Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

«Ալպինիզմով զբաղվում ես ցերեկը, դրա շատ ավելի բարդ տեսակով՝ գետնի տակ»

«Ալպինիզմով զբաղվում ես ցերեկը, դրա շատ  ավելի բարդ տեսակով՝  գետնի տակ»
25.12.2018 | 01:05

Հայաստանը դարձել է Անձավագիտության համաշխարհային միության կենտրոններից մեկը: 2019-ին անձավագիտական միջազգային գիտաժողովն անցկացվելու է Հայաստանում, մասնակցելու է 114 երկիր: Թեմայի շուրջ զրուցել ենք ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, որը երկար տարիներ ուսումնասիրություններ է կատարել քարանձավագիտության ոլորտում, Հայաստանի անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ է:

-Քարանձավագիտության հետ ի՞նչ կապ ունի գրող, սցենարիստ Վահան Տեր-Ղազարյանը:
-Բացի գրող և սցենարիստ լինելուց` ես մարզաձևով եմ զբաղվել, իհարկե, եթե կարելի է մարզաձև կոչել ալպինիզմը, որովհետև դա մեծագույն էսթետիկա է՝ ֆիզիկական և հոգևոր առումով: Իսկ քարանձավագիտությունը Հայաստանում ծնվեց ալպինիզմից: Առաջին ալպինիստներն էին Էդվարդ Սարգսյանը, Հովհաննես Ազիզբեկյանը, Դավիթ Հակոբյանը, ես էլ առաջիններից էի, և առաջին ալպինիստները մտան քարանձավ: Մինչ այդ պետականորեն և ակադեմիայի մակարդակով որոշվել էր, որ կարստային խոշոր քարանձավներ Հայաստանում չկան, դրա հիման վրա բազմաթիվ դիսերտացիաներ էին պաշտպանել, ընդհուպ` դոկտորական: Իսկ մի խումբ ալպինիստներ, որոնք շատ փոքր առնչություն ունեին երկրաբանության հետ, ինքնուրույն գնացին-գտան քարանձավների մուտքերը, մտան քարանձավներ: 2-4-կիլոմետրանոց հազվագյուտ քարայրեր հայտնաբերվեցին Հայաստանում: Պարզվեց, որ մինչ այդ եղած ամբողջ գիտությունը բավականին անլուրջ մակարդակի վրա է եղել: Մեկը մյուսի գրած գրքերը կարդալով, առանց լուրջ ուսումնասիրության, աշխատում էին այն թեմայի վրա, թե ինչու Հայաստանում չեն կարող լինել քարանձավներ:
-Եվ ապացուցեցիք հակառա՞կը:
-Մենք չենք ապացուցել հակառակը, մենք պարզապես մտել ենք քարանձավ: 1979 թվականին ճանապարհաշինության համար իրականացված պայթեցման հետևանքով անսպասելի բացվեց մի վիթխարի անդունդ, որից հետո՝ մի հրաշք քարայր՝ Եղեգնաձորի Մոզրովի քարայրը, որը հիմա շատ վատ վիճակում է: Դրանից հետո արդեն կարստային գոտում, կրաքարային շերտերի մեջ, լեռներում հայտնաբերվեց Մագելի քարայրը: Մագելան անունով որսորդ է ցույց տվել այդ քարայրի մուտքը: Աշխարհում մի քանի նման քարայր կա, տեկտոնային ճեղք է՝ երկրաշարժի հաղորդալար: Պատկերացրեք՝ կենդանի մարդը մտնում է երկրաշարժային ճեղքի մեջ: Հետո հայտնագործվեց Արջերի քարայրը՝ ավելի քան 4 կմ ձգվածությամբ, բազմաթիվ դահլիճներով, հրաշք տարածքներով, լճով և այլն, որի հետազոտումը մի պահ քաղաքական պատճառներով կանգնեցվեց: Հայաստանում, քարանձավագիտական իմաստով, իմ կարծիքով, դեռ շատ բաներ կան հայտնագործելու:
-Որքան գիտեմ՝ 80-ականներին չափագրվել է շուրջ 40 քարանձավ, պետական կարգավիճակ է տրվել դրանց: Այ, Դուք նշեցիք, որ պայթեցման հետևանքով քարանձավ է հայտնաբերվել. նման պատահականություններ կարո՞ղ են էլի լինել:
-Դա փակ կարստ է՝ գետնի տակ ինքնուրույն գոյացած մեծ քարայրային համալիր, որը մուտք չունի: Պայթեցման ժամանակ բացվում է վիթխարի անդունդ, որից հետո սկսվում է քարայրը: Այսպիսի փակ կարստեր լրիվ հնարավոր են Հայաստանում, հատկապես Տավուշի տարածքում: Իսկ ինչ-որ հայտնագործված է, այո, պետական կարգավիճակ ունի, նույնիսկ չափագրված է: Հայաստանը դարձավ երրորդ հանրապետությունը, որտեղ պրոֆեսիոնալ անձավախուզություն կար: Ռուսաստան, ՈՒկրաինա և Հայաստան. այս երեք հանրապետություններում քարանձավագիտությունը միանգամից պայթյունի նման դարձավ պրոֆեսիոնալ: Սկսվեցին ռեալ գիտական աշխատանքներ հայտնաբերված քարանձավներում:
-Որքա՞ն ժամանակ է պահանջում անձավների ուսումնասիրությունը, որքա՞ն երկար կարելի է մնալ գետնի տակ:
-Պատահել է, որ երկու ամիս գետնի տակից դուրս չենք եկել:
-Ի՞նչ էիք անում՝ ապրու՞մ էիք, թե՞ ուսումնասիրում:
-Ապրում էինք, ուսումնասիրում խոնավության չափը, ջերմաստիճանը: Ընդհանրապես, քարանձավը մի ուրիշ աշխարհ է: Արջերի քարայրում, որին ամենաշատն եմ ծանոթ, 200 տարվա ընթացքում լրանում է դրսի մեկ տարին, այսինքն, տեղի է ունենում հիմնական օդափոխությունը: Այնտեղ, ամառ թե ձմեռ, ջերմաստիճանի խախտում չի լինում, 11 աստիճան է: Ժամանակը կանգնում է, ուրիշ աշխարհ է դա:
-Մարդն իր վրա զգու՞մ է այդ ազդեցությունը:
-Ջերմաստիճանդ կարող է լինել 34 աստիճան, բայց դու դա չես զգում, կարող ես լինել ակտիվ ու աշխույժ: Ֆիզիոլոգիապես մարդու վիճակը քարանձավում շատ մոտ է տիեզերական վիճակին, դա շատ հետաքրքիր է, և ուրիշ հետազոտությունների հնարավորություն է ստեղծում: Մեր արշավախումբն աշխատում էր տարբեր մասնագետների մասնակցությամբ՝ հնագետ, երկրաբան, գեոֆիզիկոս, թռչնաբան, չղջիկաբան, այսինքն, հետազոտությունը համալիր բնույթ էր կրում, որովհետև մենք գործ ունեինք մի այլ աշխարհի հետ, որը մեր աշխարհից խիստ տարբերվում է: Մեր հետազոտությունները ֆինանսավորում էր Մոսկվայի տիեզերական հետազոտությունների կենտրոնը:
-Անձավախույզն ի՞նչ տվյալներ պետք է ունենա: Օրինակ, տիեզերք թռչելու համար ֆիզիկական պատրաստվածություն է պետք, համապատասխան գիտելիքներ:
-Անձավախույզին ամենամոտը ալպինիստն է: Կարևոր է և՛ ֆիզիկական, և՛ բարոյահոգեբանական պատրաստվածությունը՝ կամքի ուժը, նպատակասլացությունը, նեղ տարածությունից չվախենալը: Մի անգամ ջրհոր բացեցինք, որի մեջ քար կար, մենք ներքևից պետք է այդ քարը հեռացնեինք: Դա տևեց չորս օր: Մտնել քարանձավ ու Ա կետից հասնել Բ կետ՝ բավական բարդ է: Իսկ ընդհանրապես անձավագիտությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքներ երկրաբանությունից, գեոմորֆոլոգիայից, տեղագրությունից, կլիմայագիտությունից, հնագիտությունից, կենդանաբանությունից:
-Քարանձավում հնարավո՞ր է մոլորվել: Նմա՞ն է լաբիրինթոսի:
-Լաբիրինթոս է, անշուշտ: Մասնագետը, որ քաջածանոթ է երկրաբանությանը, երկրամորֆոլոգիային, գիտի, թե կրաքարի այս տեսակի շերտը որտեղ է, հաջորդ շերտն ուր է գնում, ինչպես է եկել ու ինչպես է հետ գնալու:
-Քարանձավային մթության դեմ ինչպե՞ս եք պայքարում:
-Անձավախույզի ճակատին լամպեր են ամրացված, բայց լինում էր, որ անջատում էինք լույսն ու նույն ճանապարհն անցնում առանց լույսի: ՈՒզում էինք ստուգել՝ խավարի մեջ տեսնել հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ստացվեց: Խավարի մեջ մենք զգում էինք ժայռը, կախված ստալակտիտը։ Քարանձավում խավարը թավիշի նման է, կարող ես վերցնել-պատռել: Դրսի խավարի նման չէ, դրսում միշտ լույս կա, իսկ քարայրում բացարձակ խավար է՝ տիեզերական խավար: Այդ հանգամանքը նույնպես մոտեցնում է տիեզերքի հետազոտություններին: Դու անցնում ես տվյալ տարածությունը բացարձակ խավարի միջով ու պարզվում է, որ կարող ես տեսնել:
-Բառիս բուն իմաստո՞վ, թե՞ զգալով:
-Ոչ աչքերով, ոչ էլ զգալով, լրիվ ուրիշ, տարօրինակ զգացողություն է, որ միայն պրոֆեսիոնալ անձավախույզներին է տրված:
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում քարայրից դուրս գալուց հետո:
-Ասեմ: Մի անգամ Սաշա Կլիմչուկի հետ դուրս եկանք քարայրից, չորս թե հինգ օր քարայրում էինք, ասաց՝ մի րոպե շունչդ կպահես, հետո, երբ դուրս գաս, զգա... Դրսում՝ քարայրի մուտքի մոտ երկու մետր հաստությամբ ձյան շերտ էր: Ձմեռ էր, բայց այնպիսի գարնանային ծաղիկների հոտ զգացինք դուրս գալու պահին: Մի երկու վայրկյան հետո դա անցավ, բայց խիստ հետաքրքիր զգացողություն էր: Ասեմ, որ ճիշտ է քարայրից դուրս գալ մութ ժամերին, գիշերը: Եթե մի քանի օր մնացել ես խորքում, դուրս գալուց, արևային ժամերին, կարող ես կորցնել տեսողությունդ:
-Քարայրում վտանգները շա՞տ են:
-Հազարավոր: Օրինակ, կարող ես մտնել որևէ անցքի մեջ՝ հետազոտելու, եթե մուտքը հորիզոնական չէ, դեպի ցած է գնում, սկսում է քաշել, մինչև թոքերդ պինդ բռնում է: Հետդարձի հնար չկա:
-Չի՞ կարելի օգնության հասնել:
-Այսպես ասեմ, եթե 200-մետրանոց անդունդում գտնվող անձավախույզը վնասվել է, նրան օգնելու համար հսկայական բրիգադ պետք է գա՝ հատուկ տեխնիկայով, որ կարողանան դուրս հանել:
-Հաճա՞խ են լինում նման դեպքեր:
-Ինձ հետ թեթև բաներ են պատահել՝ քարափլուզում, քարերի փլուզման ձայնը երբ եկավ, փոքր անցք կար, հասցրի սողոսկել այնտեղ: Հետո տղաները մաքրեցին քարերը, դուրս եկա:
-Ալպինիզմը համարվում է ազարտային մարզաձև: Նույնը կարելի՞ է ասել անձավախույզի մասին:
-Ակադեմիկոս Սողոմոն Բալյանը մեզ անվանում էր ստորգետնյա ինքնասպաններ: Եթե ալպինիզմը խիստ վտանգավոր է, իրականում քարանձավագիտությունը դրա մութ տեսակն է: Ալպինիզմով զբաղվում ես ցերեկը, դրա շատ ավելի բարդ տեսակով՝ գետնի տակ:
-Կենդանական աշխարհի մասին ի՞նչ կասեք: Չղջիկները վտանգավո՞ր են:
-Չէ, խելոք են, գալիս ապտակում են դեմքիդ, անցնում: Սիբիրյան վամպիրներ են՝ գալիս են Սիբիրից, ձմեռում են այստեղի քարայրներում, ամռանը հետ են գնում: Չվող չղջիկներ են:
-Այն, որ անձավներում հնարավոր է սպիտակ անձավախույզի հանդիպել, հեքիա՞թ է:
-Չէ,՜ էդ հեքիաթ չէ: Կարող է նաև հեքիաթ է: Նրանք գետնի տակ ապրող արարածներ են: Սպիտակ անձավախույզ, սև ալպինիստներ. նման միֆոլոգիա կա:
-Ինքներդ հանդիպե՞լ եք:
-Այո, սև ալպինիստ եմ տեսել (սպիտակ լեռան վրա սև է երևում, դրա համար կոչվում է սև ալպինիստ): Երկու ժամից ավելի խոսեցինք, բայց հետո ո՛չ ես, ո՛չ Կլիմեկոն չկարողացանք հիշել, թե ինչի մասին էինք զրուցում: Անգամ ծխախոտ խնդրեց: Հետո մեզ թվաց երազ է` զարթնեցինք: Կողքի վրանի տղաներն ասացին՝ ու՞մ հետ էիք այդքան խոսում: Ասացինք` մեկը եկել էր, սառցահատը խփել ձյան մեջ, նստել էր վրան ու խոսում էր: Պարզվեց` չորս հոգի վկա են եղել այդ զրույցին: Ոտնահետքերը կային, որ գնում էին դեպի անդունդի եզրն ու այնտեղ վերջանում: 35 թվականի տրիկենների (ալպինիստի կոշիկների) հետքեր էին: Իսկ սպիտակ անձավախույզը քարանձավում է լինում, վառելանյութը թափում է, ուտելիքը գողանում, քաջքի նման բան է:
-Այլ ձայներ չե՞ք լսել:
-Ես երկու ամիս մենակ մնացել եմ քարանձավի մեջ ու ոչ մի ձայն չեմ լսել:
-Հիմա Հայաստանի անձավախուզության խնդիրը ո՞րն է:
-Հայաստանի քարանձավների 95 տոկոսը հնագիտական նյութ է պարունակում: Արենիի քարանձավը պեղեցին, գտան աշխարհի ամենահին կոշիկը, հնագույն գինեգործարանը: Չգիտես ինչու, քարանձավագիտության խնդիրը դրված է մշակույթի նախարարության վրա, մինչդեռ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ղեկավարության ներքո պետք է գործի:
-Ի՞նչ կասեք քարանձավային զբոսաշրջության մասին:
-Քարանձավային զբոսաշրջությունը զարգացնելու համար պետական հոգածություն է պետք: Մագելի քարայրը պետք է դարձնել զբոսաշրջային վայր, ընդամենը 60 մետր անցք է փորվում, դրանով ավարտվում է հարցը, մարդիկ այդ տեղով մտնում են քարայր, և մեկ ժամից ավելի շրջում: Մեկ ժամը ծով է մի մարդու համար, նաև` հոգեբանորեն: Նույնը` Արջերի քարայրը, այնտեղ մենք՝ Սամվել Խաչատրյանի հետ, ժամանակին հատուկ երթուղի էինք մշակել, որ վերևից նայեն, պտտվեն, տեսնեն դահլիճները, ջրային կասկադները: Խորագույն հատվածներին հասնելու համար մի ամբողջ օր պետք է գնաս, մինչև հասնես ներքևի լճին, այդ մասերը զբոսաշրջությանը հասու չեն:
Գումարած դրան՝ պետք է պատրաստել էքսկուրսավարներ, որ կարողանան և՛ հսկել քարանձավ մտնող խմբին, և՛ անվտանգություն ապահովել, նաև բացատրել, թե որտեղ են նրանք գտնվում: Մագելի քարայրում կա հնագույն քարացուկների մի ամբողջ պատ, դա օվկիանոսի հատակ է, մի վիթխարի պատ, որը խիստ հետաքրքիր կարող է լինել զբոսաշրջիկի համար, եթե նա ուղղակի կողքով չանցնի, այլ ինչ-որ մեկը նրան բացատրի, թե այդ ինչ ձկներ ու խխունջներ են: Պատմության սկիզբը պարզ երևում է այդ հարթության վրա: Մեր ժողովուրդն ապրում է մետրուկես գետնից կտրված, ոնց որ սա իր երկիրը չէ, բայց իր երկիրն է, հասկանում եմ, որ պալեոզոյան դարաշրջանում հայեր չեն եղել, ընդհանրապես մարդիկ չեն եղել, բայց դա չի նշանակում, որ տարածքը մերը չէ:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Լուսանկարները հրապարակվում են առաջին անգամ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan