Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանը շարունակում է մնալ պատասխանողի կարգավիճակում

Հայաստանը շարունակում է մնալ պատասխանողի կարգավիճակում
20.12.2018 | 10:13

Դեկտեմբերի 18-ին ուշ երեկոյան տարածվեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, դեկտեմբերի 19-ին կեսօրին տարածվեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի պատասխանը, ավելի ճիշտ` պարզաբանումը:


Ըստ այդմ` Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է. «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։ Ընդունեք, որ շատ խոսուն տեղեկություն է, լրիվ մանրամասնում է` դինամիկ հանդիպելու են: Երեկ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին ասել է, որ Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել: Անպատասխան հարց` ինչի՞ շուրջ:
«Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ:


ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:


Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»`
պարզաբանել է Աննա Նաղդալյանը: Համարեք ինձ անհասկացող, բայց ես չհասկացա, թե ի՞նչի շուրջ են ՙՀայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՚` ինչպես հայտարարել է Էլմար Մամեդյարովը: Trend-ը գրել է, որ Բաքվում դիվանագիտական կորպուսի ընդունելության ժամանակ Մամեդյարովն ասել է, «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանն առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը մեզ չէր հաջողվում երկար ժամանակ: Մենք փնտրելու ենք հակամարտության լուծման ուղիներ, Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Նա տեղեկացրել է, որ հունվարին ևս մեկ հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարարի հետ և շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը 2019-ին նույնպես շարունակելու է մնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն ու նպատակը, «Հիմնական նպատակն է հասնել շոշափելի արդյունքների, դա, կարծում եմ, ոչ միայն իմ, այլև յուրաքանչյուր ադրբեջանցու երազանքն է»:


Թե ինչ է երազում յուրաքանչյուր ադրբեջանցի` Մամեդյարովը ավելի լավ կիմանա, բայց մենք գիտենք` ինչ է հայտարարում յուրաքանչյուր ադրբեջանցու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա շարունակում է հարցի ռազմական լուծումը համարել հնարավոր տարբերակ ու շարունակում է բանակի սպառազինումը` նոր ու հին զինատեսակներով` որ երկրից ինչ կարող է: Ինչու՞, եթե Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ ՙԱդրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Հարց, որ չի կարող չհետաքրքրել Հայաստանի ԱԳՆ-ին: Բայց ԱԳՆ-ին կամ չի հետաքրքրում, կամ իր տեսակետը հրապարակայնացնելն ավելորդ է համարում: Հավանաբար` բանակցային գործընթացին չվնասելու նպատակով: Մինչդեռ Աննա Նաղդալյանը պիտի համադրեր Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հայտարարությունները ու ներկայացներ Հայաստանի ԱԳՆ-ի տեսակետը` անհանգստության, հույս հայտնելու, զարմանալու կամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու տեսքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 10 տարի Էդուարդ Նալբանդյանին (փաստացի` նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև նա էր ըստ Սահմանադրության` ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուն) մեղադրանք է հնչեցվել Հայաստանի արտաքին քաղաքականության պասիվության մեջ` երկրորդ ալիքի դիվանագիտություն վարելու, որ իրեն իրավունք էր վերապահում միայն պատասխանել և երբեք առաջինը ոչինչ չասել: Նախաձեռնողական դիվանագիտության պահանջը, թվում էր, որ ԱԳՆ-ին առաջադրված պիտի լինի հեղափոխությունից հետո, բայց անցած կես տարում (վստահ եղեք` առաջիկա 5 տարում էլ) ՀՀ ԱԳՆ-ն ընդամենը տարբեր երկրների` Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ադրբեջանից հնչած հայտարարությունների պարզաբանողի դերն է իրեն վերապահում: Այն էլ` ոչ միշտ ու ոչ հոդաբաշխ: Հասկացանք, որ լեզուն դիվանագետին տրված է մտքերը թաքցնելու, ոչ թե արտահայտելու համար, բայց ոչ բոլոր դեպքերում: Առավելևս, որ մեր դիվանագիտության պասիվությունն օգտագործվում է լիուլի հենց իր դեմ` ստեղծելով թյուրըմբռնումներ ու տեղիք տալով տարատեսակ դավադրությունների տեսությունների, որ իսկզբանե պետք է կանխել: Եթե, իհարկե, ԱԳՆ-ն նպատակ ունի հաջողության հասնել երկրի ներսում ու երկրից դուրս` պաշտպանելով միայն ու միայն Հայաստանի շահը: Այդպե՞ս է:

Դիտվել է՝ 2599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ