«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կենացները քաղցրանում են

Կենացները քաղցրանում են
21.12.2018 | 01:03

Նոր իշխանությունների համար «գըմփ-գըմփ-հուն» երկրորդական է դառնում՝ տեղը զիջելով ադրբեջանաթուրքական մուղամներով, սուլոցներով ու քաղցրահամ կենացներով խնջույքներին: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո գրեթե ամեն օր սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվում, որտեղ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները տոնում են իրենց հաղթանակը՝ մարզպետներից մինչև կառավարության ներկայացուցիչներ: Նախորդ իշխանությունների ռեստորանային քեֆ-ուրախությունները, գիշերային ժամերի հրավառությունն ու ճոխ կնունքների մասին ամենատարբեր առիթներով բարձրաձայնող նորեկները, փաստորեն, արագորեն համակերպվել են իշխանության անուղղակի մաս կազմող կերուխումի ու «աշխարհը ոտի տակ խալի լինելու» իրողության հետ: Վերջիններիս թվում է, թե իրենց հաղթանակը տոնելու կամ, ինչպես իրենք են ասում, կատարած աշխատանքի համար թիմին շնորհակալություն հայտնելու համար կազմակերպված խնջույքն ընդամենը ծանրագույն աշխատանքից լիցքաթափվելու տարբերակ է: Բայց հաղթանակի համար շնորհակալություն հայտնել պետք է միայն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանին, որի անձի կարևորությանը հավատալով` հասարակությունն ընտրել է «Իմ քայլն» ու նրա թեկնածուներին: Նույն այդ մարդիկ մեկ տարի առաջ նախկին իշխանավորների կազմակերպած խնջույքներին էին ուրախանում, կենացներ ասում, դիֆիրամբներ ձոնում վերադասին, երգում ու ասմունքում էին՝ ցանկալի պաշտոնին հասնելու համար: ՈՒ եթե նոր կառավարիչներին թվում է, թե այդ մարդիկ իրենց երդվյալ համախոհներն են, ապա շտապեմ հիասթափեցնել.՝ Հայաստանում ժողովրդի զանգվածային տարհանում չի եղել, հասարակության ներկայացուցիչները նույն մարդիկ են՝ նույն տրամաբանությամբ և առաջ գնալու ուրույն տեսլականով: Նոր Հայաստանի քաղաքակիրթ արժեքներ կրողը լինելու մասին հայտարարող ուժն այդ մարդկանց մոտ, առաջին հերթին, նոր մշակույթ պետք է ձևավորի, անի ամեն բան «հին ու բարի ավանդույթներ» փոխելու համար, թե չէ ժամանակի հետ բարքերը ոչ էլ փոխվում են: Քավ լիցի, ոչ ոք դեմ չէ, երբ պաշտոնյան աշխատանքից հետո կազմակերպում է իր ժամանցն ու ուրախանում ընկերների հետ, բայց աղքատության նման ցուցանիշ ունեցող երկրում, որտեղ 30 տարի անընդմեջ աղետի գոտու մասին ենք լսում, զինվորների սանիտարական տարրական պայմանները ծնողներն են հոգում, տատիկ-պապիկներն իրենց արտագաղթած երեխաներին ու թոռներին տեսակապով են «սիրում», նման մասշտաբի խնջույքներն ուղղակի բարոյական չեն:


Հայաստանում վերնախավային քեֆ-ուրախությունների տրամաբանությունը խիստ պարզունակ է` մեկ բաժակ, երկու, երեք, հետո ռաբիս երաժշտություն, այնուհետ՝ մեր դեմ խաղ չկա, մենք բոլորս ախպերներ ենք, ու միմյանց ցավը տանելու շքերթ: «Զորահանդեսի հրամանատարին» թվում է, թե երկրագունդն իր շուրջն է պտտվում, մինչդեռ ամեն պտույտի հետ պետությունը հետ է մնում արտաքին աշխարհից, սեփական ժողովրդից, տնտեսությունից: Այս տրամաբանությամբ քեֆ անողի քեֆը, երկրի հոգսերի նման, երբեք չի պակասի: Կարծում եմ՝ պետական այրերը պետք է կամք դրսևորեն ու խորոված-քյաբաբային միջավայրից աշխատասենյակ տեղափոխվեն: Փորձը ցույց է տալիս, որ ռեստորանների սրտակեղեք երգերի ներքո պետական հարցերը լուծում չեն ստանում, իշխանությունների առջև դրված օրհասական խնդիրները, այն էլ պատերազմող երկրի պարագայում, բոլորովին այլ միջավայր ու սեղանակիցներ են ենթադրում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ