Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Յունայթեդը» նշում է Մոուրինիոյի հեռանա՞լը

«Յունայթեդը» նշում է Մոուրինիոյի հեռանա՞լը
25.12.2018 | 01:44

Երկիրը համակած քաղաքական խմորումներից հետո առաջին ամբողջական տուրն ունեցավ ֆրանսիական դիվիզիոնը, ակումբային թիմերի աշխարհի առաջնությանը Մադրիդի «Ռեալի» մասնակցելն աննկատ մնաց լա լիգայի հերթականի համար, քանզի առաջին եռյակն այստեղ կազմում են բոլորովին այլ թիմեր, ի հաշիվ արտագնայում տոնած հաղթանակի՝ «Լիվերպուլն» ավելի է ամրացնում դիրքերն առաջին հորիզոնականում ու դրան տնային խաղում կրած պարտությամբ իր ծանրակշիռ մասնակցությունն է բերում նրան հետապնդող «Մանչեստր Սիթին», դատելով խոշոր հաշվով տոնած հաղթանակից, որը թիմի համար առաջինն էր ընթացիկ մրցաշրջանում, մանկունիացիները նշում են Ժոզե Մոուրինիոյից ազատագրվելու իրողությունը, իսկ «Բորուսիաների» մրցավեճում ուժեղագույնը դորտմունդցիներն էին, և դա ի նպաստ էր նրանց բոլոր ժամանակների ամենաահեղ մրցակցի:

ԱՆԳԼԻԱ
Արտագնայում «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակի հասնելուց հետո «Լիվերպուլը» սպասում էր «Մանչեստր Սիթի»-«Կրիստալ Պալաս» դիմակայության ելքին, թեպետ հավանականությունը նվազագույն էր, թե դրանում տանտերերը կվրիպեն: Սակայն արի ու տես, որ եղավ «քաղաքաբնակների» համար վատագույնը: Հյուրերը մինչև վերջ տեր կանգնեցին իրենց հաղթանակին՝ 3:2 (ի միջի այլոց՝ կամային), իսկ վերջին երեք խաղում սա Խոսեպ Գվարդիոլայի սաների երկրորդ պարտությունն էր: Արդյունքում՝ լիվերպուլցիներն արդեն չորս միավորով են առաջ 44-ն ունեցող «Մանչեստր Սիթիից»:
Անկախ այն բանից, թե ինչպիսի ելք կունենար «Էվերտոն»-«Տոտենհեմ» մրցակցությունը, ոչինչ չէր սպառնում Մոուրիսիո Պոչետինոյի սաների զբաղեցրած երրորդ հորիզոնականին: Այդուհանդերձ, «Տոտենհեմի» համար բնավ էլ ավելորդություն չէր հաղթանակը, մանավանդ որ այս թիմի երազանքների գագաթնակետը բնավ էլ երրորդ հորիզոնականը չէ:
Հանդիպումն «Էվերտոնն» ագրեսիվ սկսեց ու ինքն էլ դարձավ իր նմանատիպ գործողությունների զոհը: Մանրամասների մեջ չմտնենք, պարզապես տեղեկացնենք արձանագրված հաշիվը, որն ավելի քան խոսուն է՝ 2:6:
Բավականին անսպասելի էր «Չելսի»-«Լեստեր» դիմակայության ելքը: Հարցը բնավ էլ այն չէ, որ տանտերերը զիջել են նվազագույն հաշվով: Շատ ավելի կարևորը, բնականաբար վատ առումով, ուրիշ բան է՝ «ազնվականները» սկսել են հաջողություններն անհաջություններով ավելի ու ավելի հաճախակի ընդմիջել:
«Չելսիի» այս սայթաքումից իսկույն օգտվեց հյուր ժամանած «Բյոռնլիին» 3:1 հաշվով պարտության մատնած «Արսենալը». հավաքած 37 միավորով զինագործները հավասարվեցին իրենց համաքաղաքացիներին ու չորրորդ հորիզոնականը Սարիի տղաներին զիջում են լոկ լրացուցիչ գործակիցների պատճառով:
Տուրի անդրադարձի մեջ եկեք չմոռանանք և Ժոզե Մոուրինիոյի նախկին թիմը: Գլխավոր մարզչի պաշտոնից նրա հեռանալու ուրախությունն էր պատճառը, թե նոր մարզիչ ունենալունը, համենայն դեպս թիմն արտագնայում «Կարդիֆին» հաղթել է 5:1 հաշվով, իսկ այսքան գոլ այս մրցաշրջանի ընթացքում մանկունիացիները դեռևս չէին խփել. «Կարդիֆ»-«Մանչեստր Յունայթեդ»՝ 1:5:


ԳԵՐՄԱՆԻԱ

Տուրի մեկնարկը տրվել էր Դորտմունդի և Մյոնխենգլադբախի «Բորուսիաների» դիմակայությամբ: Ուժերը չափել են համապատասխանաբար 39 ու 33 միավորներով մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում գտնվողները: «Իշամեղուները» խաղը շահել են 2:1 հաշվով, վճռորոշ է եղել երկրորդ խաղակեսում Ռոյսի խփած գոլը: Դորտմունդցիներն այս խաղից հետո օրվա իրենց մրցակցից առաջ են արդեն ինը միավորով, սակայն այն կարող էր չգործել Մյունխենի «Բավարիայի» պարագայում, որը հաջորդ օրն արտագնայում մրցելու էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ և ոչ միայն հաղթելու, այլև ոչ-ոքի խաղալու դեպքում դուրս կգար երկրորդ հորիզոնական, քանի որ միավորներով հավասար էր մյոնխենգլադբախցիներին: Բավարացիները պատվով լուծեցին խնդիրը՝ 3:0:
Ֆրանկֆուրտցիների օրինակով միավոր կորցնելուն մոտ էր և «Լայպցիգը», որը սեփական հարկի տակ երկու գոլից հետո «ճարպկեց» ճիշտ նույնքան բաց թողնել «Վերդերից»: Բարեբախտաբար, խաղավարտին մոտ տանտերերի հերթական ճիգերից մեկը հաջողությամբ պսակվեց:


ԻՏԱԼԻԱ
Երկրորդ տուրն է, ինչ գոլային երաշտն է պատել սկուդետեի առաջին եռյակը կազմածներին, որոնք մեկ գոլից ավելի չեն կարողանում խփել մրցակցի դարպասը: Եթե «Յուվենտուսի» պարագայում դրա քիչ թե շատ համոզիչ պատճառը կա («Ռոման», այնուամենայնիվ բարձր խաղամակարդակ ունեցող թիմ է, չհաշված այս դիմակայությանը գումարվող ուրիշ գործոնները, որոնք պատմականից զատ նաև հոգեբանական բնույթի են), ապա ՍՊԱԼ-ի նկատմամբ «Նապոլիի» համեստագույն հաշվով հաթանակը բացատրություն չունի: Իր հերթական մեկ գոլով է առանձնացել և «Ինտերը», որը, սակայն, խփածի կողքին մի հատ էլ «կերել» է՝ ոչ ֆուտբոլային լեքսիկոնով արտահայտված:
«Յուվենտուսն» ունի 49, «Նապոլին»՝ 41, «Ինտերը»՝ 33 միավոր:

ԻՍՊԱՆԻԱ
Մինչ հեռավոր Դուբայում Մադրիդի «Ռեալը» մասնակցում էր ակումբային թիմերի աշխարհի առաջնությանն ու երրորդ անգամ անընդմեջ նվաճում պատվավոր տիտղոսը, լա լիգայում հերթական 17-րդ տուրի հանդիպումներն էին: «Բարսելոնը», բնականաբար ոչ առանց Մեսիի հերթական գոլի, երկու անպատասխան գնդակի առավելությամբ հաղթանակի հասավ «Սելտայի» նկատմամբ ու 37 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Ոչ այնքան առաջին, որքան երկրորդ տեղի համար պայքարի ելած «Աթլետիկոն», ի հաշիվ Գրիզմանի հաջող իրացրած 11-մետրանոցի, երեք միավոր կորզեց «Էսպանյոլից» ու կարող էր երեք միավորով առաջ լինել 31-ն ունեցող «Սևիլիայից», եթե վերջինս արտագնայում ձախողեր «Լեգանեսին» հանձնելիք քննությունը: Շտապենք ասել, որ անդալուզցիները մահվանից են պրծել, ընդ որում կարողանալով խաղի հաշիվը հավասարեցնել հավելյալ ժամանակում, մրցակցի թվային գերազանցության պայմաններում, որը եղել է մի ողջ խաղակես՝ 1:1:

ՖՐԱՆՍԻԱ
Երկիրը համակած քաղաքական ցնցումներից հետ դիվիզիոնը վերջապես ունեցավ լիարժեք անկացրած առաջին տուրը: «Պարի Սեն Ժերմենը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Նանտի» նկատմամբ, «Մոնպելիե»-«Լիոն» մրցակցությունում կողմերը կարողացել են փոխանակել մեկական գոլ , իսկ «Լիլը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել է «Թուլուզին»: 47 միավորով ու պակաս անցկացրած երկու խաղով մրցաշարային աղյուսակի գլխամասում «Պարի Սեն Ժերմենն» է: 19 խաղից հետո «Լիլի» ունեցածը 34 միավոր է, նրանից մեկ խաղ պակաս անցկացրած «Լիոնի» անվան դիմաց 32 թիվն է: Ինչ վերաբերում է մեր հայրենակից Միշել Դեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելիեին», պոտենցիալ հաշվարկով այն երկրորդ, փաստացի՝ չորրորդ թիմն է 30 միավորով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ