«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թուրքիայում պատերազմ է ընթանում

Թուրքիայում պատերազմ է ընթանում
25.12.2018 | 00:37

Աշխարհում տարբեր իրադարձություններ երրորդ-չորրորդ պլան են մղել թուրք-քրդական հարաբերությունների հարցը, մինչդեռ տարեվերջին դրանք հերթական անգամ սրվել են։ Վերլուծելով 2018-ի անցած նոյեմբերը` նկատում ենք, որ «աննկատելիորեն» վերականգնվել է թուրք-քրդական զինված հակամարտությունը, ընդ որում` հենց Թուրքիայի ներսում։

«Անզգուշությունը» կամ քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ ԱՄՆ-ի սադրանքը դարձավ այն կայծը, որից Թուրքիայի և քրդերի միջև թուրքական տարածքում բորբոքվում է պատերազմի բոցը։ Ընդ որում, ի տարբերություն թուրք-քրդական մարտերի նախկին դեպքերի, այժմ դա չեն թաքցնում թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարեց, որ դրամական պարգև է խոստանում ՔԲԿ-ի ներկայիս այն երեք ղեկավարների մասին տեղեկատվության համար, որոնցից մեկը կուսակցության համահիմնադիր, իրաքյան լեռներում փեշմերգայի (քրդական աշխարհազոր) գլխավոր հրամանատար Կանդիլ Մուրատ Կարայիլանն է։ Թուրքական «Հուրիեթ դեյլի նյուզ» թերթը մեջբերել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերի հայտարարությունը, որն Անկարայում հրապարակել է ԱՄՆ-ի դեսպանությունը. «ԱՄՆ-ը գնահատում է ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակից Թուրքիայի հետ համագործակցությունը։ Ծրագիր է մշակվել ՔԲԿ ահաբեկչական կազմակերպության երեք ավագ անդամի հետապնդման նպատակով»։ Վաշինգտոնը 5 մլն դոլար կտա Մուրատ Կարայիլանի, 4 մլն` Ջամիլ Բայիկի և 3 մլն` Դուրան Կալկանի մասին տեղեկատվության համար։


Մի քանի օր անց ՔԲԿ-ի ղեկավարությունն արձագանքեց` ԱՄՆ-ի այդ քայլն անվանելով «թշնամական»։ Նշվում է, որ այդ պարգևը 1990-ականների այն միջազգային դավադրության շարունակությունն է, որի արդյունքում ձերբակալվեց քրդական առաջնորդ Աբդուլա Օջալանը։ «Դա ազատության համար շարժման դեմ ուղղված թշնամական և քաղաքականապես հիմնավորված որոշում է»,- ասվում է հայտարարության մեջ, ընդգծվում նաև, որ այդ որոշումն այն բանի արդյունքն է, որ տարածաշրջանում աճում է քրդերի ազտագրական շարժումը, և քրդերը դարձել են վճռական գործոն Մերձավոր Արևելքում։ Եվ հենց այդ օրերին, մոտավորապես սկսած նոյեմբերի 11-ից, Թուրքիայի տարածքում վերսկսվեցին մարտական գործողությունները քրդերի և թուրքերի միջև։ Սկզբում հաջողությամբ պսակվեց Հաքյարի նահանգում թուրքական բանակի դիրքերի և պահեստների վրա փեշմերգայի հարձակումը։ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն ժամանակ խոստովանեց, որ «պայթյունից զոհվել է 7 և վիրավորվել 25 զինվոր»։ Քրդերն այլ տվյալներ են նշել` «17 զոհ, 37 վիրավոր, 9-ի վիճակը մնում է անհայտ»։ Ըստ քրդերի, այդ հարձակումը վրեժ էր օգոստոսին թուրքական օդային հարվածներից սպանված, Սինջարում (Իրաքի հյուսիս) ՔԲԿ-ի ուժերի հրամանատար Մամ Զեքի Շինգալիի մահվան համար։


Սակայն, մեր կարծիքով, Թուրքիայի դեմ ՔԲԿ-ի քրդերի ռազմական գործողությունն իրականում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի որոշման պատասխանն էր։ Դրա օգտին է վկայում դեպքերի ժամանակագրությունը. նոյեմբերի 6-ին` պետդեպարտամենտի որոշումը, 9-ին` ՔԲԿ-ի հայտարարությունը, 11-ին` Հաքյարիի հարձակումը։ Նշենք, որ նոյեմբերի 14-ին Թուրքիան վերսկսեց օդային և հրթիռային հարվածները... Հյուսիսային Իրաքի վրա, որտեղ, ենթադրաբար, ՔԲԿ-ի ճամբարներում և բազաներում գտնվում են այդ կուսակցության վերը նշված գործիչները։ Միաժամանակ Թուրքիան ուժեղացրել է քրդերի դեմ քաղաքական ահաբեկչությունը երկրի ներսում։ Այսպես, նոյեմբերի 14-ին քուրդ երգչուհի Խոզան Կանեին (իսկական անունը` Սայդե Ինակ, ունի նաև գերմանական քաղաքացիություն ) թուրքական դատարանը դատապարտել է 6 տարի 3 ամսվա բանտարկության «ահաբեկչական կազմակերպության (այսինքն` ՔԲԿ-ի) գործունեությանը մասնակցելու» մեղադրանքով։ Նոյեմբերի 20-ին Աբդուլա Օջալանի փաստաբաններին թուրքերը թույլ չտվեցին հանդիպել նրանց պաշտպանյալի հետ։ Հաշվի առնելով, որ Օջալանն իր փաստաբանների հետ տեսնվել է 2011-ի հուլիսի 27-ին, չենք կարող չնկատել թուրքական իշխանությունների որոշման քաղաքական ուղղվածությունը և հանդիպման արգելքի ու թուրքական ուժայինների վրա ՔԲԿ-ի պարտիզանների հարձակումների միջև եղած կապը։ Նոյեմբերի 23-ին հնարովի պատրվակով ձերբակալվել է քուրդ հայտնի ռեժիսոր և լուսանկարիչ Քյազիմ Օզը ՔԲԿ-ի հետ ենթադրյալ կապի համար։ Խոզան Կանեի դատապարտումը կրկին սրել է գերմանա-թուրքական հարաբերությունները, քանի որ երգչուհու հարազատները դիմել են նույնիսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` խնդրելով օժանդակել քուրդ երգչուհու ազատմանը։


Իսկ պատերազմը չի դադարել, ավելին, Իրաքի հետ սահմանից արդեն հասել է Դիարբեքիր նահանգին և քաղաքին։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Դիարբեքիրից բացի մարտեր են ընթանում ևս չորս քաղաքում։ Իսկ քրդական աղբյուրները հաղորդում են, որ ՔԲԿ-ի պարտիզանները վերսկսել են մարտերը նաև թուրք-իրաքյան սահմանի Սիդականի շրջանում։ Որպես կանոն, քրդերի և թուրքերի միջև զինված պայքարի ինչ-ինչ մանրամասներ Թուրքիայում հայտնի են դառնում տեղի ունենալուց շատ հետո։ Այդպես է եղել Շիռնակում, Սղերդում, Յուքսեկովում և հարավային Թուրքիայի այլ քաղաքներում նախկինում ընթացած կռիվների առնչությամբ։
Միևնույն ժամանակ, հերթական անգամ քուրդ-թուրքական բախումների ասպարեզ է դարձել հյուսիսային Սիրիան, որն ընդհուպ սահմանակից է Թուրքիայի այն շրջաններին, որտեղ հիմա պատերազմ է ընթանում։ Ինչպես հայտնի է, սկզբում ինչ-որ «ահաբեկիչներ» Իդլիբի ապառազմականացված գոտուց քիմիական զենքի հարվածներ հասցրին Հալեպի նահանգի հյուսիսի մի շարք վայրերին։ Ինչ-որ «անակնկալ պատահականությամբ» տուժածների մեծ մասը սիրիացի քրդեր էին։ Իսկ ԻՊ-ի զինյալները, հավանաբար նույնպես «անակնկալ պատահականությամբ», գրոհում էին քրդերի դիրքերի վրա։ Ինչպես նոյեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն, ահաբեկիչները քիմիական զենքով սադրանք են պատրաստում Դեյր Էզ Զորում և նույնպես քրդերի դեմ։ Ռուսաստանը հղում է անում ինչպես իր, այնպես էլ սիրիական հետախուզության տվյալներին։ Ռաքքա նահանգի հյուսիսում Թել Աբյադ քաղաքի մոտ դաժան բախումներ են եղել քրդական ջոկատների և Թուրքիայի ԶՈՒ-ի միջև։ Թուրքական հրետանին հրետակոծում էր քրդերի դիրքերը, իսկ օրվա երկրորդ կեսին հետախուզական թռիչքներ էր կատարում Թուրքիայի ՌՕՈՒ-ն։ Բանն այնտեղ հասավ, որ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, որն Աստանայի բանակցություններում գլխավորում էր սիրիական պատվիրակությունը, Թուրքիային մեղադրեց Հալեպի վրա քիմիական հարձակումը համակարգելու մեջ և հայտնեց, որ Սիրիան վերջնագրով Թուրքիայից պահանջել է իր տարածքից բանակը հեռացնել 20 կմ։


Ըստ ամենայնի, իրադրությունը շատ տհաճ էր ԱՄՆ-ի համար, հատկապես թուրքերի դեմ նոյեմբերի 11-ի հաջող գործողությունը։ Պարզ է, որ Թուրքիան էլ էր դժգոհ, որ ամերիկացիները շարունակում են հովանավորել Սիրիայի քրդերի որոշ շրջանակների, նախ և առաջ «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (ԺՄԿ) և «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության» (ՔԺԻ) ջոկատներին։ Հիշեցնենք, որ ամերիկամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈՒ) կազմի մեջ մտնող մի շարք ջոկատներ մի քանի «բարեկամական օդային հարվածներից» հետո, նոյեմբերին հեռացան ամերիկացիներից և գնացին թուրքական սահմանի կողմը` օգնելու իրենց ազգակիցներին, որ հետ մղեն հյուսիսային Սիրիայի քրդաբնակ Այն էլ Արաբ, Ռաս էլ Այն, Թել Աբյադ և այլ քաղաքների վրա թուրքերի հնարավոր հարձակումները։ Եվ ահա նոյեմբերի 5-ին Էրդողանը հերթական անգամ ԱՄՆ-ից պահանջեց Մանբիջից հեռացնել «ահաբեկչական խմբավորումները»` (ԺՄԿ-ի և փեշմերգայի քրդական ջոկատները։


Դրանից հետո քուրդ ղեկավարները հայտնեցին, որ վերադառնում են ամերիկամետ ՍԺՈՒ-ի կազմ և վերսկսում ԻՊ-ի դեմ մարտական գործողությունները Եփրատի արևելյան ափին։ Աստիճանաբար պարզ դարձավ, թե ինչի շուրջն է ԱՄՆ-ը նոր «առևտուր» սկսել ինչպես սիրիացի քրդերի, այնպես էլ Թուրքիայի հետ։ Հետևենք ժամանակագրությանը։ 1) ՍԺՈՒ-ի քաղաքական թև «Սիրիական ժողովրդավարական խորհրդի» (ՍԺԽ) քուրդ համանախագահ Ռիադ Դարարը նոյեմբերի 3-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ի պարեկները կարող են նպաստել ԻՊ-ի դեմ կռվող քրդական ուժերի բարոյական ոգու բարձրացմանը, բայց չեն կարողանում ազդել թուրքական ռմբակոծումների վրա։ «Մենք տեսնում ենք, որ ռմբակոծությունները շարունակվում են,- ավելացրել է Դարարը, ըստ որի Անկարան վկայակոչում է Դամասկոսի հետ 1998 թ. համաձայնագիրը, որը թուրքական զորքերին թույլ է տալիս մինչև 5 կմ խորանալ Սիրիայի տարածք թուրքական տարածքներին սպառնալիքի դեպքում։- ԱՄՆ-ը այլ ելք չունի, բացի Թուրքիային խնդրելուց, որ դադարեցնի գնդակոծությունները, և հասկացնելուց, որ բոլոր կողմերը պետք է կենտրոնանան ԻՊ-ը արմատախիլ անելու վրա»։ Այսինքն, քրդերն ԱՄՆ-ից պահանջում են Թուրքիայի «սանձահարումը»։ 2) Ի պատասխան Էրդողանը նոյեմբերի 6-ին հայտարարեց, որ թուրքական հարավային սահմանային գոտու երկայնքով ԱՄՆ-ի և քրդական ՍԺՈՒ-ի ջոկատների համատեղ պարեկությունը թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների խախտում է. «Դա անընդունելի է։ Դա կարող է հանգեցնել սահմանի լուրջ բացասական փոփոխությունների։ Կարծում եմ, որ պարոն Թրամփը կդադարեցնի դա»։ 3) Նոյեմբերի 7-ին ՍԺՈՒ-ի ղեկավարությունը հաստատեց, որ քրդերն արձագանքել են Սիրիական Քրդստանի վրա թուրքական հարձակումներին և ԱՄՆ-ի ուժերի համագործակցությամբ ամրացրել սահմանային գոտին։ ՍԺՈՒ-ի մամուլի քարտուղար Կինո Գաբրիելը հաղորդել է, որ Անկարայի հարձակումների նպատակը Թուրքիայի ներքին խնդիրները երկրի սահմաններից դուրս հանելն է։ Բայց, ըստ նրա, ՍԺՈՒ-ն մշտական կապի մեջ է ԱՄՆ-ի ուժերի հետ և պատրաստ է դիմակայելու թուրքական հարձակումներին։


Կ. Գաբրիելի ասածից պարզ է, որ սիրիացի քրդերի ղեկավարությունը հիանալի գիտի, որ Թուրքիայում վերսկսվում է քուրդ-թուրքական պատերազմը, և հենց այդ պատճառով Թուրքիան փորձում է ուժեղացնել ճնշումը սիրիացի քրդերի և ԱՄՆ-ի վրա հյուսիսային Սիրիայի հարցերում։ Սակայն շարունակենք ուսումնասիրել դեպքերի ժամանակագրությունը։ 4) Հենց նոյեմբերի 11-ին ՍԺՈՒ-ի ղեկավարությունը և քրդական ՔԺԻ-ի հրամանատարությունը պաշտոնապես հայտարարեցին Դեյր էզ Զորում ԻՊ-ի դեմ գործողությունները վերսկսելու մասին, և դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքի հետ «լարուն շփումներից» հետո։ Հայտարարությունը նշանակալից է, եթե հաշվի առնենք, որ դրանից հետո տարօրինակ բան եղավ. այսպես կոչված «Քրդստանի ժողովրդավարական կուսակցություն-Սիրիա»-ի առաջնորդ Աբդուլռահման Ափոն, որին 2017 թ. թուրքերը հանձնել էին Դամասկոսին, ազատվեց բանտից։ Ըստ ԶԼՄ-ների, նրան իր մի քանի զինակիցների հետ 2 ամիս պահել են Էլ Կամիշլիի բանտում։ Թե համաձայնագրի ինչ պայմաններ են եղել Դամասկոսի և քրդական ԺՄԿ-ի միջև, մենք չգիտենք, բայց հասկանում ենք, թուրք զինվորականների կողմից ձերբակալված անձին բանտից ազատելը ենթատեքստ ունեցող քայլ է։ Մի կարևոր նրբություն ևս. ԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու համար քրդերի վերադարձը տեղի է ունենում հենց այն օրը, երբ թուրքական Հաքյարի նահանգում ՔԲԿ-ի փեշմերգան հաջող հարձակում է կատարում թուրքական բանակի և ոստիկանության վրա։ Տվյալ դեպքում համընկնումներին ոչ մի կերպ չես հավատում։

5) ՔԲԿ-ի քրդական ջոկատի անունը չհայտնած հրամանատարը նոյեմբերի 25-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը նոր հուշագիր է ստորագրել Սիրիական Քրդստանում լրացուցիչ 30 հազար քուրդ մարտիկների պատրաստման մասին։ Նախատեսվում է նրանց մեկամյա ռազմական ուսուցում, որից հետո նրանք կմիանան ամերիկամետ դաշինքի 60-հազարանոց կազմավորումներին։ Իսկ Սիրիական Քրդստանի և Թուրքիայի սահմանում քրդական զորքերի վրա թուրքական հրետանային հարձակումները և սահմանին հետագա լարվածությունը կանխելու համար արդեն ստեղծվում են դիտակետեր։ Ըստ նույն աղբյուրի, ԱՄՆ-ի նոր պլանի նպատակներից մեկն էլ տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությանը հակազդելն է։ 6) Իսկ Թուրքիայի «հանգստացման» համար ԱՄՆ-ը նախատեսում է նրան տրամադրել ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի հզոր համակարգեր` որպես ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի այլընտրանք։ Այդ առնչությամբ Պենտագոնի զեկույցում նշվում է Թուրքիայի աշխարհառազմավարական հատուկ նշանակությունը ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի անվտանգության համար։ «Թուրքիան նախատեսում է 2024 թ. ռազմական ծախսերի մակարդակը հասցնել ՀՆԱ-ի 2 %-ին։ Միաժամանակ Թուրքիան առանցքային խաղացող է «բարբարոս պետությունների» զսպման հարցում և իր ներդրումն ունի ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»,- կարծում են Պենտագոնում։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ