Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բելառուսի ինքնանշանակումը ՀԱՊԿ-ում

Բելառուսի ինքնանշանակումը ՀԱՊԿ-ում
22.12.2018 | 15:48

Բատկան տարեվերջը ծանր է տանում` ակտիվացել է ու անցել ինքնագործունեության: Երեկ նա ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածու Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Հետո էլ ընդունել է Զասին, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, ու ասել. «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք և ցույց տանք, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար»: Սա քար է Սերժ Սարգսյանի բանջարանոցը` Յուրի Խաչատուրովին առաջադրելու մասով: ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նախագիծը պետք է ստորագրեն բոլոր երկրները:
«Փաստաթղթում նոր քարտուղարի նշանակման ժամկետ ամրագրված չէ»` ասել է ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը: Նա տեղյակ չէր՝ Լուկաշենկոյից բացի որևէ այլ նախագահ ստորագրե՞լ է փաստաթուղթը, թե՞՝ ոչ:
Բայց Ստանիսլավ Զասը հայտարարել է ու РИА Новости-ն տարածել. «Ոչ բոլոր ձևակերպումներն են ավարտվել: Կարծում եմ, որ մնացած օրերին կամ հաջորդ տարվա առաջին օրերին բոլոր իրավական ձևակերպումները կիրականացվեն և արդեն կաշխատեմ նոր պաշտոնում»:


«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը պետք է լուծվի կոնսենսուսի ճանապարհով»` ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Թեև գիտի, որ Զասը եղել է Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում ու ստացել 4 երկրների նախագահների հավանությունը: Մնում է Հայաստանը, որտեղ Զասը չի եղել և Հայաստանն էլ պատրաստ չէ ընդունել նրան իբրև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Ու ի՞նչ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Հայաստանը համարում է, որ չկա Երևանի քվոտան ժամկետից շուտ դադարեցնելու անհրաժեշտություն: Բայց նա նաև ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է, Հայաստանի համար գլխավոր խնդիրը ՀԱՊԿ ռազմաքաղաքական բնույթն է և Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը: Փաստացի` նա հստակ չի ասում` ի՞նչ է ուզում ու ի՞նչ է անելու: Ավելին` եթե կարևորը Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումն է, ակնհայտ է Հայաստանի նկատմամբ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների չկատարումը` համենայն դեպս մինչև 2020-ը ռոտացիան գործում է և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է: Բելառուսի թեկնածուին առաջադրելն ու պաշտպանելը բացահայտ հակադաշնակցային պահվածք է: Ու դա նորություն չէ ՀԱՊԿ-ում` նույն Բելառուսի նախագահի պատճառով Յուրի Խաչատուրովի նշանակումը հետաձգվեց մեկ տարի: Հայաստանը կարող է նույն դրամով վճարել Բատկային` նվազագույնը մեկ տարի, և դա կլինի ճիշտ որոշում ու պատասխան Հայաստանի դեմ նրա անթաքույց դեմարշին` պատերազմում ինչպես պատերազմում: Ի՞նչ է անելու Բելառուսի նախագահը` Իլհամ Ալիևի օգնությա՞նն է դիմելու, թե՞ հաջորդ քայլով Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու հրամանագիր է ստորագրելու ու հայտարարելու է, որ Հայաստանից բացի` բոլորը համաձայն են: Որ չի բացառվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հանգամանքների բերումով` Հայաստանը բացահայտեց իրական վիճակը ՀԱՊԿ-ում` ռազմաքաղաքական դաշինք, որի անդամները բոլոր հարցերում պաշտպանում են ոչ թե դաշինքի անդամ երկրի, այլ` դաշինքին չանդամակցող ու իրենց դաշնակցի հետ ոչ բարեկամական հարաբերություններից մեջ գտնվող երկրի շահերը: Հիմա ՀԱՊԿ-ը պիտի բացատրություններ տա` ինչու՞ է այդպես: Եվ իմա՞ստ ունի այդպիսի դաշինքի հետագա գործունեությունը, թե՞ ինքնանպատակ է` ինչպես հետխորհրդային տարածքի բոլոր կառույցները` սկսած ԱՊՀ-ից, որ Պուտինն անվանում էր ԽՍՀՄ-ից ապահարզանի ձև, մինչև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ:

Դիտվել է՝ 2618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ