Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Բանակցային գործընթացում առաջնորդվում ենք «խաղ` զրոյական գումարով» տրամաբանությամբ»

«Բանակցային գործընթացում առաջնորդվում ենք «խաղ` զրոյական գումարով» տրամաբանությամբ»
21.12.2018 | 01:00

Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացում ակտիվացում է նկատում: Ըստ նրա, եթե նախորդ տարիներին Մինսկի խմբի համանախագահող երկրները 6-7 ամիս կամ 1 տարի շարունակ հոլի նման պտտվելուց, մի լավ չարչարվելուց հետո նոր միայն կարողանում էին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել, ապա այժմ դրանք ավելի հեշտ են կայանում, և կողմերն առանց բարդույթների պատրաստ են անընդհատ հանդիպելու և հարցեր քննարկելու: «Իրատեսի» հետ զրույցում նա ընդգծեց, որ կարճ, թեթևակի զրույցներից և հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ադրբեջանական կողմի հետ ուղիղ կապ հաստատել՝ սահմանային ընդհարումները բացառելու և զոհերից խուսափելու նպատակով:


«Որոշակի աշխուժացում կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական շփումների հաստատման և ակտիվացման ուղղությամբ, ինչը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան միջնորդների օգնությամբ կազմակերպված հանդիպումները: Միջնորդներն ինչքան էլ բարի կամք ու չեզոք դիրքորոշում ունենան և հակամարտության լուծման համար ջանքեր գործադրեն, նրանք այլ պետությունների, այլ քաղաքական, պետական կառույցների շահերը ներկայացնող մարդիկ են, որոնք չեն կարող ոտնահարել իրենց հեռահար ռազմավարական նպատակները մեր տարածաշրջանում»,- համոզված է քաղաքագետը:

-Ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմը մշտապես հայտարարել է, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում համաձայնություններ ձեռք չեն բերվել: Հանրապետականներն էլ ասում են, թե ադրբեջանական կողմը նման բան չի ասել:
-Որքան գիտեմ` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները վերաբերել են սահմանային գծում վերահսկողական մեխանիզմների ներդրմանը: Դրանք չեն վերաբերել հակամարտության լուծման ուղիներին, այնտեղ որևիցե փաստաթուղթ քննարկման չի դրվել, նույնիսկ չի խոսվել Մադրիդյան սկզբունքների մասին, չի խոսվել ինչ-որ նոր ձևաչափի մասին և այլն: Քանի որ Ապրիլյան պատերազմ էր եղել, և համաշխարհային հանրությունը ցնցված ու տագնապած էր, որ տարածաշրջանում կարող է պատերազմի մի նոր օջախ բռնկվել և Հարավային Կովկասը վերածել սիրիական ճգնաժամի, անկեղծ ձգտում կար ամեն ինչ անելու, որ կանխվի նոր պատերազմի բռնկումը: Վարչապետը, հավանաբար, նկատի է ունեցել հենց այդ հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումներում միայն մեկ հարց է քննարկվել: Եթե միջազգային մակարդակով հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման ամբողջ գծի երկայնքով վերահսկողության մեխանիզմներ ներդրվեին, դա կարող էր ընկալվել որպես սահմանի ճանաչում: Ադրբեջանն էլ, գիտակցելով այդ ամենը, չկատարեց իր խոստումը, ու երկու քաղաքներում ձեռք բերված համաձայնությունները մնացին օդում:
-Վերջերս անընդհատ շրջանառվում է, որ պետք է ամեն ինչ անել Արցախը բանակցային դաշտ բերելու համար: Տպավորություն է, թե Արցախն ամբողջովին դուրս էր մնացել կամ ներառված չի էլ եղել բանակցային գործընթացում:
-Արցախը բանակցային գործընթացի կողմ եղել է համակարտության սկզբնական շրջանում, հետո, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին արդեն բանակցային կողմ չի եղել: Բայց դա եղել է ոչ թե հայկական կողմի չկամության, սխալի կամ դիվանագիտական վրիպման, այլ ստեղծված իրավիճակի ու ադրբեջանական կողմի մտավախության պատճառով: Եթե ադրբեջանցի բանագնացը նստի բանակցային սեղանի մի կողմում, և մյուս կողմում լինի Արցախի պատվիրակության ներկայացուցիչը, դա արդեն իսկ նշանակում է, որ դու բանակցում ես պետական կազմավորման հետ: Սկզբնական շրջանում, երբ Ադրբեջանը պարտություն էր կրել և կանգնած էր կապիտուլյացիայի առաջ, ստորագրեց զինադադարի պայմանագիրը, որի տակ կար նաև Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը: Այդ ժամանակ ֆորսմաժորային իրավիճակ էր, և իրենք այլ ելք չունեին: Հետագայում, երբ Հեյդար Ալիևն ամրապնդեց երկրի տնտեսությունը, սկսեց կայուն բանակցային գործընթաց տանել: Նրանք նույնպես միամիտ չէին, անսացին միջազգային խորհրդատուներին, որ եթե շարունակեն բանակցությունները, ու այդտեղ լինի Արցախը, ապա տանուլ կտան: Այդ կանխամտածվածությունն Ադրբեջանին մղեց այն հարթություն, որ ոչ մի կերպ չպետք է բանակցել Արցախի՝ որպես չճանաչված պետական կազմավորման հետ: Ես չեմ հավատում, թե Ադրբեջանն Արցախը բանակցային հարթություն բերելու համար որևէ քայլ կանի: Դա միայն այն դեպքում, երբ ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ ինքնորոշմամբ Արցախը ձեռք բերի Արդբեջանից դուրս պետական կարգավիճակ, ինչից հետո, հավանաբար, սահմանագծման և այլ հարցերի շուրջ բանակցություններ կլինեն:
-Այդ դեպքում՝ ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա հայկական կողմը:
-Դիրքորոշում առաջին. մենք պնդում ենք, որ Ղարաբաղը պետք է բանակցի, եթե չբանակցի, մենք որևիցե քայլի չենք գնա: Սա տանելու է արդեն բանակցային գործընթացի դադարեցման և ուղղակի ճանապարհով ռազմական իրավիճակի լարման: Դիրքորոշում երկրորդ. ամեն դեպքում շարունակել բանակցային գործընթացը՝ փորձելով Ղարաբաղը որպես ինքնուրույն բանակցային կողմ ներգրավել ու ոչ մի դեպքում դրա պատճառով չդադարեցնել բանակցային գործընթացը: Ես երկրորդ դիրքորոշման կողմնակից եմ:
-Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասել են փոխըմբռնման: Հայկական կողմը մինչ օրս չի մեկնաբանել, թե ինչ փոխըմբռնման մասին է խոսքը: Մյուս կողմից՝ Արցախի ռազմական վերնախավում ու ղեկավար անձնակազմում փոփոխություններ են լինում, ինչը հայ հասարակությունը տարբեր կերպ է մեկնաբանում: Այս ամենն ուղղակի կապվա՞ծ են միմյանց հետ, Դուք այստեղ տողատակեր տեսնու՞մ եք:
-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դիվանագիտական փակ, գաղտնի գործընթաց է: Այդպես եղել է 25 և ավելի տարի: Դա ճիշտ է, քաղաքական բոլոր հակամարտությունների բանակցային գործընթացների պատմությունը ցույց է տալիս՝ այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետև, եթե նման հարցի շուրջ բանակցում ես ու ամեն մի բանակցային փաստ հանում ես հանրային քննարկման, գործընթացը մի մեծ շուկայի է վերածվում ու տապալվում: Բանակցային գործընթացի ավարտից և վերջնական փաստաթղթի հրապարակումից հետո միայն կարող են լինել հասարակական խոր քննարկումներ, բացառված չեն նաև ժողովրդավարական հանրաքվեները՝ այդ փաստաթղթերի հաստատման կամ չհաստատման շուրջ: Մենք առաջնորդվում ենք՝ «խաղ զրոյական գումարով» տրամաբանությամբ, և նույն միտումը նաև Ադրբեջանում կա: Եթե մի բան հայկական կողմի սրտով է, ուրեմն դա Ադրբեջանի պարտությունն է, եթե Ադրբեջանն է մի բանից գոհ, ուրեմն մեր շահերին է վնաս: Այս սկզբունքն ուղղակի ծվատում է երկու կողմերին էլ: Եթե մի կողմը վերացական գոհունակություն է արտահայտել, և այդ գոհունակության տակ չկա պայմանավորվածություն, փաստաթուղթ, նույնիսկ բացահայտված սկզբունք, այդ երկու բառից կառչելով պետք չէ խուճապի մատնվել, թե` Ղարաբաղը տվել են, դրա համար էլ Ադրբեջանը գոհ է: Դա պարզունակ և երեխայական մոտեցում է: Գուցե նա գոհունակություն է արտահայտել, որ կողմերը հանդիպում են, սկսել են առավել ակտիվ քննարկումներ ունենալ կամ իսկապես ինչ-որ տարբերակի շուրջ քննարկում ունենալու առնչությամբ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել, ինչն էլ ոգևորել է նրանց: «Գուցե»-ների շարքը կարող ենք շարունակել, քանի դեռ ռեալ փաստ չունենք:
Ինչ վերաբերում է Արցախում կադրային փոփոխություններին, ես դա տեսնում եմ այն տրամաբանության մեջ, որ Արցախն ու Հայաստանը մի միասնական կողմ են, որը մենք չենք էլ կարող տարանջատել: Արցախն էլ է Հայաստան, Հայաստանն էլ է Հայաստան, և հակամարտության ընթացքում Արցախի անվտանգության միակ երաշխավորը եղել ու մնում է Հայաստանը և՛ ֆինանսական, և՛ տնտեսական, և՛ ռազմական, և՛ տեխնիկական, և՛ մարդկային ռեսուրսներով: Բնականաբար, Արցախը երբեք միայնակ չի եղել և միասնական հայկական ճակատով է այս հակամարտության մեջ: Այս պարագայում, եթե Հայաստանում տեղի են ունենում լուրջ կադրային տեղաշարժեր, կառավարման ոճի փոփոխություն, հակակոռուպցիոն պայքար, նախկին իշխանության կադրերին պատասխանատվության ենթարկելու գործընթաց, ինչպե՞ս կարող է այդ ամենն արձագանք չունենալ Արցախում, դա անհնար է: Այս ալիքը վաղ թե ուշ հասնելու էր Արցախ: Այդ փոփոխությունները բնավ այն մասին չեն խոսում, որ Արցախի պաշտպանության նախարարը, բանակի հրամանատարը վատ է աշխատել կամ կոռումպացված է, հետևաբար նրան հեռացնում են պաշտոնից, բնավ, պարզապես խաղի կանոններն ու տրամաբանությունն են փոխվել: Քաղաքական վերնախավն է փոխվել Հայաստանում և չի կարող չփոխվել նաև Արցախում: Տա Աստված՝ այդ փոփոխությունները լինեն անցնցում, չվնասեն Հայաստանի և Արցախի միասնականությանը, ինչպես հայտարարվում է՝ սիրո և համերաշխության ձևաչափի մեջ մնան:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 5157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ