Amadinda
 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի «մեծագույն հայտնագործությունը»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի «մեծագույն հայտնագործությունը»
21.12.2018 | 02:33

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆԸ «մեծագույն հայտնագործություն» է կատարել: Սակայն, մինչ նրա այդ «հայտնագործությունը» ներկայացնելը, հիշեցնենք, որ Աթոյանի խիստ կասկածելի դոկտորական ատենախոսությանն անդրադարձել ենք մեր դեռ ս. թ. նոյեմբերի 6-ին հրապարակված «Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը կարո՞ղ է փարատել իր ատենախոսության ուրվական լինելու վերաբերյալ կասկածները» վերտառությամբ հոդվածով: Որքան էլ զարմանալի է, այն չարժանացավ կոռուպցիայի դեմ պայքարն իր կարգախոսը դարձրած Հայաստանի «հեղափոխական» իշխանության, մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի ուշադրությանը:


Մեր նախորդ հոդվածի սկզբում հարց էինք բարձրացրել՝ 1996 թ. Աթոյանն ինչպե՞ս է պաշտպանել տնտեսագիտության դոկտորի իր ատենախոսությունը, այդ ատենախոսությունը 1997 թ. ընդհանրապես գոյություն ունեցե՞լ է, թե՞ ի հայտ է եկել հետագայում, և այլն, և այլն: Եվս մեկ անգամ ընդգծենք՝ առանց դոկտորի գիտական աստիճան ունենալու պարոն Աթոյանը չէր կարող լինել կամ ընտրվել ՀՊՏՀ-ի ռեկտոր։
Ստուգված փաստ է, որ Կորյուն Աթոյանն իր տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի կասկածելի ատենախոսության Ռուսաստանի Դաշնության վկայագիրը Հայաստանում ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) վկայագրի համապատասխանեցմանը հասնելու, այլ կերպ ասած, ՀՀ-ում ևս տնտեսագիտության դոկտոր ճանաչվելու նպատակով, ԲՈՀ է ներկայացրել ոչ թե բուն ատենախոսությունը, այլ դրա սեղմագիրը:


Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի 014 մասնագիտական խորհրդի անդամներ Բ. Ս. Սելվինազյանը, Հ. Բ. Ղուշչյանը և Մ. Ե. Պետրոսյանը 2001 թ. Կորյուն Աթոյանի «Նյութական հոսքերի կառավարումը շինարարական համալիրում շուկայական տնտեսության անցնելու պայմաններում (շինանյութերի օրինակով)» թեմայով տնտեսագիտության դոկտորի (Ը.00.02) գիտական աստիճանի ատենախոսության Ռուսաստանի Դաշնության վկայագիրը Հայաստանի ԲՈՀ-ի վկայագրին համապատասխանեցնելու մասին դրական կարծիք ներկայացնելուց առաջ, եթե նույնիսկ առաջնորդվում էին Աթոյանի ոչ թե դոկտորական ատենախոսությամբ, այլ դրա սեղմագրով և այն համարում բավարար, պետք է կարդային, թե ինչ է գրված այդ սեղմագրում, նաև ստուգեին, պարզեին, թե նրանում նշված աղբյուրները, աշխատությունները, որոնց հեղինակը հղումներ է կատարել, իրականում գոյություն ունե՞ն, թե հորինվել են հեղինակի կողմից ու մտցվել սեղմագրի մեջ: Խոսքը, մասնավորապես, Կորյուն Աթոյանի` մասնագիտական խորհուրդ ներկայացված ատենախոսության սեղմագրում հեղինակի կողմից հենց առաջին հղմամբ նշված աշխատության՝ իբր թե 1995 թ. ռուսերեն լեզվով հրատարակված հենց իր մի աշխատության («Управление материальными потоками в строительном комплексе в условиях перехода к рыночной экономике: На примере строительных материалов»//«Айастан», Ереван, 1995. Монография/(7,9 п.л.)) մասին է, որի գոյության վերաբերյալ եղած լուրջ կասկածները հոդվածի հրապարակումից հետո էլ ավելի խորացան:


Ինչպես արդեն նշել ենք, մասնագիտական խորհրդի վերոնշյալ անդամները, դատելով ամենից, հիշյալ հանգամանքը չեն ստուգել, պարզել: Ինչո՞ւ, ծուլացե՞լ են, թե՞ չեն ցանկացել, քանի որ վերևից գուցե արդեն որոշված է եղել, որ պետք է դրական կարծիք ներկայացնեն: Մինչդեռ հենց նրանց դրական կարծիքի հիման վրա է, որ Աթոյանի գիտական աստիճանի ատենախոսության ՌԴ վկայագիրը 16.10.2001 թ. համապատասխանեցվել է ՀՀ ԲՈՀ-ի վկայագրին, Աթոյանը Հայաստանում էլ է ճանաչվել տնտեսագիտության դոկտոր, առանց որի, ինչպես արդեն նշեցինք, չէր կարող լինել ՀՊՏՀ-ի ռեկտոր:


Դեռ նախորդ հոդվածում հստակ նշել էինք, որ այս իրավիճակում պարոն Աթոյանը, առանց հապաղելու, առանց ձգձգման, պետք է խմբագրություն ներկայացնի իր «Управление материальными потоками в строительном комплексе в условиях перехода к рыночной экономике: На примере строительных материалов» մենագրության ընդամենը մեկ օրինակ, անշուշտ, այն շատ արագ հետ ստանալու պայմանով, որից հետո արդեն պետք է գտնվի այն հարցի պատասխանը, թե տվյալ աշխատության համապատասխան օրինակներն ինչու՞ և ու՞մ մեղքով է, որ, օրենքի պահանջի խախտմամբ չեն ուղարկվել «Հայաստանի Ազգային գրապալատ» ՊՈԱԿ և Հայաստանի ազգային գրադարան:


Նշել էինք նաև, որ ՀՊՏՀ-ի ռեկտորը հիշյալ հոդվածը կարդալուց հետո, իհարկե, կարող է նաև իր մենագրությունը չներկայացնել մեզ, այդ դեպքում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, պաշտոնական հարցմամբ այն կուզենք ու կստանանք իրենից, եթե, իհարկե, ունի: Այլապես իրավունք կունենանք հրապարակավ հայտարարելու, որ նրա հիշյալ մենագրությունը, որին իր դոկտորական ատենախոսության սեղմագրում հենց առաջին հղումն է կատարել, իրականում գոյություն չունի, հորինովի է, կեղծ, հետևաբար տվյալ սեղմագրի հիման վրա մասնագիտական խորհրդի վերոնշյալ անդամների կողմից դրական կարծիք չպե՛տք է տրվեր նշված վկայագրերի համապատասխանեցման մասին, համապատասխանեցում չպե՛տք է կատարվեր, Աթոյանը ՀՀ-ում չպե՛տք է ճանաչվեր տնտեսագիտության դոկտոր, հետևաբար և իրավունք չպե՛տք է ունենար զբաղեցնելու ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնը:


Հոդվածի հրապարակումից հետո պարոն Աթոյանը, ինչպես և ենթադրում էինք, չներկայացրեց իր վերոնշյալ մենագրությունը՝ էլ ավելի խորացնելով այն կասկածները, որ, ընդհանրապես, ունի այն: Տողերիս հեղինակը ստիպված եղավ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորին ուղղել հետևյալ հարցումը։ Լրագրողական հետաքննության շրջանակում համապատասխան հոդվածի պատրաստման նպատակով, ՀՊՏՀ-ի ռեկտորին խնդրեցի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանել, թե կարո՞ղ է առարկայորեն հավաստել, որ ընդհանրապես գոյություն ունի իր դոկտորական ատենախոսության սեղմագրում նշված, 1995 թ. ռուսերեն լեզվով հրատարակված Ձեր («ձտՐՈՉսպվՌպ ՎՈՑպՐՌՈսՖվօՎՌ տՏՑՏՍՈՎՌ Չ րՑՐՏՌՑպսՖվՏՎ ՍՏՎտսպՍրպ Չ ցրսՏՉՌÿւ տպՐպւՏՊՈ Ս ՐօվՏփվՏռ ֆՍՏվՏՎՌՍպ: ծՈ տՐՌՎպՐպ րՑՐՏՌՑպսՖվօւ ՎՈՑպՐՌՈսՏՉ»//«ԸռՈրՑՈվ», ժՐպՉՈվ, 1995. ԾՏվՏչՐՈՒՌÿ/(7,9 տ.ս.) մենագրությունը՝ հարցման մեջ նշված հասցեին ուղարկելով տվյալ մենագրության բնօրինակը, եթե այո, խնդրել էի տվյալ մենագրությունը շատ կարճ ժամկետով տրամադրել:


Տեղեկացրել էի նաև, որ վերոնշյալ մենագրությունը հրատարակած (ինչպես ինքը ներկայացրել է հիշյալ սեղմագրում) «Հայաստան» (այժմ՝ «Գրական Հայրենիք») հրատարակչությունում այն գոյություն չունի: Մենագրության պարտադիր օրինակները, ՀՀ օրենսդրության պահանջի խախտմամբ, ընդհանրապես բացակայում են նաև Հայաստանի Ազգային գրադարանից, որի կազմում 2018-ից ներառվել է «Հայաստանի Ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը։ Նշեմ նաև, որ հարցմամբ պարտավորվել էի վերոնշյալ մենագրությունը ստանալուց հետո, այն նույն կամ հաջորդ օրն ևեթ պատվիրված փոստով վերադարձնել իրեն՝ իր իսկ նշած հասցեով:
Եվ, ահա, հիմա, երբ տեղեկատվական դաշտում նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջանի թոհուբոհն անցել է, ներկայացնենք ՀՊՏՀ-ի ռեկտորի պատասխանը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ պատասխան ենք ստացել պարոն Աթոյանից: Դժվար թե… Պատասխանը բառացիորեն ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան Ձեր 26.11.2018 թ. տեղեկատվության տրամադրման մասին հարցման՝ հայտնում եմ, որ 1995 թ. հրատարակված իմ մենագրությունը գոյություն ունի և գտնվում է ինձ մոտ:
Սակայն, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթների՝ մենագրությունը Ձեզ չեմ կարող ուղարկել, քանի որ այդ պարագայում կխախտվի իմ հեղինակային իրավունքը»:
Անկեղծ ասած, այս աստիճանի ծիծաղելի և անհեթեթ պատասխան չէինք սպասում նույնիսկ պարոն Աթոյանից: Այսպիսի «հանճարեղ» պատճառաբանություն հորինելու ունակ անձն ինչպե՞ս է զբաղեցրել ու զբաղեցնում ՀՊՏՀ-ի ռեկտորի, միաժամանակ ՀՀԿ խորհրդի անդամի պաշտոնները, նշված պաշտոններն ինչպե՞ս են վստահվել նրան...
Անվիճելի է, որ Կորյուն Աթոյանի վերոնշյալ մենագրությունը, եթե մի պահ ընդունենք, որ այն ընդհանրապես գոյություն ունի, ոչ թե անտիպ է, այլ արդեն իսկ հրատարակված «Հայաստան» հրատարակչության կողմից, որի բազմաթիվ աշխատակիցներ մինչ հրատարակումը ծանոթացել ու հրատարակումից հետո էլ առնվազն կարող էին ծանոթանալ դրան: Այն բաց աղբյուր է՝ նախատեսված մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ծանոթանալ տվյալ աշխատությանը:


Ավելին, եթե տվյալ աշխատությունը գոյություն ունի, և եթե ՀՀ օրենսդրության պահանջի խախտում թույլ տրված չլիներ, ու մենագրությունն ուղարկվեր, մինչ 2018 թ. լիներ նաև «Հայաստանի Ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ում, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ լիներ նաև Հայաստանի Ազգային գրադարանում, և՛ հիշյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցները կարող էին ծանոթանալ դրան, և՛ Հայաստանի Ազգային գրադարանի ցանկացած ընթերցող կարող էր պատվիրել ու կարդալ այն: Եվ, ուրեմն, ի՞նչ՝ Կորյուն Աթոյանի հեղինակային իրավունքն այդ դեպքում խախտվա՞ծ կլիներ… Ներկայացնել այդ անհեթեթ պատճառաբանությունը նույնն է, թե ասել, որ ցանկացած մեկը, ծանոթանալով այս կամ այն գրողի կամ գիտնականի արդեն իսկ հրատարակված ստեղծագործությանը, աշխատությանը, խախտում է տվյալ հեղինակի հեղինակային իրավունքը:


Ակնհայտ է, որ օրենսդիրը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նկատի է ունեցել նախկինում չհրապարակված տեղեկատվությունը, և ոչ թե այն տեղեկատվությունը, որն առկա է արդեն իսկ հրատարակված, նաև հրապարակված (եթե նկատի ունենանք, որ, ՀՀ օրենսդրության պարտադիր պահանջով, այն պետք է ուղարկված լիներ «Հայաստանի Ազգային գրապալատ» ՊՈԱԿ և Հայաստանի Ազգային գրադարան) որևէ աշխատության մեջ: Հեղինակային իրավունքի խախտման հնարավորության, ռիսկի մասին կարող էր խոսք լինել մինչ Աթոյանի կողմից իր մենագրության հրատարակումը:


Ընթերցողի մեջ գուցե հարց առաջանա՝ բայց չէ՞ որ ՀՊՏՀ ռեկտորն իր պատասխանում նշել է՝ «1995 թ. հրատարակված իմ մենագրությունը գոյություն ունի և գտնվում է ինձ մոտ», հետևաբար ինչո՞ւ չեք գնում համալսարան, նրա մոտ ու տեղում ծանոթանում: Չմանրամասնելով նշեմ, որ դրա համար հիմնավոր պատճառներ ունեմ, նախընտրում եմ մենագրությանը ծանոթանալ, դրա գոյության հարցում հավաստիանալ առանց Աթոյանի կամ նրա ներկայացուցչի հետ անմիջական շփման, մենագրության վերոնշյալ փոստային առաքման միջոցով, որի ծախսերը պատրաստ եմ ամբողջությամբ վճարելու: Ի վերջո, իմ իրավունքն է մենագրությունը ձեռք բերելու և դրան ծանոթանալու եղանակի ընտրությունը:
Իզուր է ՀՊՏՀ ռեկտորը կառչում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթից, դա նույնն է, ինչ փրփուրից կառչելը, իսկ փրփուրը, ինչպես հայտնի է, պիտանի է միայն սափրվելու և էլի մի քանի սահմանափակ դեպքերում, այսպիսի դեպքերում հաստատ չի օգնի:


Հուսանք, որ սույն հոդվածի հրապարակումից հետո ՀՊՏՀ-ի ռեկտորն իր վերոնշյալ մենագրությունը, այնուամենայնիվ, կուղարկի մեզ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.- Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանը հրաժարական է տվել։ Սա, կարծում ենք, միակ լուծումն էր, որովհետև նա յուր դոկտորական ատենախոսության շինծու չլինելը հիմնավորելու համար, թեկուզ դատարանում ինչպե՞ս էր ներկայացնելու իր հիշյալ մենագրությունը, երբ այն գոյություն չունի ոչ այն հրատարակած (ըստ Աթոյանի) հրատարակչությունում, ոչ էլ Հայաստանի Ազգային գրադարանում։

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ