի մենախոսությունը Մինսկի իր մոնոթատրոնից` ինքն ինչ ասաց ու ինչպես, Մոսկվայից բեմ է մտնում ՌԴ ԱԳ նախարարը ու հայտարարում, որ Երևանի հետ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որով նախատեսվում է բացառել այլ երկրի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում:


Ի՞նչ գործ ունի Ռուսաստանը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների հետ: Ի՞նչ կասկածամտություն է ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Ինչու՞ է Մոսկվան ամեն տեղ իր դեմ դավադրություն որոնում: Հետո ի՞նչ, որ լաբորատորիաները ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ: Ինչու՞ են համառորեն տպավորություն ձևավորում, որ Հայաստանում գործում են ամերիկյան գաղտնի լաբորատորիաներ, եթե այդ լաբորատորիաները գտնվում են Հայաստանի ենթակայության տակ: Ինչ-որ չափով գուցե տրամաբանական լիներ, եթե լաբորատորիաները ստեղծված լինեին ռուսական աջակցությամբ ու Լավրովը համաձայնագիր նախաձեռներ, որ այլ երկրի զինվորականներ լաբորատորիաներ մուտք չունենան: Կամ` նման առաջարկություն աներ ԱՄՆ պետքարտուղարը: Առաջին հերթին սա վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը և եթե նման համաձայնագիր Հայաստանը համաձայնել է ստորագրել, ինքը պետք է այդ մասին խոսի, ներկայացնի ու հիմնավորի: Ստացվում է` հերթական անգամ Հայաստանին փաստի առաջ են կանգնեցնում` իր անունից ինչ-որ հայտարարություններ անելով:


ԱՄՆ-ը փափուկ ուժ է կիրառում, Ռուսաստանը` կոշտ: Սա արդեն ոչ մեկին չի զարմացնում: Կարծես սովորել ենք, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում ամեն տեղ իր շահը որոնել ու ինքնամոռաց պաշտպանել:
Լաբորատորիաները Հայաստանի Հանրապետությանն են և Հայաստանի նախկին իշխանությունն է Ռուսաստանին թույլ տվել մուտք գործել լաբորատորիաներ` համոզվելու, որ իր դեմ դավադրություններ չեն նյութվում: Նիկոլ Փաշինյանն էլ ամռանը գնաց նրանց նվիրական ոտնահետքերով` հայտարարելով, որ ռուս մասնագետները կարող են մտնել լաբորատորիաներ: ՌԴ ԱԳ նախարարի խոսքից հասկանալի չէ ոչինչ: Եթե կան լաբորատորիաներ ու գործում են, ինչու՞ պիտի Հայաստանը համաձայնի Ռուսաստանի պայմաններին ու սահմանափակի իր համագործակցությունը այլ երկրների հետ, թե՞ համաձայնագիրը լաբորատորիաները դարձնում է հայ-ռուսական, իսկ հետո կդառնան ռուս-ռուսական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նման լաբորատորիաներ կան նաև Վրաստանում ու Ադրբեջանում: Լավրովը, որ վերջերս Բաքվում էր, ոչ մի խոսք չի ասել այդ լաբորատորիաների մասին, «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողն էլ չի հիշել Ադրբեջանը: Ինչու՞ համաձայնագիր չեն նախապատրաստում Ադրբեջանի հետ: Լավրովը նաև ասել է, որ Վրաստանը ապահովել է ՌԴ դիվանագիտական պատվիրակության մուտքը լաբորատորիաներ, այժմ փորձում են պայմանավորվել, որ լաբորատորիաները հասանելի լինեն մասնագետներին: Համաձայնագիր են նախապատրաստում նաև Ղազախստանի հետ: Գուցե ՀՀ ԱԳՆ-ն այս ամենից հետո ոչ թե ասի, որ մեկնաբանություն չունի, այլ հղում անի համապատասխան պաշտոնյայի՞ կամ մասնագետի՞` բացատրելու` ի՞նչ է կատարվում: Կամ էլ սպասեք Նիկոլ Փաշինյանի հերթական լայվին ու նա ձեզ կստանի կենսաբանական լաբորատորիա, քանի դեռ ռուսները դուռը չեն կնքել:

Դիտվել է՝ 2497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ