«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը
23.12.2018 | 00:31

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրասիական միության մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի կրթության ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:


Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց երկու կրթական հաստատությունների համագործակցության ընդլայնման հեռանկարների վերաբերյալ: Ողջունելով երկու երկրների մանկավարժական համալսարանների սերտ կապերը և դրանց խորացմանն ուղղված քայլերը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման գործակցությունը երիտասարդ սերունդների կրթության և դաստիարակության գործում: Իր օրհնությունն ու գնահատանքը բերելով համալսարանների ղեկավարներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ հաստատությունների միջև վերակնքված համագործակցության պայմանագիրը նոր հնարավորություններ կընձեռի համալսարանականներին և կնպաստի երկու համալսարանների կապերի առավել արդյունավորմանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ Մայր Աթոռի կրթական կառույցների և Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, հանրակրթական դպրոցների միջև հաստատված է սերտ գործակցություն, որ առիթ է տալիս կրթության ու գիտության ապագա մշակներին ծանոթանալու ազգային-եկեղեցական և հոգևոր արժեքներին:


Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ալեքսեյ Լուբկովը ևս կարևոր համարեց երկու համալսարանների համագործակցության պայմանագրի վերակնքումը և հարաբերությունների հետագա զարգացումը: Զրույցի ընթացքում պրն. Լուբկովը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց ռուս ժողովրդի կյանքում Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ունեցած դերակատարությունն ու ներկայիս գործունեությունը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ուսումնական հաստատությունների հետ փոխգործակցությունը:


Հանդիպմանն երկուստեք կարևորվեց երիտասարդ սերնդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը, որով ներկայիս մարտահրավերների պայմաններում հնարավոր է անաղարտ պահպանել ազգային-հոգևոր ավանդույթներն ու բարոյական արժեքները: Անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական կապերին և սերտ համագործակցությանը տարբեր ոլորտներում:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ