Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ոչ մի բանից չեն ուզում զրկվել

Ոչ մի բանից չեն ուզում զրկվել
21.12.2018 | 00:46

Հայաստանում կատարված քաղաքական փոփոխություններից հասարակության ակնկալիքը մեկն է՝ փոխել իր կյանքի որակը, երկրում հաստատել դատական, սոցիալական արդարության մթնոլորտ։ Այսօր իշխանությունը մեկ ուժի ձեռքում է, և քաղաքական կամքի պարագայում հնարավոր է անգամ սարեր շուռ տալ, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ունի կախարդական փայտիկ։ Սակայն առաջին քայլերն արդեն խիստ հիասթափեցնող են։ Մի կողմից, հայտարարված է կառավարման համակարգի օպտիմալացում, մյուս կողմից, իշխող ուժը չի ցանկանում զրկել իրեն ոչ մի բանից։


Ամեն ինչ սկսվում է խորհրդարանում պատգամավորների քանակից։ Ինչու առանց այն էլ շատ մանդատ ստացած մեծամասնությունը պետք է ունենա ոչ թե 70, այլ 88 պատգամավոր։ ՈՒ պետք չէ այս կամ այն օրենքով, ինչ-որ «դոնթերի» բանաձևով դա հիմնավորել։ Կարելի էր ուղղակի քաղաքական կամք դրսևորել, որոշում կայացնել և բյուջեի վզին չդնել լրացուցիչ բեռ։ Ի՞նչ է տալու երկրին պատգամավորների թվի ավելացումը, բացի այն, որ հարկատուները աշխատավարձի ու գործուղումների լրացուցիչ հոգս պիտի հոգան։ Նախկին ԱԺ-ում 105 պատգամավորն էլ շատ էր, որովհետև իրական աշխատողների թիվը միշտ էլ քիչ է լինում, մնացածը կոճակ սեղմողներ են։ Թե՞ հիմա մտածում են, որ 132-ն էլ մխրճվելու են օրենսդրական աշխատանքի մեջ, ու մեծ կորուստ կլինի, եթե խորհրդարանում պատահականորեն հայտնված 27 մարդ չլինի։


Ավելին, հիմա էլ որոշել են հանձնաժողովների թիվն ավելացնել` 9-ից դարձնելով 11։ Հանձնաժողովների նախագահներին հատկացվող ծառայողական մեքենաներն ու այլ ծախսերն էլ եթե գումարենք, կստացվի կրկին անօգուտ ու անտեղ գումարների վատնում։ Էլի հարց՝ հանուն ինչի՞։ Եթե նախորդ խորհրդարանում այդ հանձնաժողովները միավորված էին, ի՞նչ մեծ կորուստ էր։ Բայց այս իշխանությունը կարող է իրեն թույլ տալ այս բոլորը միայն այն հիմնավորմամբ, թե ժողովուրդն իրեն 70 տոկոս քվե է տվել և ամեն հարցում վստահում է։ Եվ այս հարցում նրանք շատ էլ չեն սխալվում։ Ժողովուրդն է ընտրել այս որակի իշխանություն։
Նույն ժողովուրդը Երևանի ավագանու ընտրության գնաց այն գիտակցմամբ, որ ոչ թե քաղաքապետ է ընտրում Հայկ Մարությանին, այլ Նիկոլ Փաշինյանին է վստահության քվե տալիս։ Սակայն այսօր, երբ Հայկ Մարությանն է ներկայացնում քաղաքապետարանի 2019-ի բյուջեն, որն ավելի վատն է, քան նախորդը, վերստին հարց է առաջանում՝ սրա մեղավորն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Հայկ Մարությանը։ Օրինակ, 2019-ի բյուջեով պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ծախսը նախորդ տարվա 758,5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991,4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացել է 1 մլրդ 232,9 մլն դրամով: ՈՒ՞մ և ինչու՞ են այսքան շռայլորեն պարգևատրում, եթե քաղաքում կան «մահաբեր» վերելակներ և «հուսահատության» գազելներ։ Արտասահմանյան գործուղումների ծախսը նախորդ տարվա 62,7 մլն դրամից աճել է մինչև 112,7 մլն, այսինքն, ավելացվել է 50 մլն դրամով: Ժողովրդի հաշվին քաղաքային իշխանությունը սեփական ճամփորդությունների հա՞րցն է լուծում։


Սրան զուգահեռ կրճատվել են տրասնպորտին, վերելակների հիմնանորոգմանը և այլ ոլորտներին տրվող գումարները։ Հիմա Հայկ Մարությանին ընտրող քաղաքացին իրեն հարց տալի՞ս է՝ ո՞վ է այսպիսի ընտրության պատասխանատուն։ Իսկ ի սկզբանե պարզ չէ՞ր, որ քաղաքային տնտեսությամբ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է զբաղվելու, այլ Հայկ Մարությանը։
Այնպես որ, օպտիմալացման, հաստիքացուցակների վերանայման անվան տակ կառավարման օղակից կամաց-կամաց կհեռանան «ոչ հեղափոխական», այս իշխանության հետ «քայլ չարած» անձինք, ինչը կպատճառաբանվի գումարների խնայմամբ ու արդյունավետ աշխատանքով, սրան զուգահեռ, սեփական բարեկեցության համար պետության հաշվին մեծ շռայլություններ թույլ կտան 70 տոկոս քվե ստացած իշխանավորները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ