Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պարոն նախարար, «ջաղացը» թողած, «չախչախի» հետևից եք ընկել

Պարոն նախարար, «ջաղացը» թողած, «չախչախի» հետևից եք ընկել
21.12.2018 | 02:25

Օրերս՝ կառավարության նիստի ժամանակ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, խոսելով կրթական զարգացման ծրագրերի մասին, չգիտես ինչու, հարկ համարեց առանձնացնել dasaran.am կայքը։ Նա փորձում էր վարչապետին համոզել, որպեսզի գումարներ ուղղվեն այդ կայքն էլ ավելի արդիականացնելու և աշակերտի գործը դյուրացնելու համար։ Իհարկե, Արայիկ Հարությունյանն էլի՛ մի քանի բաների մասին խոսեց, ըստ կարևորության՝ հիշյալ կայքի մակարդակը չգերազանցող։ Անկեղծ՝ զարմացած եմ, որ Նիկոլ Փաշինյանը նախարարին, նման անհեթեթ հայտարարության համար, անխնա չգամեց պարսավանքի ասֆալտին։ Ա՛յ մարդ, dasaran.am-ն է՞, որ պետք է զարդարի մեր դպրոցները` կասեր ֆիլմի հայտնի հերոսը։ Բայց, քանի որ կառավարության նիստը կինո չէ, դպրոցն էլ` կոստյում, լրջանանք ու խոսենք կրթությանն առնչվող թեմաներից։


Նախ՝ խոսելով dasaran.am կայքի բարելավման մասին, Արայիկ Հարությունյանը գիտի՞, որ այն դեռ Արմեն Աշոտյանի «թագավորության» շրջանում դարձել էր odnoklassniki.ru կայքի մակարդակի մի անմակարդակություն և ավելի շատ ծառայում էր որպես բարձր դասարանցիների անհամարձակ սիրո խոստովանությունների ու ծանոթությունների վայր։ Ո՞վ պետք է մաքրի այդ տիրույթը, և այդ «մաքրությունը» թողած արժե՞ նոր միջոցներ տրամադրել առանց այն էլ անմաքրություն սփռող մի բանի վրա։ Հետո էլ՝ դրանով աշակերտը ևս մեկ քայլ հեռանում է գրքից ու դառնում «մոնիտորի ստրուկ»։
Խանդավառությամբ խոսելով համացանցային կրթության մասին, նախարարն անդրադարձավ դպրոցների օպտիմալացման խնդրին, որով, ըստ իր պնդման, կրթության որակը բարձրանալու է։


Պարոն նախարարի պաշտոնակատար, իսկ Դուք գիտե՞ք, որ մի շարք սահմանամերձ գյուղերում ավագ դպրոցներ չկան, և ամենակարևորը` գիտե՞ք, որ աշակերտները, թե՛ տղա, թե՛ աղջիկ, ստիպված են ձմռան ցրտին ոտքով գնալ հարևան գյուղ, որովհետև խոստացված փոխադրամիջոցներն այդպես էլ չծառայեցին նպատակին:


Գիտե՞ք, որ մինչ Դուք աշակերտների դպրոցական հագուստի գույներով եք տարված, սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, որովհետև ուսուցիչները ոչ թե աշխատավարձ, այլ աղքատավարձ են ստանում, ինչն էլ հանգեցնում է գյուղը լքելուն։ Մանկավարժը լքում է դպրոցը, եթե գյուղում դպրոց չկա, ուրեմն գյուղ էլ չկա, հայրենիք չկա:
Խոսում եք քաղաքական, տնտեսական ու կրթական հեղափոխությունների մասին։ Սա՞ է հեղափոխությունը։ Հայաստանի կրթական ոլորտը մնացել է ՀՀՇ-ի շրջանի կրթական մակարդակի վրա։ Գործելու ժամանակն է։ Գործել ասելով՝ նկատի չունեմ դպրոցում բացառել «Հայոց եկեղեցու պատմություն» ու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաները` ԼԳԲՏ-ական առարկաներ ներմուծելով։ Գործել ասելով` նկատի չունեմ նաև մի շարք կրթահամալիրներում մարդկանց պաշտոնանկ անելը, ինչի բուն պատճառը ո՛չ թե կրթական բարեփոխումներն են, որքան անձնական հաշիվներն ու «զոքանչենց կողմի բարեկամներին» աշխատանքի տեղավորելը։


Եվ, որպես վերջաբան. Դուք ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար եք, հետևաբար, աշխատեք հայերեն խոսել, մեր գրական հայերենում «ա» օժանդակ բայ չկա, փողոցում չենք, ոչ էլ Գյումրի-Երևան ճանապարհին։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ