Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

«Հուսով եմ` նոր իշխանությունները կկարողանան իրենց մեջ ուժ գտնել և գերակա համարել հանրային շահը»

«Հուսով եմ` նոր իշխանությունները կկարողանան իրենց մեջ ուժ գտնել և գերակա համարել հանրային շահը»
21.12.2018 | 00:43

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ճգնաժամի մեջ են հայտնվել այն բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում մարդու իրավունքների ոչ մի խախտում աննկատ չէին թողնում, հասարակական հնչեղություն էին տալիս ցանկացած իրավական խնդրի ու պարտադրում իշխանությանն ինչ-ինչ զիջումների գնալու։ Այսօր իրավական ոլորտում բեկում չի եղել, ավելին, նոր իշխանության իրավական քայլերը բավական խոցելի են, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները, քաղհասարակությունը լռում են։ Հասկանալի է, որ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, այս օրերին քրեական գործերով անցնող մարդկանց հանդեպ զայրույթն ու անհանդուրժողականությունը շատ մեծ են, սակայն իրավական քայլերը պետք է ճիշտ ձևակերպվեն ու երկակի ստանդարտների տեղ չթողնեն։ Այս ամենում շատ կարևոր է իրավապաշտպաների ճիշտ դիրքորոշումը, մինչդեռ նրանք կարծես ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավական մթնոլորտի ու խնդիրների շուրջ զրուցում ենք Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ։

-Ինչու՞ են այսօր լուռ իրավապաշտպան կազմակերպությունները, ինչու՞ են աչք փակում իրավական ակնհայտ խնդիրների, իրադարձությունների վրա։
-Այդ մասին վաղուց եմ սկսել խոսել, դեռ սեպտեմբերից, երբ Արցախի ՄԻՊ-ն էի. սկզբում` ավելի զուսպ ձևակերպումներով, աշխատանքից հեռանալուց հետո՝ շատ ավելի բաց։ Դա ցավալի իրականություն է։ Պատճառներն ակնհայտ երևույթների մեջ են։ Շատ մարդիկ, որոնք իրավապաշտպան գործունեություն էին իրականացնում, դուրս են եկել այդ գործունեությունից և ֆորմալ իրականացնում են գործադիր իշխանության գործառույթները, ոչ ֆորմալ էլ համագործակցում են գործող իշխանության հետ։ Այս ամենն իրականում խոսում է ոչ միայն ներկայի և ապագայի, այլև վկայում անցյալի խնդիրների մասին։ Կարելի է անգամ հարցականի տակ դնել մեր իրավապաշտպան համակարգի գործունեության մոտիվացիան անցյալում։ Արդյոք այն իսկապես իրավական մշակույթի զարգացման, մարդու իրավունքների երաշխավորման, մակարդակի բարձրացման շարժառիթներո՞վ է գործունեություն ծավալել, թե՞ առավելապես ունեցել է քաղաքական նպատակներ, իսկ այդ նպատակների նվաճումից հետ կորցրել է իր նշանակությունը։ Իմ պատկերացմամբ` սա է ամենամեծ խնդիրը՝ անցյալի վերագնահատումը։ Այդուհանդերձ, անցյալում այդ համակարգը շատ արդյունավետ էր գործում, քանի որ կարողանում էր բարձրաձայնել կարևոր հարցեր, ինչի արդյունքում շատ հարցեր լուծվում էին։
-Դուք կասկածի տակ դրեցիք իրավապաշտպան կազմակերպությունների անցյալում ունեցած մոտիվացիան։ Կա տեսակետ, որ այսօր նրանք լուռ են, քանի որ շատերը դրսի դրամաշնորհներով գոյատևող կազմակերպություններ են, որոնք արդեն հասել են իրենց առջև դրված նպատակին։
-Կարծում եմ` դա որոշակի նշանակություն ունի, բայց այդ գործոնը չէի գերագնահատի։ Խնդիրն այն է, որ վերջին 20 տարում այդպես էլ չենք կարողացել իրավապաշտպան գործունեությունը մոտեցնել ազգային արժեքներին։ Նկատի ունեմ այն, որ մեր ազգային ինստիտուտները ներդրումներ չեն արել իրավապաշտպան գործունեության մեջ, չեն դարձել այդ գործունեության «բաժնետերը» և «շահառուն»։ Այնպես է ստացվել, որ այդ գործունեության հիմնական ռեսուրսների ապահովումն իրականացվել է միջազգային, օտարերկրյա աղբյուրներից։ Իհարկե, չեմ ցանկանում ոչ մի կերպ նսեմացնել այդ աղբյուրների կարևորությունը և նշանակությունը, խնդիրն օտարերկրյա կազմակերպությունները չեն, այլ մենք ենք։ Մենք այդպես էլ չկարողացանք մտնել այդ դաշտ, մեր ազգային ինստիտուտները չկարողացան աշխատել այդ կազմակերպությունների հետ։ Հիմա, կարծում եմ, շատ բարենպաստ ժամանակաշրջան է, երբ ազգային ինստիտուտները պետք է վերանայեն իրենց վերաբերմունքն իրավապաշտպան գործունեության նկատմամբ առհասարակ։
-Եթե այդ կազմակերպություններն այսօր ֆորմալ կամ ոչ ֆորմալ ձևով համագործակցում են իշխանության հետ, դա վտանգավո՞ր չէ, քանի որ առաջին հերթին իշխանությունն է իր լծակներով մարդու իրավունքների խախտումների, այսպես ասած, «հեղինակը»։
-Որքան էլ մենք ընդունենք, որ գործադիր մարմնում մարդիկ կարող են լինել բարի նպատակներով, դա չի ստվերում ինստիտուցիոնալ զսպումների և հակակշիռների մեխանիզմներ ունենալու անհրաժեշտությունը։ Այդպես են պետություններն աշխատում ողջ աշխարհում։ Այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները կարող են լինել ինչպես պետական համակարգի ներսում, զորօրինակ, դատական կառույցները, այնպես էլ պետական համակարգից դուրս, քաղաքացիական հասարակությունում, հատկապես իրավապաշտպան թևում։ Ամենակարևորն ինստիտուցիոնալ երաշխիքն է, որն աշխատել է մինչև ապրիլ-մայիսի իշխանափոխությունը, որպեսզի սահմանափակի գործադիր իշխանության գործունեությունը և վերահսկողության ներքո պահի։ Հենց այս դաշտը մեր երկրում չի աշխատում։
-Որպես իրավապաշտպանի, Ձեզ չի՞ անհանգստացնում, որ իշխանափոխությունից հետո իշխանության իրավական թևում շատ խոցելի իրավիճակ է, ինչն անգամ ոչ իրավական գիտելիքներ ունեցող քաղաքացիներն են նկատում։
-Մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնել, իսկ այն իրավապաշտպան դաշտը, որ բաց է մնացել, պետք է կամաց-կամաց լցնել նոր ինստիտուտներով, կառույցներով։ Պետք է իրավապաշտպան գործունեության օրակարգն ավելի համարժեք դառնա մեր քաղաքացիների իրական խնդիրներին։ Այս ամենի լուծման ճանապարհը ազգային ինստիտուտների իրավապաշտպան գործունեության մեջ առավել մեծ ակտիվության ցուցաբերումն է։ Այն ժամանակ, երբ մեր երկիր մտավ իրավապաշտպան գաղափարախոսությունը, գուցե օբյեկտիվ պատճառներով այն սկսեց հակադրվել ազգային արժեքներին։ Սակայն, իմ համոզմամբ, դրանք պետք է ոչ թե հակադրվեն, այլ համադրվեն։ Հիմա ժամանակն է, որ վերանայենք մեր մոտեցումներն այս հարցում։
-Ի՞նչ ասել է վերանայել։
-Պետք է ստեղծվեն նոր կազմակերպություններ, եղած կազմակերպություններն էլ, որ նախկինում իրավապաշտպան գործունեության «բաժնետեր» չեն եղել, այդ ոլորտում գործունեություն չեն ծավալել, խնդիրներ չեն առաջադրել, սկսեն մտնել այդ ոլորտ։
-Օրերս ԱԱԾ ղեկավարը, հիշեցնելով Ձեր ֆեյսբուքյան մի գրառում, ասել էր, որ այդ իրավական գնահատականը դիտարկվել է ինչ-որ գործի շրջանակներում։ Փաստորեն, իրավապահ համակարգի պատասխանատուների կազմած գործերն այնքան թույլ են ու առանց ամուր հիմքերի, որ իրավապաշտպանները կարող են հեշտությամբ խարխլե՞լ դրանք։
-Անկեղծ ասած, այդ հարցում ես բացասական ոչինչ չեմ տեսնում։ Ողջունելի է, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են հասկանալ, թե հանրային հարթակում ինչ մոտեցումներ կան այս կամ այն հարցում ու հաշվի են նստում դրանց հետ։
-Անշուշտ, լավ է, որ հաշվի են նստում, սակայն հարցս իրավական թևի խոցելի քայլերի, վատ հիմնավորված քրեական գործերի մասին էր։
-ԱԱԾ-ի ղեկավարի այդ նկատառումից դժվար է նման ենթադրություն անել։ Խոսքն այն մասին է, որ կոնկրետ դեպքում իմ մասնագիտական կարծիքը փոխանցվել է համապատասխան իրավապահ մարմնին։ Երբ ես արդարադատության նախարարի տեղակալ էի, հետո Արցախի ՄԻՊ, փորձում էի հասկանալ, թե տարբեր հարցերի շուրջ ինչ մոտեցումներ կան։ Սակայն ասածս չի ենթադրում, որ այդ ոլորտում ամեն ինչ նորմալ է։
-Նոր իշխանությունն այսօր խնդիր է դրել ամբողջովին վերանայել արդարադատության համակարգը, խոսվել է նաև անցումային արդարադատության մասին։ Ձեր կարծիքով այս համակարգի փոփոխությունները որտեղի՞ց պետք է սկսել, ո՞րն է առաջնային խնդիրը։
-Ինձ ամենևին չի բավարարում անցումային արդարադատություն հայտարարված երևույթը։ Դա խիստ անարդյունավետ է, և դրա մուտքը հանրային օրակարգ բացասական ազդեցություն է ունեցել արդարադատության համակարգի վրա։ Մոռանալով արդարադատության բուն խնդիրների մասին` հիմա փորձում ենք արհեստական օրակարգ ձևակերպել այդ հարցում։ Արդարադատության ոլորտում խնդիրները շատ են և համակարգային մոտեցման կարիք ունեն։ Պետք է ոչ թե մասնավոր դեպքերը դիտարկել, այլ այն, թե ինչ ուղղությամբ ենք գնում այս ոլորտում, ինչպես ենք դարձնում մեր արդարադատության համակարգն ավելի արդյունավետ, վստահություն վայելող, դատական իշխանության ներկայացուցիչների ավելի արդարացի գործունեությունը գնահատող։ Հիշենք, որ անցումային արդարադատության համակարգի գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ դատարանը ոչ իշխանահաճո որոշում կայացրեց մեծ հնչեղություն ունեցող գործով. խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին է։ Կարծում եմ` այդ գաղափարի ի հայտ գալը կապված է դրա հետ, ինչը ցավալի է։ Օգոստոսի 17-ին, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր անցումային արդարադատության մասին, դատավորներին «խորհուրդ» էր տալիս խելքները գլուխները հավաքել։ Սա չափազանց վտանգավոր է։ Չգիտեմ՝ ինչ գաղափարներ են այս առումով առաջ քաշելու իշխանությունները, բայց ես սա համարում եմ շատ վտանգավոր գործընթաց։ Պետք է հիշենք, որ թե՛ մեր Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պարտավորություններով մենք ունենք դատական իշխանության անկախությունը երաշխավորելու պարտականություն։ Դա նշանակում է դատավորների անփոփոխելիություն, միջամտության բացառում, ինչպես նաև գործադիր իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի դատական իշխանության հեղինակությունը չարատավորելու ուղղությամբ։ Բայց մենք տեսնում ենք մի գործընթաց, երբ իրավաբանների համայնքում բարձր հեղինակություն ունեցող դատավորները, երբ իշխանահաճո որոշումներ չեն կայացնում, դառնում են հանրային ուղղորդված կարծիքի թիրախ։ Սա ցավալի է, հույս ունեմ, որ նոր իշխանությունները կկարողանան իրենց մեջ ուժ գտնել և գերակա համարել հանրային շահը՝ ստորադասելով նեղ անձնական, խմբային շահերը։

Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan