Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Չգիտեմ` ինչքան շահեցինք և ինչքան կորցրինք»

«Չգիտեմ` ինչքան շահեցինք և ինչքան կորցրինք»
25.12.2018 | 00:09

Մանկությունս ու պատանեկությունս անցել են Օրջոնիկիձեի (այժմ Արշակունյաց) պողոտայում գտնվող շենքերից մեկում, ոսկերչական ֆաբրիկայի հարևանությամբ։ Պատշգամբն ընդհանուր էր, սակայն հարևաններն ապրում էին հաշտ ու համերաշխ։


Մեր հարևանները շատ ընթերցասեր էին. երբ հայրս նոր գիրք էր գնում, սկզբում ինքն էր կարդում, հետո տալիս էր հարևաններին։ Նրանք հերթով կարդում էին այդ նոր գիրքը։ Առավել հետաքրքրության էին արժանանում ժամանակակից գրողների ստեղծագործությունները։
Մի անգամ հայրս մի գիրք բերեց, վերնագիրը` «Ծարավ»։ Այդ գիրքը հետաքրքրությամբ կարդացին մեր հարևանները։ Եղան մարդիկ, ովքեր այն կարդացին երկու-երեք անգամ։ Գրքի հեղինակն էր Անահիտ Սահինյանը։ 2005 թվականին իմ «Օթյակ» հեղինակային ծրագրում հաղորդում պատրաստեցի անվանի գրողի մասին։ Ահա թե ինչ պատմեց Անահիտ Սահինյանը։
-Այդ ժամանակ Սևանի շինարարությունն էր արագ թափով կատարվում, ստորգետնյա էլեկտրակայանն էր կառուցվում։ Միութենական թերթերն ամեն օր նյութեր էին տպագրում, թե ինչ հրաշքներ էին կատարվում այնտեղ։
Որպես լրագրող գնացի այնտեղ, ինձ նույնիսկ բնակարան տվեցին։ Մի շաբաթով ինձ մոտ եկավ Մարո Մարգարյանը։ Արտահագուստ էինք հագնում, իջնում թունել, դուրս գալիս... Մեր խելքով կյանք էինք ճանաչում։


Գոյություն ուներ մեծ մասշտաբի հիդրոկայանների և ոռոգման սիստեմի մշակված ծրագիր, որը և կերավ Սևանի գլուխը։ Հետագայում հայտնի դարձավ, որ լճի ջրերը սխալ են օգտագործվել, սխալ ծրագիր է եղել։ Բայց այդ ժամանակ մարդիկ ոգևորված աշխատում էին։ Ես սկսեցի ուսումնասիրել Սևանի հարցը, գրականություն կարդացի անցյալի մասին, իմացա, թե ինչ ողբերգություններ են տեղի ունեցել, երբ հասուն այգին այրվել է արևից, խանձվել տապին... Նման դեպքերում օրինակներ են եղել, որ նույնիսկ եղբայրն է եղբորը սպանել...
Դեռևս ողջ էր Սևանի պրոբլեմի լուծման նախնական գաղափարի հեղինակը` Սուքիաս Մանասերյանը։ Ես գտա նրան։ Արտակարգ մարդ էր, ինժեներ, ծնվել էր գյուղում, հետո լավ կրթություն էր ստացել, լավ արվեստ, գրականություն գիտեր, նույնիսկ Պուշկինի սևագրություններին էր ծանոթ, անգիր գիտեր հատվածներ «Եվգենի Օնեգինից»։
Վարպետը` Ավետիք Իսահակյանը, նրան չէր սիրում, ասում էր. «Սուքիաս նշանակում է ջուր կտրող, և իր անունը համապատասխանում է իր գործին»։ Բայց էդ մարդն ի՞նչ մեղք ուներ, իշխանություններն էին տվել նրան այդ գաղափարը։ Նա գիրքը գրել էր մինչև սովետական կարգերը։ Այդ ժամանակ խոսակցություն է եղել Սևանի ջրերը տանելու նավթարդյունաբերությանն ընդառաջ, դեպի այն կողմ տանել Սևանի ջրերը, իսկ այստեղ լճի մակերեսը կփոքրանա, հողատարածություններ կավելանան, և ջուրը շատ գոլորշիանալու մակերես չի ունենա։ Սա, իհարկե, իրեն չարդարացնող միտք էր, որն իրականացվեց, և դա սխալ էր։


Ես խորացա այդ հարցի մեջ և գրեցի «Ծարավ» վեպը։ Սիրով աշխատեցի, ինձ համար դժվար չէր։ Թեև վեց տարեկանից գյուղից դուրս էի եկել, բայց ամբողջ գյուղը, մեր դարավոր անցյալը կարծես իմ մեջ ամբարված լինեին։ Առանց դժվարության կերպարներ էին կերտվում, հարաբերություններ էին զարգանում։ Հետաքրքիր էր համեմատել այն տարիների գյուղն այսօրվա գյուղի հետ` բարոյական նորմերը այստեղ և այնտեղ, մարդկային հարաբերությունները։ Հետաքրքիր էր համեմատել և տարբերությունը զգալ։ Եվ կարծում եմ, վատ չէր։ Վեպը շատ լավ ընդունվեց։


Համալսարանում սովորելիս արդեն տպագրվում էի` մի քանի պատմվածք, նույնիսկ մի վիպակ էի տպագրել։ Վերջին կուրսում գրեցի իմ առաջին վեպը` «Վայելքը»։
Նկատել էի, թե ինչպես են իմ աչքի առաջ փոխվում կյանքը, կնոջ իդեալը։ Նախկինում իդեալը շինել հագած կինն էր, կեպին գլխին, ձիուն նստած գյուղից գյուղ տեղափոխվելով, ճառեր ասելով, կանանց էր լուսավորում և հաստատում կնոջ և տղամարդու հավասարությունը։ Այդպիսի կինն էր այն ժամանակ հրապուրիչ։ Բայց հետո նկատեցի, որ պաշտոնավոր տղամարդիկ, որ այդպիսի կանանց էին ընտրում կյանքի ընկերուհի, արդեն փոխել էին իրենց ճաշակը։ Ճաշակը փոխվել էր կյանքի ընձեռնած հնարավորություններից ելնելով։ Պաշտոնավոր տղամարդիկ ընտրում էին նախկինում քաղքենի կոչված կանանց, ովքեր հետևում էին իրենց արտաքինին, հագնվում էին ճաշակով և ավելի հմայիչ տեսք ունեին։
Իմ այս դիտարկումն ընկավ այս վեպի հիմքում։
Աշխատում էի «Հայպետհրատում» և ամեն օր աշխատանքի գնալիս անցնում էի Աբովյան փողոցում գտնվող գրախանութի մոտով։ Մի օր գնալով աշխատանքի` այդ խանութի ցուցափեղկում տեսա իմ գիրքը` «Վայելքը»։ ՈՒրախացա, որ այն լույս է տեսել ու վաճառվում է։ Մի օր էլ տեսա, որ գիրքս ցուցափեղկում չկա։ Վաճառողին դիմեցի, ասաց. «Վերջացել է, վաճառվել է»։


Ես տխրեցի, որ ցուցափեղկից գիրքս հանել էին։ Հետո մտածեցի` 5000 (տպաքանակը 5000 էր) տուն է մտել գիրքս, մարդիկ կարդացել են։
Դժվար էր իմ անցած ստեղծագործական ուղին։ Երկրորդ վեպս «Խաչուղիներն» էին։ Ինչի՞ մասին էր այն։ Ինչպես է բարձրանում Երևանը, բարձրանում է ավագ սերնդի ճարտարապետների, երիտասարդ ճարտարապետների, էնտուզիաստների նվիրումով, քրտնաջան աշխատանքով։ Բայց կային նաև խարդախներ, խաբեբաներ, գողեր, սրիկաներ, ավազակներ... Սրանք կային կյանքում և թափանցեցին գրքիս մեջ։
Գիրքն արժանացավ ահավոր ճակատագրի և ոչ միայն նրա համար, որ բացասական կերպարներ կային։ Այդ ժամանակ երկրում գրականության սերուցքի վրա մի ահավոր ջարդ սկսվեց` Ախմատովա, Զոշչենկո... Նրանց ջարդում էին, հակասովետական անվանում, նրանց ոչնչացնելու կոչեր էին արվում։ Հայաստանում էլ պետք է գտնեին մեկին։ Իմ «Խաչուղիներ» գիրքը լույս տեսավ, և ինձ դարձրին քավության նոխազ։


Իսկ իմ «Կարոտ» վեպն անցավ տառապանքի ուղիներով։
Անասելի ծանր տպավորություն էր իմ մեջ մնացել կոլեկտիվացման ընթացքից։ Հիմա էլ են ասում` ամերիկաներում արտելներ են ստեղծում, հողերը միացնում են, միասին հողերը մշակում են։ Կոլեկտիվացումն այդ գաղափարն էր` հողերը միացնել, միասին մշակել, պետությունն էլ օգներ տեխնիկայով, պարարտանյութերով, մասնագետներով։ Այսպես էր դրված հարցը։
Բայց հանկարծ որոշում կայացվեց, չեմ հիշում 1929-ի, թե 1930-ի հունվարին ավարտել կոլեկտիվացումը, ժամկետ հայտարարվեց։ Եվ զարհուրելի բան կատարվեց ամբողջ երկրում։ Ահավոր բան էր։ Չէ՞ որ մարդը սովոր էր իր եզն ունենալ, իր գոմը, իր հողակտորը... Իսկ մարդկանց ասում են` բոլոր հողերը միացնել, հիմա կոլեկտիվ սկզբունքներով պիտի աշխատենք։ Հոգեբանորեն մարդիկ պատրաստ չէին դրան, և հոգեբանորեն ընդվզում էին։
Եվ ահավոր բաներ տեղի ունեցան. անտառները լցվեցին բանդիտներով, սպանվեցին կոլեկտիվացումը կազմակերպողները։ Դրանց մեծ մասը երիտասարդներ էին, ովքեր հավատում էին կոլեկտիվացման գաղափարին, կուսակցության որոշումներին։
Եվ ինձ թվաց անհեթեթ մի բան. ինչու՞ մի ամսում ամբողջ երկիրը կոլեկտիվացնել, թող լինի մի տարում, երկու տարում։ Թող մարդիկ տեսնեն առաջին արդյունքները և եթե համոզվեն, որ դա լավ է, նոր գան կոլեկտիվ տնտեսություն։ Բայց «Կամ կոլխոզ, կամ Սիբիր», այդպես էր դրված հարցը։


Եվ ես չէի կարող չանդրադառնալ այդ խնդրին, ես ինքս այդ ժամանակներն ապրել էի, և կային դեռ մարդիկ, ովքեր տեսել էին դա։
ՈՒսումնասիրեցի այդ տարիների մամուլը. ի՜նչ անհեթեթություն, ինչպիսի՜ մերկությամբ էր ներկայացվում այդ խնդիրը մամուլում։ Ինչ պետք էր ինձ, վերցրի մամուլից, ավարտեցի վեպը։ Այն դեմ առավ պատնեշի։ Յոթ տարի ձգձգվեց տպագրությունը, որովհետև ես գրել էի այնպես, ինչպես եղել էր, ճշմարտությունն էի գրել։
Վախենում էին տպել, թեև Ստալինն արդեն չկար, թեև ռուս գրականության մեջ էլ արդեն օրինակներ կային, որ վայրենի ձևով է կատարվել կոլեկտիվացումը։ Բացի վախենալուց, մի տարօրինակ բան էլ կար։ «Հայպետհրատում» խմբված էին ստալինապաշտներ և ակտիվ կերպով կռվում, դիմադրում էին մնացած ուժերին։ Մարդիկ կային, որ օգտվեցին իրենց դիրքից, ցրեցին շարվածքը։ Հետո նորից շարեցին, ճանապարհ չէին տալիս։ Իմ «Սեփական ոտնահետքերով» գրքում ես մանրամասն շարադրել եմ, թե ինչպես եմ պարտական Անտոն Քոչինյանին գրքի հրատարակման համար։ Նա Կենտկոմի քարտուղարն էր, խնդրեցի, որ ինքը կարդա։ Նա կարդաց, ոչ թե հանձնարարեց ուրիշը կարդա, այլ ինքը կարդաց։ Մեկ ամիս հետո Մարո Մարգարյանի հետ նստած էինք մեր տանը, դուռը թակեցին։ Ներս մտավ մի երիտասարդ, որին ես չէի ճանաչում։ Մարոն ասաց. «Անտոն Երվանդովիչի օգնականն է»։ «Եկել եմ Ձեր գիրքը տանելու,- ասաց երիտասարդը։- Անտոն Երվանդովիչը մեքենայում է, ինձ է սպասում»։ Գիրքը տվեցի նրան։ Մի ամիս հետո ինձ հրավիրեցին Անտոն Երվանդովիչի մոտ։ Ասաց. «Առարկելու ոչինչ չկա։ Ի՞նչ է եղել որ, ինչը եղել է, Դուք նկարագրել եք»։ «Անտոն Երվանդովիչ, իմ գլխավոր հերոսուհին վատ խոսող կին է, վատ վարքի տեր...»,- ասացի ես։
Նա ժպտաց. «Իմ մայրը տղամարդու պես հայհոյում է։ Ինչ է եղել որ, գյուղի կանայք կարող են այդպես խոսել»։


Եվ գիրքը նրա կարգադրությամբ ճանապարհ ստացավ։
«Սեփական ոտնահետքերով» գիրքը լույս տեսավ 2000 թվականին։ Դա իմ հուշերն են, հիշողությունները կյանքի, ժամանակի, գրչակից ընկերների, արվեստագետների, քաղաքական գործիչների մասին։ Գիրքը իմ կյանքի, սերնդակիցների ապրած կյանքի հանրագումարն էր։ Աշխատել եմ ինձ համար անընդունելի բաները հասկանալով ներկայացնել. ոչ թե սա լավ չէ, դա իմ կարծիքն է։ Ինձ թվում է, կարողացել եմ դա անել։ Դրանից հետո հրատարակեցի ևս մի գիրք` «Դիմանկարներ»։ Նախատիպերը իմ ժամանակակիցներն են, շատերը հայտնի դեմքեր են։ Բայց ես նրանցից միայն օգտվել եմ, ստեղծել եմ գեղարվեստական կերպարներ` նրանց ունենալով նախատիպ։
Ալազանն իմ սերնդի կյանքում մեծ դեր խաղաց, նա մեր առաջին քայլերը խրախուսեց։ Ես չեմ մոռանա, երբ առաջին քայլերն էինք անում ու չգիտեինք, թե մեզնից ինչ դուրս կգա, նա հավաքեց մեզ իր տանը, թեյասեղանի շուրջը։ Խոսում էինք գրականության մասին։ Նա իրեն պահում էր ոչ թե որպես ուսուցիչ, այլ որպես հավասարը հավասարի հետ։ Մի զարմանալի բան. նա առանձնապես տաղանդով օժտված գրող չէր, բայց բացառիկ գրականության գործիչ էր։ Նա մեզ սեր էր սերմանում գրականության և գրականության մարդկանց հանդեպ։
Դերենիկ Դեմիրճյանն էլ էր երիտասարդներին լավ վերաբերվում, Ավետիք Իսահակյանի մասին էլ չեմ ասում` ձեռքը բոլորի վրա էր պահում։ Բայց Ալազանն ուրիշ էր։ Երանի թե այսօր ասպարեզ գար մեկը, որը կարողանար նորերին ջոկել, թացը չորից ջոկել, հասկանալ, թե ուր է գնում գրականությունը։


Իսահակյանի մուտքը մեր կյանք մեծ երևույթ էր, մեծ հեղաշրջում։ Հենց միայն այն, որ նա իր աստվածային տեսքով հայտնվեց մեր մեջ, մեր հողի վրա, և երկիրը բարձրացավ, և մարդիկ բարձրացան, և գրողներն ու գրականությունը բարձրացան։ Նա մեծ էր իր հոգեկան ներդրումով, կյանքին, գրականությանն իր աստվածակերպ մոտեցումներով։
Ամուսինս` Վահան Խաչատրյանը, քիմիական գիտությունների թեկնածու էր, դասավանդում էր Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում։ Նա ազգասեր և արվեստասեր անհատ էր։
Ծնողներս գյուղից տեղափոխվել են Երևան։ Ինչպես ամեն մի հայ ծնող, իրենք մի նպատակ էին դրել` երեխաներին կրթության տալ։ ՈՒրիշ բան նրանց պետք չէր, ու նրանք իրենց նպատակին հասան։ Հայրս արհեստավոր էր, չարքաշ աշխատանքով էր պահում ընտանիքը, հազիվ էր հասցնում ապահովել ընտանիքը հացով։ Ծնողներս հայ ժողովրդի բարոյական նկարագիրն էին կրում իրենց մեջ։ Նրանք չէին խրատում, խրատները տան օդի մեջ էին, ընտանիքում. սուտ չխոսել, չբամբասել, ուրիշի խոսքը չտանել-բերել, ձեռնաքաշ չլինել...
Կրթություն ստացանք։ Ես ու ծնողներս հպարտանում էինք իմ ավագ եղբորով։ Նա մեծ գործ արեց հայ ճարտարապետության համար, և պատմաբանները դա չեն ժխտում։ Նա կյանք դրեց, վերականգնեց Գառնին, նախագիծն իրենն էր, և նրա ղեկավարությամբ վերականգնվեց Գառնին։ Դա հեշտ աշխատանք չէր։ Նա շատ խստապահանջ էր։ Հետևում էր, որ միլիմետրի տարբերություն չլինի։ Եթե խոյակն այնպես էր արվել, որ մի մազի չափ խախտում կար, նա բանվորներից պահանջում էր, որ ուղղեն։ Դա միայն իր շնորքը չէր. իշխանություններն էին տվել նրան այդ հնարավորությունը` «Արա մաքսիմումը և կստանաս մաքսիմում ֆինանսավորումը»։


Գառնի վերականգնողը չէր կարող իր գրպանը փող դնել։ Սրբությամբ էր անում իր գործը։ Բանվորները մեքենայով էին գնում աշխատանքի, ինքը, եթե ուշանալու հարց կար, հաճախ տաքսիով էր գնում, կտրելով գումարը ընտանիքից։ Ֆանատիկ նվիրված էր գործին, ֆանատիկ կատարեց իր գործը և երջանիկ հեռացավ կյանքից։
Մասնակցել էր նաև Ապարանի եկեղեցու հետազոտման և վերականգնման աշխատանքներին։ Նա մենագրություն գրեց և պաշտպանեց իր թեկնածուական թեզը։
Կարևոր էր նրա աշխատանքը և Էջմիածնում, Մայր աթոռում։ Նա հայտնաբերեց, որ Մայր Տաճարը նստած է հեթանոսական տաճարի վրա։ Նա գտավ նույնիսկ կրակարանը, հասավ դրան, և այցելուները հնարավորություն ունեն տեսնելու այն։


Այսօր շատ են խոսում, որ սովետական ժամանակ հավատը չէր խրախուսվում, եկեղեցին արգելվում էր, այդ պատճառով էլ մարդիկ էսպես են, էնպես են... Ես սովետական կրթություն եմ ստացել։ Իհարկե, ինձ աստվածաբանություն չեն քարոզել, բայց տասը պատվիրանները ես, իմ սերնդակիցները միշտ պահպանել ենք, չենք հակառակվել դրանց։ Ապրում էինք որպես նորմալ մարդիկ, մեր մեջ կրելով բարոյական սկզբունքները։
Հիմա` ազատություն, բայց քո ազատությունը իմ ազատությունը չպիտի խաթարի։ Դու ազատ ես նրանով, որ ինձ չես խանգարում, իմ ազատությունը չես կաշկանդում։
Այսօր էլ ես շարունակում եմ ապրել ակտիվ կյանքով։ Շարունակում եմ գրել, ստեղծագործել, իմ ամենամտերիմ բարեկամը գրասեղանն է։
Երջանիկ եմ եղել, իմ ճանապարհը գրականության մեջ չի փակվել, ես կարողացել եմ անել ու արել եմ։ Իմ ուրախությունը մթնոլորտն է եղել, սերնդակիցներս, հաղորդակցվելը նրանց հետ։ Մեր լավ օրերը միասին ենք անցկացրել, հավաքվել ենք մեկի, մյուսի տանը, մեր ուրախությունը, մեր մտահոգությունն ենք կիսել իրար հետ։ Պատկերացրեք, ամեն մեկը մի տեղ փակված լիներ, ինչպես հիմա։ Հիմա սերնդակիցների մեջ էդ կապը չկա։


Իմ ամենամեծ երջանկությունը, որ ես նրանց հետ էի` մի փայլուն գրական աստղաբույլ։ Հետագայում նրանք մեր մեծերից հետո, Իսահակյանից հետո սկսեցին մեր գրական կյանքն առաջ մղել և գրական կյանք ստեղծեցին, հրաշալի ստեղծագործական մթնոլորտ ստեղծեցին։
Ես ուզում եմ շնորհակալ լինել նրանց։ Շատերը չկան, Մարոն չկա... Մնացել ենք ես ու Կապուտիկյանը, մենք ամենաերկարակյացն ենք։
Չգիտեմ` շահեցի՞նք դրանից... ինչքա՞ն շահեցինք և ինչքա՞ն կորցրինք...

Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ