Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

«Նպաստել եմ, որ ժողովրդավարական արժեհամակարգը ներմուծվի համայնքներ»

«Նպաստել եմ, որ ժողովրդավարական արժեհամակարգը ներմուծվի համայնքներ»
25.12.2018 | 00:51

Մի կողմից կառավարության վերին էշելոններում են վերադասավորումներ, մյուս կողմից էլ մարզերում են պաշտոնյաները փորձում հասկանալ` մնալու՞ են իրենց տեղերում, թե՞ կառավարության ղեկավարն իրենց առնչությամբ այլ ծրագրեր ունի։ Մարզպետների փոփոխության հարցը ևս արդիական է, սակայն թե նրանցից քանիսը կմնան, քանիսը կգնան ԱԺ, դեռ քննարկումների փուլում է։ Մեր տեղեկություններով, Շիրակի մարզում հնարավոր է` փոխմարզպետ ԱՐԱ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆԸ դառնա մարզպետ։ Լուրը ճշտելու և մարզին առնչվող որոշ հարցերի շուրջ զրուցեցինք նրա հետ։

-Ձեզ մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ արվե՞լ է, որքա՞ն են հավաստի այն լուրերը, թե Դուք եք լինելու Շիրակի նոր մարզպետը։
-Ես չունեմ նման տեղեկություն։ Եթե կուսակցությունն ինձ առաջարկի, խնդիր չեմ տեսնում, պատրաստ եմ աշխատելու։
-Նախորդ ամիսներին փոխմարզպետ եք եղել, ի՞նչ եք արել։
-Վեց ամիս է, որ փոխմարզպետ եմ, այս ժամանակահատվածում հասցրել եմ ծանոթանալ մարզի բոլոր խնդիրներին, ունեմ դրանց լուծման տեսլականը, որոնք քննարկել ենք և համայնքի ղեկավարների, և մարզպետարանի բաժիների հետ։ Շիրակի մարզում բազմաթիվ խնդիրներ կան, բայց կան հարցեր, որոնք ամենևին էլ ֆինանսական ռեսուրսների հետ կապված չեն, ինչպես նախկին իշխանությունների պարագայում էր անընդհատ թմբկահարվում, թե դրանց համար գումարներ են պետք։ Կարելի է դրանք առանց գումարի էլ շատ հեշտությամբ լուծել։ Մարզի խնդիրների, համայնքի ներուժի վերաբերյալ որևէ ուսումնասիրություն չէր իրականացվել, սա մենք նախաձեռնեցինք, որպեսզի յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ տեղեկություն ունենանք՝ հասկանալու, թե տվյալ համայնքը զարգացման ինչ հեռանկար ունի, ինչ ժամկետներում կարող ենք դրան հասնել։ Համայնքների զարգացման ծրագրեր համայնքի ղեկավարն է ներկայացնում, բայց մենք ուսումնասիրել ենք, թե դրանք որքանով են համահունչ համայնքին, որոշ դեպքերում նաև մենք ենք առաջարկներ անում։ Հաջողություններ ևս արձանագրեցինք, համայնքներում ֆինանսավորվեցին 11 սուբվենցիոն ծրագրեր, Գյումրիում իրականացվում է լայնամասշտաբ ճանապարհաշինարարական ծրագիր։ Հասարակական կազմակերպությունում աշխատած տարիներին շատ եմ կարևորել ՏԻՄ-երի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, փոխմարզպետ եղած ժամանակ ակտիվ աշխատել եմ, որ ՏԻՄ-երը հենց այդպես էլ առաջնորդվեն, որպեսզի նրանց գործունեությունը առավել տեսանելի լինի համայնքի համար։ Համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ միշտ կարևորել եմ այս դրույթը։ Այն գործողությունները, որոնք ՀԿ սեկտորում հնարավոր չէր իրականացնել, հիմա, որպես որոշում կայացնող, կարողացա կյանքի կոչել և նպաստել, որ ժողովրդավարական արժեհամակարգը ներմուծվի համայնքներ։
-Տարբեր ոլորտներում խոսվում է կոռուպցիոն երևույթների, յուրացումների մասին։ Մարզպետարանում այս առնչությամբ եղե՞լ են նման դեպքեր։
-Բացահայտումների, յուրացումների հետ կապված դատական որևէ վճիռ չունենք։ Եթե նման բացահայտում լիներ, պետք է դատարանով հիմնավորվեր։ Իհարկե, մեր կողմից արված աուդիտի շրջանակներում կան տարբեր բացահայտումներ, բայց դա որակել չարաշահում կամ ենթակա պետբյուջե վերադարձնելու, որոշելու է միմիայն դատարանը։
-Սա անփորձ երիտասարդների իշխանություն է։ Դա իր բացասական ազդեցությունը չի՞ թողնում։
-Եթե անփորձը նկատի ունենք զուտ կոռուպցիոն գործարքներում ընդգրկվելու-չընդգրկվելու մասով, իհարկե, մենք անփորձ ենք։ Եթե անփորձություն ասելով նկատի ունենք աշխատանքում անփորձ լինելը, ուրեմն կապ չունի` երիտասարդ է, թե ոչ, պետք է համապատասխան փորձառություն ունենա։ Երիտասարդ լինելուն զուգահեռ պետք են համապատասխան փորձառություն, գիտելիքներ տվյալ գործառույթն իրականացնելու համար։ Զուտ երիտասարդ լինելը չի նշանակում լինել շատ լավ, պետք է ունենալ մասնագիտական ունակություններ, որոշակի փորձ։
-Շիրակի մարզն ամենախնդրահարույցն է։ 30 տարի է անցել, բայց բազմաթիվ մարդիկ դեռ տնակներում են։ Չե՞ք կարծում, որ հստակ ռազմավարություն պետք է մշակվի, որ այսինչ ժամանակում որոշ խնդիրներ պետք է ընդհանրապես չլինեն։
-Այս պահին կա 2017-2025 թթ. համար մշակված ռազմավարական պլան, պետք է հաշվետվողականություն ունենանք, որ այդ ծրագիրն իրականացվի, դեկլարատիվ բնույթ չկրի։ Կարելի է այդ ռազմավարության մեջ էական փոփոխություններ կատարել՝ հիմնախնդիրների քարտեզագրման ուղղությամբ, վերանայումներ անել ու ողջամիտ ժամկետներ արձանագրել։ Բացի այն, որ համայնքները պետք է շահագրգիռ լինեն իրենց խնդիրների լուծման, կարգավորման ուղղությամբ, կառավարությունն էլ պետք է շեշտադրված ռազմավարական մոտեցում ցուցաբերի։ Այսինքն, 2019-ին մարզերին տրվող սուբվենցիաները տալ Շիրակի մարզին, որպես գերակա լուծումներ պահանջող մարզ։ Շատ կարևոր են կառավարության մոտեցումները և աջակցությունը։ Եթե այս տասը տարիների ընթացքում ամեն տարի մեկ մարզին ուղղվեին բոլոր միջոցները, լուծվեին խնդիրներ, այսօրվա պատկերը չէինք ունենա։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan